Որքա՞ն ջուր է անհրաժեշտ մեր օրգանիզմին

Ըստ ոսկե կանոնի՝ մարդը կարող է առանց թթվածնի երեք րոպե գոյատևել, երեսուն օր՝ առանց սննդի, բայց միայն երեք օր՝ առանց ջրի։ Մեր օրգանիզմում ոչինչ չի գործի առանց ջրի:

Նորածինների օրգանիզմը կազմված է մոտ 80% ջրից։ Երբ մենք մեծանում ենք, ջրի քանակությունը մարմնում նվազում է և հետո կազմում է մոտ 60%:

Ճարպային բջիջները ավելի քիչ ջուր են պարունակում, քան մարմնի այլ բջիջները: Համապատասխանաբար, ավելորդ քաշ ունեցող մարդիկ ջրի ավելի քիչ քանակություն ունեն, քան պակաս քաշ ունեցողները, իսկ կանանց մոտ ջրային մասը ավելի քիչ է, քան տղամարդկանց մոտ: Բոլորիս գոյատևման համար կենսական նշանակություն ունի մեր օրգանիզմը պարբերաբար ջրով ապահովելը: 

Որոշ օրգաններ պարունակում են չափազանց մեծ քանակությամբ ջուր։ Դրանց թվին են պատկանում մեր աչքերը: Նրանց ապակենման մարմինը բաղկացած է մինչև 99% ջրից։ Մկանները նույնպես պարունակում են մեծ քանակությամբ հեղուկ՝ մոտ 80%: Որպեսզի մեր օրգանիզմի մասին կարողանանք բավականաչափ հոգ տանել, առաջին հերթին պետք է խմել, խմել և նորից խմել:

Ջուր խմելը բացարձակապես պարտադիր է

Մեր օրգանիզմը օրական կորցնում է մոտ երկու լիտր հեղուկ, առաջին հերթին, մաշկի միջոցով, որը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը: Սա հատկապես նկատելի  է շոգ եղանակին: Բայց չոր օդը նույնպես կարող է ազդել մեր օրգանիզմի վրա: Երիկամները, որոնք մաքրում են մեր օրգանիզմը տոքսիններից, հեղուկ են արտազատում մեզի տեսքով: Երբ մենք բավականաչափ հեղուկ չենք խմում, մեր մեզը դեղին գույն է ստանում: Եթե ​​այն դարչնագույն է, ապա սա լուրջ նախազգուշացում է, որ ինչ-որ բան այն չէ: Հեղուկ արտազատվում է նաև աղիների միջոցով՝ կղանքով․ մենք ջուր ենք կորցնում նաև փոքրիկ կաթիլների տեսքով, երբ շնչում ենք:

Օրգանիզմի ջրային հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է լրացնել հեղուկի պաշարները՝ ամեն օր օգտագործելով մոտ 1.5-2 լիտր հեղուկ։ Այս պահանջը հատկապես մեծանում է ֆիզիկական ակտիվության, սպորտով զբաղվելու, բարձր ջերմաստիճանի, ջերմության, ինչպես նաև փսխման կամ փորլուծության ժամանակ։ Սակայն, ջրի կարիքը լրացնելը պարտադիր չէ միայն ջրի միջոցով. ապուրները, մրգերը և բանջարեղենը նույնպես նպաստում են օրգանիզմի ջրի մատակարարմանը՝ ապահովելով անհրաժեշտ հեղուկ:

Օրգանիզմի համար հեղուկի բավարար մատակարարումը անհրաժեշտ է, քանի որ նույնիսկ 1-2%-ի կորուստը կարող է առաջացնել զգալի ախտանշաններ։ Եթե այս ցուցանիշը հասնում է մոտ 7%-ի, արդեն լուրջ վտանգ է սպառնում առողջությանը։ Արագացած սրտխփոցը և անհանգստությունը մարմնի ահազանգող ազդանշաններն են, քանի որ բոլոր կենսաքիմիական ռեակցիաներն ու գործընթացները պահանջում են ջուր։ Ամենածանր դեպքերում 12%-ի կորուստը կարող է հանգեցնել շոկային վիճակի կամ նույնիսկ կոմայի:

Մեր ուղեղին անհրաժեշտ են հեղուկներ ինքնապաշտպանության համար

Մեր ուղեղը և ողնուղեղը նույնպես չեն կարող աշխատել առանց հեղուկի: Մենք ունենք մոտ 140 միլիլիտր նյարդային կամ ուղեղի հեղուկ, կամ բժիշկների լեզվով՝ ողնուղեղային հեղուկ: Դա թափանցիկ հեղուկ է, որի մեջ գանգում գտնվող մեր ուղեղը հիմնականում լողում է և պաշտպանվում ցնցումներից: Ամեն օր մենք արտադրում ենք մոտ կես լիտր հեղուկ, որը կրկին կլանվում է և, իհարկե, պետք է համապատասխանաբար փոխարինվի:

Մեր ուղեղը լողում է թափանցիկ հեղուկի մեջ պաշտպանված։

Առաջին նշանները, որ մեր օրգանիզմը շտապ ջրի կարիք ունի, գլխացավերն ու գլխապտույտներն են, բերանի և կոկորդի չորացած լորձաթաղանթները և, ամենայն հավանականությամբ, կուլ տալու դժվարությունը: Մենք հոգնած ենք և մեզ թույլ ենք զգում, բայց ի սկզբանե դա չենք կապում հեղուկի պակասի հետ:

Ինչքան մեծ ես, այնքան ավելի քիչ ես ծարավում

Ինչքան մեծանում ենք, այնքան քիչ ենք ծարավում։ Նաև հաճախ է հանդիպում, որ տարեց մարդիկ պարզապես մոռանում են բավականաչափ ջուր խմել: Այնուհետև, դա կարող է հանգեցնել ի թիվս այլ բաների՝ գլխապտույտի, հոգնածության, գիտակցության խանգարումների կամ գիտակցության կորստի: Եթե ​​առկա է հեղուկի գրեթե ամբողջական պակաս, բժիշկները պետք է ինֆուզիոն թերապիայի միջոցով մարմնին մատակարարեն համապատասխան քանակությամբ հեղուկ:

Այնուամենայնիվ, որոշ տարեց մարդիկ գիտակցաբար որոշում են չխմել բավարար չափով ջուր, քանի որ տարիքի հետ շատ մարդիկ այլևս երիտասարդների նման չեն կարողանում վերահսկել միզելու իրենց ցանկությունը: Վախենալով մեզի պատահական արտահոսքից կամ գիշերը շատ հաճախ զուգարան գնալուց՝ շատերը շատ քիչ են խմում կամ ընդհանրապես ոչինչ չեն խմում:

Ե՞րբ են մեզ շատ հեղուկներ պետք

Եթե ​​մենք ունենք փորլուծություն կամ փսխում, մեր օրգանիզմին անհրաժեշտ է օրական նվազագույնը 1,5 լիտրից ավելին: Եթե ​​ջրի հաշվեկշիռը հնարավորինս արագ չի վերականգնվում, օրգանիզմը ջրազրկվում է։ Որոշ դեղամիջոցներ ընդունելիս պետք է նաև շատ հեղուկներ խմել, օրինակ՝ այսպես կոչված միզամուղների դեպքում։ Այդ դեղամիջոցները ունեն միզամուղ ազդեցություն և ջրազրկում են օրգանիզմը, որպեսզի կանխեն,օրինակ՝ այտուցը, այսինքն՝ ջրի կուտակումները։

[Նկար 2]

Ալկոհոլը օրգանիզմը զրկում է հեղուկից

Նաև ալկոհոլն է մեր օրգանիզմը զրկում հեղուկից, քանի որ այն ունի միզամուղ ազդեցություն: Երիկամները փորձում են օրգանիզմից դուրս հանել թունավոր նյութերը, այդ իսկ պատճառով մենք հաճախ ստիպված ենք լինում գնալ զուգարան մեզից ազատվելու համար։

Գարեջուրն օրգանիզմից հեռացնում է մեծ քանակությամբ հեղուկ։

Ալկոհոլն առաջացնում է այսպես կոչված վազոպրեսինի արտազատում: Վազոպրեսինը հորմոն է, որը կարգավորում է երիկամներում ջրի հաշվեկշիռը: Այնուամենայնիվ, եթե մարմինը այս կարևոր հորմոնի բավարար քանակություն չունի, մեր երիկամները չափազանց շատ ջուր են արտազատում: Ջրի հաշվեկշիռը խախտված է, ամեն ինչ խառնվում  է իրար։

Նույնիսկ լավի շատը կարող է վնասակար լինել

Եթե ​​մենք մի քանի ժամվա ընթացքում խմենք հինգ կամ ավելի լիտր հեղուկ, դա կարող է ևս կյանքի համար վտանգավոր լինել և հանգեցնել հիպերհիդրացիայի, այսինքն՝ մարմնի գերջրակալման: Երիկամներն այդ ժամանակ այլևս չեն կարողանա մեծ քանակությամբ հեղուկ կարգավորել և արտազատել: Ամենավատ հետևանքներից մեկը կարող է լինել ուղեղի այտուցը:

Սա կարող է պատահել, օրինակ, ջուր խմելու մրցույթների ժամանակ, երբ մասնակիցները մեծ քանակությամբ հեղուկ են կուլ տալիս: Սա կարող է ծանրաբեռնել մարմինը: Ոչ միայն երիկամները գերբեռնված կաշխատեն, այլ նաև կխախտվի օրգանիզմի ջրաաղային հաշվեկշիռըը։  Արդյո՞ք և  ինչպե՞ս մարմինը կարող է այդքան բան հաղթահարել՝ կախված է տարիքից, քաշից և ընդհանուր վիճակից: Այս դեպքում ևս կարևորը չափի զգացումն է:

Բնօրինակի հեղինակ՝ Gudrun Heise, Deutche Welle։


Թարգմանիչ՝ Լուսինե Մնոյան (Lusine Mnoyan) նյութը սրբագրված է © Բոլոր իրավունքները պաշտպանված են: