Համաժամանակյա թարգմանիչների զարմանալի ուղեղը

Աշխարհի ամենահզոր համակարգիչները չեն կարող ճշգրիտ թարգմանություն կատարել իրական ժամանակում: Մինչդեռ բանավոր թարգմանիչները դա անում են հեշտությամբ: Ջեֆ Ուոթսը հանդիպել է նյարդաբանների հետ, որոնք բացատրում են այս արտասովոր ունակությունը։

Այս ամառվա մի առավոտ ես այցելեցի Միավորված ազգերի կազմակերպության միակ լոնդոնյան հաստատությունը: Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) կենտրոնակայանը գտնվում է Թեմզայի հարավային ափին՝ Խորհրդարանի շենքից մի փոքր վերև: Երբ մոտեցա, տեսա, որ այս՝ ընդհանուր առմամբ անշուք շենքի առաջին հարկին մետաղաձույլ քթի նման մի նավացռուկ էր ներկառուցված։ Ներսում հանդիպեցի  ՄԾԿ մոտ մեկ տասնյակ թարգմանիչների` մեծ մասամբ կանանց։ Նրանք աշխույժ էին, շատախոս և ավելի լավ հագնված, քան կարելի էր պատկերացնել այն մարդկանց համար, ում հաճախ ենք լսում, բայց հազվադեպ տեսնում։

Ես բարձրացա վերև՝ դեպի ապակե ճակատով խցիկ՝ ակնկալելով տեսնել արտասովոր, բայց միևնույն ժամանակ սովորական մի բան: Խցիկը մոտավորապես փոքր կրպակիի չափ էր՝ լավ լուսավորված, բայց տոթ։ Մեզանից ներքև դրված էին պատվիրակների դահլիճի թեք սեղանները, որոնք կիսով չափ էին զբաղված՝ հիմնականում կոստյումներով տղամարդկանց կողմից։ Նստեցի երկու բանավոր թարգմանիչների՝ Մարիսա Փինքնիի և Կարմեն Սոլինոյի միջև, և շուտով առաջին պատվիրակը սկսեց խոսել: Փինքնին միացրեց խոսափողը։ Նա կարճ դադար տվեց, ապա սկսեց պատվիրակի անգլերեն արտահայտությունները իսպաներեն թարգմանել:

Եկեք վերլուծենք նրա գործողություններն ու առանձնացնենք դրա բաղադրիչները։

Պատվիրակի ելույթի ժամանակ Փինքնիին անհրաժեշտ էր հասկանալ մի լեզվով կազմված հաղորդագրության իմաստը և միևնույն ժամանակ նույն հաղորդագրությունը ձևակերպել ու արտասանել մեկ այլ լեզվով: Այս գործընթացը պահանջում էր զգայական, շարժիչ և ճանաչողական հմտությունների հիանալի համադրություն, որտեղ այդ բոլորը պետք է համաձայնեցված աշխատեին: Նա այդ ամենն անում էր առանց ընդհատումների իրական ժամանակում՝ առանց բանախոսին խնդրելու դանդաղեցնել կամ ինչ-որ բան պարզաբանել: Նա թարգմանում էր առանց կմկմալու և դադար վերցնելու։ Այսպիսի առաջադրանքի կատարումը պահանջում է ճկունություն և նրբազգացություն, որոնք անհասանելի են նույնիսկ ամենահզոր համակարգիչների համար: Զարմանալի է, որ նրա ուղեղը, ինչպես և ցանկացած մարդկային ուղեղ, ընդհանրապես ունակ է դա անել:

Ինտրիգային հատված

Նյարդաբանները տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են լեզուն և բազմաթիվ ուսումնասիրություններ անցկացրել բազմալեզվակիր մարդկանց վերաբերյալ։ Այնուամենայնիվ, համաժամանակյա թարգմանությունը հասկանալը շատ ավելի բարդ գիտական խնդիր է: Բանավոր թարգմանչի ուղեղում այնքան շատ բան է կատարվում, որ դժվար է նույնիսկ հասկանալ, թե որտեղից սկսել: Սակայն վերջերս մի խումբ էնտուզիաստներ ձեռնամուխ են եղել այս խնդրի լուծմանը, և նրանց ուշադրությունը գրավել է ուղեղի մի հատված` պոչավոր կորիզը (caudate nucleus), որը գլխուղեղի խորքում գտնվող գորշ նյութի կուտակում է։

Պոչավոր կորիզը մասնագիտացված լեզվական գործառույթ ունեցող հատված չէ. նյարդաբանները պարզել են, որ այն կարևոր դերակատարում ունի որոշումների կայացման և վստահության գործընթացներում։ Այն գործում է նվագախմբի դիրիժորի նման՝ համակարգելով ուղեղի մի քանի հատվածների գործունեությունը, ինչը ստեղծում է վարքի աներևակայելիորեն բարդ դրսևորումներ: Սա ցույց է տալիս, որ բանավոր թարգմանության ուսումնասիրությունների արդյունքները, կարծես, կապված են վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում նյարդաբանության մեջ ի հայտ եկած ամենակարևոր բացահայտումներից մեկի հետ: Այժմ պարզ է դառնում, որ մեր ամենաբարդ ունակություններից շատերը հնարավոր են դառնում ոչ թե ուղեղի՝ հատուկ գործառույթներ կատարող մասնագիտացված հատվածների շնորհիվ, այլ դրանք շարժման և լսողության նման ավելի ընդհանուր գործառույթներ կատարող հատվածների միջև կայծակնային համակարգման արդյունք են։ Թվում է, թե համաժամանակյա թարգմանությունը ևս մեկ հմտություն է, որը հնարավոր է դարձել փոխկապակցված հատվածներ ունեցող մեր ուղեղի շնորհիվ։

Համաժամանակյա թարգմանությունը հաճախ դրամայի զգացողություն է ստեղծում, ինչը, հավանաբար, պայմանավորված է դրա պատմությամբ․ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգայի ստեղծումը համաժամանակյա թարգմանության մեծ պահանջարկ առաջ բերեց, իսկ Նյուրնբերգում բարձրաստիճան նացիստների դատավարության ընթացքում այս մեթոդի կիրառումը ցույց տվեց վերջինիս արդյունավետությունը: Այնուամենայնիվ, դրա ճշգրտության վերաբերյալ դեռ կասկածներ կային, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաժամանակյա թարգմանությունը ամբողջությամբ ընդունեց միայն 1970-ականների սկզբին։ Ժնևի համալսարանի բանավոր թարգմանիչ և հետազոտող Բարբարա Մոզեր-Մերսերը բացատրում է, որ «մինչ այդ նրանք չէին վստահում բանավոր թարգմանիչներին»։ Բայց այժմ  բազմալեզու համաժողովների երկու ավանդական մայրաքաղաքներին` ՄԱԿ-ի գրասենյակներին Ժնևում և Նյու Յորքում, միացել է նաև Բրյուսելը, քանի որ Եվրամիությունն ընդլայնվում է և ընդգրկում ավելի ու ավելի շատ լեզուներ։ Ներկայումս ընդհանուր թիվը 24 է, և որոշ համաժողովներ պահանջում են բանավոր թարգմանություններ բոլոր 24 լեզուներով։

ՄԾԿ-ի պատվիրակներին վերևից նայելով` հիշեցի այն տեսարանը, որը բացվում է նավապետի կամրջակից կամ հեռուստաընկերության կառավարասենյակից: Ես վերահսկողության զգացում ունեցա, ինչը պարադոքսալ էր՝ հաշվի առնելով, որ հենց դրանից թարգմանիչներն իրականում զրկված են: Նրանց խոսքը և այդ խոսքի արագությունն ուրիշներն են թելադրում։ Եվ չնայած Փինքնին և Սոլինոն ունեին որոշ ելույթներից ինչ-որ հատվածների պատճեններ, որոնք պատրաստվել էին այդ առավոտ, նրանք պետք է պատրաստ լինեին նաև հումորային շեղում-ընդմիջումների։ Բառախաղերը, սարկազմը, հեգնանքը և տվյալ մշակույթին բնորոշ կատակները իրական մղձավանջ են բանավոր թարգմանչի համար։ Մի բանավոր թարգմանիչ գիտական հոդվածում նշել է. «Բանավոր թարգմանիչները, ընդհանուր առմամբ, չպետք է դիմեն բառախաղերի, որոնք հիմնված են աղբյուր լեզվում մի քանի իմաստ արտահայտող մեկ բառի վրա, քանի որ արդյունքը հազիվ թե ծիծաղելի լինի»: Եվ իրոք։

 Հումորային ծուղակներ

Աննա Մայլզը, որ միջանցքի վերջում աշխատում էր անգլերեն թարգմանության խցիկում, հազվադեպ էր դժվարություններ ունենում, քանի որ շատ պատվիրակներ խոսում էին անգլերեն: Մայլզը տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին, իտալերենին և ռուսերենին և ունի բանավոր թարգմանչի 30 տարվա փորձ: Թարգմանության միջև ընկած ազատ ժամանակահատվածում նա ինձ պատմեց շարադասության մասին՝ մեկ այլ խնդիր, որին ամեն օր բախվում են թարգմանիչները: «Գերմաներենում «nicht»-ը` ժխտական «չ»-ն կարող է լինել նախադասության վերջում։ Այսպիսով, դուք կարող եք ոգևորված խոսել ինչ-որ բանից, մինչդեռ բանախոսը վերջում «nicht» է ավելացնում։ Այնուամենայնիվ, բնիկ գերմանախոսները ինտոնացիայից էլ կարող են հասկանալ, որ միտքը ավարտվելու է «nicht»-ով։ Մայլզը նշեց, որ իրեն նաև վախեցնում են ձկնատեսակների անվանումներ պարունակող ելույթների թարգմանությունները՝ կրկին բառերի հերթականության հետ կապված խնդիրների պատճառով։ Երբ նախադասությունը երկար է և նկարագրում է որոշակի տեսակի ձուկ մի լեզվում, որտեղ գոյականը` ձկան անունը, վերջում է դրվում, թարգմանչին մնում է միայն գուշակել նախադասության թեման մինչև խոսքի ավարտը։

Իհարկե, այս ծուղակները հումորային դիպվածների կարող են հանգեցնել։ Մայլզն ինձ պատմեց գյուղատնտեսության վերաբերյալ մի համաժողովի մասին, որտեղ պատվիրակները քննարկում էին ցուլի սառեցված սերմնահեղուկը, որը ֆրանսիացի թարգմանիչը փոխադրել էր որպես «matelot congelés» կամ «խորը սառեցված նավաստիներ»։ Բացի այդ, Մայլզը կիսվեց սեփականսխալով, որը թույլ էր տվել, երբ պատվիրակը նշել է, որ այսինչ հարցը պետք է լուծվի «avant Milan»` «Միլանից հետո», քանի որ այդ քաղաքում էր շուտով համաժողով տեղի ունենալու։ Մայլզը տեղյակ չէր Միլանի գագաթնաժողովի մասին, ուստի և թարգմանել է, որ այդ հարցը չի լուծվի «mille ans» կամ «հազար տարվա» ընթացքում:

Որոշ բանախոսներ շատ արագ են խոսում: «Կան տարբեր ռազմավարություններ։ Որոշ բանավոր թարգմանիչներ կարծում են, որ ավելի լավ է կանգ առնել և ասել, որ պատվիրակը շատ արագ է խոսում»։ Մայլզն ինքը դա արդյունավետ չի համարում, քանի որ մարդիկ բնական տեմպ ունեն, և եթե նրանց խնդրեն խոսքը դանդաղեցնել, ամենայն հավանականությամբ, նորից կսկսեն արագ տեմպով խոսել: Ավելի լավ տարբերակ է այդ խոսքը հակիրճ ներկայացնելը։ «Հարկավոր է արագ կողմնորոշվել։ Այս աշխատանքում կարևոր է ոչ միայն լեզվի իմացությունը, այլև արագ մտածելն ու ինֆորմացիան արագ ընկալելը»:

Այս տեսակի խնդիրները համաժամանակյա թարգմանությունը հոգնեցուցիչ են դարձնում, սրանով է բացատրվում, թե ինչու են երկու բանավոր թարգմանիչները հերթափոխով հանգստանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Վիդեո տարբերակով թարգմանելը ավելի դժվար է։ «Մեզ ընդհանրապես դուր չի գալիս»,- ասաց ինձ Մայլսը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ գործընթացն ավելի հոգնեցուցիչ է և սթրեսային հավանաբար այն պատճառով, որ մարմնի լեզուն և դեմքի արտահայտությունները փոխանցվող ինֆորմացիայի մի մասն են և ավելի դժվար են ընկալվում հեռավար աշխատելիս: «ՄԵնք ավելի քիչ տեսողական հուշումներ ենք ստանում այն մասին, թե ինչ է կատարվում, նույնիսկ տեսակապի առկայության դեպքում»,- ասաց Մայլզը:

Բացի այդ, կա նաև ձանձրույթի խնդիրը։ Նյու Յորքի ճգնաժամային բանակցությունները կարող են ուշագրավ լինել, բայց սովորական քաղաքական գործիչը, առավել ևս ծովային կանոնների տեխնիկական մասնագետը դժվար թե կարողանա մի քանի ժամ անընդմեջ գրավել լսարանի ուշադրությունը: Ունկնդիրները կարող են քնել, բայց թարգմանիչը պետք է զգոն մնա: Ես հասկացա, թե որքան հոգնեցուցիչ պետք է լինի այս զգոնությունը, երբ համաժողովը վերածվեց ընթացակարգային նրբությունների և բանաձևերի բազմալեզու մշուշի, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր բաժիններից և ենթաբաժիններից: Ես հիացած էի թարգմանիչների տոկունությանբ` հաշվի առնելով, որ ինքս համարյա քնել եմ բազմաթիվ գիտական կոնֆերանսների ժամանակ, որոնցից մեկը նույնիսկ նախագահում էի:

Ուղեղի ցանցեր

Նյարդաբանությամբ տարվելուց առաջ Մոզեր-Մերսերը աշխատել է որպես բանավոր թարգմանիչ և տիրապետում է գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին: «Ինձ իսկապես հետաքրքրում էր, թե թարգմանելիս ինչ էր կատարվում իմ ուղեղում»,- բացատրում է նա։ «Ես մտածեցի, որ դա պարզելու որևէ միջոց պետք է լինի»։ Երբ նա ժամանեցեց Ժնևի համալսարան 1987 թվականին, նման հնարավորություն չկար. թարգմանության ֆակուլտետը զբաղվում էր ուսուցմամբ, այլ ոչ թե հետազոտությամբ: Այսպիսով, նա որոշեց սկսել իր սեփական հետազոտական աշխատանքը` համագործակցելով ուղեղի ուսումնասիրությամբ զբաղվող գործընկերների հետ։

«Լեզուն մարդու ամենաբարդ ճանաչողական գործառույթներից մեկն է», ” վերջերս կատարած այցի ժամանակ ինձ ասաց համալսարանի Ուղեղի և լեզվի լաբորատորիայի ղեկավար Նարլի Գոլեստանին: «Բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել երկլեզվության վերաբերյալ։ Բյաց երկու լեզուների միաժամանակյա օգտագործման շնորհիվ բանավոր թարգմանությունը մեկ քայլ առաջ է։ Եվ ոչ միայն այդ մեկ գործառույթովով, քանի որ դուք կարող եք նաև միաժամանակ ընկալել և վերարտադրել տեղեկատվությունը։ Այսպիսով, ուղեղի ներգրավված հատվածների աշխատանքը գտնվում է չափազանց բարձր մակարդակի՝ դուրս գալիս լեզվի սահմաններից»։

Ժնևում, ինչպես շատ այլ նյարդաբանական լաբորատորիաներում, նախընտրելի մեթոդ է ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ֆՄՌՏ): Օգտագործելով ֆՄՌՏ-ն՝ հետազոտողները կարող են դիտել, թե ինչպես է ուղեղը կատարում որոշակի առաջադրանք․ բանավոր թարգմանության համատեքստում այն արդեն իսկ հայտնաբերել է ուղեղի այն հատվածների ցանցը, որոնք ապահովում են այս գործընթացը: Դրանց թվում է Բրոկայի կենտրոնը, որը հայտնի է խոսքի արտադրման և աշխատանքային հիշողության մեջ իր գործառույթով. վերջինս թույլ է տալիս հետևել մեր մտքերին և գործողություններին։ Այս հատվածը կապված է նաև հարևան շրջանների հետ, որոնք օգնում են վերահսկել խոսքի արտադրումն ու ընկալումը։ «Բանավոր թարգմանության ժամանակ, երբ մարդ ինչ-որ բան է լսում և պետք է թարգմանի ու խոսի միաժամանակ, այս շրջանների միջև ուժեղ ֆունկցիոնալ փոխազդեցություն է առաջանում» ,- նշում է Գոլեստանին։

Ըստ երևույթին, շատ այլ շրջաններ նույնպես ներգրավված են գործընթացում, և նրանց միջև կան բազմաթիվ կապեր: Այս ցանցի բարդությունը թույլ չտվեց, որ Մոզեր-Մերսերը միանգամից դրանք հետազոտի. յուրաքանչյուր բաղադրիչի աշխատանքի վերծանումը երկար գործընթաց կլիներ: Փոխարենը, Ժնևի հետազոտողները յուրաքանչյուր տարր դիտարկում են որպես սև արկղ և կենտրոնանում են դրանց փոխազդեցության և համակարգման գործընթացը հասկանալու վրա։ «Մեր հետազոտությունը նպատակ ունի հասկանալու այն մեխանիզմները, որոնք բանավոր թարգմանչին հնարավորություն են տալիս միաժամանակ կառավարելու այդ համակարգերը», ” նշում է թիմի անդամ Ալեքսիս Հերվե-Ադելմանը:

Պոչավոր կորիզը և կճեպը (putamen) զոլավոր մարմնի (striatum) ուղեղի հնագույն կենտրոնի երկու շրջաններ են, որոնք այժմ կարևոր դեր է վերագրվում այսպիսի գործողությունների կառավարման մեջ։ Նյարդաբաններն արդեն գիտեն, որ այս շրջանները ներգրավված են այլ բարդ գործընթացներում, ինչպիսիք են սովորելը, շարժումների պլանավորումը և կատարումը: Ըստ Հերվե-Ադելմանի և նրա գործընկերների՝ ուղեղի միայն մեկ կենտրոն չէ, որ պատասխանատու է բացառապես բանավոր թարգմանության համար։ Ինչպես ֆՄՌՏ հետազոտության միջոցով ուսումնասիրված մարդկային վարքի շատ այլ դրսևորումներ, այս հմտությունը ևս, ինչպես պարզվում է, ձեռք է բերվում ուղեղի մի քանի հատվածների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Եվ ուղեղի այն հատվածները, որոնք վերահսկում են այս գործընթացը, ընդհանուր նշանակության են, այլ ոչ թե մասնագիտացված:

Այս նյութը գրելու խթաններից մեկը մի սովորական խոսակցություն էր: Ինչ-որ մեկն ինձ պատմեց մի համաժամանակյա թարգմանչի մասին, ով այնքան հմուտ էր, որ աշխատանքի ընթացքում կարող էր խաչբառեր լուծել: Նա ո՛չ անուն նշեց, ո՛չ ամսաթիվ, ո՛չ վայր, ուստի ես թերահավատորեն վերաբերվեցի դրան: Բայց ստուգելու համար ես կապվեցի մի քանի պրոֆեսիոնալ բանավոր թարգմանիչների հետ: Նրանցից մեկը կարծում էր, որ նման մի բան լսել է, մյուսները արհամարհանքով վերաբերվեցին դրան: Մի խոսքով՝ քաղաքային առասպել:

Ես հարցրեցի Մոզեր-Մերսերին, թե արդյոք բանավոր թարգմանիչները թարգմանության ընթացքում այլ բանով զբաղվում են: Նա ասաց, որ այն աշխատավայրում, որտեղ գերակշռում են կանայք, ոմանք գործում են կամ գործել են նախկինում, երբ դա ավելի տարածված զբաղմունք էր: Կարելի է պատկերացնել, թե ինչպես ձեռքի սովորական շարժումները կարող են լրացնել ուղեղի աշխատանքը բանավոր թարգմանության ժամանակ։ Բայց խաչբա՞ռ։ Մոզեր-Մերսերն ասաց, որ չի փորձել խաչբառ լուծել, բայց կարծում է, որ կարող է դա անել ինչ-որ բացառիկ պայմանների դեպքում, ինչպիսիք են ծանոթ թեման, հստակ խոսող բանախոսները  և այլն:

Նման ունակությունը վկայում է այն մասին, որ համաժամանակյա թարգմանիչների ուղեղում իսկապես հետաքրքիր բաներ են տեղի ունենում։ Լրացուցիչ հիմքեր կան ենթադրելու, որ թարգմանիչների մասնագիտությունն ազդել է նրանց ուղեղի ձևավորման վրա: Օրինակ` նրանք իրենց վրա քիչ են ուշադրություն դարձնում։ Նորմալ պայմաններում խոսքը վերահսկելու համար չափազանց կարևոր է լսել սեփական ձայնը: Բայց բանավոր թարգմանիչները պետք է կենտրոնանան իրենց թարգմանության վրա, ինչը ստիպում է ավելի քիչ ուշադրություն դարձնել սեփական ձայնին:

Խոսքի կանխատեսում

Սա առաջին անգամ տեղի է ունեցել 20 տարի առաջ` Ֆրանկո Ֆաբրոյի և Իտալիայի Տրիեստի համալսարանի նրա գործընկերների կողմից անցկացված պարզ փորձի միջոցով: Ֆաբբրոն խնդրել էր 24 ուսանողների թվարկել շաբաթվա օրերը և տարվա ամիսները հակառակ հերթականությամբ՝ լսելով իրենց ականջակալների միջոցով: Սկզբում նրանք իրենց լսում էին առանց ձայնի ուշացման: Այնուհետև նրանք կրկնում են վարժությունը՝ 150, 200 և 250 միլիվայրկյան ուշացած պատասխանով: Նույնիսկ մի փոքր ուշացումը խանգարում է խոսքին` ստիպելով ունկնդիրներին դանդաղել, կմկմալ, բառերը կուլ տալ կամ նույնիսկ դադարեցնել խոսքը։ Իհարկե, շատ ուսանողներ սխալներ թույլ տվեցին: Բայց նրանց կեսը սովորում էր համալսարանի Գրավոր և բանավոր թարգմանության դպրոցի երրորդ կամ չորրորդ կուրսոմ, և այս ուսանողները մեծ դժվարություններ չունեցան։

Աշխատավայրում ձեռք բերված որոշ սովորություններ կարող են կիրառվել նաև տանը: Փորձառու բանավոր թարգմանիչների՝ արագությունը մեծացնելու միջոցներից մեկը բանախոսների խոսքը կանխատեսել սովորելն է։ «Ես միշտ կանխազգում եմ նախադասության ավարտը՝ անկախ նրանից, թե ում հետ եմ խոսում կամ արդյոք ականջակալներ կրում եմ», ” ասում է Մոզեր-Մերսերը: «Երբեք չեմ սպասի, որ նախադասությունն ավարտես»: Մեր՝ բանավոր թարգմանիչներիս ամուսնիններն ու երեխաները ևս փաստում են այդ մասին։ Նրանք հաճախ են ասում․ «Երբեք չես թողնում՝ խոսքս ավարտեմ»։ Եվ դա ճիշտ է։ Մենք միշտ փորձում ենք մեջ ընկնել»։

Բանավոր թարգմանիչները պետք է նաև կարողանան կառավարել սթրեսը և ինքնատիրապետում ցուցաբերել դժվար բանախոսների հետ աշխատելիս: Կարդացածս հոդվածներից մեկում, որը հիմնված էր  բանավոր թարգմանիչների շրջանում  անցկացված հարցումների վրա, ասվում էր, որ այս մասնագիտության ներկայացուցիչները, որպես կանոն, շատ նյարդային են, անկայուն, զգայուն և պրիմադոննայի բնավորությամբ: Գուցե։ Բայց ես այս հատկանիշներից ոչ մեկը չնկատեցի ո՛չ Մարիսայի, ո՛չ Կարմենի, ո՛չ Աննայի մոտ։

Մի քանի տարի առաջ Ժնևի հետազոտողները բազմալեզվակիր 50 ուսանողների խնդրեցին պառկել ուղեղի սկաների մեջ և կատարել մի շարք լեզվական վարժություններ: Մի դեպքում մասնակիցները պարզապես լսում էին նախադասությունը և ոչինչ չէին ասում: Մեկ այլ դեպքում ուսանողները նույն լեզվով կրկնում էին նախադասությունը: Երրորդ փուլը ամենադժվարն էր. մասնակիցները պետք է լսածը թարգմանեին այլ լեզվով:

Ուղեղի փոփոխություններ

Ճանաչողական տեսանկյունից սա կարծես թե մեծ առաջընթաց է: Սկզբում ուսանողները պետք է պարզապես լսեին, իսկ հետո կրկնեին: Երրորդ առաջադրանքը պահանջում էր, որ նրանք մտածեին իմաստի մասին և հասկանային, թե ինչպես թարգմանել` բանավոր ու համաժամանակյա եղանակով։ Բայց սկանավորումը չի հայտնաբերել որևէ նյարդային հրավառություն: «Շատ լրացուցիչ գործողություններ չեն եղել», ” ասում է Հերվե-Ադելմանը: Օրինակ՝ ընկալման կամ արտասանության համար պատասխանատու շրջաններում ոչ մի հավելյալ ակտիվություն չի նկատվել: «Թարգմանության լրացուցիչ բեռը դրվել է միայն մի քանի հատուկ շրջանների վրա»: Դրանք ներառում են այն հատվածները, որոնք վերահսկում են շարժումը, ինչպիսիք են գլխուղեղի  նախաշարժական կեղևը (premotor cortex) և պոչավոր կորիզը։ Այլ կերպ ասած, բանավոր թարգմանությունն ավելի շատ ենթադրում է մասնագիտացված ռեսուրսների կառավարում, քան թե առկա ռեսուրսների ընդլայնում։

Այս տեսությունը մնում է չհաստատված, բայց այն զարգացավ, երբ ավելի քան մեկ տարի անց Ժնևի հետազոտողները կրկին հրավիրեցին նույն ուսանողներից մի քանիսին՝ անցնելու ֆՄՌՏ սկաներով: Մասնակիցներից 19-ը մեկ տարվա բանավոր թարգմանության դասընթացներ են անցել համաժողովներում, իսկ մնացածն այդ ընթացքում ուսումնասիրել են թարգմանության հետ կապ չունեցող առարկաներ: Թարգմանչական պրակտիկա անցած մասնակիցների ուղեղի ակտիվությունը փոխվել է, մասնավորապես՝ աջ պոչավոր կորիզի որոշակի հատվածներում: Հավանական է, որ պոչավոր կորիզը դարձել է ավելի արդյունավետ համակարգող կամ սովորել է առաջադրանքների մեծ մասը փոխանցելել այլ հատվածների:

«Հնարավոր է, որ պոչավոր կորիզի կողմից տրամադրված վերահսկվող արձագանքի անհրաժեշտությունը նվազում է, երբ մարդիկ ավելի հմուտ են դառնում համաժամանակյա թարգմանության մեջ», ” նշում է Դեյվիդ Գրինը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի նյարդաբան, որը չի մասնակցել Ժնևի ուսումնասիրությանը: «Պոչավոր կորիզը կարևոր դեր է խաղում բոլոր տեսակի հմուտ գործողությունների վերահսկման գործում: Բացի այդ, այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երբ մարդիկ ավելի փորձառու են դառնում ինչ-որ առաջադրանք կատարելու հարցում, նրա ակտիվությունը նվազում է»։

Ժնևի փորձի ընթացքում արված եզրակացությունը, որ թարգմանությունը կապված է ուղեղի բարձր մասնագիտացված շրջանների համակարգման հետ, կարծես թե համահունչ է թարգմանիչների՝ իրենց աշխատանքի վերաբերյալ նկարագրություններին: Օրինակ, համաժամանակյա թարգմանչի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են մի շարք հմտություններ։

«Այս գործընթացը պետք է հարմարվի փոփոխվող հանգամանքներին», ” նշում է Մոզեր-Մերսերը, որը շարունակում է բանավոր թարգմանությամբ զբաղվել տարեկան 40-50 օր, հիմնականում ՄԱԿ-ի համար: «Ձայնի որակը կամ խոսնակի առոգանությունը կարող են վատը լինել, կամ թեման կարող է ինձ անծանոթ լինել։ Օրինակ, արագ խոսող բանախոսին նույն կերպ չեմ թարգմանի, ինչպես դանդաղ խոսողին։ Սրանք պահանջում են տարբեր մարտավարություններ։ Եթե բավականաչափ ժամանակ չունեք ձեր լսած յուրաքանչյուր բառի վրա կենտրոնանալու համար, ապա պետք է դիմել խելացի տեսակավորման պես մի բանի»: Հավանաբար, թարգմանությանը աջակցող նյարդային ցանցերի ճկուն աշխատանքը թարգմանիչներին հնարավորություն է տալիս հարմարեցնելու իրենց մարտավարությունները խոսքի տարբեր տեսակներին։ Եվ տարբեր բանավոր թարգմանիչներ միևնույն նյութը թարգմանելիս կարող են օգտագործել տարբեր մարտավարություններ։

Ժնևի խմբի եզրակացությունները համահունչ են նյարդաբանության ոլորտում ավելի լայն թեմաների: Երբ 1990-ականներին ֆՄՌՏ-ն լայնորեն հասանելի դարձավ, հետազոտողները շտապեցին հայտնաբերել ուղեղի այն հատվածները, որոնք ներգրավված են մարդկային գրեթե բոլոր հնարավոր վարքագծերում (ներառյալ նաև, այո, սեռական հարաբերությունները. մի քանի հետազոտողներ սկանավորել են օրգազմ ապրող մարդկանց ուղեղը): Այնուամենայնիվ, այս տվյալներն ինքնին առանձնապես օգտակար չեղան մասամբ այն պատճառով, որ բարդ վարքագիծը սովորաբար չի վերահսկվում ուղեղի առանձին հատվածների կողմից: Այժմ ուշադրության կենտրոնում է մի քանի հատվածների միջև փոխգործակցությունը հասկանալը: Նյարդաբանները պարզել են, որ երբ մենք մտածում ենք ինչ-որ բան գնելու մասին, նախաճակատային կեղևը (prefrontal cortex) և կղզյակը (insula) ներառող հատվածների մի ցանց է օգնում մեզ որոշել, թե արդյոք գինն ընդունելի է: Գլխուղեղի այլ շրջանների՝ էնտորինալ կեղևի (entorhinal cortex) և հիպոկամպի կամ ծովաձիու (hippocampus) փոխգործակցության շնորհիվ էլ մենք հիշում ենք մեզ անհրաժեշտ երթուղիները։

Իմաստ և նպատակ 

Այս ավելի խորը ըմբռնումը հնարավոր է դարձել մասամբ սկանավորման տեխնոլոգիայի առաջընթացի շնորհիվ: Պոչավոր կորիզի գործունեությունն այժմ կարող է առանձնացվել հիմային հանգույցների (basal ganglia) այլ մասերից.՝ սա ուղեղի այն ավելի լայն հատվածն է, որտեղ էլ գտնվում է պոչավոր կորիզը: Ավելի մանրամասն սկանավորման արդյունքում պարզվել է, որ վերջինս հաճախ ներգրավված է ճանաչողական գործընթացներն ու գործողությունները կարգավորող ցանցերում` այն դնելով վարքի զարմանալիորեն բազմազան դրսևորումների հիմքում: Ինչպես նշել է բրիտանացի հետազոտողների մի խումբ 2008 թվականի զեկույցի մեջ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պոչավոր կորիզն օգնում է վերահսկել ամեն ինչ՝ սկսած «առնետի՝ լծակը սեղմելու որոշումից մինչև մարդու` գործընկերոջը ֆինանսական հարցերում վստահելու որոշումը»։

Զեկույցի հեղինակներից մեկը Ջոն Պարկինսոնն էր Ուելսի Բանգորի համալսարանից: Ես հարցնում եմ նրան, արդյոք նա կարող էր ենթադրել, որ պոչավոև կորիզը մասնակցում է համաժամանակյա թարգմանության գործընթացին: Նա ասում է, որ սկզբում այդպես չէր կարծի: «Պոչավոր կորիզը պատասխանատու է գործողության մտադրության և նպատակաուղղվածության համար։  Շատ ավելի կարևոր է, թե ինչու ես ինչ-որ բան անում, քան թե ինչպես ես դա անում»: Հետո նա մտածեց, թե ինչ են անում բանավոր թարգմանիչները։ Համակարգիչները թարգմանում են առանց մտածելու` հաճախ տալով անհեթեթ արդյունքներ: Մարդիկ պետք է հաշվի առնեն իմաստն ու նպատակը։ «Բանավոր թարգմանիչն իրականում պետք է փորձի հասկանալ, թե որն է հաղորդագրությանն իմաստը և թարգմանել այն», ” ասում է Պարկինսոնը։ Նա ընդունում է, որ պոչավոր կորիզիի մասնակցությունը տրամաբանական է։

Հաշվի առնելով, որ Ժնևի ուսումնասիրությունները մասամբ իրականացվում են բանավոր թարգմանիչների վերապատրաստման համար պատասխանատու բաժնում, բնական է մտածել, թե արդյոք նրանց գիտական հայտնագործությունները, ի վերջո, կարող են ուղղակի գործնական կիրառություն գտնել: Մոզեր-Մերսերը և նրա գործընկերները զգուշություն են ցուցաբերում ամպագոռգոռ հայտարարություններ անելիս և բացառում են այն ենթադրությունները, որ ուղեղի սկաներները կարող են օգտագործվել թեկնածուների՝ բանավոր թարգմանության հմտությունները գնահատելու կամ առաջընթացը որոշելու համար: Նույնիսկ եթե համաժամանակյա թարգմանության ուսումնասիրությունները կարող են անմիջապես գործնական կիրառություն չգտնեն, դրանք մեզ արդեն օգնել են ավելի լավ հասկանալ նյարդային ցանցերի գործառույթը, որոնք միտքը կապում են գործողության հետ, և, ի վերջո, դրանք կարող են օգնել նյարդաբաններին էլ ավելի խորը պատկերացում կազմել մեր ցանցային ուղեղի մասին:

Հաջորդիվ, Ժնևի թիմը նպատակ ունի փորձարկել այն վարկածը, որ որոշ բարդ ճանաչողական գործառույթներ առաջացել են էվոլյուցիոն ավելի հին և պարզունակ վարքագծերից: Նրանք ենթադրում են, որ ուղեղն իր բարդ ճանաչողական ռեպերտուարը հիմնում է ցածր մակարդակի «գլխավոր» գործառույթների վրա, ինչպիսիք են շարժվելը կամ սնվելը: «Դա շատ արդյունավետ միջոց կլիներ խնդիրները լուծելու համար», ” էլ. փոստով ինձ գրում են Մոզեր-Մերսերը և նրա գործընկերները: «Բնական է, որ ուղեղը զարգանում է՝ հարմարեցնելով կամ վերաօգտագործելով իր պրոցեսորները տարբեր գործողությունների համար, և բնական է նաև վերահսկողության ճանաչողական ասպեկտները ներառել մի համակարգի մեջ, որը պատասխանատու կլինի վարքի ձևավորման համար: Հաշվի առնելով համաժամանակյա թարգմանության մեջ ճանաչողության և գործողության միջև սերտ փոխազդեցությունը՝ այն կարող է կատարյալ փորձադաշտ լինել նման մտածողության համար:

Տվյալ հոդվածը սկզբնապես հրապարակվել է Mosaic-ի կողմից և վերաօգտագործվել է Creative Commons լիցենզիայով։ Այս պատմության այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք Mosaic-ի կայքէջ։


Թարգմանիչ՝ Սիլվա Սահակյան (Silva Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: