06.07.2019թ.-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության լայն շրջանակներում։ Պատճառը դրա մասշտաբային լինելն էր (մասնակից 3 տրանսպորտային միջոց, 11 վիրավոր, 6 զոհ)։
Այս վթարը մեկն է հանրապետությունում տեղի ունեցող բազմաթիվ դեպքերից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին տարիներին բավականին աճել է վթարների թիվը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2008-2018թթ.-ին վթարների թիվը ՀՀ-ում կրկնապատկվել է՝ հասնելով 4145-ի։ Վթարների քանակի նման աճը պայմանավորված է մի քանի գործոնով։
- Մեքենաների մեծ քանակ ” Թեև Հայաստանում ավտոմեքենաների հստակ թիվը հայտնի չէ, քանի որ լիազոր մարմինները այդ թիվը չեն տրամադրում, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ավտոապահովագրողների բյուրոյի ներկայացրած վիճակագրական տվյալները, կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե որքան մեքենա կա մեր երկրում։ Համաձայն այդ տվյալների՝ 2019թ․-ի հունվարի 1-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների թիվը կազմել է 535․000, ինչը մոտ 50․000-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հետևելով վիճակագրությանը՝ հասկանալի է դառնում, որ տարեցտարի այս թիվը շարունակում և շարունակելու է աճել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը փոքր է, մեքենաների քանակի նման և շարունակական աճը բերում է վթարների և խցանումների ավելացման։
- Աջ ղեկով մեքենաների ներմուծում – Ըստ վիճակագրության՝ մեծ թվով վթարների պատճառ են աջ ղեկով մեքենաները։ 2015-2018 թթ. աջ ղեկով ամեն յոթերորդ մեքենայի մեղավորությամբ ամենաքիչը մեկ վթար է գրանցվել, իսկ ձախ ղեկովների դեպքում՝ ամեն 12-րդի դեպքում։ Սրա պատճառն այն է, որ մեր ճանապարհները հարմարեցված չեն աջ ղեկով մեքենաների օգտագործմանը։ Այս խնդրին լուծում տալու համար Կառավարությունը մշակել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
- Ճանապարհային երթևեկության օրենքների խախտումներ ” Ֆեյսբուքյան «Մի՛ արեք այսպես» խմբում օգտատերերն ամեն օր հրապարակումներ են կատարում երթևեկության օրենքների խախտումների վերաբերյալ։ ՃՏՊ դեպքերը հենց այդ օրենքների խախտումների արդյունքն են։ Խախտումների նվազեցման համար սահմանված են տուգանքներ, ու գործում են տեսանկարահանող սարքեր և արագաչափեր։ «Թավշյա հեղափոխություն»-ից հետո ԱԺ-ն ընդունեց տուգանքների մի մասի համաներման օրինագիծ, բացի այդ՝ որոշ արագաչափերի աշխատանքը կասեցվեց, ինչը հանգեցրեց հասարակության կողմից ՃՏՊ-ների քանակի աճի ու դժգոհությունների, որը նաև փաստում էր, որ ՃՈ աշխատակիցներն ուղղակիորեն չեն կատարում իրենց պարտականությունները՝ դրանով նպաստելով վթարների աճին։ Սակայն պետք է փաստենք, որ առանց համաներման կիրառման էլ վարորդների կողմից թույլ տրված խախտումները միշտ շատ են եղել։ Պատճառներից մեկը վարորդական իրավունքի վկայականի համեմատաբար հեշտ ձեռքբերումն է, ինչը թույլ է տալիս դեռևս անպատրաստ անձին մեքենա վարել՝ վտանգելով ուրիշների կյանքը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց 2018 թվականի հունվարին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել էին մեքենան ոչ սթափ վիճակում վարող 498 վարորդի, այդ թիվը հասնում է 591-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 93-ով ավելի։ Նման պատկերը հաշվի առնելով՝ վարորդներին ավելի օրինապահ դարձնելու համար ոստիկանությունը նախագիծ է մշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ, ըստ որի վարորդների իրավախախտումների համար ներդրվում է 9 բալանոց համակարգ։ Խախտում իրականացնելը 9 բալից հանում է միավորներ, ինչը հանգեցնում է վարորդական իրավունքի վկայականից զրկվելուն, նույնիսկ վարորդի կալանավորման։ Օրենքը ուժի մեջ է մտնելու 6 ամիս անց։
Քաղաքապետարանը ևս փորձում է աջակցել խախտումների կրճատման խնդրի լուծմանը։ Վերջերս քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկեց Երևանում կրճատել երթևեկության արագության շեմը՝ 60 կմ/ժ-ից դարձնելով 50 կմ/ժ, ինչը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց։
Բացի վերը նշված մի շարք հանգամանքներից՝ կարևոր է նաև անդրադառնալ ապահովագրական ոլորտին, որը օրենքով սահմանված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում հոգում է վթարների արդյունքում առաջացած գույքային և անձնական վնասները։ Բնականաբար վթարների նման քանակի և մասշտաբների աճը չի կարող դրական անդրադառնալ ՀՀ-ում գործող 6 ապահովագրական ընկերությունների գործունեության վրա, որոնք ստիպված են լինում փոխհատուցման հսկայական չափեր վճարել տուժած կողմերին։ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի և Կենտրոնական բանկի կողմից ներդրվել է բոնուս-մալուսային համակարգ, որն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների, զեղչերի և հավելավճարների հաշվարկն է՝ պայմանավորված ապահովադրի ապահովագրական պատմությամբ։ Այսինքն՝ կախված նրանից, թե քանի վթար է ունեցել ապահովադիրը իր մեղավորությամբ, որոշվում է ԱՊՊԱ պայմանագրի արժեքը։ Ըստ բոնուս-մալուսային համակարգի՝ եթե ապահովադիրը գտնվում է ամենառիսկային խմբում, ապա պայմանագրի համար ստիպված է վճարել 150%-ով ավել ապահովագրավճար։ Սա, իհարկե, որոշ չափով ազդում է վարորդների՝ վթար չունենալու մոտիվացիայի վրա, սակայն ապահովագրական ընկերությունների համար ձեռնտու չէ նման ռիսկային անձի հետ կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ որպես լուծում առաջարկում ենք բարձր ռիսկային խմբի համար արգելել ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի կնքումը։ Նման դեպքերում, երբ պատճառված վնասի փոխհատուցման ամբողջ պատասխանատվությունը կրի մեքենայի սեփականատերը կամ վարորդը, նա իսկապես շահագրգռված կլինի զգույշ վարել մեքենան՝ պահպանելով երթևեկության կանոնները։
Ղեկին նստելուց առաջ կարևոր է այն փաստի գիտակցումը, որ քո վարելուց կախված է ոչ միայն քո, այլև առհասարակ քեզ շրջապատող անձանց անվտանգությունը։
Հեղինակ՝ Աննա Մինասարյան (Anna Minasaryan): ©Բոլոր իրավունքները պաշտպանված են