Կլիմայական փոփոխությունների ռազմավարություն

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ռազմավարության մշակում

«Մենք աստիճանական փոփոխություններ անելու հնարավորություն ունեինք, բայց այդ ժամանակն ավարտված է: Միայն մեր տնտեսությունների և հասարակությունների արմատական վերափոխումը կարող է փրկել մեզ սաստկացող կլիմայական աղետից», ” ասել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (անգլ.` UNEP) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։ Տվյալները ակնհայտ են. գլոբալ արտանետումները աճում են: Հանածո վառելիքի նոր նախագծերը կանխելու և զանգվածային անտառահատումների նման ավերիչ գործողությունները վերացնելու կամավոր պարտավորվածությունները չեն կարողանում կանխել բնության ոչնչացումը և աճող գլոբալ անհավասարությունը։

Անգործությունը տարբերակ չէ։ Ընկերությունները, որոնք ձգտում են պատմության ճիշտ կողմում լինել, պետք է համապատասխան քաղաքականություն, կանոնակարգեր և օրենքներ պաշտպանեն, որպեսզի հասնեն տնտեսության համակարգային փոփոխությունների այն տեմպերով և մասշտաբներով, որոնք անհրաժեշտ են կլիմայական թիրախներին հասնելու համար: Սա նշանակում է՝ աշխատել սեփական տրանսֆորմացիոն մոտեցումների վրա, ինչպես նաև միավորել ուժերն այլոց հետ՝ ստեղծելու կրիտիկական զանգված՝ լայնամասշտաբ փոփոխությունների համար։

Հիմնվելով «B Corp» հավաստագրում ունեցող [1] երեք ընկերությունների՝ Natura & Co-ի (Շարմիան), Patagonia-ի (Բեթ) և Ecosia-ի (Սոֆի) հետ մեր միջկազմակերպչական աշխատանքի վրա՝ առանձնացրել ենք հինգ կարևոր տարրեր կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի աջակցություն ռազմավարությունների համար, որոնք կօգնեն բիզնեսներին օգտագործել իրենց ուժն ու ազդեցությունը՝ առաջ մղելու կլիմայական թիրախներին հասնելու համակարգային անհրաժեշտ փոփոխությությունները։

Սատարելով համակարգային փոփոխությունը
Թեև գործարար համայնքը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից ի վեր առաջընթաց է գրանցել կլիմայական նպատակների ուղղությամբ, ածխածնի զրոյական բալանսի հասնելու՝ ազգային և ենթազգային կառավարությունների կողմից սահմանված թիրախների մեկ հինգերորդից ավելի քիչ մասը և զրոյական բալանսի ձգտող խոշորագույն պետական կորպորացիաների միայն մեկ երրորդն է իրականում համապատասխանում գիտականորեն սահմանված չափանիշներին։ Ավելին, հակակլիմայական լոբբինգը աղետալի ազդեցություն է ունեցել մոլորակի վրա, և տարիներ են պահանջվել նշանակալի գործողություններ իրականացնելու համար։

«B Lab UK» ոչ առևտրային ցանցը համակարգի փոփոխությունը բաժանում է երկու մասի․

  • Կարգավորող փոփոխություն։ Ընկերությունները կարող են աշխատել քաղաքականություն մշակողների, առևտրային ասոցիացիաների և ՀԿ-ների հետ՝ օրենքում փոփոխություններ մտցնելու համար: Օրինակ, մինչև 2022 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի առաջամարտիկների թիմը աշխատեց փորձագետների հետ կամավոր, չափանշային և կարգավորող քաղաքականության մշակման դաշտից` հրապարակելու «Pivot Point» զեկույցը, որն առաջարկում էր քաղաքականության մի շարք միջամտություններ, որոնք հիմնվելու էին կլիմայի թեմայով «Race to Zero» և «Race to Resilience» համաշխարհային շարժումների վրա։
  • Մշակույթի փոփոխություն։ Նույնիսկ ճիշտ քաղաքականության առկայության դեպքում մենք գիտենք, որ մշակույթը պետք է փոխվի, որպեսզի դրանք արդյունավետ լինեն: Ձեռնարկությունները կարող են ներգրավվել մշակույթի փոփոխության մեջ՝ օգտագործելով գործիքներ, այդ թվում՝ մեդիա և գովազդ՝ խթանելու և ամրապնդելու նոր նորմերը, իրազեկելու հիմնական խնդիրների մասին, սպառողներին կրթելու, թե ինչու է քաղաքականության փոփոխությունը կարևոր և ցույց տալու նրանց, թե ինչպես համագործակցել ուրիշների հետ՝ փոփոխություններ իրականացնելու համար: Օրինակ, արշավային հագուստի և սարքավորումների վերանորոգմանն ուղղված վերջին շարժումը, որը նախաձեռնվել է 1970-ականներին «Patagonia» բրենդի կողմից, բայց այժմ տարածված է այլ արտադրողների և մանրածախ առևտրականների շրջանում, խրախուսում է սպառողներին մտածել իրենց սպառողական սովորությունների մասին։ 

Համակարգի փոփոխության կարգավորիչ և մշակութային տարրերի մասին մտածելիս խուսափե՜ք կլիմայի պաշտպանությունը միայն կորպորատիվ արտաքին նախաձեռնություններով և ծրագրերով սահմանափակելուց: Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ներքին ռազմավարության ծրագրումը ևս կարևոր դեր է խաղում բիզնեսի ներսում մարդկանց մոբիլիզացնելու գործում՝ ներշնչելով աշխատողներին ներգրավվել և հնարավորություն տալով նրանց քայլեր ձեռնարկել։

Քաղաքագետ Էրիկա Չենովեթի վերջին հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ «ներսի մարդիկ», երբ խոսքը վերաբերում է կառավարության մակարդակով փոփոխություններ մղելուն: «3.5%-ի կանոնը», որը Չենովեթը մշակել է 2012 թվականին, ապացուցեց, որ կառավարությունները հիմնականում ի վիճակի չեն դիմակայելու բնակչության 3.5%-ի ուժին, որը ներգրավված է ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության մեջ: Մեկ տասնամյակ անց, նրանց կողմից այդ հետազոտության վերանայումը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ազդեցիկ անձանց կողմից աջակցություն ստանալն այն հաստատություններում, որոնց ձեռնտու է պահել ստատուս քվոն, ինչպիսիք են կորպորացիաները և բաժնետերերը: 

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ռազմավարության մշակում
«GlobeScan»-ի 2022 թվականի «Էկոկայունության առաջնորդների հարցումը» հավաքել է աշխարհի՝ էկոկայունության ավելի քան 700 փորձագետների տեսակետները և պարզել, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը բիզնեսում ավելի ու ավելի է դիտվում որպես առաջնորդական պրակտիկա: Այժմ ժամանակն է, որ բիզնեսի առաջնորդները ստեղծեն իրենց ընկերությունների՝ կլիմայի պաշտպանության սեփական ռազմավարությունը։

Կլիմայի պաշտպանության համապարփակ նշանակալից ռազմավարությունը պետք է խարսխված լինի հիմնական սկզբունքներով: Մեր միջկազմակերպչական աշխատանքի միջոցով բացահայտել ենք այս մի քանիսը, որ կարող են որպես հիմք ծառայել կլիմայի պաշտպանության համար:

Իսկություն։ Կենտրոնացրե՜ք կլիմայի պաշտպանության ռազմավարությունը ձեր ընկերության պատմության շուրջ, ներառյալ՝ որտեղ, ինչու և ինչպես է այն սկսվել, և ինչ խնդիր էր փորձում լուծել: Թափանցիկությունը հույժ կարևոր է, նույնիսկ եթե պատմությունը միշտ չէ, որ կատարյալ է: Օրինակ, «Patagonia» բրենդի հիմնադիր Իվոն Շուինարը, սկսեց իր բիզնեսը՝ հիմնվելով լեռների հանդեպ իր սիրո վրա: Ժամանակի ընթացքում բնությանը օգնեց հաստատել «Patagonia»-ի հանձնառությունը՝ պաշտպանելու մեր Երկիր մոլորակը։

Ամեն բիզնես չէ, որ իր պատմության մեջ ամփոփված նման նպատակ ունի, և դա նորմալ է: Սա նախապայման չէ, այն, ինչ պահանջվում է, թափանցիկությունն է՝ վստահություն ձևավորելու և կլիմայի պաշտպանության աշխատանքներում բովանդակալից կերպով ներգրավվելու համար, որոնք կենտրոնացած են համակարգի հեռանկարային փոփոխության վրա: Օրինակի համար դիտարկենք «Interface»-ը՝ գորգային սալիկների մի ընկերություն, որը հիմնադրվել է 1973 թվականին Ռեյ Անդերսոնի կողմից: 1994-ին Անդերսոնը «հայտնություն» ունեցավ և սկսեց ընկերության «Mission Zero» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով վերացնել «Interface»-ի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մինչև 2020 թվականը։ Ընկերությունը նշել է այդ նպատակի իրագործումը 2019 թվականին և շարունակում է կլիմայի փոփոխության հետ կապված նախաձեռնությունները, այդ թվում՝ այլ բիզնեսների ներգրավմամբ։

Ամբիցիա։ Հիմնվե՜ք գիտականորեն սահմանված թիրախների վրա՝ համարձակ նպատակներ դնելու համար, այլ ոչ թե սահմանափակվելու նրանով, ինչ հնարավոր է թվում: Օրինակ, «Ecosia» ընկերությունը դարձավ անտառվերականգնման՝ աշխարհի խոշորագույն շարժումներից մեկի հիմնադիրը՝ օգտագործելով իր շահույթի 100%-ը կլիմայական գործողությունների համար: Բացի այդ, «Ecosia»-ի կանաչ որոնման համակարգն աշխատում է 200% վերականգնվող էներգիայով:

Միջնորդթյուն: Ներգրավե՜ք ձեր աշխատակիցներին, որպեսզի նրանք էլ քայլեր ձեռնարկեն և դառնան համակարգի փոփոխության ջատագովներ։ Բիզնեսի ամբողջական ուժը գալիս է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր աշխատակից զգում է, որ իրեն աջակցում են և ուժ են տալիս` օգտագործելու իր ձայնը իրեն մտահոգող հարցերի վերաբերյալ դիրքորոշում ունենալու համար և՛ բիզնեսի ներսում՝ իր աշխատանքում կայացվող որոշումների միջոցով, և՛ բիզնեսից դուրս՝ սոցիալական ու համայնքի շրջանակներում։

Օրինակ, «Natura» ապրանքանիշի «Ապագան ձեր ձեռքերում է» արշավը մեկնարկել է Ամազոն գետի համաշխարհային օրը՝ կրիտիկական մի ժամանակաշրջանում, որին հաջորդեցին Բրազիլիայի 2022 թվականի ընտրությունները: Այս արշավը մոբիլիզացրեց աշխատակիցներին, ինչպես նաև ավելի լայն հանրությանը, որպեսզի քայլեր ձեռնարկեն Ամազոնը պաշտպանելու համար: Բիզնեսը նաև մշակել է «գիտակցված քվեարկություն» արշավը մոտ 2 միլիոն խորհրդատուների և «Natura» ու «Avon» ապրանքանիշերի ներկայացուցիչների ցանցի համար, որոնց մեծ մասը կանայք են: Ժոաո Պաուլո Ֆերեյրան՝ «Natura &Co Latin America» ապրանքանիշի գործադիր տնօրենը, բացատրեց. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ կին ընտրողները ավելի դժկամությամբ են մասնակցում ընտրություններին: Մյուս կողմից, նրանք ցանկանում են ավելի լավ տեղեկացված լինել իրենց որոշումները կայացնելու համար, իսկ մենք գիտենք կանանց՝ իրենց ընտանիքների և համայնքների վրա ազդելու ուժը»։

Ակտիվիզմ: Թեև շատ ընկերությունների ղեկավարներ կարող են անհարմար զգալ սոցիալական շարժումներին ներգրավվելիս կամ նրանց աջակցություն ցուցաբերելիս, բիզնեսի՝ ձայն բարձրացնելը կարող է մեծ փոփոխություն առաջացնել հասարակության ամենախոցելի և մարգինալացված մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում։

Օրինակ, «Ecosia»-ն հովանավորում է «կլիմայի սրճարաններ» նախաձեռնությունը, որտեղ երիտասարդները կարող են իրենց էկոտագնապը վերածել գործողության՝ կազմակերպված «Force of nature» երիտասարդական շարժման կողմից: Որպես իրենց գլոբալ ակտիվիզմի ռազմավարության մի մաս, «Natura &Co» ընկերության «The Body Shop» ապրանքանիշը երկարաժամկետ հեռանկարով է առաջ շարժվում և պաշտպանում է քաղաքականության և օրենսդրության փոփոխությունը, որը թույլ կտա երիտասարդությանը ավելի մեծ մասնակցություն ունենալ քաղաքական և հասարակական կյանքում: Իսկ «Patagonia»-ն պարբերաբար անցկացնում է «Tools» կոնֆերանսներ՝ փոքր, սկսնակ հասարակական կազմակերպություններին քարոզարշավի, սոցիալական մեդիայի, հրապարակայնության և դրամահավաքի հմտություններ սովորեցնելու համար։

Համագործակցություն: Կառավարությունները ողջ աշխարհում չեն կարողանում ամենախոցելի խավերին պաշտպանել: Բիզնեսը պետք է վճռորոշ դեր խաղա ներկայիս հետագիծը շտկելու գործում՝ մարդկանց, արդարադատությունը և մարդու իրավունքները դնելով կլիմայական գործողությունների կենտրոնում։ Քաղաքացիական հասարակությունը և երիտասարդական շարժումները միայնակ չեն կարող դա անել, և անհրաժեշտ էլ չէ։

Այս երեք ընկերությունները հատուկ ռազմավարություններ ունեն, որոնք կենտրոնացած են բնիկ համայնքների ձայները լսելու, աջակցելու և ուժեղացնելու վրա, լինեն դրանք Ամազոնում, որտեղ «Natura»-ն աշխատում է 40 տեղական և ավանդական համայնքների հետ, կամ Ատլանտյան անտառում, որտեղ «Ecosia»-ն աշխատում է «PACTO Mata Atlântic» կազմակերպության հետ՝ ավելի քան 300 ծառատունկ նախագծերի հովանավորի։

. . .

Երբ մշակում եք կլիմայի պաշտպանության ռազմավարություն, նկատի ունեցեք այն խոչընդոտները, որոնց հավանաբար կբախվեք: Որոշ մարդիկ կվիճարկեն բիզնեսի դերը ժողովրդավարական համակարգերում ներգրավվելու հարցում՝ առաջնորդելու քաղաքականության մշակումը: Դա ճիշտ է, բայց երբ կառավարությունները պայքարում են կլիմայական թիրախներին հավատարիմ մնալու համար, առաջադեմ բիզնեսի ղեկավարները, ովքեր անձնապես հավատարիմ են զրոյական բալանսին և մնացած նպատակներին, պետք է պատասխանատվության ենթարկեն կառավարություններին և բնությունն աղտոտողներին և ապահովեն, որ զրոյական բալանսի թիրախները ամրագրված լինեն հստակ քաղաքականությունով, կանոնակարգերով և օրենքներով:

Ծանոթագրություններ

[1] (թարգմանչի կողմից) «B Corp» հավաստագրում՝ ձեռնարկություններ, որ համապատասխանում են սոցիալական և էկոլոգիական կատարողականի, հասարակական թափանցիկության և իրավական պատասխանատվության բարձր ստանդարտների՝ սահմանված B Lab կազմակերպության կողմից։



Թարգմանիչ՝ Մարիամ Հովհաննիսյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են։