Մեկ սերունդ գերիշխում է ամերիկյան քաղաքական դաշտում ավելի քան 30 տարի
Ինչպե՞ս են նրանք ամրապնդել իրենց տեղը:
2024 թ․ հուլիսի 4-ին The Economist ամսագիրը ամերիկյան նախագահական ընտրություններին ընդառաջ հրապարակեց “One generation has dominated American politics for over 30 years How have they become so entrenched?” վերագրությամբ հոդվածը։ Հոդվածը անդրադառնում էր ԱՄՆ նախագահների այն սերնդին, որ ծնվել էին 1940-ական թթ․ Ամերիկայում և վերջին տարիներին անընդմեջ (բացառությամբ նախագահ Օբամայի, որ նախագահել է 2009-2017 թթ․) գլխավորել են Սպիտակ տունը։ Ըստ ամսագրի` մեկ սերնդի անընմեջ նախագահությունը ԱՄՆ-ում հանգեցրել է սերունդների բախման և դժգոհության։
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հոդվածը որպես ԱՄՆ նախագահի երիտասարդ թեկնածուների, ի թիվս այլոց, նշել էր փոխնախագահ Կամալա Հարիսի անունը, որ հուլիսի 27-ին պաշտոնապես առաջադրվեց Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու՝ փոխարինելով նախկին թեկնածու և ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին։
Երբ 2009 թ․ Բարաք Օբաման դարձավ նախագահ, թվում էր, որ դա ոչ միայն ղեկավար կազմի փոփոխություն էր, այլև դարաշրջանի ավարտը: 1940-ականներին ծնված տղամարդիկ գլխավորում էին Սպիտակ տունը նախորդ 16 տարիների ընթացքում. հիմա հերթը նոր սերնդինն էր։ Օբաման ծնվել է 1960-ական թթ․։ Նրա նշանաբաններն էին՝ «հույս» և «փոփոխություն»։ Իր մի շարք հուշագրություններից մեկում նա բողոքել էր ամերիկյան քաղաքականության «արգելափակված զարգացումից»՝ խրված «Բեյբի բում սերնդի հոգեդրամայում»։ Նա գրել էր, որ ժամանակն էր առաջ շարժվելու 1960-ական թվականների քոլեջի հանրակացարաններում սկսված հնացած թշնամանքից:
Այնուամենայնիվ, պարզվեց, որ պարոն Օբամայի պաշտոնավարումը ոչ թե անցյալից խզում է, այլ ընդամենը կարճատև հանգստություն դրանից: Հաջորդ երկու նախագահները՝ Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը, ծնվել են 1940-ականներին։ Եվ քանի որ նրանք այս տարվա ընտրությունների երկու հիմնական թեկնածուներն են (մինչ այս պահը), նրանցից մեկն է, ամենայն հավանականությամբ, պաշտոնավարելու ևս չորս տարի: Նույնիսկ եթե պարոն Բայդենը հանի իր թեկնածությունը, Թրամփը, այնուամենայնիվ, այժմ ֆավորիտ է։ Դա նշանակում է, որ նրանց սերունդը կարող է վերջնականապես իր վրա վերցնել նախագահությունը 1993-ից մինչև 2029 թվականը ընկած ժամանակահատվածի մեծ մասը՝ 40 տարի շարունակ:
Ե՛վ պարոն Բայդենը, և՛ պարոն Թրամփը ևս մեկ նախագահական ժամկետի ավարտին արդեն 80-ն անց կլինեն: Պարոն Բայդենը իր առաջին նախագահական արշավը սկսել է 1987 թվականին։ Այն ժամանակ այս թերթը նրան անվանեց «բեյբի բումերի ձայնն ու խիղճը»: Պարոն Թրամփը այդ տարի հրատարակեց բեսթսելեր գիրք բիզնեսի մասին, ինչպես նաև սկսեց մտածել նախագահական ընտրություններին մասնակցելու շուրջ։ Երկրների մեծ մասը, որոնցում քաղաքական առաջնորդներն այդ դարաշրջանից են, բռնապետական են: 1987 թ․-ին պարոն Բայդենը ստիպված եղավ դուրս գալ ընտրապայքարից՝ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Նիլ Քինոքի ելույթը կրկնօրինակելուց հետո: Վերջինս ծնվել է 1942 թվականին, ինչպես պարոն Բայդենը, և հասարակական կյանքից հեռացել է 20 տարի առաջ: Ի՞նչն է ամերիկյան քաղաքական գործիչների նույնատարիք խմբի առանձնահատկությունը, որը նրանց ստիպում է այդքան երկար ժամանակ կառչել իշխանությունից:
Հարուստ երկրների շարքում Ամերիկան համեմատաբար երիտասարդ երկիր է։ Ամերիկայի 333 միլիոն բնակիչների միջին տարիքը 38,8 է, ինչը ցածր է ոչ միայն Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի, այլև Չինաստանի, Կուբայի ու Թայլանդի նույն ցուցանիշից: Ամերիկայում կազմակերպությունների ղեկավարների մեծ մասը 50-ն անց են, գերհարուստների միջին տարիքը նվազում է, որը հավանաբար կապված է ՏՏ ոլորտում նորահայտ, խիստ ինքնավստահ մասնագետների ձեռք բերած կարողությունների հետ: Դա նշան է, թե ինչպիսի դինամիկ երկիր է Ամերիկան՝ նոր տեխնոլոգիաների, մշակութային նորամուծությունների և առևտրային նորարարությունների յուրացման այնպիսի արագությամբ, որին նախանձում է աշխարհը: Այնուամենայնիվ, ամերիկյան քաղաքական գործիչները նորմայից շատ ավելի ծեր են (տե՛ս գծապատկեր 1-ը) և, ի տարբերություն այլ զարգացած երկրների ցուցանիշների, Ամերիկայում այդ ցուցանիշն ավելի է մեծանում (տե՛ս գծապատկեր 2-ը):
Այս յուրօրինակ երկփեղկվածությունը՝ մեր նոր, վեց էպիզոդից բաղկացած «Boom!» փոդքաստի թեման, շատ ամերիկացիների համար տարակուսելի և անհանգստացնող է: Պարոնայք Բայդենը և Թրամփը նախագահական ընտրություններում երբևէ ընտրապայքարի դուրս եկած ամենաքիչ ժողովրդականություն վայելող թեկնածուներն են: Նույնիսկ նրանց ժամանակակիցներից շատերն են անհանգստացած իրենց սերնդի՝ քաղաքական դաշտում շարունակաբար գերակշռությունից: Այս սերունդը ծնվել է Ամերիկայի հաղթանակի պահին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Այդուհանդերձ, նրանք կտակում են երիտասարդ ամերիկացիներին թշնամանք, քանի որ երկու հիմնական կուսակցությունները միմյանց մեղադրում են ժողովրդավարությունը տապալելու մեջ:
Վատ սկիզբ
Ինչպես նշել է պարոն Օբաման, 1960-ականների ցնցումները 1940-ականների սերնդից շատերի համար քաղաքական գիտակցություն ձևավորող գործոնն էր: Կառավարության կողմից Վիետնամի պատերազմի ծանր իրավիճակի դիտմամբ քողարկումը վանեց այնպիսի մարդկանց, ինչպիսիք էր Չակ Հեյգելը՝ նախկին սենատոր և պաշտպանության նախարար (Օբամայի օրոք), որ այդ ժամանակ ծառայում էր բանակում։ «Այն ուշադրությունս գրավեց անազնվության պատճառով… դա հսկայական սխալ էր», ” ասել է պարոն Հեյգելը: Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ուսանողուհի Մարգո Ալեքսանդրը, որ այդ ժամանակ աշխատում էր Ուոլ Սթրիթում, համաձայնում է․ «Վիետնամի պատճառով մենք սկսեցինք կորցնել հավատը կառավարության հանդեպ»։
Դա միայն պատերազմը չէր։ Բռնություն եղավ նաև ներքին ճակատում՝ քաղաքացիական իրավունքների ակտիվիստները հաճախ ծեծի էին ենթարկվում և երբեմն սպանվում, ինչը ավարտվեց 1968 թվականին Մեմֆիսում Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությամբ: Դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածու Բոբի Քենեդին, որ հակապատերազմի խորհրդանիշ էր, նույնպես սպանվեց այդ տարում։ Զայրույթը կլանեց Ամերիկան։ «Մենք ինքներս մեզ էինք վնասում նման քայլերով, այրում մեր սեփական թաղամասերը», ” նշել է սևամորթ ակտիվիստ Ռիչարդ Սմիթը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքից, որտեղ նա ընկերացել էր տեղի լողավազանում փրկարար աշխատող իռլանդացի Ջո Բայդեն անունով մի տղայի հետ։
Այս իրադարձությունները տարբեր խմբերի մոտ գտան տարբեր արձագանքներ։ Մի կողմում ուսանող ակտիվիստներն էին։ 1968-ին Ամերիկայում կար գրեթե 7 միլիոն բակալավրիատի ուսանող՝ 47%-ով ավելի, քան երեք տարի առաջ՝ Բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումից հետո։ Ուսանողների բողոքներն այնչափ էին լսելի, և այն տեսակետը, որ նախագահ Լինդոն Ջոնսոնը ծեր ու թույլ է (թեև 59 տարեկան էր՝ 22 տարով երիտասարդ, քան պարոն Բայդենն այսօր) այնքան էր տարածված, որ Ջոնսոնը դադարեցրեց վերընտրվելու համար իր նախընտրական քարոզարշավը: Դա Բայդեն-Թրամփ սերնդի կեսին տվեց համոզմունք, որ նրանք իշխանություն ունեն վերափոխելու քաղաքականությունը իրենց պատկերացմամբ:
Սակայն մյուսները սարսափով էին վերաբերվում այդ ցնցմանը: Պարոն Ջոնսոնի՝ թոշակի անցնելը ճգնաժամ առաջացրեց Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում, որը տեղի ունեցավ Չիկագոյում նույն տարվա օգոստոսին, ճիշտ այնպես, ինչպես տեղի կունենա այս տարվա համագումարում: Փողոցներում տեղի ունեցան բռնություններ այն բանից հետո, երբ Չիկագոյի քաղաքապետն արգելեց «հակահայրենասիրական» ցույցերը։ Կուսակցության ներսում նույնպես դժգոհություն կար, քանի որ կուսակցության ավագ սերունդն օգնեց ապահովել փոխնախագահ Հյուբերտ Համֆրիի թեկնածությունը: Անորոշությունը վանեց ընտրողներին, որոնք նոյեմբերին անցան հանրապետական թեկնածու Ռիչարդ Նիքսոնի կողմը: Այս օրինաչափությունը, որտեղ մի կողմը դատապարտում է մյուս կողմին` որպես վտանգավոր ռադիկալների, իսկ վերջիններս առաջիններին՝ որպես չմտածող հետադիմականների, վերաբերում է նաև այսօրվան:
1968 թ․ խառնաշփոթը բառացիորեն նաև վերաշարադրեց նախագահական քաղաքականության կանոնները։ Դեմոկրատները ձգտում էին խուսափել կուսակցությունում ապագա խզումներից՝ թույլ տալով շարքային ընտրողներին ընտրել նախագահի թեկնածուին նահանգային փրայմերիզներում և խմբակցություններում: Նպատակն էր ստիպել թեկնածուներին ստեղծել լայն կոալիցիա կուսակցության ներսում և կանխել հաղթողի լեգիտիմության վերաբերյալ ցանկացած բողոք: Այդ օրինակին հետևեցին նաև հանրապետականները։ Բայց այս ժողովրդավարացման հակառակ կողմն այն էր, որ կուսակցությունների ղեկավարները կորցրին վերահսկողությունը թեկնածուների առաջադրման գործընթացի վրա, ինչը, ի վերջո, խթանեց կուսակցականությանը, ճանապարհ հարթեց պոպուլիստների համար և արագացրեց ցենտրիզմի խորտակումը, որը տիրում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Մեկ այլ գործոն, որը ձևավորում էր 1940-ականներին ծնվածների քաղաքականությունը, Ամերիկայի անմրցելի բարգավաճումն էր։ Սկսած մանկությունից մինչև նրանց 30 տարեկան դառնալը` տնտեսությունն աճում էր տարեկան միջինը 3,7%-ով։ Իրական (այսինքն՝ գնաճի հետ ճշգրտվելուց հետո) եկամուտներն արագ աճում էին, իսկ գործազրկությունը նվազում էր: Ջոն Քորզինը, որ նախքան սենատոր և նահանգապետ դառնալը ղեկավարում էր Goldman Sachs-ը, բացատրում է, թե ինչպես է իր բանկիրի աշխատավարձը զարմացնում իր հորը՝ միջինարևմտյան ֆերմերին․ «Երբ առաջին բոնուսս ստացա, նա հարցրեց, թե արդյո՞ք մաֆիայի համար եմ աշխատում»:
Ամերիկացիների՝ մեքենայով անցած ճանապարհի միջին հեռավորությունը սրընթաց աճեց 1962-1972 թվականներին։ Պարոն Բայդենը հիացմունքի էր արժանանում Դելավերի համալսարանում այն շքեղ մեքենաների շնորհիվ, որոնք իր հայրը, որ վերավաճառող էր, հանգստյան օրերին նրան տալիս էր: Նախագահը մինչ օրս իր ավտոտնակում պահում է 1967 թվականի արտադրության «Կորվետ»: Սթենֆորդի համալսարանի սոցիոլոգ Դագ Մաքադամը պնդում է, որ այս առատ ժամանակաշրջանը Բայդեն-Թրամփ սերնդին քաղաքականության մեջ ներգրավվելու շքեղություն թույլ տվեց, ինչի համար նախորդ սերունդները քիչ ժամանակ ունեին:
Նույնիսկ հիմա, երբ նրանք տարիքով մեծ են, նորմայից ավելի շատ են ներգրավված քաղաքականության մեջ։ Բնակչության երեք քառորդից ավելին կուսակցական է, մինչդեռ նրանց թոռների սերնդի հազիվ կեսը պատկանի որևէ կուսակցության։ Նրանք նաև լուրերի մոլի սպառողներ են. CNN-ի, Fox-ի և MSNBC-ի լսարանի միջին տարիքը համապատասխանաբար 67, 68 և 71 է:
Նրանց սերունդն ազդել է քաղաքականության վրա ոչ միայն իրենց ներգրավվածությամբ, այլ նաև նրանց մեծ թվի պատճառով: 2010-ից 2020 թվականների ընթացքում 65 տարեկանից բարձր ամերիկացիները 13%-ից հասել են 17%-ի կամ 40 մլն-ից մինչև 56 մլն-ի։ Հաշվի առնելով ընտրելու իրենց ավելի մեծ հակվածությունը՝ այս թոշակառուներն ունեն ինչպես աճող, այնպես էլ անհամաչափ ազդեցություն ընտրություններում:
Այս բոլոր գործոնները սրել են քաղաքական թշնամանքը, որը ներկայումս պատում է Ամերիկան: Պարոն Օբաման ճիշտ էր՝ Ամերիկայի քաղաքական դասը դեռ պայքարում էր 1960-ականներին սկսված մարտերի դեմ: Բայց նա չէր կանխատեսում, որ իր ընտրությունն ավելի կբորբոքի հակամարտությունը: Աջակոմյանների համար նոր նախագահին չընդունելը սկզբունքային դարձավ: Նոր նախագահի մասին դավադրության տեսությունները ծաղկեցին։ Տարածվեց մի տեսակետ, որ նա 1960-ական թվականներին եղել է ծպտված արմատական ձախական Չիկագոյից: Դիք Արմին (ծնված 1940 թ.)՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին առաջնորդը, ասել է. «Կարծում եմ, Բարաք Օբաման դաստիարակվել է Ամերիկան ատելու համար»:
Այն, ինչ ձախականները պատկերում էին որպես առաջադեմ քաղաքականություն՝ հույս ունենալով կատարել Ամերիկայի խոստումը նրանց, ում մինչ այդ անուշադրության էին մատնել (օրինակ՝ առողջապահական խնամքի համընդհանուր հասանելիություն), աջերը խիստ հակադարձում էին որպես վտանգավոր սոցիալիզմի, որ նպատակ ուներ հիմնովին փոխելու երկիրը: Սա նման էր 1960-ականներին հնչող ռասիզմի և մարքսիզմի մեղադրանքներին:
Դավադրության տեսության ամենաակնառու ջատագովը պարոն Թրամփն էր, ըստ որի՝ պարոն Օբաման ծնվել է արտասահմանում և, հետևաբար, իրավասու չէ լինել նախագահ: Հանրապետական կուսակցությունն այդ շրջանում նմանվել էր դատարկ նավի՝ Ջորջ Բուշ կրտսերի (ծնված 1946 թ.) նախագահության օրոք Իրաքում աղետալի պատերազմի և ֆինանսական ճգնաժամի պատճառով: Պարոն Թրամփը, որ մի լքված հյուրանոց ձեռք բերելով առաջին անգամ հայտնի դարձավ որպես ֆինանսական մագնատ, օգտագործեց «Ամերիկան՝ առաջին տեղում» նատիվիզմը՝ ստանձնելու Հանրապետական կուսակցության (GOP) առաջնորդի դերը:
2016-ին դեմոկրատներն էլ իրենց հերթին ընտրեցին իրենց անցյալի դրոշակակիր ներկայացուցչին: Հիլարի Քլինթոնը (ծնվ․ 1947 թվականին) քննադատության ալիքներ ընդունող իսկական շանթարգել էր իր ամուսնու՝ Բիլի նախագահության ժամանակաշրջանում, հատկապես պաշտպանելով ամուսնու վարչակազմի կողմից առողջապահական ոլորտում բարեփոխումների իրականացումը, որն ի վերջո իրականացրեց Օբաման։ 1960-ականներին Հիլարի Քլինթոնը ակտիվիստ ուսանող էր, որ խոսում էր իր սերնդի «ավելի անմիջական, էքստատիկ և թափանցող ապրելակերպի» որոնման մասին։ Նա իր առաջադրման համար մասամբ պարտական էր իր ազգանվանը, որը մրցակցային դաշտում ավելի կարևոր դեր էր սկսել խաղալ։
2016 թ․ պարոն Թրամփի` բախտի բերմամբ ձեռք բերված հաղթանակը միայն վատթարացրեց իրավիճակը։ Ժողովրդի քվեարկության ժամանակ Քլինթոնը հավաքեց նրանից 3 միլիոնով ավելի ձայն, որը դեմոկրատներին ստիպեց մտածել, որ Թրամփը ինչ-որ չափով ոչ լեգիտիմ է։ Ցնցող արդյունքի լույսի ներքո դեմոկրատները վերաձևակերպեցին պարոն Օբամայի նախագահությունը որպես ձախողում, քանի որ նա բավականաչափ համարձակ չէր: 2020 թվականին Դեմոկրատական կուսակցության նախնական նահանգային ընտրություններում առաջատարները կուսակցության ձախ թևից էին՝ սենատորներ Բերնի Սանդերսը (ծնված 1941 թվականին) և Էլիզաբեթ Ուորենը (ծնված 1949 թվականին): Առաջադրվեց 1940-ականներին ծնված ևս մեկի՝ Բայդենի թեկնածությունը՝ կուսակցության չափավորներին միավորելու համար։
Պարոն Թրամփի հրաժարվելն իր պարտությունն ընդունելուց նշանակում է, որ մեղադրանքների և հատուցման այս սագան անընդհատ շարունակվելու է։ Այնուամենայնիվ, խոստումնալից է տեսնել թեկնածուների փոփոխվող անունները, եթե Բայդենը դուրս գա մրցապայքարից։ Փոխարինող հավանական թեկնածուները կլինեն 1960-ական թվականներին ծնված փոխնախագահ Կամալա Հարիսը, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը և Ջորջիայից սենատոր Ռաֆայել Ուորնոքը և 1970-ական թվականներին ծնված Ջինա Ռայմոնդոն՝ առևտրի քարտուղարը, և Գրետչեն Ուիթմերը՝ Միչիգանի նահանգապետը։ Նոր սերունդը կանչում է։
Թարգմանիչ՝ Լարիսա Թադևոսյան (Larisa Tadevosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։