1986 թ. տպագրված «Կրակե շապիկ» վեպը հայ գրականության մեջ իր նախադեպը չունեցող երևույթ էր: Առաջին անգամ փորձ էր արվում հայ-թուրք հարաբերություններին նայել այլ տեսանկյունից: Վեպում թուրք Մուստաֆա Նեմիդի կերպարում հեղինակը պատկերում էր ցեղասպանության տարիներին հայերի կողքին կանգնող, հայի համար ցավող մարդուն՝ անցյալի մարդուն, իսկ Էնիս բեյի կերպարում Վ. Պետրոսյանը կերտում էր մերօրյա թուրքին. թուրք, ով անտեղյակ էր իր պապերի վայրագություններին, ցավով, բայց կասկածանքով էր մոտենում ցեղասպանության մասին փաստերին և փորձում էր ընդունել իր ազգի մեղքը՝ գալով ինքնագիտակցության:
Կերպարը բերելով Հայաստան, հանդիպադրելով հային, հայ հասարակությանը, կանգնեցնելով Եղեռնի անմար կրակի առջև՝ հեղինակը առաջ էր քաշում երիտասարդ թուրքի վերափոխման, վերջինիս մեղքի գիտակցության խնդիրը և հող էր նախապատրաստում հայ-թուրք փոխհարաբերությունների՝ դրական լույսի ներքո հանդես գալու համար: Սա մի կարևոր քայլ էր, երբ դարեր շարունակ հայ գրականության մեջ իր տեղը գտած արնախում թուրքի կերպարը ներկայացվում էր այլ դիտանկյունից:
Հայ գրականության մեջ Վ. Պետրոսյանի կողմից առաջ քաշված այս նոր մոտեցումն աննախադեպ էր, և պարզ է, որ աննախադեպ պետք է լիներ նաև դրա ընդունելությունը հասարակության կողմից: Հայ մարդիկ, հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց ժառանգները Վ. Պետրոսյանի տան առջև այրում էին գրքի օրինակները, այն որակում որպես վատագույն ստեղծագործություն և դրա ազդեցության տակ պախարակում նաև հեղինակի մյուս գործերը: Ստեղծագործությունը չի ընդունվում ոչ միայն ժողովրդի կողմից, այլ նաև դուրս է մնում դպրոցական և բուհական ծրագրերից, և միայն վերջին ժամանակներում սկսեցին ուսումնասիրել գիրքը բուհական մասնագիտական դասընթացների ընթացքում:
Չնայած այս ամենին՝ անառարկելիորեն մեծ է վեպի բովանդակային արժեքը՝ առաջ քաշած խնդիրներով ու նոր հարցադրումներով: Բովանդակային կողմի հետ մեկտեղ մեծ ուշադրության է արժանի նաև վեպի ձևային կողմը՝ կառույցը:
Երեք մասերից և մեկ առանձին գլխից բաղկացած ստեղծագործությունն աչքի է ընկնում դիպաշարի կառուցման առանձնահատկություններով, հատկապես յուրօրինակ է ստեղծագործության քրոնոտոպը:
Մեր վերլուծությունը նվիրված է վեպի քրոնոտոպի, նրա բարդ կառույցի ուսումնասիրությանը, անցյալի և ներկայի, մոտիկի և հեռվի թնջուկի պարզեցմանը: Այս ուսումնասիրության նպատակն է ներկայացնել «Կրակե շապիկ» վեպի սոսկ ձևային կողմը, իսկ բովանդակային անցումները ուսումնասիրվում են այնքանով, որքանով անհրաժեշտ են դիպաշարի ներկայացման համար:
Ժամանակային անցումներ
«Կրակե շապիկ» վեպը նմանվում է խճանկարի. հիմնական սյուժեն կառուցված է տարբեր հատվածների կցումով: Ժամանակը չի գնում իր բնականոն հոսքով. անցյալը, անցյալի անցյալը և ապագան շարժվող գծերով զուգահեռվում, հատվում, միանում են: Ժամանակները խաչվում են և՛ հեղինակային պատումում, և՛ կերպարների ներսում, կան անգամ ստեղծագործության մեջ յուրօրինակ խորհրդանիշ դարձած առարկաներ, որոնց մեջ ևս հատվում են վեպի ժամանակի գետերը, ընթանում նույն հունով, բայց հետո նորից զատվում:
Ինչպես ժամանակի ըմբռնումը, այնպես էլ տարածությունը երկում ունի իր յուրահատուկ արտահայտությունը: Հեղինակի գրիչը կարողանում է միաժամանակ պատկերել տարածական տարբեր հարթություններ: Այդ երևույթին Վ. Պետրոսյանը մոտենում է և՛ համաժամանակյա, և՛ տարաժամանակյա դիտանկյուններից. ժամանակների փոփոխությամբ պայմանավորված փոխվում է նաև տարածքը, բայց դրան զուգահեռ և դրան հակադիր վերջինս կարողանում է իրար կապել նաև տարածական տարբեր միավորներ նույն պահի մեջ, երբ պատկերվում է հայերի կյանքը նույն ժամին և՛ Հայաստանում, և՛ սփյուռքի տարբեր հատվածներում:
Վեպում պատմվում են 1980-ական թվականների դեպքերը, բայց հիշողությունների, խորհրդանիշ դարձած առարկաների, հեղինակային պատումի միջոցով մաս-մաս ընթերցողին են ներկայացվում նաև 1912 թ.-ից առաջ կատարված իրադարձությունները Լենինականում, 1912 թ.-ինը՝ Կարսում: Ապա տարբեր հաջորդականություններով պատկերվում են 1914 թ.-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, 1915 թ.-ի ջարդը Ղարսում, Էրզրումում, Տիգրանակերտում, գաղթը Արևելյան Հայաստան, Համաշխարհային երկրորդ պատերազմը, հետպատերազմյան դեպքերը և ներկան՝ 1980-ական թվականները: Գործողությունների հիմքում 1982 թվականի դեկտեմբերի ութն է՝ ընտանիքի, ավելի ճիշտ գերդաստանի տատի՝ Նունե մայրիկի ծննդյան 85-ամյակը: Բոլոր գործողությունները պտտվում են այդ օրվա և այդ կերպարի շուրջ. համաժամանակյա մոտեցմամբ այդ օրվան հաջորդող ու նախորդող դեպքերը պատկերվում են Երևանում, Ռուսաստանում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Բեյրութում, Սիրիայում, Անգլիայում և հայկական մի փոքրիկ քաղաքում, որի անունը հեղինակը չի նշում: Քրոնոտոպի այս բարդ կառույցի մեջ իր տեղն է գտնում նաև ապագա ժամանակը, երբ ենթադրական եղանակի բայաձևերի միջոցով Վ. Պետրոսյանը կերտում է նաև գալիքի տեսիլը:
Դիպաշարի ընթացքը կառուցում են այս բարդ անցումները, պայմանավորում շարժումը, և վերջապես ձևի այս յուրահատկություններով էլ պատկերվում է բովանդակությունը, երևան գալիս երկի առանցքը կազմող հիմնական գաղափարը:
Եթե սյուժեի ժամանակային անցումները դասավորում ենք ֆաբուլայի ձևով, ապա ժամանակագրական առաջին իրողությանը ծանոթանում ենք Նունե մայրիկի հուշերում (1910-12 թթ., Լենինական), երբ նա ամուսնանում է կարսեցի Շիրակ Վահանյանի հետ: Սկիզբ է դրվում Վահանյան-Մուղնեցյան գերդաստանին՝ մեծ տոհմածառի արմատին, որի շառավիղներն էլ տարածվում են աշխարհով մեկ. նրանց կյանքի պատմությունն է ընկած ստեղծագործության հիմքում:
Նունե մայրիկի հուշերում պատկերվում են նաև Կարսի խաղաղ կյանքի դեպքերը, իր հարսնության տարիները, ապա 1914 թ. պատերազմը, ամուսնու մասնակցությունն այդ պատերազմին, հարազատների դաժան սպանդը, գաղթը: Գաղթի ճանապարհին գերդաստանը շատ բարեկամներ է կորցնում, թուրքի յաթաղանից սպանվում են շատերը, «էրգրի» հանդեպ կարոտը տանջում է ծեր կնոջը ողջ կյանքում, նա ապրում է իրենց տան տեսիլը աչքերի առջև, անգամ յոթանասուն տարի անց Նունե մայրիկը ծոցում պահում է Կարսի իրենց տան բանալիները և մահվանից առաջ հանձնում իր շառավիղներից մեկին՝ իր հաջորդին՝ թոռանը: Բայց ցավի, կարոտի, անցյալի ու ներկայի սահմանագծում ապրող այս կնոջ մեջ բացակայում են ցասումը, ատելությունը այդ ոճիրն իրագործողի նկատմամբ: Նա մեծ սիրով է ընդունում իր տանը թուրք երիտասարդին, անգամ մտահոգվում նրա համար: Այդ արհավիրքին ականատես եղած և դրանից տուժած կինը չի կորցնում իր մարդկային հատկանիշները: Վ. Պետրոսյանի գրչի տակ նրբորեն միահյուսվում են կեղեքող ցավը, կարոտը, բայց միևնույն ժամանակ նաև՝ անսահման բարությունը:
Ցեղասպանության տարիներին տեղի ունեցած արհավիրքներից մահանում են Նունե մայրիկի բարեկամներից շատերը, մյուսներն էլ գաղթում են տարբեր երկրներ՝ Սիրիա, Բեյրութ, Անգլիա: Մուղնեցյան-Վահանյան գերդաստանը մասնատվում է առաջին անգամ:
Սյուժետային հաջորդ գիծը մեզ տանում է դեպի 1941 թվական, երբ ընտանիքին հասնում է հերթական հարվածը՝ պատերազմը: Ավագ որդին՝ Արմենակը, գնում է կռիվ՝ թողնելով նորահարս կնոջն ու մեկ տարեկան երեխային՝ Վարուժանին: Երկար ժամանակ նրան սպանված են համարում, բայց երեսուն տարի անց մեռած մարդուց նամակ է գալիս, որ ինքը ողջ է, ապրում է Ամերիկայում, նորից է ամուսնացել և իր ամերիկացի կնոջից ունի երկու երեխա: Մուղնեցյան-Վահանյան տոհմածառից հեռանում է ևս մեկ ճյուղ, այն մասնատվում է ևս մեկ անգամ, գերդաստանի ևս մեկ կարևոր բեկորը հայտնվում է օտար ափերում:
Ճակատագիրը Նունե մայրիկից տանում է նաև մյուս երկու որդիներին՝ Վռամին և Սիրակին: Առաջինը, թողնելով կնոջն ու մանկահասակ որդուն, գնում է Ռուսաստան, այնտեղ կազմում նոր ընտանիք, իսկ երկրորդը ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրալիա: Հետագայում տատից հեռանում է նաև թոռը՝ Վռամի որդի Շիրակը:
Անընդմեջ նորանոր փոթորիկներ են գալիս խորտակելու Արևելյան Հայաստանում ապաստանած վիրավոր ծառը, պոկոտելու նրա վերջին ճյուղերը, հեռացնելու դրանք մայր ծառից, և ամեն անգամ, ամեն հեռացող ճյուղի հետ պոկվում է նաև Նունե մայրիկի սիրտը:
Վեպի տարբեր հատվածներում Նունե մայրիկի հիշողության և հեղինակային պատումի միջոցով կամաց-կամաց հավաքվում են Մուղնեցյան-Վահանյան գերդաստանի մասին այս տեղեկությունները:
Սյուժետային հաջորդ գծերը գնում են Վարուժան և Արամ Վանահյանների հիշողությունների, մենախոսությունների միջոցով:
Վարուժանը վեպի առանցքային կերպարներից մեկն է: Սյուժեն մեծամասամբ զարգանում է այդ կերպարի ներքին դրամայի միջոցով: Եվ այդ ներքին դրաման էլ երևան է հանում ֆաբուլայի հերթականությունը՝ խճողված կերպարի հիշողությունների մեջ: Վարուժանը Արմենակ Վահանյանի ավագ որդին է, ում հայրը վերջին անգամ տեսել էր մեկ տարեկանում, գնացել պատերազմ և այլևս չէր վերադարձել: Տղան որբ է մեծանում այն դեպքում, երբ հայրը ողջ է և միայն երեսուն տարեկանում է իմանում վերջինիս ողջ լինելու մասին, իսկ քառասուն տարեկանում մեկնում Ամերիկա՝ նրան հանդիպելու:
Վարուժանի կերպարն առաջին անգամ պատկերվում է գնացքի մեջ Երևանից հեռու մի վայր ուղևորվելիս: Կերպարի հետագա գործողություններն առհասարակ տեղի են ունենում հենց այդ փոքրիկ քաղաքում, որտեղ գրող Վարուժանը անընդհատ հիշում է անցյալը՝ մանկությունը, ամուսնությունը, կնոջը, Ամերիկա կատարած այցը: Անցյալն ու ներկան խճողված են կերպարի մտքում, և վեպում էջերով տրվում է նրա ներքին աշխարհի նկարագիրը. ժամանակային անցումներն առհասարակ հստակ չեն, անցյալի ու ներկայի սահմանագիծը ջնջված է, չկա որոշակիություն: Անցյալից որոշ հատվածներ հիշելիս անգամ կերպարը մտածում է իր մասին երրորդ դեմքով, ասես հերոսը վեպի մեջ գրում է մի ուրիշ վեպ՝ վեպ հենց իր մասին (օրինակ՝ Սյուզիի մասին հիշողությունները):
Այդ հուշերի միջոցով էլ ներկայացվում է Ամերիկա կատարած իր այցը, անցյալի ու ներկայի բախումով հեղինակը կերտում է տարբեր մայրցամաքների կյանքի նկարագիրը միաժամանակ (վեպում տարածական ըմբռնումները նույնպես չունեն կոնկրետ սահմաններ. և հեղինակն իր գրչով պատկերում է Սփյուռքի տարբեր անկյունները).
«Ծովից ծով Հայաստան էիք ուզում, օվկիանոսից օվկիանոս Սփյուռք ստացաք»:
Եվ այդ օվկիանոսից օվկիանոս Սփյուռքն էլ կերտում է հեղինակը: Գործողությունները զուգահեռաբար տեղի են ունենում և՛ Երևանում, և՛ Ադիս-Աբեբայում, և՛ Ամերիկայում, և՛ Սիդնեյում, և՛ Դամասկոսում, և՛ Լոնդոնում, և՛ Բեյրութում, և՛ Սամարղանդում:
Մուղնեցյան-Վահանյան գերդաստանի շառավիղների կապը և կյանքը այդ քաղաքներում՝ աշխարհի տարբեր վայրերում, տեսնում ենք գրեթե նույն պահերին, երբ պատկերվում է Նունե մայրիկի ծննդյան տոնին նախորդող եռուզեռը, թե ինչպես են բարեկամները պատրաստվում Երևան գալուն կամ չգալուն, ինչպես են ոմանք պատերազմի գոտուց կյանքը վտանգելով գալիս Հայաստան, ոմանք էլ, գումարը պատճառ բռնելով, մնում են իրենց ապաստանած վայրերում՝ հեռու հայրենիքից: Հայաստանի և Սփյուռքի կապն ավելի հստակորեն է ուրվագծվում ծննդյան տոնի օրը, երբ Հայաստանի ժամանակով ժամը յոթին այդ բոլոր օջախներում՝ բոլոր քաղաքներում, տոնական սեղանի են նստում և փչում ծննդյան տորթի մոմերը, երբ անտեսանելի թելերով Երևանը կապվում է աշխարհի հայությանը: Այդ անխզելի կապը հեղինակը պատկերավոր ձևով կերտում է վեպում.
«Հատակին՝ աշխարհի քարտեզն էր, երկու կիսագնդեր կողք-կողքի, հիմա, հատակին ծալապատիկ նստած՝ զանազան գծեր էր քաշում քարտեզի վրա տարբեր գույնի մատիտներով: Բոլոր գծերը սկսվում էին Երևանից և գնում հեռո՜ւ, հեռո՜ւ, անցնելով ծովերի և օվկիանոսների վրայով… Բոլոր գծերը սկսվում էին Երևանից, հետո բաժանվում, հեռանում, երբեմն հատվում իրար, հետո նորից բաժանվում…»:
Սյուժետային կենտրոնական հաջորդ գծին ծանոթանում ենք Արամ Վահանյանի հիշողությունների միջոցով, երբ պատկերվում է 1980 թվականին Մոսկվայում նրա հանդիպումը թուրքի հետ (Արամը Նունե մայրիկի մյուս որդու՝ Տիգրան Վահանյանի որդին էր): Ներկայի և անցյալի սահմանագծերն այստեղ ևս հստակ չեն, և հանդիպման մանրամասները տրվում են ոչ թե զուտ վերհուշի տեսքով, այլ հեղինակային պատումի ամբողջական նկարագրությամբ: Հայի ու թուրքի հանդիպումը պատկերվում է վառ գույներով, սկզբում Արամը խոսում է հեգնանքով, բայց հետո սառույցը հալվում է, և սկսվում է երկու հարևան ժողովուրդների ներկայացուցիչների զրույցը: Նույն զրույցը շարունակվում է նաև երկու տարի անց Երևանում: Երկու կողմն էլ փորձում են հասկանալ միմյանց, փորձում են ինչ-որ տեղ մոռանալ անցյալը, նայել իրերին նոր տեսանկյուններից, նոր հայացքներով, բայց «որևէ հայ և թուրք երբեք չեն կարող միայն երկուսով լինել, նրանց արանքում միշտ պիտի գա, նստի երրորդը՝ պատմությունը»:
Վարուժան Վահանյանի կերպարի միջոցով վեպում ստեղծվում է ևս մի կարևոր սյուժետային գիծ, երբ երկի քրոնոտոպը նորից արտահայտում է իր առանձնահատկությունները, և անցյալին ու ներկային զուգահեռ պատկերվում է նաև ապագան. «Տարիներ, շատ տարիներ անց, մենակության անողոք մի պահի՝ Վարուժան Շիրակյանը անհնարին մանրամասներով կտեսնի, համարյա կշոշափի գնացքի այդ գիշերը, ականջների մեջ կզնգան իրենց բոլոր բառերը և հանկարծ կհասկանա, որ երբևէ այդպես մոտիկ չէր եղել մաքուր երջանկության հրաշք-թռչունին…»:
Ներկայից ապագա տարվող այդ գիծը ավելի շոշափելի է դարձնում նույն ներկան, մատնանշում է դրա կարևորությունը. տարիների հեռավորությունից ներկան դառնում է առանցքային, իսկ ապագան՝ մշուշոտ և միապաղաղ: Ապագան դառնում է ներկա, ներկան՝ անցյալ:
Վեպի սյուժեն ավարտվում է Նունե Մայրիկի ծննդյան տոնակատարությունից տասներկու օր անց, երբ մահանում է Մուղնեցյան-Վահանյան գերդաստանի արմատը:
Վեպի բարդ խճանկարը նորից քանդելու և ժամանակագրական ճիշտ հերթականությամբ դասավորելու դեպքում ֆաբուլան կունենար այս պատկերը, որը, ինչպես տեսանք, դասավորված էր լրիվ այլ հերթականությամբ, և քրոնոտոպը երևան էր բերում տարբեր առանձնահատկություններ: Տարբերվում են վեպի ֆաբուլան և սյուժեն:
Այդ առանձնահատկությունները լրացնում են նաև արտասյուժետային տարրերը: Վեպում հիմնական գլուխներին զուգահեռ առկա են նաև «Էջեր Մուստաֆա Նեմիդի «Հայ եղեռնը» օրագրությունից» վերնագրով միջանկյալ գլուխները, որտեղ մաս-մաս տրվում են Շիրակ Վահանյանի օրագրում արտագրված պատմությունները Մուստաֆա Նեմիդի օրագրությունից: Այդ գլուխները պարբերաբար մեջ են բերվում սյուժեի ընթացքում, ներկայացնում թուրք պաշտոնավոր մարդուն, ով օգնել է հայերին Եղեռնի ծանր տարիներին, ցուցաբերել մարդկային վերաբերմունք, ինչի մասին էլ հետագայում գրել է իր օրագրում: Այս միջանկյալ պատմությունը, որն առաջին հայացքից բացարձակապես կապ չունի վեպի դիպաշարի հետ, իրականում սերտորեն առնչվում է նրա գլխավոր գաղափարին՝ հայ-թուրք հարաբերությունների ներկայացմանը նոր լույսով:
Խորհրդանիշ դարձած պատկերներ
Գետերի երակների նման վեպում միմյանց հերթագայում են պատկերվող ժամանակները, անցյալն ու ներկան հոսում են տարբեր տարածական հարթություններով՝ կապելով միմյանցից հեռու գտնվող տարբեր իրողություններ: Այդ երակները դուրս են գալիս նույն կետից և լողում են ժամանակի ու տարածության անծայր եզերքում, բայց անվերջ տարածվելով անգամ՝ նրանք ի վերջո նորից հատվում են, ընթանում նույն հունով: Վեպում կան խորհրդանիշ դարձած վայրեր ու առարկաներ, որտեղ խաչվում են ժամանակատարածական բոլոր ուղիները, որտեղ լրիվ ջնջվում են բնության սահմանած օրենքները անցյալի ու ներկայի, մոտիկի և հեռվի շուրջ:
Այդ խորհրդանշական վայրերից մեկն էլ Նունե մայրիկի սենյակն է, որը երեխաները կոչում են «թանգարան»: «Թանգարանի» բոլոր պատերը զարդարված են նկարներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ զարդարված են շրջանակներով՝ դատա՛րկ շրջանակներով: Այս շրջանակներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, յուրաքանչյուրի մեջ իրականում կա մի պատկեր, մի մարդ, մի կյանք: Այս պատկերներն իրական են, անգամ խոսում են, ժպտում, բայց այդ ժպիտները տեսնում է միայն մեկ մարդ, այդ խոսքերը լսում է միայն Նունե մայրիկը: Այդ շրջանակներում են կենտրոնացած անցյալն ու ներկան, այդտեղ են խաչվում ժամանակի ու տարածության հորդառատ գետերը, այդ շրջանակներն են պայմանավորում նաև ապագայի գոյությունը: Դրանք Մուղնեցյան-Վահանյան գերդաստանի ազգականներն են, այն ազգականները, որոնք զոհվել են Մեծ եղեռնի տարիներին: Այդ նկարներն են դառնում ներկայի ու անցյալի շաղկապող օղակները, և այդ անցյալի ճանաչումն է հյուսում ապագան:
Ժամանակատարածական հարաբերությունների մյուս կարևոր խորհրդանիշն էլ գերեզմանն է, այն գերեզմանը, որի մեջ դիակ չկա, չկա ոչինչ, բայց այդ գերեզմանաքարին գրված են շատ անուններ, անուններ, որոնց ծննդյան թվականները տարբեր են, նույնն է միայն մահվան թվականը՝ 1915: Դրանք նորից սպանված հարազատների անուններն են: Այդ քարի տակ են խաչվում ներկան ու անցյալը, բեկվում ժամանակները և հավերժանում անունները:
Վեպի հաջորդ խորհրդանիշը դատարկ աթոռներն են՝ ծննդյան տոնի դատարկ աթոռները: Եթե նախորդ երկու խորհրդանիշերում միաձուլվում էին ժամանակները, ապա այստեղ խաչվում են տարածությունները: Այս աթոռներին նույնպես դրված են մեծ նկարներ, բայց այս անգամ նկարները ոչ թե պատկանում են հանգուցյալներին, այլ կենդանի մարդկանց: Դրանք Մուղնեցյան-Վահանյան գերդաստանի այն շառավիղներն են, որոնք հեռացել են տանից, հեռացել արմատից և գտնվում են այլ վայրերում: Այստեղ խաչվում են բոլոր մայրցամաքները, ողջ սփյուռքը հավաքվում է մեկ հարկի տակ՝ Նունե մայրիկի ծննդյան դատարկ աթոռներին:
Ե՛վ դատարկ շրջանակները, և՛ գերեզմանը, և՛ դատարկ աթոռները կապված են միմյանց, նրանց կապող օղակը Նունե մայրիկն է: Այս առասպելական կինն իր մեջ ամփոփում է ողջ հայության անցյալը, պատկերում ներկան և ջանում կերտել նաև ապագան:
Բարդ ու խճճված է ստեղծագործության սյուժեն, անցյալն ու ներկան ցրված են ողջ վեպի ընթացքում. գործողությունները տեղի են ունենում ներկայում, բայց զուգահեռ գծերով տարածվում նաև դեպի անցյալ ու ապագա: Ժամանակատարածական անվերջ անցումները հեղինակի համար դառնում են միջոց երկի հիմնական բովանդակությունը ներկայացնելու, գլխավոր խնդիրն առաջ քաշելու համար: Վ. Պետրոսյանը փորձ է անում մի կողմ դնել հայերի մեջ արմատավորված թուրքի ընկալումը, նայել նրան ուրիշ աչքերով, տեսնել զղջացող, ցավող, հաշտության եզր փնտրող անհատ: Հեղինակն ինքը վեպում այդ մտահղացման համար տարբեր ելքեր է փնտրում, սյուժետային բարդ կառույցով փորձում զանազան միջոցներ գտնել իր գաղափարը մարմնավորելու համար, բայց այդպես էլ չի կարողանում հասնել իր նպատակին: Տարբեր թուրքերի կերպարները, որնք զանազան ժամանակներում ուզում են օգնել հայերին կամ բարեկամանալ նրանց հետ, չեն հասնում իրենց նպատակին:
Ինչպես իրական կյանքում «Կրակե շապիկ» վեպը չի ընդունվում հասարակության կողմից, այնպես էլ ստեղծագործության հայ հերոսները չեն ընդունում թուրքի զղջումը: Վեպում չկա նրանց հանդեպ ուժգին ատելություն կամ սպանելու մոլուցք, բայց ներման գաղափարը ևս մերժվում է. հայ ազգը չի ներում ո՛չ իրական կյանքում, ո՛չ գրքում: Կերպարներից թուրքին ընդունում է միայն Նունե մայրիկը, ով, սակայն, հեղինակի գաղափարակիր հերոսն է՝ տիպ, որ չկա իրական կյանքում:
Այսպիսով, Վ. Պետրոսյանը անցյալ դարի վերջերին անդրադառնում է մի էական խնդրի, որը արդիական է նաև այսօր: Խնդրի լուծումը փորձում է տալ հեղինակը, բայց այն ինչպես չի ընդունվում 1980-ականներին, այնպես էլ մերժվում է այսօր:
Օգտագործած գրականության ցանկ
- Պետրոսյան Վ., Կրակե շապիկ, Երևան, 1986:
- Ուելլեք Ռ., Ուորրեն Օ., Գրականության տեսություն, Երևան, 2008:
- Վարդգես Պետրոսյան 80. Ժամանակի մեջ պայծառացող կերպար/Պետրոս Դեմիրճյան http://bit.ly/1SGCUcA
Հեղինակ՝ Աստղիկ Սողոյան (Astghik Soghoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: