Թրամփն ասում է, որ աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, իսկ Բոլթոնն ասում է, որ «առաջարկել է հրաժարական տալ»
Նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ ասելով, որ «Բոլթոնը կտրականապես համաձայն չէր նրա առաջարկներից շատերի հետ»:
Րոպեներ անց Բոլթոնն իր թվիթերյան էջում գրել է, որ երկուշաբթի երեկոյան Թրամփն իրեն «առաջարկել է հրաժարական տալ», և որ ասել է.«Եկեք վաղը խոսենք այդ մասին»:
«Ես առաջարկել էի պաշտոնաթող լինել նախորդ գիշերը»: Նա երբեք չի խնդրել այս մասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն», հայտնել է Բոլթոնը NBC News-ին:
«Ես ծանրութեթև արեցի և այսօր առավոտյան հրաժարական տվեցի»:
Այնուամենայնիվ, Բոլթոնի՝ Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերում այդպիսի ագրեսիվ քաղաքականության հովանավորի հեռանալը ցնցել է Վաշինգտոնը: Արդյունքում՝ ընկան նաև հում նավթի ֆյուչերսների գները: [1]
NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան խոսնակին, նշում է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Չարլզ Կուպբերմանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար:
Բոլթոնը, որը 2018 թվականի մարտից նշանակվել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ հաջորդելով ՄքՄասթերին[2], Իրանի կոշտ քննադատն է եղել և պաշտպանել է նավթով հարուստ այս երկրի նկատմամբ ռազմական հարվածները:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշամը CNBC-ի այն հարցին, թե արդյո՞ք Քեմփ Դեյվիդում Աֆղանստանի թալիբներին հանդիպելու և խաղաղության բանակցություններ վարելու Թրամփի հրավերը շրջադարձային է եղել Բոլթոնի հետ նրա հարաբերություններում, պատասխանել է. «Ոչ, կային բազում, բազում հարցեր»:
«Անցյալ գիշեր ես տեղեկացրի Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չէի նրա շատ առաջարկությունների հետ, ինչպես և վարչակազմի մյուս անդամները, և, հետևաբար, ես խնդրել էի Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան», ասել է Թրամփն իր թվիթերյան հրապարակման մեջ:
«Ես շատ շնորհակալ եմ Ջոնին իր ծառայության համար: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհայտարարեմ հաջորդ շաբաթ»:
Թվիթը տեղադրվել էր Բոլթոնի՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինի հետ ճեպազրույցից մոտ 90 րոպե առաջ:[3] Բոլթոնի նախատեսված ելույթը հրապարակվել էր Սպիտակ տան կողմից, որտեղ նշված չէին եղելության իրական մանրամասները:
Մոտ 15 րոպե անց Բոլթոնը տեղադրեց այս թվիթը:
«Ես չեմ զարմանում», ժպտալով պատասխանել էր Պոմպեոն լրագրողներին ճեպազրույցի ժամանակ, երբ նրան հարցրել էին ասուլիսից առաջ Բոլթոնի ելքի մասին:
Fox News-ի հաղորդավար Բրայան Քիլմիդը եթերում ասաց, որ Բոլթոնը գրել էր իրեն. «Եկեք անկեղծ լինենք: Ես հրաժարական եմ տվել»:
Քիլմիդը հավելեց. «Եվ ես նրան հարցրեցի. «Դեմ կլինե՞ք, եթե ես դա ասեմ մեր խոսակցության ընթացքում», և նա ասաց. «Այո»:
Սպիտակ տան խոսնակի տեղակալ Հողան Գիդլին ասել է. «Նախագահը խնդրել է, որ Ջոն Բոլթոնը պաշտոնաթող լինի անցած գիշեր, և այսօր եղավ դա»:
Բոլթոնի հեռանալու մասին հայտարարության նախօրեին, Թրամփը պայթեցրել էր լրատվամիջոցները՝ պնդելով, որ լրագրողները կեղծ լուրեր են տարածում, թե իբր իր վարչակազմն իրարանցման մեջ է:
Նյու Յորքի Սենատի փոքրամասնության առաջնորդ Չուք Շումերը հայտարարել է. «Նախագահի այսօրվա գործողությունները նրա քաոսային կառավարման և ազգային անվտանգության քաղաքականության բացակայության վերջին օրինակն են»:
«Եթե դեսպան Բոլթոնի ծայրահեղ հայացքները ձեզ համար բավարար չեն, ապա Միացյալ Նահանգներն ընթանում է դեպի էլ ավելի քաոտիկ ժամանակներ»:
Էնթոնի Սքարամուչին, ով Թրամփի կառավարության ներքո (2017թ.-ին) բավականին կարճ ժամանակ անցկացրեց իբրև Սպիտակ տան հաղորդակցության բաժնի ղեկավար, թվիթերյան գրառում է կատարել. «Ոչ ոք չի գոյատևում իրական Թրամփի կառավարության ժամանակ և սա այն պատճառով, որ նա ատում է ինքն իրեն: Եթե դուք դեռ գտնվում եք Սպիտակ տանը, ապա նա գալիս է ձեր հետևից: Այո՛, սա սարսափ ֆիլմ է»:
Բոլթոնը չորրորդ մարդն էր, որը ծառայում էր Թրամփին՝ որպես Ազգային անվտանգության հարցերով խորհրդական, և նրանց մեջ ամենաերկար պաշտոնավարած անձը:
Առաջինը՝ գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլին էր, որը պաշտոնաթող եղավ ընդամենը 24 օր պաշտոնավարելուց հետո՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ հետընտրական քննարկումների բնույթի մասին փոխնախագահ Մայք Փենսին ստելուց հետո:
Հետագայում Ֆլինն իրեն մեղավոր ճանաչեց դեսպանի հետ ունեցած խոսակցությունների վերաբերյալ ՀԴԲ(FBI)-ին ստելու հարցում:
Ֆլինը երեքշաբթի օրը՝ Բոլթոնի պաշտոնաթողության մասին հայտարարությունից քիչ առաջ, Վաշինգտոնի դաշնային դատարանում էր[4]՝ այն դատական նիստին, որի ընթացքում դատավորը նրա նկատմամբ սահմանեց քրեական պատիժ մոտավորապես մինչև դեկտեմբերի 18-ը:
Երեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանի խորհրդական Հասանեդդին Ասենան թվիթերում գրել է, որ Բոլթոնի պաշտոնաթողությունը այդ երկրի դեմ Թրամփի ճնշողական արշավին Իրանի դիմակայության արդյունքն էր, և ապացույցն այն բանի, որ Իրանն ի վիճակի է «վերահսկել» ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի հարցում: