Սյուրռեալիզմ․ երազի և իրականության միջակայքում
Սյուրռեալիստ նկարիչները, ինչպիսին է Սալվադոր Դալին, աշխարհի մասնատվածությանը հակադրվեցին իրենց երազանքներով և տեսլականներով։ Ավելի քան 100 տարի առաջ նրանք հեղափոխեցին մեր ընկալումներն ու արվեստը։

Մերձափնյա ամայի տեսարանը որևէ ընդհանրություն չունի իրականության հետ․ ամպամած երկնքի տակ դրված է արկղ, որից վեր է բարձրանում մի անտերև ծառ։ Հողին ընկած մարմինը հիշեցնում է սատկած ձիու։ Շուրջը թաց սրբիչների պես կախված են երեք հալվող գրպանային ժամացույցներ, իսկ չորրորդը պատված է մրջյուններով։ Սալվադոր Դալին (1904-1989) 1931 թվականին վրձնած իր «Հիշողության հարատևությունը» կտավով ստեղծեց սիմվոլներով լի մի երազային բնապատկեր։ Սա իսպանացի նկարչի ամենահայտնի գործն է՝ մինչ օրս լինելով սյուրռեալիզմի խորհրդանշաններից մեկը։

Բուրժուական ժամանակի ոգու մերժում
Հետ հայացք գցենք դեպի Փարիզի «Les Années Folles»-ը՝ «Խելահեղ տարիները» կամ «Ոսկե քսանականները»․* Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) սարսափներից հետո մարդիկ կյանքի կարոտ էին, անխոնջ ու լավատես և ձգտում էին հնարավորինս շատ բան ապրել ու զգալ։ 1924 թվականին Օլիմպիական խաղերը հուզմունքով են լցնում քաղաքը։ Մարզիկների հետ միասին Փարիզ են գալիս բազմաթիվ արվեստագետներ, գրողներ, երաժիշտներ և մտավորականներ՝ քաղաքը դարձնելով Եվրապայի մշակութային կենտրոն։ Սակայն կային նաև այնպիսինները, ովքեր այլևս չէին ցանկանում հարմարվել այն հասարակությանը, որն ընդունակ էր նման վայրագ պատերազմներ մղելու։ Նրանք պահանջում էին արմատական վերաիմաստավորում։
Դա նոր ձևավորվող քաղաքական-արվեստային հեղաշրջում էր։ Նկարիչ թե կինոռեժիսոր, գրող թե երաժիշտ՝ արվեստի այս նոր ուղղության հետևորդները մերժում էին բուրժուական ժամանակի ոգին։
Նոր իրականություն
Սյուրռեալիստները որոնում էին նոր, ավելի բարձր իրականություն՝ հեռու տրամաբանությունից և ռացիոնալ մտածողությունից, ինչպես և հուշում է ուղղության անվանումը՝ ֆր․ sur (անդին) և réalisme (իրականություն). անգիտակցականը, երազները, արբածության կամ թմրածության վիճակները, ճնշված ցանկությունները, տեսիլքները, խենթ գաղափարները՝ սյուրռեալիստների կարծիքով այս ամենն անհրաժեշտ է հասարակությունը իր բարոյական շղթաներից ազատելու համար։ Զիգմունդ Ֆրոյդի (1856–1939) երազների վերծանման տեսությունից ոգեշնչված՝ նրանք ուզում էին «պատռել իրականության քողը»։

Սյուրռեալիզմի գաղափարական առաջնորդներից մեկն է Անդրե Բրետոնը՝ ֆրանսիացի գրող և քննադատ։ 1924 թվականի հոկտեմբերին նա գրում է սյուրռեալիզմի առաջին մանիֆեստը, որում ներկայացնում է արվեստի նոր ուղղությունը։ «Ես հավատում եմ երազի և իրականության հակադիր թվացող վիճակների ապագա միաձուլմանը մի տեսակ բացարձակ իրականության, եթե կարելի է այդպես ասել՝ սյուրռեալության մեջ»։
Այս նոր տերմինը շատ ժամանակակիցներ, որ այն ժամանակ դեռ հետևում էին արվեստի ավանդական ընկալմանը, համարեցին սադրիչ, նույնիսկ գրեթե անարխիստական։ Սակայն բազմաթիվ արվեստագետեր ոգեշնչվեցին այս նոր գաղափարական ուղղվածությամբ։
Ծխամորճի և աչքի բիբերի մասին
Օրինակ՝ վերհիշեք բելգիացի Ռենե Մագրիտի «Պատկերների դավաճանությունը» («La trahison des images») աշխատանքը. նրա կտավի վրա պատկերված է ծխամորճ, իսկ նկարի տակ գրված է «Սա ծխամորճ չէ» («Ceci n’est pas une pipe»): Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն փաստացիորեն ճշգրիտ է. չէ՞ որ մենք ծխամորճ չենք տեսնում, այլ՝ ծխամորճի պատկեր։

1929 թվականին իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելն իր ընկեր Սալվադոր Դալիի հետ միասին սյուրռեալիզմը առաջին անգամ բերեց կինոէկրան՝ սևուսպիտակ «Անդալուզյան շուն» ֆիլմով։ Ֆիլմի սյուժեն ստեղծվել էր նրանց երազների հիման վրա։ Ֆիլմի սկզբում մի տղամարդ սրում է ածելին, այնուհետև լիալուսնի առջևով ամպ է անցնում։ Դրան հաջորդում է սարսափեցնող տեսարան, որտեղ տղամարդը ածելիով կտրում է մի կնոջ աչքի բիբը։ Ֆիլմը դիտավորյալ զերծ էր որևէ տրամաբանական, ռացիոնալ կամ մշակութային բացատրությունից։ Նույնիսկ վերնագիրը որևէ կապ չուներ ֆիլմի բովանդակության հետ։
Սյուրռեալիստների ապստամբությունը
Գերմանացի նկարիչ Մաքս Էրնստը (1891–1976) սյուրռեալիզմի առաջամարտիկներից է։ Նա նկարել է տպավորիչ, ֆանտաստիկ բնապատկերներ՝ լի երևակայական էակներով։ Դրա համար նա մշակում էր պատահականության վրա հիմնված տեխնիկաներ, օրինակ՝ ֆրոտաժը, որի ժամանակ նյութի մակերեսի կառուցվածքը փոխանցվում է թղթի վրա՝ այն վրան դրոշմելով կամ պատճենելով։ Նրա կաթեցման տեխնիկան հետագայում զարգացվում է ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի պիոներ Ջեքսոն Պոլլոքի կողմից և դառնում է հայտնի որպես «կաթուցիկ նկարչություն» (drip painting)։

Սյուրռեալիստների բազմաթիվ ստեղծագործություններում հակադրությունները բախվումում են իրար։ Հիշարժան օրինակ է բեռլինցի Մերետ Օպենհայմի (1913–1985)՝ փափկաշերտ մորթով ծածկված թեյի բաժակը, որը դարձավ ժամանակակից արվեստի խորհրդանիշ։ Շրջված տեսանկյուններ, առեղծվածային ու անհասկանալի էակներ․ արվեստագետները հաճախ առարկաները դուրս են բերում իրենց սովորական միջավայրից, խառնում են, վերափոխում՝ նոր հայացք բացելով աշխարհին։ Որոշ պատկերներ անհանգստացնող են, ինչպես Ֆրիդա Կալոյի (1907–1954) 1932 թվականի հուզական ինքնանկարը՝ «Հենրի Ֆորդի հիվանդանոց»-ը։ Նկարում՝ թռչող մահճակալի մեջ, պատկերված է մեքսիկացի նկարչուհին սգացող հղիության կորուստը։

Սյուրռեալիստների շրջանակից չպետք է առանձնացնել կատալոնացի Ժոան Միրոյին (1893–1983)՝ գույների բանաստեղծին։ Ինչպես նաև բրետանացի Իվ Տանգիին (1900–1955), որի երազային բնապատկերները մինչ այսօր առեղծված են մնում։ Եվ, իհարկե, չպետք է մոռանալ գերմանացի-ֆրանսիացի նկարիչ Ժան Արփին (1886–1966) կամ ամերիկացի լուսանկարիչ, ռեժիսոր, նկարիչ և ռեդի-մեյդ** արվեստագետ Մեն Ռեյին՝ նույն ինքը Էմանուել Ռուդնիցկին (1890–1976)։ Նրա՝ 1924-ին Փարիզում ստեղծված «Le Violon d’Ingres» («Էնգրի ջութակը») անվամբ նկարը, որում պատկերված է մերկիրան մի կին, հայտնի է այսօր աշխարհի բոլոր անկյուններում։ Մի քանի տարի առաջ այն 12,4 միլիոն դոլարով վաճառվեց Christie’s աճուրդում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաթանկ լուսանկարը։
Իսկ Անդրե Բրետո՞նը։ Նա սյուրռեալիզմի առաջին ներկայացուցիչներից էր, որ, զբաղվում էր «écriture automatique»-ով՝ գրելու ինտուիտիվ մեթոդով, երբ պատկերները, զգացողություններն ու ենթագիտակցության խոսքերը հաղորդվում էին թղթին՝ ազատ ասոցիացիաների միջոցով ստեղծելով նոր տեսակի պոեզիա և փորձարարական գրականություն։ Բրետոնը այս գործընթացը նկարագրում էր որպես «մտքի թելադրություն՝ առանց որևէ բանական վերահսկողության»։ Ամենալավ արդյունքը, ըստ նրա, ստացվում էր հենց արթնանալուն պես՝ կիսաքուն վիճակում նստելով գրասեղանի մոտ և գրի առնելով մշուշոտ մտքերը։
Հոբելյանական ցուցահանդեսներ աշխարհով մեկ

Սյուրռեալիստները ապստամբեցին քարացած նորմերի և սովորությունների դեմ։ Նրանք նկարում էին, գրում և նկարահանում՝ ընդդեմ տրամաբանության և պրագմատիզմի և հանուն հավասարության։ Արվեստի միջոցով նրանք ձգտում էին առաջ բերել հասարակական հեղափոխություն։ Սակայն իրականում նրանք հեղափոխություն կատարեցին առաջին հերթին մեր ընկալման մեջ, որը այսօր կանգնած է նոր շրջափուլի առջև։ Տեխնոլոգիական նորարարությունները՝ արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը, թույլ են տալիս նախկինում անհնար թվացող ձևերով միախառնել իրականը և վիրտուալը։ Սյուրռեալիզմի անկումը դժվար է ճշգրտորեն թվագրել, բայց, ամենայն հավանականությամբ, դա տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-ին, երբ աշխարհում սկսեցին ձևավորվել արվեստի նոր ուղղություններ, ինչպիսին է աբստրակտ էքսպրեսիոնիզմը ԱՄՆ-ում:
Եթե ցանկանում եք այսօր նորովի անդրադառնալ սյուրռեալիստներին, անհրաժեշտ է այցելել այն վայրերը, որտեղ նրանք ստեղծագործել են։ Փարիզի Centre Pompidou-ն կարմիր գորգ կփռի ձեր առաջ՝ ներկայացնելով անզուգական ցուցահանդես, որն սկսվել է Ֆրանսիաում և այնուհետև շրջագայելու է ամբողջ Եվրոպայով։ Համբուրգի Kunsthalle-ն, Մյունխենի Lenbachhaus-ը և աշխարհի բազմաթիվ այլ թանգարաններ համալրում են այս հոբելյանական ցուցահանդեսների շարքը։
* (Թարգմանչի կողմից) հաճախ այսպես են անվանում 1920-ական թվականները Ֆրանսիայում՝ կապված այս ժամանակահատվածի հասարակական, արվեստային և մշակութային կյանքի հետ։ Գերմանիայում այն երբեմն անվանում են «Ոսկե քսանականներ»՝ պայմանավորված երկրի տնտեսական կարճատև վերելքով։ * (Թարգմանչի կողմից) ռեդի-մեյդը կամ Objektkunst-ը կերպարվեստի ուղղություն է, որտեղ արվեստի առարկա են դառնում այնպիսի առօրյա օբյեկտներ և իրեր, որ ի սկզբանե գեղագիտական նպատակներով ստեղծված չեն եղել, ինչպիսին, օրինակ, լվացարանն է կամ նույնիսկ աղբը։Ծանոթագրություններ
Թարգմանիչ՝ Անժելա Շահբազյան (Anzhela Shahbazyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








