50 տարի առաջ՝ 1969թ. օգոստոսի 15-18 -ը, Վուդսթոքում` Նյու Յորք նահանգում, տեղի ունեցավ երաժշտական փառատոն՝ «Երաժշտության և արվեստների տոնավաճառ»-ը կամ պարզապես Վուդսթոքը: Եվ սա 20-րդ դարի մշակույթի պատմության ամենախոշոր իրադարձություններից մեկն էր:
Սա վերջին խոշոր հիպի փառատոնն էր՝ 1967-ի սիրային ամառվանից հետո, և սա այն տարին էր, երբ ռոք երաժշտությունը վերջապես դադարեց լինել պարզ, և պսիխոդելիկ իմպրովիզացիաները դարձան միտում առաջիկա մի քանի տարիների համար: Արդեն իսկ հայտնի մի շարք երաժիշտների համար Վուդսթոքը դարձավ հիանալի հնարավորություն` չնայած կազմակերպչական խնդիրներին:
Փառատոնին մասնակցում էր շուրջ 500 հազար մարդ, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանէ նախատեսվում էր վաճառել ոչ ավելի, քան 150 հազար տոմս: Սովորաբար 1960-ականների վերջին նորմալ ռոք-փառատոնները հավաքում էին 7-10 հազար մարդ:
Շաբաթ միջօրեից մինչ երկուշաբթի առավոտ խմբերն ու անհատ կատարողները շուրջօրյա ելույթ էին ունենում գրեթե առանց դադարների: Որոշները, մասնավորապես The Doors-ը, հրաժարվեցին մասնակցել, ինչի համար հետագայում բավականին զղջացին:
Այս փառատոնն անհրաժեշտ էր հսկայական թվով մարդկանց համախմբվելու համար: Երեք տարիների ընթացքում, երբ հիպի մշակույթը մասսայական դարձավ, աշխարհում շատ բան փոխվեց:
ԱՄՆ-ում ամենուր բողոքի ցույցեր էին տեղի ունենում Վիետնամի պատերազմի դեմ, առնվազն 125 քաղաքներում ցույցեր ռասայական խտրականության դեմ, և դրանցից շատերն ավարտվում էին ոստիկանության հետ բախումներով:
Երաժշտության այդ երեք օրերը հիշում են արդեն մի քանի սերունդներ: Վուդստոքի խորհրդանշանը ամենատարբեր ապրանքների վրա կազմակերպիչներին տարեկան 20 միլիոն դոլար եկամուտ ապահովեց:
Փառատոնին մասնակից երաժիշտների և երաժշտական խմբերի ցանկում էին՝ Ջոան Բաեզ (Joan Baez), Թիմ Հարդին (Tim Hardin), Ռավի Շանկար (Ravi Shankar), Ջիմի Հենդրիքս (Jimi Hendrix), Ջանիս Ջոփլին (Janis Joplin), Ջո Քոքեր (Joe Cocker), Incredible String Band, Jefferson Airplane, The Who, Crosby, Stills & Nash (&Young), Santana, The Band, Ten Years After, Mountain, Melanie, Sha-Na-Na, John Sebastian, Country Joe and the Fish և այլք:
Ջոան Բաեզը և Վուդսթոքը
Երաժիշտներից Ջոան Բաեզը 1969 -ին հայտնի էր իբրև երաժիշտ, իրավապաշտպան և «պետության թշնամի»: Ի նշան ԱՄՆ-ի ռազմական քաղաքականության դեմ բողոքի, հայտարարեց, որ չի վճարելու հարկերը:
1960-ականների սկզբից Բաեզը ձայնագրեց մի քանի հաջող ֆոլկ-ալբոմ, բայց ընդհանուր առմամբ նրա համար Վուդսթոքի բեմը քաղաքական թեմատիկայով խոսելու ևս մեկ միջոց էր:
Նա պաշտպանում էր սևամորթների իրավունքները և անցկացնում շրջագայություններ նահանգներում, որոնք այդ տարիներին ռասիստական էին համարվում: Նա պահանջում էր, որ այդ նահանգներում իր համերգները հասանելի լինեն սպիտակամորթներին և սևամորթներին հավասարապես: Բաեզը ստեղծեց նաև բարեգործական հիմնադրամ և Բռնության խնդրի ուսումնասիրության ինստիտուտ:
1969 թվականին նրա ձայնապնակներն արգելվել էին ամերիկյան զինվորական խանութներում:
Վուդսթոքի առաջին օրը նա ավարտեց 13 երգերի շարքով՝ ակուստիկ կիթառի ուղեկցությամբ: Արդեն բավականին ուշ էր և ներկաները նրա երգերի ընթացքում մոմեր վառեցին: Ենթադրվում է, որ այս ավանդույթը հենց Վուդսթոքում է ի հայտ եկել:
Իր ելույթն ամփոփեց We Shall Overcome (Մենք պետք է հաղթահարենք) երգով, որը Բաեզի ամենակարևոր երգերից է:
2015-ին Կոնգրեսի գրադարանն այն անվանեց «Քսաներորդ դարի ամենահզոր երգը»:
Վուդսթոքը դարձավ 1960-ականների ամենամեծ փառատոնը:
Վուդսթոքից հետո Բաեզը երկու տասնամյակ մնաց Միացյալ Նահանգների հիմնական քաղաքացիական ակտիվիստներից մեկը: Նա ելույթ էր ունենում աշխարհի շատ երկրներում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ:
1978-ին ԽՍՀՄ-ում նրա համերգը չեղյալ հայտարարվեց`առանց որևէ պատճառաբանության, բայց Բաեզը ժամանեց և հանդիպեց այլախոհներերի հետ, մասնավորապես՝ Անդրեյ Սախարովի և Ելենա Բոնների:
1970 թվականին լույս տեսավ «Վուդսթոք. Խաղաղության և երաժշտության երեք օր» (Woodstock. 3 Days of Peace & Music) վավերագրական ֆիլմը, որը մեկ տարի անց Օսկարի արժանացավ: