Ազատ կերպարներ։ Իմ բարեկամ ձեռքն ընդ Ձեզ

Ազատ կերպարներ։ Իմ բարեկամ ձեռքն ընդ Ձեզ

Այս հարուստ նամակագրության մեջ՝ «1934-1979 թթ․ նամակագրություն։ 45 տարվա ընկերություն»՝ ընդգծված լուսանկարներով, գծանկարներով և ինքնագիր արտապատկերումներով, հրապարակված գրեթե երեսուն տարի առաջ, Հենրի Միլերը նկատել է տալիս  Բլեզ Սանդրարին, որ ինքն էլ, նրա պես, այն «mongol look»-ն ունի՝ նկատի ունենալով իրերին նայելու ինտենսիվորեն ներկա այդ նեղութեք հայացքը։ Այնուամենայնիվ, թվում է, թե նա աշխարհը դիտարկում է հեռավորությունից, կարծես երեսուն դարի տեսածիրից: Իրոք, լիակատար ինքնատիրապետման հայացք՝ այն երկու խառնվածքներինը, որոնք չէին կարող չճանաչել միմյանց․

Բավական եղավ մեկ անգամ տեսնել Ձեզ, ես Ձեզ մինչև ուղն ու ծուծը հասկանում եմ։ (Միլերը Սանդրարին, նոյեմբերի 30, 1938):   

Երկուսն էլ, ավելի ազատարձակ կյանքի փափագով տարված, աղքատ և միայնակ թափառել են ներհակ քաղաքներում՝ Միլերը` Փարիզում, Սանդրարը՝ Նյու Յորքում, ծանոթ եղել աղքատությանն ու հուսահատությանը, հարբեցողությանն ու մտքի փայլատակմանը, հրեշտակների և վտարանդիների լեզվին։ 

1934 թվականին Միլերն ուղարկում է իր «Խեցգետնի արևադարձը» Սանդրարին, որը հաջորդ տարի գովաբանում է այն «Orbes» ամսագրում: Ֆրանսիացին Միլերի մեջ անմիջապես տեսավ իսկական բարեկամի, բայց ամերիկացին այդքան էլ չի ուզում Սանդրարի ալտեր էգոն լինել։ Նա իրեն ավելի շատ հիացած հետևորդ է համարում` լի երախտագիտությամբ ավագ ընկերոջ հանդեպ, որի գրքերը լուսավորել են իր կյանքը: Բնազդային վստահությունն է երկու այրերի հարաբերությունների հիմքում, որոնք չեն դադարելու ջերմորեն միմյանց «Դուք»-ով դիմել տարիներ և տասնամյակներ շարունակ, ինչից չի նվազելու բարեկամության որակը, երբևէ չի խաթարվելու այն հիմնային մեղսակցությունը, որը միավորում է նրանց:

Եթե ​​Լուի Ֆերդինան Սելինից Միլերը միայն մի քանի դաս է առել, ապա Սանդրարի մեծ հանգերգուն է։ Ըստ նրա՝ La prose du transsibérien et de la petite Jehanne de France-ի («Անդրսիբիրյան մայրուղու և փոքրիկ Ժան դը Ֆրանսի արձակը*»), Confessions de Dan Yack-ի («Դան Յակի խոստովանություններ*») և Bourlinguer-ի («Բուրլինգեր*») հեղինակը, անշուշտ, դարի գրողն է։ Նախկին մարտիկը, որ դիմակայեց գերմանական հրետանու գնդակոծությանը Շամպայնի ճակատամարտի գրոհներում (այն պոկեց նրա աջ ձեռքը 1915-ի աշնանը), այս հրաշալի պատմվածասացն ու եռանդուն ճանապարհորդը Միլերին կառաջարկի իր «բարեկամ ձեռքը»: 1947-ի (ապրիլի՞) 13-ին  այն ուղարկում է նրան լուսանկարով՝ ափը բաց՝ իր կյանքի ու բախտի գծերով։ Ի պատասխան, Միլերը՝ «always merry and bright», բազմապատկում է սիրո և հիացմունքի նշանները.

Ձեր մասին մտածում եմ անդադար և անհամար նամակներ եմ գրում եմ Ձեզ (մտքումս)։ (Միլլերը Սանդրարին, 6 ապրիլի, 1948 թ.):

Տեղ-տեղ զարմանալի է Միլերի սիրագորով նամակներին Սանդրարի որոշ պատասխան նամակների լակոնիկ բնույթը։ Ուշադրության այս անհամաչափությունը առնվազն երկու պատճառ ունի, որտեղ հուզական խուսափողությունը հաշիվ չէ։ Սանդրարը միշտ չէ, որ բծախնդիր նամակագիր է, նա աշխատում է մոլագարի պես, մինչև կոկորդը գործերի մեջ թաղված, որ բոլոր կողմերից տարբեր խնդրանքներով ընդհատվում են, մի իրավիճակ, որին ինքը՝ Միլլերն էլ է ծանոթ լինելու։ Բայց Սանդրարի սեղմաբան լինելը նաև թույլ է տալիս նրան հավասարակշռություն պահպանել իր ընկերոջ՝ այդ համառ էակի, այդ անկեղծորեն նվիրված էյֆորիկ պրագմատիկի հետ, որ տալիս է ահագնորեն և սիրում է պահանջված լինել։ 

Բացի այդ, Սանդրարը, որ բարեհաճորեն ընդունում է Միլերի գովասանքը, չի ցանկանում գրել անգլերենով։ Սակայն դա ամենևին էլ խոչընդոտ չէ, ամերիկացին ամենից հաճախ նրան կգրի մոտավոր, բայց հասկանալի լինելու համար բավականաչափ հստակ ֆրանսերենով։ Նրանց հաղորդակցության մեկ այլ ուշագրավ կողմ․ երկու տղամարդկանց միջև բարեկամությունն արագ գործնական բնույթ է ստանում. որպես ձգտում դեպի անհրաժեշտը, որպես գործելու անշահախնդիր տրամադրվածություն՝ այն նրանց ստիպում է մեկմեկու խորհուրդ տալու աշխարհի բոլոր հրատարակիչներին:

Միլերը, որն արդյունավետության շատ ամերիկյան ընկալում ունի, հանպատրաստից դառնում է ԱՄՆ-ում Սանդրարի ներկայացուցիչը և, պայքարելով «Cauchemar Climatisé»-ի («Օդորակված մղձավանջը»-ի*) հակընթաց քամիների դեմ իր ողջ ուժով, ոչ ապարդյուն փորձում է լսելի դարձնել ընկերոջ գրականությունը։ Վերջինս էլ այլ կերպ չի վարվում, երբ 1952 թվականին ֆրանսիական ռադիոհեռարձակման ծրագրում ներառում է Միլերի պատմվածքի ընթերցումը։ Երկու տղամարդկանց համար էլ միանգամայն բնական է, որ գրականությունը բխում է գործողություններից և այս կամ այն ​​կերպ վերադառնում է դրան։

Մնացած դեպքերում, նրանց նամակագրությունը խառը պտտվում է առողջության, հայրության, գրական աշխատանքների, ընթերցանության խորհուրդների, լեգենդար արկածախնդիրների հիշողությունների և ընթացիկ և ապագա հանդիպումների շուրջ, ինչպես նաև խմած կամ դեռ խմելիք լավ շշերի, գրքերի ու լուսանկարների բոլոր զանազան առաքումների, որ իրար են ուղարկում ու մեկնաբանում երկու ընկերները։ Նրանց հաղորդակցության մեջ ոչինչ կյանքին օտար տիրույթ չէ: Լեզուն, որը նրանք մեզ հրամցնում են՝ պարզ, առանց արհեստականության, ասես նետված լինի օդի մեջ՝ բառերի նկատմամբ բացարձակ վստահությամբ։

Փոխանակումների շենշող տոնը երբեմն թույլ է տալիս զտել  երկու ճարտարներին հատուկ գունեղ ֆոնը: Մյորսո ու Վուվրե խմող Միլերն ու Սանդրարը նաև ընտիր խնջույքի սիրահարներ են: Նրանց առաջին հանդիպումը 1934 թվականի դեկտեմբերի 14-ին ավարտվեց Փարիզում գիշերային փախուստով Աբես փողոցի ռեստորաններից մեկում պանտագրյուելյան ուտեստի մի լավ համտեսից հետո։ Բայց 1940-ին անկումն է, ստամոքսները կծկվում են, և շուտով ճագարի փոխարեն կատու են ուտելու։ Միլերը, որ վերադարձավ Ամերիկա, բնակություն հաստատեց Լոս Անջելեսում, այնուհետև Անդերսոն Քրիքում, առանց էլեկտրականության և գազի՝ նախքան Բիգ Սյուրի իր փոքրիկ, Խաղաղ օվկիանոսին նայող փայտե տունը զբաղեցնելը։

Օկուպացիայի ժամանակ Էքս-ան-Պրովանսի ազատ գոտում ապաստան գտած Սանդրարը սահմանափակումներն ապրում է խարխուլ մի բնակարանում՝ առանց փայտի ու ածուխի, և գոյատևում շնորհիվ կենսամթերային կտրոնների: Երկու տղամարդկանց միջև կապն ընդհատվում է և, նրանց ընդհատված նամակագրությունը վերսկսվելու էր միայն Ազատագրումից շատ ավելի ուշ՝ 1947 թվականին: Բանն այն է, որ առաջին հերթին անհրաժեշտ էր գոյատևել և, ծանր սրտով հանդերձ, զգույշ մնալ, բառերով՝ զուսպ, երբ տիրում էր Վիշիի և գերմանացի օկուպանտների փոստային գրաքննությունը։ Իրարից ինը հազար կիլոմետր հեռավորության վրա երկու ընկերները խստաշունչ կյանք են վարում, այնուամենայնիվ անորոշությունը չի կոտրում այս պնդակուռներին.

Հենց որ դժվարություններ կամ աղետներ են լինում,  սկսում եմ ես-ինքս լինել։ (Միլերը Սանդարին, 1 դեկտեմբերի, 1947 թ.):

Ինչ վերաբերում է նախկին զինվորականին, ապա ոչ ոք նրանից լավ հարվածներին դիմակայել չգիտի։ Պատերազմից հետո մթնոլորտը վերջապես թեթևանում է, բայց Միլերի ստեղծագործություններին հարվածող գրաքննությունը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այնուամենայնիվ վերացված չէ։ Ամերիկյան դիվանագիտական ​​ծառայությունները խոչընդոտում են գրողի տեղաշարժը, ով փորձում է Եվրոպա մեկնել՝ այնտեղ իր հեղինակային իրավունքները ստանալու։ 1946 թվականին նրա դեմ բողոք է ներկայացվում Փարիզի դատարանում։ Սոցիալական և բարոյական գործողությունների կարտելը, որը հետապնդում է նրա գրքերը, ցանկանում է եռանդուն կերպով հարվածներ հասցնել «հանրային առողջության» անվան տակ: Դրա մեթոդները՝ զրպարտությունն ու ստեղծագործությունների անխնա աղավաղումը, նախապատկերում են այսօրվա մարտնչող ​​ոհմակներինը՝ զրահապատված պուրիտանիզմով, որոնք հոխորտում են արդիականության արտադրանքների և ստեղծագործելու ազատության դեմ:

Մորիս Նադոյի կողմից ստեղծված «Հենրի Միլերի պաշտպանության կոմիտեն» ժամանակավոր հաղթանակ է տանում նրան մեղադրողների նկատմամբ՝ ապացուցելով, որ բարոյականության քարոզիչները, որ գիտեն միայն գոտկատեղից ներքև կարդալ Միլերին, միակ պոռնոգրաֆներն են այդ գործում: Բայց 1949-ին գրաքննիչները ավելի բարձր են աղաղակում, և Արդարադատության նախարարությունը արգելում է «Sexus»-ի («Սեքսուս»*)՝ ինքնակենսագրական դաշտի այս աննախադեպ նախերգանքի ֆրանսերեն թարգմանությունը։ Անհանգստացած՝ Սանդրարը զգուշացնում է ընկերոջը.

Կարծում եմ՝ կարող եմ Ձեզ հայտնել, որ եթե Ֆրանսիա գաք, ապա կարող եք բանտում հայտնվել (Սանդրարը Միլերին, 24 ապրիլի, 1950 թ.):

Այսօր ընթերցողները, ում չեն վախեցնում ժամանակակից մտքի թռիչքները, կարող են ըմբոշխնել այս նամակագրությունը՝ եկած մի դարից, որտեղ միտքը խանդավառվում էր ուղղակիորեն ու առանց էկրանի ապրված փորձառությունից։ Քանի որ իրենց ժամանակներում Սանդրարն ու Միլերը վկայել են աշխարհի բոլոր վերքերի ու գեղեցկությունների մասին տանջող սրությամբ՝ զննելով դրա հորիզոնը հազար աչքերով, հազար ոտքերով, ուռճացնելով և փոխակերպելով ամեն մի զգացողություն՝ ընկալված այն հակասությունների մեջ, որոնք կյանքն անպայմանորեն ստիպում է ապրել մերկորեն։ Հավատարիմ այս բացառիկ բացությանը՝ նրանց նամակագրությունը շոշափելիորեն վերապատկերում է այն, թե ինչպես կարող է ընկերությունը, որը ոչինչ չի հաշվարկում, լուսավորել գոյությունը: 

Ծանոթագրություններ

* ստեղծագործությունների վերնագրերը հայերեն թարգմանված են մոտավոր (Թարգմանչի կողմից)

Բնօրինակի հեղինակ՝ Malek Abbout, D-Fiction

Թարգմանիչ՝ Սյուզաննա Մելքոնյան (Syuzanna Melkonyan), խմբագիր՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan):  © Բոլոր իրավունքները պաշտպանված են: