Հումանիտար ինտերվենցիա՞, թե՞… ներխուժման պատրվակ

Photo: http://internationallawstudies.blogspot.am
Photo: http://internationallawstudies.blogspot.am

Վերջերս հաճախ ենք լսում «հումանիտար ինտերվենցիաների» մասին, որոնք կամ բռնապետական ռեժիմների դեմ պայքարող ժողովուրդներին պաշտպանելու կամ այդպիսի երկրներում մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու նպատակով են կատարվում: Համենայն դեպս, պաշտոնապես այդպես են պատճառաբանվում այս կամ այն երկիր զորք մտցնելու դեպքերը: Սակայն, միշտ չէ, որ այդպիսի բարի նպատակներ հետապնդող նախաձեռնությունները դրական արդյունք են ունենում. բավական է հիշել ամերիկա-բրիտանական կոալիցիոն ուժերի նախաձեռնած ինտերվենցիան Իրաքում, որի արդյունքում, ըստ բազմաթիվ աղբյուրների, 165 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել¹, չհաշված այն, որ այդ դեպքերից հետո երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, խաթարվեցին պետական ենթակառուցվածքները, ու Իրաքն ավելի խորը ճգնաժամում հայտնվեց: ԱՄՆ-ի դեպքում երկրում դժգոհություն առաջացավ, նաև, քանի որ պատերազմը հսկայական ծախսեր պահանջեց. Իրաքյան պատերազմի վրա ԱՄՆ-ը 2 տրիլիոն դոլար է ծախսել²: Իրաքի դեպքը միակը չէ. վերջին տարիներին միմյանց հաջորդելով՝ ճգնաժամեր սկսվեցին Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում և այլ արաբական երկրներում: Այնուամենայնիվ, եղել են նաև հաջողված ինտերվենցիաներ, ինչպես՝ Տանզանիայի զինված ուժերի կողմից Իդի Ամինի բռնապետական ռեժիմի տապալումը Ուգանդայում, որն իր երկրի 300 հազարից ավելի քաղաքացիների էր ոչնչացրել³: Որոշ դեպքերում, երբ իսկապես միջամտելու և օգնելու կարիք է եղել, ՄԱԿ-ը և մյուս հզոր պետությունները անգործ են մնացել, և նրանց աչքի առաջ շատ հանցագործություններ են կատարվել, ինչպես Ռուանդայում և Սոմալիում: Իսկ ի՞նչ է իրականում հումանիտար ինտերվենցիան, և որո՞նք են դրա նպատակներն ու շարժառիթները: Սույն վերլուծության նպատակն է հասկանալ հումանիտար ինտերվենցիայի էությունը և նպատակները, դիտարկել որոշ օրինակներ և հետևություններ անել, թե որ դեպքում կարող է միջամտությունը «հումանիտար» և «արդարացված» համարվել:

Ի՞նչ է հումանիտար ինտերվենցիան: Հումանիտար ինտերվենցիայի որևէ իրավական սահմանում գոյություն չունի, և տարբեր հեղինակներ տարբեր կերպ են բնութագրում այս երևույթը: Ու. Մքքինլին ինտերվենցիան սահմանում է որպես պետության, պետությունների խմբավորման կամ միջազգային գործակալության կանխամտածված գործողություն, որի նպատակը այլ պետության ներքին քաղաքականության վրա ազդելն է: Նա ընդգծում է, որ դա կատարվում է առանց թիրախ պետության համաձայնության:4       

 ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողությունները

Միավորված ազգերի կազմակերպության հանրահայտ սկզբունքներից ու նպատակներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, միջազգային հարաբերություններում ուժի չկիրառումը, նաև պետությունների ներքին գործերին չխառնվելն ու չմիջամտելը (հոդված 2/7):5 Սակայն վերոնշյալ սկզբունքի հետ մեկտեղ, հաճախ ենք լսում «հումանիտար ինտերվենցիա» հասկացությունը, որը հակասական է և մի շարք հարցեր է առաջացնում: Նախ, պետք է հասկանալ, թե միջազգային հարաբերությունները կարգավորող և միջազգային նորմեր սահմանող գլխավոր ինստիտուտը ինչպիսի հանգամանքներում է նախատեսում հումանիտար ինտերվենցիա և ինչպիսի գործողություններ է թույլատրում նման դեպքերում: ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ Կանոնադրության ոչ մի դրույթ չի կարող լիազորել նրան միջամտելու որևէ պետության ներքին իրավասության գործերին ու խնդիրներին կամ անդամ պետություններից պահանջել նմանատիպ հարցերի քննարկում կարգավորման նպատակով, սակայն նշվում է նաև, որ այդ սկզբունքը չի խոչընդոտում Կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա ուժային միջոցների կիրառմանը:6 Այժմ պարզենք, թե ինչ են նախատեսում այդ գլխի դրույթները: «Գործողություններ խաղաղության վտանգման, խախտման և ագրեսիայի առնչությամբ» վերտառությամբ գլխում նշվում է, որ Անվտանգության խորհուրդը (այսուհետ` ԱԽ) որոշում է խաղաղության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայություն կա՞, թե՞ ոչ և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգման համար։ ԱԽ-ը կարող է որոշել, թե ինչպիսի միջոցների է պետք դիմել՝ բացառությամբ զինված ուժի գործադրումը իր որոշումներն իրականացնելու համար և պահանջելու ՄԱԿ-ի անդամներից կիրառել այդ միջոցները: Դրանք կարող են ընդգրկել տնտեսական հարաբերությունների, երկաթուղային, ծովային, օդային, փոստային, հեռագրային, ռադիո և հաղորդակցության այլ ձևերի լիակատար կամ մասնակի ընդհատումը և դիվանագիտական հարաբերությունների խզումը: 39-51-րդ հոդվածներով նախատեսված է, որ այդ միջոցառումներն անբավարար համարելու դեպքում ԱԽ-ը կարող է օդային, ծովային կամ ցամաքային ուժերով նախաձեռնել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կհամարվեն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար: Իսկ Հոդված 48-ն էլ սահմանում է, որ Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման համար պահանջվող գործողությունները նախաձեռնվում են ՄԱԿ-ի բոլոր անդամների կամ դրանց մի մասի կողմից` ըստ Անվտանգության խորհրդի հայեցողության:7 Սա բավականին աղոտ ձևակերպում է, քանի որ չի պարզաբանվում, թե որ դեպքերում կարող է գործողություններ նախատեսվել անդամների մի մասի կողմից: Մեզ համար հստակ չէ նաև, թե որ պետությունները կարող են այդ մասը կազմել: Նույն հոդվածի երկրորդ կետում նշվում է, որ այդ որոշումները պետք է իրագործվեն ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ուղղակիորեն կամ միջազգային այն համապատասխան հաստատությունների միջոցով, որոնց անդամակցում են: Իսկ ի՞նչ ենք հասկանում համապատասխան հաստատություն ասելով:

Apartment for Rent in Haven Villas At The Sanctuary, Jumeirah Village Circle

Այս ամենի օրինականությունը գործնական դեպքի օրինակով է պետք դիտարկել: Քանի որ հնարավոր չէ անդրադառնալ ինտերվենցիայի բոլոր դեպքերին, քննարկենք դրանցից ամենաաղմկահարույցները. Կոսովոյում ՆԱՏՕ-ի ինտերվենցիան, որի արդյունքում երկրամասը տրվեց ալբանացիներին՝ հռչակելով և ճանաչելով նրա անկախությունը, և Իրաքյան պատերազմը:

ՆԱՏՕ-ի հումանիտար միջամտությունը Կոսովոյում

Արդյունքները քննելու համար կարճ պատմական անդրադարձ կատարենք Կոսովոյի իրադարձություններին: 1989 թ. Կոսովոյի երկրամասի էթնիկ ալբանացիների առաջնորդը խաղաղ ցույց է նախաձեռնում Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի՝ Կոսովոյի սահմանադրական ինքնավարությունը վերացնելու որոշման դեմ բողոք արտահայտելու նպատակով: Միլոշևիչը և Կոսովոյի սերբական փոքրամասնությունը չէին հանդուրժում այն փաստը, որ մուսուլման ալբանացիները ժողովրդագրական առումով գերիշխում էին սերբերի համար «սուրբ» համարվող տարածքում: Արդեն 1996 թվականին կազմավորվում է Կոսովոյի ազատագրության բանակը (ԿԱԲ), և հետագա երկու տարիների ընթացքում անկանոն հարձակումներ են սկսվում սերբական ոստիկանության ու քաղաքական գործիչների դեմ: Այնուհետև սերբական ոստիկանությունը և Հարավսլավիայի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել երկրամասի նկատմամբ, և նրանց գործած դաժանությունները փախստականների ալիք են առաջացնում, ինչն էլ հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը:8 Քեվին Նյուտոնը կարծում է, որ Կոսովոյի դեպքերը էթնիկ զտման առաջին դեպքերից են: Նա հիշատակում է 250 հազար կոսովացի ալբանացիների արտաքսումն ու 30 հազար բնակիչներին անապաստան թողնելը:9 Սա, մեր կարծիքով, կողմնակալ մոտեցում է, քանի որ անտեսվում է ԿԱԲ-ի գործած հանցանքները և, ընդհանրապես, եվրոպացի հեղինակների աշխատություններում գերիշխում է այդ կողմնակալ մոտեցումը, ինչը մենք համարում ենք արևմտաեվրոպական երկրների և ԱՄՆ-ի իրականացրած ինտերվենցիան արդարացնելու միջոց:

Ճգնաժամի հարցով սկզբում զբաղվում էր ՄԱԿ-ի ԱԽ-ը, սակայն նրան չհաջողվեց համաձայնության գալ ռազմական արձագանքի հարցում: № 1199 (1998) բանաձևը մի շարք պահանջներ էր ներկայացնում Հարավսլավիային և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում նախատեսում քննարկել հետագա գործողությունները և հավելյալ միջոցներ ձեռնարկել խաղաղության վերականգնման և պահպանման համար:10 Սակայն իրավիճակն ավելի է սրվում, և 1998 թ. մարտին Հյուսիսատլանտյան խորհուրդը հանդիպում է արտգործնախարարների մակարդակով ու մշակում գործողությունների իր սկզբունքները, այն է՝ կոնֆլիկտի կարգավորմանն աջակցել՝ մասնակցելով միջազգային հանրության ձեռնարկած գործողություններին և կայունություն ստեղծել հարևան երկրներում՝ հատկապես Ալբանիայում և նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիայում: 1999 թ. մարտից հունիս ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ն ռմբակոծություն է սկսում Հարավսլավիայի դեմ:11

Կոսովոյի խնդիրը լարվածություն առաջացրեց ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերություններում: Արևմտյան քաղաքական գործիչները քննադատում էին Ռուսաստանին ՆԱՏՕ-ին չաջակցելու համար և պահանջում պատժամիջոցներ կիրառել նրա դեմ: 1999 թ., երբ ակնհայտ դարձավ, որ օտարերկրյա զորքերի տեղակայումը Կոսովոյում անխուսափելի է, ռուսական կառավարությունը սերբական ղեկավարության խնդրանքով և ՆԱՏՕ-ի հրամանատարության հրավերով համաձայնեց զորախումբ ուղարկել բազմազգ ուժերի կազմում հանդես գալու համար, սակայն այն տեղակայվելու էր Կոսովոյում` սերբերի կոմպակտ բնակության վայրերում, նրանց պաշտպանության համար:12

Ֆ. Թեսոնը համարում է, որ ՆԱՏՕ-ն որևէ նյութական կամ ռազմավարական շահ չուներ Կոսովոյում, և որ նրա գործողությունների շարժառիթները միայն մարդասիրական էին՝ մեջբերելով Չեխիայի նախկին նախագահ Վ. Հավելի խոսքերը, ով հայտարարել էր, որ «եթե որևէ պատերազմ կարելի է բարոյական անվանել, ապա դա այս պատերազմն է»: Թեսոնը դրական է գնահատում ՆԱՏՕ-ի գործողությունները և փաստում, որ դրանք հիմնականում որևէ միջազգային կազմակերպության կամ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության կողմից չեն քննադատվել, և որ շատերին միայն անհանգստացնում էր այն փաստը, որ ՆԱՏՕ-ին չէր հաջողվել ստանալ ԱԽ-ի թույլտվությունը: Ըստ նրա` Կոսովոյի դեպքը հումանիտար ինտերվենցիայի սովորութային իրավունքի ձևավորման առաջին քայլն էր:13 Սակայն կան նաև հակառակ կարծիքներ, որ Բելգրադը էթնիկ զտումներ է սկսել ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից հետո, ուստի պետք է դիտարկել նաև հակառակ խմբավորման՝ այս դեպքում ռուսական հեղինակների կարծիքներն ու գնահատականները:

Ոչ միայն ռուսական մամուլում, այլև ընհանրապես, շատ է խոսվում այն մասին, որ ՆԱՏՕ-ի գործողություններն անօրինական էին, քանի որ թույլատրված չէին ԱԽ-ի կողմից: Դրանց արդյունքները, սակայն, նույն տարում հաստատվեցին և հավանության արժանացան ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: Ինչպես ռուսական մի կայք է փաստում, ՌԴ-ն դեմ էր արտահայտվում Կոսովոյում ինտերվենցիայի գաղափարին և Սերբիային հումանիտար ու տնտեսական օգնություն էր տրամադրում: Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրները «հումանիտար նպատակներ» են հետապնդում և շահարկում դրանք, այլ հարց է, թե ով ում է ցանկանում օգնել և ինչու: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական շահերն այս ամենի մեջ երկրորդական տեղ չեն զբաղեցնում, և մարդասիրական նպատակներով որևէ երկրում հաստատվելը արարքի արդարացման լավագույն տարբերակն է:

Մայքլ Քոլոնը, խոսելով ՆԱՏՕ-ի կատարած ինտերվենցիայի մասին, առանձնացնում է երեք պատճառ՝ Մոսկվային՝ Եվրոպայում վերջին դաշնակցից զրկելը, դեպի Միջերկրական ծով Ռուսաստանի համար մուտքի արգելք ստեղծելը և նրա նվաստացումը միջազգային հարթակում:14

2000 թվականին Ռուանդայի և Հարավսլավիայի դեպքերից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը իր զեկույցում հարց էր առաջադրում, թե ինչպե՞ս պետք է արձագանքել Ռուանդայում և Սրեբրենիցայում մարդու իրավունքների խախտումներին, որոնք հակասում են համայն մարդկության բոլոր պատգամներին, եթե հումանիտար ինտերվենցիան իրականում անընդունելի ոտնձգություն է պետական ինքնիշխանության նկատմամբ: «Պաշտպանելու պատասխանատվություն» արտահայտությունը (responsibility to protect) առաջին անգամ օգտագործվել է Ինտերվենցիայի և պետական ինքնիշխանության հարցերով Միջազգային հանձնաժողովի զեկույցում՝ ի պատասխան Ք. Անանի հռետորական հարցին: Զեկույցում խոսվում է այն մասին, որ ինքնիշխանությունը պետությանը միայն իր գործերը վերահսկելու իրավունք չի տալիս, այլև՝ պատասխանատվություն՝ պաշտպանելու իր սահմանների շրջանակում ապրող մարդկանց: Զեկույցում առաջարկվում էր, որ եթե պետությանը չի հաջողվում պաշտպանել իր մարդկանց ունակության կամ ցանկության բացակայության պատճառով, ապա պատասխանատվությունը փոխանցվում է միջազգային հանրությանը:15 Կրկին անորոշ հայտարարություն ենք տեսնում, որը թույլ կտա ուժեղին գործելու իր սեփական հայեցողությամբ և միջազգային իրավունքը մեկնաբանել իր ցանկացած ձևով:

2003 թ. Իրաքյան պատերազմը

Քանի որ Կոսովոյի դեպքերը անմիջականորեն կապված էին Սառը պատերազմի ավարտի հետ, որը մի շարք սառեցված հակամարտությունների թեժացման պատճառ էր դարձել, կարելի է ևս մեկ օրինակ դիտարկել արդեն հետսառըպատերազմյան ժամանակաշրջանից, որոնցից բավական հիշարժան է Իրաքյան պատերազմը: Առաջին անգամ Իրաքում ռեժիմի հնարավոր փոփոխության մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը 2002 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, որում խոսվում էր Ս. Հուսեյնի կողմից «լուրջ սպառնալիքի» (զանգվածային ոչնչացման զենքի) մասին: Հանրությանն ուղղված ուղերձում նախագահ Բուշը օգտագործեց «չարի առանցք» արտահայտությունը, որում Իրանի և ԿԺԴՀ-ի հետ մեկտեղ նշվում էր նաև Իրաքը: Նույն թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի Սենատը հավանության արժանացրեց ռազմական ծախսերի ավելացման մասին օրենքի նախագիծը, որն աննախադեպ չափերի էր հասնում, իսկ Բուշը ստորագրեց Կոնգրեսի բանաձևը, որն ուժի կիրառում էր թույլատրում Հուսեյնի դեմ: Արդեն 2003 թվականի մարտի 20-ին ամերիկա-բրիտանական զորքերը առանց ՄԱԿ-ի թույլտվության ռազմական գործողություններ սկսեցին Իրաքի դեմ, որոնց ընթացքում Իրաքի խոշորագույն քաղաքները՝ Քիրքուքն ու Մոսուլը, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադը գրավվեցին: Ռազմական գործողությունները տևեցին մինչև մայիս և «Իրաքի ազատություն» անվանումը ստացան: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրաքում 1 մլն խաղաղ բնակչություն է զոհվել:16 Վերջին փաստը մտածելու տեղիք է տալիս, թե արդյո՞ք իրաքյան ինտերվենցիան կարող է հումանիտար կոչվել, քանի որ այդ միջամտությունից հետո էլ կրոնական հողի վրա բախումներ սկսվեցին Իրաքի բնակչության միջև, որոնք բազմաթիվ արյունահեղությունների ու անմեղ քաղաքացիների մահվան պատճառ դարձան:

Բեն Մաքեյը Իրաքի պատերազմի երեք հիմնական փաստարկ է նշում՝ զանգվածային ոչնչացման զենքի տիրապետման պատճառով Սադդամ Հուսեյնից սպառնալիքի առկայություն, կասկած, որ Իրաքի ռեժիմը կապ ունի ահաբեկչական խմբավորումների՝ մասնավորապես Ալ-Քաիդայի հետ և կարծիք, որ Իրաքի պատերազմն արդարացված էր, քանի որ այն փրկեց Իրաքի բնակչությանը Հուսեյնի կողմից մարդու իրավունքների խախտումից ու շահագործումից: Վերջին փաստարկն արտահայտում է այն միտքը, որ Իրաքյան պատերազմը իսկապես հումանիտար ինտերվենցիայի օրինակ էր, որի նպատակն Իրաքի քաղաքացիների իրավունքների պատշպանությունն էր:17 Սակայն ի՞նչ իրավունքների պաշտպանության մասին կարելի է խոսել, եթե արյունահեղությունները շարունակվեցին միջամտությունից հետո, իսկ զանգվածային ոչնչացման զենքի առկայությունն ու ահաբեկչական խմբավորումների հետ կապերն այդպես էլ չապացուցվեցին: Նույն Քոլին Փուելը տարիներ անց հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ ստացված տեղեկատվության որոշ մասը սխալ է եղել:18

Պատմաբան Վ. Պետրոսյանը նշում է, որ Իրաքյան պատերազմը ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր քաղաքականության առաջին գործնական կիրառումն էր (այդ քաղաքականությունը հայտնի է «Բուշի հայեցակարգ» անունով): Այդ հայեցակարգի հիմքում դրվեց կանխակալության (preemption) սկզբունքը և ազգակերտման գաղափարը (nation-building): Գիտնականի սահմանման համաձայն՝ «կանխակալումը նախապես կատարված ուժային գործողությունն է և նրանից բխող ձեռքբերումը»:19 Հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է ԱՄՆ-ը իրենից կիլոմետրերով հեռու մի երկրում փորձում ազգ կամ պետություն կերտել: Որքան էլ բարձր ամբիոններից ամերիկյան գործիչները հայտարարեն մարդասիրական նպատակների, ահաբեկչության դեմ պայքարի և այլ «վեհ գաղափարների» մասին, մի բան պարզ է բոլորիս. եթե չլինեին իրաքյան նավթային ռեսուրսները, Իրանին մոտ գտնվելու և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում գտնվելու հանգամանքը, դժվար թե ԱՄՆ-ը իր զինվորների կյանքը վտանգեր ու ֆինանսական ռեսուրսներ ներդներ այդ պատերազմում:

Գիտական և մասնագիտական տեսակետներ

Այժմ ուսումնասիրենք գիտնականների տեսակետները ինտերվենցիաների օրինականության առնչությամբ: Լ. Պինժոն և Վ. Օբենլանդը «Ու՞մ անունից» աշխատության մեջ հիշատակում են գաղութացման ժամանակաշրջանում եվրոպական կառավարությունների ցինիկ պնդումները «սպիտակ մարդու առաքելության» և քաղաքակրթման պարտավորությունների մասին և կարծում, որ բարոյական արժեքների արծարծումը շարունակում է մնալ գերտերությունների քաղաքական դիսկուրսում, և որ այսօրվա հումանիտար ինտերվենցիան այդ հնագույն ավանդույթի շարունակությունն է: Նրանք շատ դիպուկ հիշատակում են Հիտլերի մասին, որը ևս իր ռազմական նվաճումները փորձում էր արդարացնել Ավստրիայում և Չեխոսլովակիայում ապրող գերմանացի փոքրամասնության «ինքնորոշման իրավունքի» պատրվակով: Հեղինակները կոնֆիլկտի երեք փուլ են առանձնացնում՝ վեճ – զինված միջպետական վեճ ” պատերազմ: Նրանք կարծում են, որ ինտերվենցիա կատարող պետությունների համար մարդու իրավունքների խախտումը casus belli է հանդիսանում, և որ ՆԱՏՕ-ի առաջնորդները կարող էին հանդարտեցնել կոնֆլիկտը, մինչ այն կվերածվեր լայնամասշտաբ պատերազմի:20 Ս. Քոդին էլ գտնում է, որ «հոգ տանելու» նպատակով ռազմական ուժի կիրառման երևույթը նոր չէ և բնորոշ չէ միայն Սառը պատերազմի ավարտին հաջորդած շրջանին: Նա խոսում է 1899 թվականին Ֆիլիպինների բռնակցման մասին, երբ ԱՄՆ նախագահ Ու. Մքքինլին հայտարարում էր, որ իրենք չեն կարող կղզին վերադարձնել իրենց առևտրային հակառակորդներին՝ Գերմանիային կամ Ֆրանսիային, ոչ էլ առավել ևս Իսպանիային, քանի որ դա վարկաբեկող քայլ և վախկոտության նշան կլիներ: Նրանք չէին կարող նաև Ֆիլիպինների բնակչությանը թույլ տալ ինքնակառավարվել, ուստի ոչինչ չէր մնում, քան «նրանց մասին հոգ տանելն ու քրիստոնյա դարձնելը»: Հեղինակը հետաքրքիր փաստ է արձանագրում, որ այդ նույն առաջնորդները դժկամություն ցուցաբերեցին ուժ գործադրելու հարցում, Ռուանդայի կոտորածների, Բոսնիական ճգնաժամի և Չեչնիայի դեպքերի ժամանակ: Քոդիի եզրահանգումներից է նաև, որ ԱԽ-ը արդյունավետ մեխանիզմ չէ արդարության վերականգնման համար, քանի որ այն ուժեղ պետությունները, որոնց շահերին հակասում է դա, կարող են վետո կիրառել որոշման դեմ:21

Յան Հուրդը կարծում է, որ հումանիտար ինտերվենցիան հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, սակայն պետությունների պրակտիկայում դրա կիրառումը այն օրինական է դարձրել որոշակի հանգամանքներում: Հեղինակը ապացուցում է, որ հումանիտար ինտերվենցիան օրինականության և անօրինականության սահմանագծում է, այնտեղ, որտեղ գործնական յուրաքանչյուր օրինակ կարող է հավասարապես միջազգային իրավունքին համապատասխան կամ անհամապատասխան համարվել:22

Եզրակացություն

Ամեն դեպքում, ինտերվենցիան, խմբավորման թե միայնակ պետության կողմից իրականացված, ռեսուրսներ և ազդեցիկություն է պահանջում և ուժեղ լինելու դրսևորում է. դժվար թե որևէ փոքր երկիր՝ փոքր՝ բոլոր չափանիշներով (տարածք, բնակչություն, տնտեսություն և այլն), մի օր միայնակ հումանիտար ինտերվենցիա կատարի, ասենք` Աֆրիկյան որևէ պետությունում, որովհետև, որքան էլ խոսենք մարդու իրավունքների պաշտպանությունից, եթե պետությունը կոնկրետ շահեր և նպատակներ չունի այն երկրում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, դժվար թե իր վրա  վերցնի հումանիտար ինտերվենցիա կատարելու առաքելությունը, որը ֆինանսներ և մարդկային զոհեր է պահանջում: Բացառություն կարող են կազմել որևէ դաշինքի կազմում ջոկատների մասնակցությունը հեղինակություն ձեռքբերելու և համագործակցելու նպատակներով, ինչպես Հայաստանի ջոկատների մասնակցությունն է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: Սակայն միայնակ ներխուժելու կամ միջամտելու երևույթը, մեր կարծիքով, մեծ պետությունների կամ գերտերությունների մենաշնորհն է, որով նրանք փորձում են աշխարհում վերահաստատել իրենց ազդեցությունը, ևս մեկ անգամ ապացուցել ուժն ու հզորությունը, վաստակել խաղաղարարի համբավ, հեղինակություն, ինչպես նաև հենակետեր ձեռք բերել կոնկրետ երկրներում՝ տիրանալով ռեսուրսների և զբաղեցնելով աշխարհաստրատեգիական հարմարավետ դիրքեր:


1 http://watson.brown.edu/costsofwar/costs/human/civilians/iraqi

http://www.reuters.com/article/us-iraq- war-anniversary- idUSBRE92D0PG20130314

Кулагин В.М “Политико-правовое измерение международных отношений и мировой политики”,2004, стр. 182,

Coady, C. A. J. The Ethics of Armed Humanitarian Intervention. Washington, DC : United States Institute of Peeace, 2002.

http://www.un.org/en/sc/repertoire/principles.shtml.

http://www.un.org/en/sections/un-charter/chapter- i/index.html.

http://www.un.org/en/sections/un-charter/chapter- vii/.

http://www.britannica.com/event/Kosovo-conflict.

http://study.com/academy/lesson/the-kosovo- war-causes- timeline-nato- involvement.html.

10 Tesón, Fernando R. No 2, s.l. : amsterdamlawforum, VU University Amsterdam, 2009, Vol. Vol 1.

11 http://www.nato.int/kosovo/history.htm.

12 http://www.diphis.ru/konflikt_v_serbskom_krae_kosovo_i_vtoraya_int-a1541.html. Конфликт в сербском крае Косово и вторая интервенция НАТО на Балканах

13 Tesón, Fernando R. No 2, s.l. : amsterdamlawforum, VU University Amsterdam, 2009, Vol. Vol 1.

14 Michel Collon, Solidaire. [Online] 03 31, 1999. http://psyfactor.org/ugoslavia1.htm.

15 http://www.un.org/en/preventgenocide/rwanda/about/bgresponsibility.shtml.

16 http://ria.ru/politics/20090320/165480935.html

17 The 2003 Iraq War: Was it a humanitarian intervention? Mackay, Ben. Issue 5: Middle East, 03 14, 2013, Canvas.

18 http://www.aljazeera.com/news/americas/2011/09/20119116916873488.html

19 Պետրոսյան Վահրամ, Պատմություն, էջ 115-124.

20 Lou Pingeo, t Wolfgang Obenland. In Whose Name? [ed.] James Hare Jens Martens. s.l. : Global Policy Forum, 2014.

21 Coady, C. A. J. The Ethics of Armed Humanitarian Intervention. Washington, DC : United States Institute of Peeace, 2002.

22 Hurd, Ian. Is Humanitarian Intervention legal? The rule of law in an incoherent world. s.l. : Carnegie Coucil on ethics of internaitonal affairs, 2011.


Օգտագործած գրականության ցանկ

  1. un.org. [Online] [Cited: 04 5, 2016.] http://www.un.org/en/sc/repertoire/principles.shtml.
  2. http://www.un.org/en/sections/un-charter/chapter. www.un.org. [Online] [Cited: 05 4, 2016.]  http://www.un.org/en/sections/un-charter/chapter- i/index.html.
  3. [Online] [Cited: 04 4, 2016.] http://www.un.org/en/sections/un-charter/chapter- vii/.
  4. The Humanitarian Interventions of the UN. Golebiewski, Daniel. August 25, 2013, The Politic.
  5. Britannica, The Editors of Encyclopædia. [Online] http://www.britannica.com/event/Kosovo- conflict.
  6. Newton, Kevin. [Online] http://study.com/academy/lesson/the-kosovo- war-causes- timeline-nato- involvement.html.
  7. Tesón, Fernando R. No 2, s.l. : amsterdamlawforum, VU University Amsterdam, 2009, Vol. Vol 1.
  8. [Online] 07 15, 1999. http://www.nato.int/kosovo/history.htm.
  9. Конфликт в сербском крае Косово и вторая интервенция НАТО на Балканах. [Online] http://www.diphis.ru/konflikt_v_serbskom_krae_kosovo_i_vtoraya_int-a1541.html.
  10. Michel Collon, Solidaire. [Online] 03 31, 1999. http://psyfactor.org/ugoslavia1.htm.
  11. [Online] [Cited: 04 6, 2016.] http://www.un.org/en/preventgenocide/rwanda/about/bgresponsibility.shtml
  12. The 2003 Iraq War: Was it a humanitarian intervention? Mackay, Ben. Issue 5: Middle East, 03 14, 2013, Canvas.
  13. http://ria.ru/politics/20090320/165480935.html Военная операция США против Ирака в 2003 году
  14. Պետրոսյան Վահրամ, Պատմություն, էջ 115-124:
  15. Lou Pingeo, t Wolfgang Obenland. In Whose Name? [ed.] James Hare Jens Martens. s.l. : Global Policy Forum, 2014.
  16. Coady, C. A. J. The Ethics of Armed Humanitarian Intervention. Washington, DC : United States Institute of Peeace, 2002.
  17. Hurd, Ian. Is Humanitarian Intervention legal? The rule of law in an incoherent world. s.l. : Carnegie Coucil on ethics of internaitonal affairs, 2011.
  18.  https://www.youtube.com/watch?v=ErlDSJHRVMA
  19.  http://www.aljazeera.com/news/americas/2011/09/20119116916873488.html
  20.  http://watson.brown.edu/costsofwar/costs/human/civilians/iraqi
  21.  http://www.reuters.com/article/us-iraq- war-anniversary- idUSBRE92D0PG20130314


Հեղինակ՝ Ծովինար Հայրապետյան (Tsovinar Hayrapetyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են