«Ինլայթ»-ը հրապարակում է Harvard Business Review-ի խմբագիր Քելսի Հանսենի «Our Social Media Addiction» հոդվածի հայերեն թարգմանությամբ։

Ես ավագ դպրոցում էի սովորում, երբ Facebook-ը հայտնի դարձավ։ Դա 2000-ականների կեսերին էր, երբ տվյալ հարթակը դեռ հանրային քննարկումների համար այսպես կոչված «պատ» ուներ, և մարդիկ կարող էին իրենց հարազատների հետ արված 75 անմշակ նկար  այնտեղ տեղադրել։  

Ես ինտրովերտ, անմարդամոտ դեռահաս էի, ում առօրյա շփումները մարդկանց հետ երբեք հաջող չեն եղել․ ինձ դուր էր գալիս, որ Facebook-ը թույլ էր տալիս ինքս ինձ պատկերել այնպես, ինչպես ցանկանում էի։ Ես ստեղծել էի մի պրոֆիլ, որտեղ ներկայացված էին դասական ֆիլմերից իմ սիրելի մեջբերումները և այն երաժշտությունը, որ անդադար լսում էի։ Թվային աշխարհում ես ավելի բաց էի ու անկեղծ։ Այնտեղ հանդիպեցի մարդկանց, ում հետ դեմ առ դեմ  չէի շփվի, և ինձ համար այս հարթակը հաճախ նաև դասերից բողոքելու միջոց էր։ 

Սոցիալական մեդիայից օգտվելը, թվում էր, անվնաս էր։ Սայկայն մի օր նկատեցի, որ ուշադրության կենտրոնացումս ու մտավոր կարողություններս ինձ լքում են։ Դպրոցի հանձնարարականներն ավարտին հասցնելու փորձերի հետ մեկտեղ պարտադիր մի քանի անգամ Facebook էի մուտք գործում։ Ամեն օր ժամերով Facebook-ի էջերն էի թերթում։ Ամեն ինչ այնքան ծայրահեղ էր արդեն, որ ավարտական ​​քննություններից առաջ ստիպված էի ժամանակավորապես ապաակտիվացնել պրոֆիլս՝ գայթակղությունից ազատվելու համար։

Բայց երբ քննություններս ավարտվեցին, ես վերադարձա: Հիշում եմ, որ այդ ամառ՝ ընտանիքիս հետ մեկշաբաթյա ճամփորդության ժամանակ, երբ համակարգիչ չունեինք (մինչև սմարթֆոնների ստեղծվելը), անընդհատ մտածում էի. «Չեմ համբերում տուն հասնելուն, որ կարողանամ ստուգել Facebook-ս: Իմ բացակայության ժամանակ ծանուցումներ կարող են եկած լինել»։ Մինչդեռ իմ ստացած ծանուցումների մեծ մասը մակերեսային մեկնաբանություններ կամ պասիվ «լայքեր» էին, որոնք իրականում ոչինչ չէին նշանակում, բայց դրանք չստուգելը շատ դժվար էր:

Ես գիտեի, որ դրա փոխարեն պետք է գիրք կարդայի կամ ինչ-որ օգտակար հոբբի ուենայի։ Մեղադրում էի ինքս ինձ՝ մտածելով. «Ահա թե ինչպես որոշեցի ժամանակս անցկացնել»։ Բայց ավելի ուշ իմացա, որ սոցիալական մեդիայի հարթակներն իրենց բնույթով կախվածություն են առաջացնում. ծանուցումները, որոնց վրա նրանք հիմնված են, խթանում են մեր ուղեղում դոֆամինի արտազատումը, ինչպես հաճույք ստանալու համար օգտագործվող թմրանյութերը և մոլախաղերը: Հետևաբար  իմ կախվածությունը Facebook-ից ակամա է ստացվել։  

Ինչպես բացատրում է New York Times-ի լրագրող Մաքս Ֆիշերն իր նոր՝ «The Chaos Machine» գրքում, «դոֆամինը դրական կապ է ստեղծում այն ​​վարքագծի հետ, որը խթանել է դրա արտադրումը՝ սովորեցնելով կրկնել այն… Երբ դոֆամինի պարգևատրման այս համակարգը խափանվում է, այն կարող է ստիպել կրկնել ինքնակործանարար այդ վարքագիծը: Եվս մեկ խաղադրույք կատարելու, ալկոհոլ չարաշահելու կամ հավելվածների մեջ ժամերով ժամանակ անցկացնելու նպատակով, նույնիսկ եթե դրանք ձեզ դժբախտություն են պատճառում»: 

Ֆիշերն ասում է, որ ծանուցումները չեն խնդիրը: Բայց դրանք խնդիր են դառնում, երբ սոցիալական հարթակները դրանք համատեղում են դրական ամրապնդման հետ՝ հավանումներ, հետևորդներ, ընկերներից թարմացումներ և ընտանեկան լուսանկարներ, ընտանի կենդանիներ, սնունդ և գեղեցիկ տեսարաններ:

Իր «Digital Madness» նոր գրքում հոգեբան Նիկոլաս Կարդարասը բացատրում է, որ Facebook-ի և Instagram-ի հետևում գտնվող մարդիկ ոչ միայն ստեղծել են իրենց հարթակները, որպեսզի դրանք մեծ կախվածություն առաջացնեն, այլև թողել են դրանք այդպիսին՝ չնայած այն մեծաթիվ ապացույցներին, որ սոցիալական ցանցերի չարաշահումը սարսափելի ազդեցություն է ունենում մարդկանց մտավոր և ֆիզիկական բարեկեցության վրա: (Նույնը կարելի է ասել Twitter-ի, YouTube-ի, TikTok-ի և շատ այլ սոցիալական ցանցերի վերաբերյալ):

Քարդարասի վկայակոչած ուսումնասիրություններից մեկում պարզվել է, որ այն ուսանողները, որոնք օրական երեք ժամից ավել օգտվում էին սոցիալական ցանցերից, տառապում էին վատ քնից և ունեին ակադեմիական ցածր առաջադիմություն։ Նրանք նաև ունեին դեպրեսիայի, թմրամիջոցների չարաշահման, սթրեսի և ինքնասպանության շատ ավելի բարձր ցուցանիշներ: Ինչո՞ւ։ Հավանական մեղավորներից մեկը չափազանց շատ և կեղծ սոցիալական համեմատություններն են՝ առցանց գրառումները, լուսանկարներն ու տեսանյութերը․ դե, ուրիշների կյանքը միշտ ավելի լավն է թվում։ 

Քարդարասը գրում է․ «Պատկերացնու՞մ եք՝ ինչ-որ մեկը վերջերս է ամուսնալուծվել և անդադար սկսել է Facebook-ում թափառել՝ հետևելով էջի լրահոսին և անընդհատ տեսնելով երջանիկ զույգերի լուսանկարներ ընտանեկան հանգստից․․․ Մենք տեսնում ենք, թե ինչ ազդեցություն կարող է դա թողնել` խորացնելով  հուսահատության և դատարկության զգացողությունը, երբ տվյալ անձի մտքում միայն մեկ բան է պտտվում՝  «իմ կյանքը ձախողված է»»։ 

Հատկապես երեխաներն ու դեռահասներն են գտնվում սոցիալական մեդիայից կախվածություն ձեռք բերելու և հետևանքները կրելու վտանգի տակ (ինչպես ես՝ դպրոցահասակ տարիքում): «Influenced» գրքում՝ Բրայան Բոքսեր Վաքլերը՝ բժիշկ, որ ճակատագրի հեգնանքով իր համբավը հենց TikTok-ում և սոցիալական մեդիայի այլ հարթակներում է ձեռք բերել, ուսումնասիրել է այս հարցը: Նա փաստացի հորինել է «dopamine behavior balance»` «դոֆամինի վարքագծի հավասարակշռություն» կամ «DBB» տերմինը՝ նկատի ունենալով դոֆամինի խթանման մակարդակը նրանց մոտ, ովքեր փնտրում են տարբերակներ այն ապահովելու համար։

Բոքսեր Վաքլերը պնդում է, որ երիտասարդներն արդեն վարժվել են սոցիալական մեդիան օգտագործելուն՝ որպես իրենց DBB-ն պահելու միջոց, ինչն ազդեցություն է թողել իրենց ուղեղի աշխատանքի մեջ։ Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի ուսումնասիրության ժամանակ ՄՌՏ սկանավորումները, որոնք չափում էին արյան հոսքը Instagram-ի «լայքերին» արձագանքող դեռահասների ուղեղում, ցույց տվեցին, որ նրանց ուղեղի սահմանակից կորիզը (nucleus accumbens) կամ պարգևտրման կենտրոններն ակտիվություն են դրսևորել։ ՄՌՏ-ի մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ դեռահասներն ավելի մեծ հավանականությամբ են լայքում այն լուսանկարները, որոնք արդեն շատ լայքեր են ունեցել, և նման լուսանկարներ տեսնելը խթանում է ուղեղի այն հատվածները, որոնք բոլորովին տարբեր են այլ՝ ավելի քիչ լայքեր ստացած լուսանկարներից խթանվող հատվածներից։

Ինչպես Կարդարասը, այնպես էլ Բոքսեր Վալքերը դիմում է ընթերցողներին. «Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում, երբ երիտասարդները, որոնց ուղեղը դեռ զարգանում է, ժամեր շարունակ ենթարկվում են սոցիալական մեդիայի դրական և բացասական ազդեցություններին՝ սովորաբար առանց հսկողության»։ Նա նշում է, որ հետազոտությունը նաև ցույց է տվել, որ տնային աշխատանք կատարելիս և սովորելիս մի քանի գործողությամբ միաժամակ զբաղվելը հանգեցնում է գորշ նյութի խտության նվազման ուղեղի առաջային գոտկային կեղևում (anterior cingulate cortex), ինչը վկայում է այն մասին, որ սոցիալական մեդիայի օգտագործումը, իսկապես, փոխում է ուղեղը:

Բոքսեր Վաքլերը նաև նշել է, որ դեռահասների վրա ավելի շատ են ազդում հասակակիցների կարծիքները, քան մեծահասակների, քանի որ նրանց ուղեղը դեռ փոփոխման փուլում է գտնվում։ Նրանք ավելի հաճախ են «անմիջականություն, կապվածություն և մտերմություն» զգում այն մարդկանց հանդեպ, ում հետևում են, այդ թվում՝ հայտնիների, և չունեն քննադատական ​​մտածողության հմտություններ՝ հասկանալու, թե երբ են նրանք բացարձակապես միակողմանի հարաբերությունների մեջ։ 

Ինձ վերջապես հաջողվեց թոթափել իմ ֆեյսբուքյան կախվածությունը։ Այժմ սա վերջին վայրն է, որտեղ ուզում եմ անցկացնել իմ ազատ ժամանակը․ ոչ միայն այն պատճառով, որ այդ բիզնեսը հիմնված է մարդկանց ուշադրությունը գրավելու վրա, այլ նաև այն պատճառով, որ նրանք թույլ են տվել բոտերին ապատեղեկատվություն սերմանել՝ անարդարացիորեն ազդելով վճռորոշ նախագահական ընտրությունների ընթացքի վրա:

Միևնույն ժամանակ, իմ ամենօրյա աշխատանքի մի մասն է վերահսկել HBR-ի ներկայությունը սոցիալական մեդիայում: Բայց մեր նպատակն է ստեղծել անվտանգ համայնքներ քննարկման համար և կիսել տեղեկատվություն, որն իսկապես օգտակար է մարդկանց և կազմակերպությունների համար: Հուսով եմ, որ այս հարթակներում գտնվող մնացած մարդիկ և դրանք ստեղծող ու աջակցող ընկերությունները ձգտելու են դեպի այն ապագա, որտեղ նրանք կձգտեն հարստացնել, ոչ թե շահույթ ստանալ իրենց օգտատերերից:

Հեղինակի մասին

Քելսի Հանսենը ընթերցողների ներգրավման գծով ավագ խմբագիր է Harvard Business Review-ում:


Թարգմանիչ՝ Սուսաննա Հակոբյան (Susanna Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։