ԵՄ՝ կարողությունների զարգացման ծրագրերի շահավետությունը Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցության համար

Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն իր վերջին պաշտոնական հայտարարության մեջ ԵՄ-ին կոչ է անում ավելի ճկուն մոտեցում որդեգրել Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ և առավել սերտորեն աշխատել տեղական և տարածաշրջանային իշխանությունների հետ: Կոմիտեի եզրակացության մեջ ենթադրվում է, որ ԵՄ-ն պետք է տարածաշրջանը դիտարկի ավելի գլոբալ մակարդակով՝ Արևելյան գործընկերության շրջանակներում պոտենցիալ համագործակցության նոր ձևեր բացահայտելով Բալկանների և Կենտրոնական Ասիայի երկրների հետ:


Մենք հարցազրույց ենք անցկացրել Արևելյան գործընկերության երկրների փորձագետների հետ՝ պարզելու նրանց նպատակներն ու առաջնահերթությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերություններում: Ահա Հայաստանից ստացված պատասխանները։

Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ի՞նչ համատեղ ծրագրեր ունեք կամ նախատեսում եք ունենալ Հայաստանում։

Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցությունը մի քանի ուղղություններ կարող է ընդգրկել, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային ու անվտանգային։ Թեև Հայաստանն աշխարհագրորեն Կենտրոնական Ասիայում տեղակայված չէ, այն գործընկերային երկկողմ և բազմակողմ հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների հետ։ Ստորև նշված են համագործակցության մի քանի հեռանկարային ոլորտներ.

  • Առևտրատնտեսական համագործակցություն։ Հայաստանը կարող է Կենտրոնական Ասիայի երկրների հետ իր առևտրատնտեսական կապերը զարգացնել երկկողմ առևտրի ընդլայնման, ներդրումների և համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով։ Կարելի է կենտրոնանալ գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։
  • Տրանսպորտ և ենթակառուցվածքներ։ Հայաստանը կարող է համագործակցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ տրանսպորտային ծրագրերի, այդ թվում` ճանապարհային և երկաթուղային ցանցերի զարգացման ուղղությամբ, ինչը կբարելավի տարածաշրջանների միջև կապը։ Վերջինս իր հերթին կդյուրացնի առևտուրը և մարդկային ռեսուրսների փոխանակումը։
  • Էներգետիկ համագործակցություն։ Սա կարող է ներառել էներգետիկայի ոլորտում փորձի և ռեսուրսների փոխանակումը, օրինակ՝ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների փոխանակում և էներգետիկ ենթակառուցվածքներին առնչվող հնարավորությունների ուսումնասիրում։
  • Կրթամշակութային փոխանակում։ Կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի խթանումը կամրապնդի Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապերը։ Դրանք կարող են լինել ուսանողների փոխանակման ծրագրերի, մշակութային փառատոնների, ցուցահանդեսների և ակադեմիական համագործակցության տեսքով։
  • Անվտանգային համագործակցություն։ Հայաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները կարող են համագործակցել անվտանգային հարցերում, ինչը կարող է ներառել տեղեկատվության և բազմամյա փորձի փոխանակումը այնպիսի մարտահրավերներ հաղթահարելու գործում, ինչպիսիք են ահաբեկչությունը, միջազգային հանցագործությունները և սահմանների անվտանգությունը։
  • Տարածաշրջանային կազմակերպություններ։ Հայաստանն անդամակցում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որի կազմում են նաև Ղազախստանն ու Ղրղզստանը։ Նման կազմակերպություններին անդամակցելը հարթակ է տրամադրում տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ երկխոսության և համագործակցության համար։
  • Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն։ Հայաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները կարող են ամրապնդել դիվանագիտական կապերը բարձր մակարդակի այցերի, դիվանագիտական խորհրդակցությունների և տարածաշրջանային ֆորումներին մասնակցելու միջոցով։ Այն նպաստում է տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ փոխըմբռնմանը և համագործակցությանը։

Հատկանշական է, որ համագործակցության բնույթն ու աստիճանը կախված են լինելու տվյալ երկրների կոնկրետ շահերից, առաջնահերթություններից և քաղաքական ուղղվածությունից։ Բացի այդ՝ պատմական, աշխարհագրական և աշխարհաքաղաքական գործոնները նույնպես որոշակի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության վրա։

Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել և երկու կողմերին էլ զարգացման նոր հնարավորություններ ընձեռել։ Ստորև ներկայացված են համագործակցության մի քանի հնարավոր ուղիներ․

  • Երկկողմ առևտուր։ Հայաստանը կարող է Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ երկկողմ առևտուրը զարգացնելու հնարավորություններ փնտրել։ Դրա համար անհրաժեշտ է տարբերակել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք կլինեն փոխշահավետ, և խթանել առևտրային պայմանագրերի կնքումը՝ նպաստելով առևտրային խոչընդոտների նվազեցմանը։
  • Ներդրումներ և համատեղ ձեռնարկություններ։ Ներդրումները խրախուսելն ու համատեղ ձեռնարկություններ ստեղծելը կարող են խթանել տնտեսական համագործակցությունը։ Հայկական ընկերությունները Կենտրոնական Ասիայի երկրներում կարող են ներդրումներ կատարել գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ու ենթակառուցվածքների ոլորտներում, իսկ վերջիններս կարող են Հայաստանի տեխնոլոգիաների, զբոսաշրջության ու արդյունաբերության ոլորտներում հնարավորություններ փնտրել։
  • Տարածաշրջանային ինտեգրացիա։ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որի կազմում Կենտրոնական Ասիայից Ղազախստանն ու Ղրղզստանն են։ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդումը կհեշտացնի առևտրատնտեսական ինտեգրացիան, ներառյալ` առևտրային խոչընդոտների վերացումը և սահմանված կանոնների միօրինակացումը։
  • Ենթակառուցվածքների զարգացում։ Ենթակառուցվածքային նախագծերի շուրջ համագործակցությունը կարող է ամրապնդել Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապը և դյուրացնել առևտուրը։ Սա կարող է ներառել տրանսպորտային ցանցերի, այդ թվում` ճանապարհների, երկաթուղիների և լոգիստիկ հանգույցների զարգացումը, ինչը կմեծացնի առևտրային հոսքերի արդյունավետությունը։
  • Էներգետիկ համագործակցություն։ Հայաստանը կարող է հնարավորություններ փնտրել Կենտրոնական Ասիայի երկրների հետ էներգետիկ համագործակցության համար, օրինակ` համատեղ էներգետիկ նախագծերի, այդ թվում` հիդրոէլեկտրակայանների ստեղծմամբ և վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների իրականացմամբ։ Սա կօգնի բավարարել էներգիայի պահանջարկը, ապահովել էներգետիկ անվտանգությունը և նպաստել էկոկայուն զարգացմանը։
  • Առևտրի դյուրացում և լոգիստիկա։ Առևտրի դյուրացման այնպիսի միջոցներ ձեռնարկելը, ինչպիսիք են մաքսային ընթացակարգերի պարզեցումը, տրանսպորտային լոգիստիկայի բարելավումը և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցումը, կարող են խթանել Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտուրը։ Սա կարող է ներառել համագործակցությունը առևտրային ենթակառուցվածքների, մաքսային կանոնակարգերի և տրանսպորտային ցանցերի շրջանակներում։
  • Բիզնես և ներդրումային ֆորումներ։ Բիզնես և ներդրումային ֆորումների, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպումը կարող է ծառայել որպես արտադրանքների ու ծառայությունների ներկայացման և Հայաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների կազմակերպությունների միջև բիզնես կապերն ամրապնդելու հարթակ։
  • Զբոսաշրջություն և մշակութային փոխանակում։ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև զբոսաշրջությանն ու մշակութային փոխանակման ծրագրերին նպաստելը տնտեսական աճ կարող է ապահովել։ Զբոսաշրջային հոսքերը խթանելը, մշակութային ժառանգության վայրերը գովազդելը և զբոսաշրջության դյուրացումը կարող են ընդլայնել մարդկանց փոխգործակցությունն ու մեծացնել զբոսաշրջության ոլորտում տնտեսական ակտիվությունը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը կարող է հնարավորություններ ստեղծել շուկայի բազմազանեցման, գիտելիքի փոխանակման և տնտեսական զարգացման տեսանկյուններից։ Երկու կողմերի համար էլ մեծ նշանակություն ունի նպաստավոր բիզնես միջավայր ստեղծելը, երկխոսությունը խթանելն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները հստակեցնելը` այդպիսով առավելագույնի հասցնելով համագործակցության հնարավոր օգուտները։

Արդյո՞ք ԵՄ-ն կարող է օժանդակել այս հարաբերությունների կայացմանը։ Այսպիսի համագործակցությունը շահավետ համարո՞ւմ եք Ձեր երկրի համար։ 

Եվրոպական միությունը (ԵՄ) մեծ դեր կարող է ունենալ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության խթանման գործում՝ իր աջակցությունը հայտնելով և առևտրատնտեսական փոխգործակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծելով․

  • Առևտրային համաձայնագրեր և արտոնություններ։ ԵՄ-ն բանակցությունների միջոցով կարող է դյուրացնել առևտրային համաձայնագրերի կամ առևտրային արտոնյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը թե՛ Հայաստանի և թե՛ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Նման համաձայնագրերը կարող են նվազեցնել առևտրային խոչընդոտները, տրամադրել սակագնային արտոնություններ և ստեղծել կանխատեսելի ու թափանցիկ առևտրային շրջանակ` խրախուսելով կողմերի միջև առևտրաշրջանառության աճը։
  • Տեխնիկական աջակցություն և կարողությունների զարգացում։ ԵՄ-ն Հայաստանին և Կենտրոնական Ասիայի երկրներին տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման ծրագրեր կարող է առաջարկել։ Սա ենթադրում է աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են առևտրի դյուրացումը, մաքսային ընթացակարգերը, նորմերն ու կանոնակարգերը, ինչպես նաև շուկայի հասանելիության բարձրացումը։ Ինստիտուցիոնալ համակարգերի զարգացումն ու գիտելիքի փոխանակումը կնպաստեն առևտրային հնարավորությունների ընդլայնմանն ու խթան կհանդիսանան տնտեսական համագործակցության համար։
  • Ֆինանսավորում և աջակցություն ներդրումների տեսքով։ ԵՄ-ն Հայաստանին և Կենտրոնական Ասիայի երկրներին կարող է աջակցություն ցուցաբերել ֆինանսավորման և ներդրումների տեսքով․ ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը, տրամադրել վարկեր և դրամաշնորհներ, աջակցել ներդրումային նախաձեռնություններին։ Այսպիսի ֆինանսական օգնությունը կարող է նպաստել երկրների միջև կապերի ամրապնդմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և երկկողմ ներդրումների ներգրավմանը։
  • Տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնություններ։ ԵՄ-ն կարող է խթանել Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնությունները` հեշտացնելով համապատասխան տարածաշրջանային կազմակերպությունների (ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (CAREC) ծրագիրը) միջև երկխոսության, համագործակցության և փոխհամաձայնեցման գործընթացները։ Տարածաշրջանային ինտեգրմանն ուղղված ջանքերին աջակցելը կխթանի տնտեսական համագործակցությունն ու կնպաստի կայունությանը։
  • Փոխանակման ծրագրեր և նեթվորքինգ: ԵՄ-ն կարող է խրախուսել Հայաստանի, Կենտրոնական Ասիայի և ԵՄ երկրների միջև փոխանակման ծրագրերը, ճանաչողական այցերն ու նեթվորքինգը։ Այս նախաձեռնությունները կնպաստեն գիտելիքի և մշակութային փոխանակմանը, բիզնես կապերի ստեղծմանը` մեծացնելով տարածաշրջանների միջև փոխըմբռնումն ու համագործակցության ոլորտները։
  • Աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): ԵՄ-ն կարող է աջակցել Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ՓՄՁ-ների առաջխաղացմանը` կարողությունների զարգացման, ֆինանսական հասանելիության, բիզնեսի զարգացման ծառայությունների ու վերապատրաստման ծրագրերի միջոցով։ ՓՄՁ ոլորտի ամրապնդումը կնպաստի տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանն ու առևտրային բազմազանեցմանը։
  • Էկոկայուն զարգացման խթանում։ ԵՄ-ն կարող է խրախուսել Հայաստանի, Կենտրոնական Ասիայի և ԵՄ-ի երկրների միջև համագործակցության ծրագրերում էկոկայուն զարգացման փորձերը։ Դա կարող է ներառել ենթակառուցվածքային նախագծերում բնապահպանական և սոցիալական ասպեկտների ընդգրկումը, կանաչ և վերականգնվող էներգիային առնչվող նախաձեռնություններին աջակցությունը և պատասխանատու բիզնես գործունեության խթանումը։

Կարևոր է նշել, որ ԵՄ-ի ներգրավվածությունը պետք է բխի կողմերի շահերից ու առաջնահերթություններից` հարգելով նրանց սուվերենությունը։ ԵՄ-ն կարող է հանդես գալ որպես աջակից, երկխոսության միջնորդ և հարթակ, միաժամանակ անհրաժեշտ գիտելիք տրամադրող` թույլ տալով, որ երկրները որոշեն իրենց համագործակցության բնույթն ու ծավալը։


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan), «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան 

Թարգմանիչ՝ Իվետա Ավագյան (Iveta Avagyan)


Սկզբնաղբյուրը՝ Strategeast