Ոսկեղենիկ #23

Ոսկեղենիկ նախաձեռնության 2024 թ. հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Դանայան տակառ

Հաճախ լսվող «Դանայան տակառ» արտահայտությունը առաջացել է Հին հունական մի առասպելի հիման վրա և նշանակում է անօգուտ և տաժանակիր աշխատանք:

Ըստ հունական առասպելաբանության` լինում են երկու եղբայրներ` Դանայոսը և Եգիպտոսը: Եգիպտոսի 50 որդիները սիրահարվում են Դանայոսի 50 աղջիկներին, մերժում ստանալով, նրանք որոշում են զորք հավաքել և գնալ մարտի: Ի վերջո, Դանայոսը համաձայնում է, բայց իրականացնում է մի մեծ ոճրագործություն. հարսանիքի գիշերը աղջիկները սպանում են փեսացուներին: Փրկվում է միայն մեկ որդին, որի կինը հրաժարել էր կատարել հոր պահանջը: Իրականացրած ոճրագործության համար 49 դանայուհիները պատժվում են Հադեսի ստորգետնյա թագավորությունում, որտեղ նրանք դատապարտված էին  ջուր կրելու և լցնելու մի շատ մեծ տակառ, որը հատակ չուներ:

Ահա այսպես ծագել է «դանայան տակառ» թևավոր խուսքը, որ նշանակում է ծանր և անպտուղ աշխատանք: 

Աղբյուրը` Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Երևան, 1979


Դամոկլյան սուր

Ըստ հունական մի լեգենդի բռնակալ Դիոնիսոս Մեծը որոշում է իր գահը մեկ օրով հանձնել իր սիրելի Դամոկլեսին, ով Դիոնիսոսին  համարում էր ամենաերջանիկ մահկանացուն: Բռնակալի հրամանով նրան արքայավայել հագցնում են, օծում անուշահոտ յուղով ու նստեցնում գահին։ Բոլորը հնազանդվում էին նրան` կատարելով յուրաքանչյուր հրաման։ Երեկոյան խնջույքի պահին Դամոկլեսը հանկարծ գլխավերևում տեսնում է ձիու մազից կախված մի սուր` առանց պատյանի և հասկանում է կյանքին սպառնացող վտանգը: Այդպես Դիոնիսոսը Դամոկլեսին ցույց տվեց, որ բռնակալը միշտ ապրում է մահվան եզրին։

Արտահայտությունը դարձել է թևավոր խոսք և գործածվելիս նշանակում է թվացյալ բարեկեցության պայմաններում մեկի գլխին կախված մշտական սպառնալիք։

Աղբյուրը`  Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան
Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Երևան, 1979


Սագերը փրկեցին Հռոմը

Ջունոն Հին Հռոմում համարվում էր սիրո և ամուսնության աստվածուհի և նրա համար սագերը սուրբ թռչուններ էին, արգելված էր նրանց վնասել և սպանել: 309  թվականին Գալլերը պատերազմ են հայտարարում հռոմեացիների դեմ և պաշարում քաղաքը:  Քաղաքը պաշտպանող զինվորները կիսաքաղցած էին և հոգնած: Գալլերը բացահայտում են քաղաք տանող ճանապարհը: Նրանք ընտրում են լիալուսնով գիշեր և իրենց ամենաքաջ մարտիկներին ուղարկում են` գրավելու ժայռի գագաթը: Վերելքն այնքան հմուտ էր, որ ո՛չ հռոմեացի պահակները, ո՛չ էլ նրանց շները ոչինչ չնկատեցին, բայց սագերը նկատեցին և սկսեցին աղմկել: Առաջինն արձագանքեց Մանլիուս անունով մի մարդ։ Մանլիուսը ոչ մի վայրկյան չհապաղեց և ժայռի գագաթը բարձրացող մի քանի գալլերին հրեց ներքև: Շուտով մյուս հռոմեացիները միացան կռվին և սպանեցին մնացած գալլերին: 

«Սագերը փրկեցին Հռոմը» արտահայտությունն այժմ կիրառվում է այն դեպքերում, երբ ցանկանում ենք ընդգծել, որ միայն պատահականությունն է օգնել խուսափել մեծ անախորժությունից կամ որ նրանցից, ումից ամենաքիչն ենք սպասում, կարող են օգնության հասնել մեզ:

Աղբյուրը` Ջեք Բեքեթը  Պատերազմի պատմություն, մարտի 14,2016թ., warhistory


Լինել կա՛մ Կեսար, կա՛մ ոչինչ

«Լինել կա՛մ Կեսար, կա՛մ ոչինչ» թևավոր խոսք դարձած այս արտահայտությունը նշանակում է գործունեության ճանապարհին կա՛մ պայքարել և հասնել ամենաբարձրին կա՛մ ձախողել ամեն ինչ: Արտահայտությունը վերագրվում է Ք. հ. 37-41թթ. Հռոմի կայսր Գայոս Հուլիոս Կեսար Գրեմանիկոսին, ով առավել հայտնի է Կալիգուլա մականվամբ: 

Արտահայտությունը կապվում է նաև մեկ այլ գործչի՝ Չեզարե Բորջիայի անվան հետ: Նա օգտագործել է այս արտահայտությունը որպես իր կարգախոս՝ «Aut Caesar aut nihil» լատիներեն տարբերակով։ 

Արտահայտությունը համարժեք է նաև ամեն ինչ կամ ոչինչ արտահայտությունը, որն ավելի մեծ կիրառություն ունի ներկայումս և համարվում է պայքարի խորհրդանիշ, ոգեշնչող կոչ:

Աղբյուրը`  Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Երևան, 1986


Փոթորիկ մի բաժակ ջրում կամ փոթորիկ բաժակի մեջ

“Tempest in a teapot” (փոթորիկ մի բաժակ ջրում կամ փոթորիկ բաժակի մեջ) թևավոր խոսք դարձած այս արտահայտությունները մենք լսում ենք կամ օգտագործում այն ժամանակ, երբ ուզում ենք ասել, որ պետք չէ չնչին բանից մեծ պատմություն ստեղծել: Այսպես սովորաբար անվանում են այն իրավիճակը, երբ ինչ-որ բան այնքան էլ կարևոր չէ, բայց այն արժանացել է հասարակության մեծ արձագանքին և քննարկմանը:

Արտահայտության հեղինակը ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ Մոնտեսքիոն է։ Նա օգտագործել է այդ խոսքերը  մեկնաբանելով քաղաքական իրադարձությունները Սան Մարինոյում: 

Թերևս այս համեմատության հայտնաբերողը Մոնտեսքյոն չէ։ Դեռևս անտիկ գրվածքներում հանդիպում են նմանատիպ գործածություններ, որոշակի բառախաղով, օրինակ Հունական ասացվածքը՝ «Փոթորիկ տաշտում», Հռոմեական ասացվածքը՝ «Փոթորիկ ստեղծել շերեփի մեջ» (Կիկերոն) կամ մ.թ.ա 3-րդ դարում, որը համեմատաբար ամենավաղ ասվածներից է,  Դորիոնը ծաղրում է Տիմոթեոսի Նաուտիլուսում փոթորկի նկարագրությունը՝¹ ասելով, որ ավելի ահավոր փոթորիկ է տեսել եռացող կաթսայում, սակայն վերը նշված բոլոր դեպքերում էլ պահպանվում է նախնական նշանակությունը՝ փոքր բանից մեծ աղմուկ, ոչ լուրջ պատճառով առաջացած լուրջ իրարանցում՝ շփոթ:

Աղբյուրը` Wikipedia, Bararanonline, Բարթլետ, Ջոն (1891) Ծանոթ մեջբերումներ. հատվածների, արտահայտությունների և ասացվածքների ժողովածու, որոնք հետևվում են հին և ժամանակակից գրականության իրենց աղբյուրներին: Փոքրիկ, Բրաուն և ընկերություն:


Տեքստի մշակումը` Մերի Ավետիսյանի
Ինֆոգրաֆիկաների մշակումը՝ Էդուարդ Դավթյանի