«Լավ» բռնապետության միջին տևողությունը տասը-տասնհինգ տարի է, առավելագույնը՝ քսան: Դրանից ավելի ձգվելու դեպքում այն անխուսափելիորեն վերածվում է հրեշապետության: Ու ստանում ենք մի մեծություն, որը ինքնադրսևորվում է պատերազմներ կամ ներքին տեռոր սանձազերծելով, հաճախ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը: Բնությունը, փառք Աստծո, իր գործն անում է՝ ժամանակ առ ժամանակ աջակցելով բռնապետի հակառակորդներին և որպես կանոն՝ ճիշտ պահին: Այն է՝ նախքան մեր հերոսը կմտադրվի իր անունն անմահացնել մղձավանջային որևէ ձեռնարկով: Երիտասարդ կադրերը, որոնք իրականում այնքան էլ երիտասարդ չեն, ճնշում-հրում են ներքևից՝ նրան մղելով դեպի անեղծ Քրոնոսի երկնագույն անհայտությունը: Քանզի բուրգի գագաթից հետագա ընթացքը միայն այդ ուղղությամբ է լինում: Պատահում է, և բավակական հաճախ, այնպես, որ բնությունը միայնակ է գործում՝ հաղթահարելով պետանվտանգության մարմինների ու բռնապետի անձնական բժիշկների թիմի հրեշավոր դիմադրությունը:
-Իոսիֆ Բրոդսկի | Բռնապետության մասին. 1980
Զիմբաբվեցիներից շատերը նրան անվանում են ինքնակալ և պառակտող, մինչդեռ մյուսները հիշում են նրան որպես հակագաղութային ազատագրական պայքարի շարժիչ ուժ։
«Մեր նախագահը մահացել է»,- ասաց Էռնեստ Սիբանդան՝ ի պատասխան այն լուրերի, որ Զիմբաբվեի երկարամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն մահացել է Սինգապուրում բուժում ստանալիս։
«Նա դեռ մեր նախագահն է, բայց զգացողություններս խառնվել են։ Ես ծնված օրից միշտ նրան եմ ճանաչել որպես մեր երկրի նախագահ։ Դեռ մանկուց եմ նրա մասին լավ կարծիք ունեցել, բայց երբ մեծացա, սկսեցի տեսնել, թե ինչ խառնաշփոթի մեջ է երկիրը հենց նրա պատճառով․․․ ծայրահեղ խառնաշփոթի մեջ», ” պատմում էր 35-ամյա լուսանկարիչը։
Մուգաբեն ղեկավարում էր Զիմբաբվեն 1980թ․-ի սպիտակամորթների գաղութացումից ազատագրվելուց ի վեր՝ մինչ 2017թ․-ի նոյեմբերը, երբ հեղաշրջման արդյունքում նրա իշխանությունը դեֆակտո անկում ապրեց։
Նրա երկար տարիների դաշնակից և հովանավորյալ Էմերսոն Մնանգագվան զիվորականության օգնությամբ փոխարինեց Մուգաբեին նախագահի պաշտոնում։
ZANU-PF կուսակցությունը, որն առաջնորդում էր ազատագրական շարժումն ընդդեմ սպիտակամորթների գաղութատիրական կառավարության, չեղյալ համարեց Մուգաբեի կառավարությունը և փորձեց պատասխանատվության ենթարկել նրան՝ ստիպելով հրաժարական տալ: Մուգաբեի շուրջ 40-ամյա ղեկավարության ժառանգությունը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել հասարակ զիմբաբվեցիների շրջանում։
Երկրորդ ամենախոշոր քաղաք Բուլավայոյում, որտեղ գաղութային ժամանակաշրջանում Մուգաբեն աշխատում էր որպես ուսուցիչ, մարդիկ իրենց ցավակցություններն էին հայտնում՝ ոմանք զայրույթով, ոմանք՝ տխրությամբ:
«Մենք տուժեցինք նրա կառավարման օրոք»
47-ամյա վաճառող Իսահակ Մենզանիսը Al Jazeera-ին ասել է, որ չի ցավում Մուգաբեի մահվան կապակցությամբ, նույնիսկ կարծում է, որ նա շատ ավելի վաղ պետք է մահանար։
«Մենք շատ ենք տուժել այս մարդու ղեկավարման օրոք, և հիմա ես ուրախ եմ, որ նա մահացել է։ Աստված ավելի շուտ պետք է տաներ նրան, թեպետ հիմա էլ ուշ չէ։ Չեմ կարող ասել, որ մենք նրա մահից հետո վերջնականապես ազատագրված ենք, քանի որ ZANU-PF-ն է իշխանության գլխին և ժողովրդի հետ նույն կերպ է վարվում։ Ես շատ ուրախ կլինեմ, որ նրանք բոլորն էլ (ZANU-PF) նույն կերպ հեռանան»,-ասաց նա։
Զիմբաբվեի փողոցներում մի տեսակ մռայլություն է տիրում Մուգաբեի մահվան պատճառով։ Ազատագրական պայքարում նրա ներդրումն ու կրթության հավասար հասանելիության [անկախ սեռից] ապահովումը նրա ամենանշանակալի նվաճումներից են, որոնց համար 33-ամյա վաճառողուհի Սիթհանդազիլ Դուբեն կհիշի նրան:
«Ես տխուր եմ, քանի որ մեր հայրը լքել է մեզ։ Չգիտեմ, թե այս երկրի ապագան ինչպիսին կլինի։ Նա ազատագրեց այս երկիրը, և նրա շնորհիվ ես, լինելով իգական սեռի ներկայացուցիչ, կարողացա դպրոց գնալ։ Այսօր որպես կին՝ ես կարող եմ ամուր կանգնել ոտքերիս վրա, քանի որ նա շատ բան արեց, որպեսզի կանանց և տղամարդկանց միջև հավասարություն լինի», ” պատմում էր նա Al Jazeera-ին:
Կրթությունից բացի՝ Մուգաբեն ձգտում էր մարդկանց հզորացնել, բայց հզորացման իր հակասական մոտեցումը նշանավորվեց 1990-ականների վերջին՝ Զիմբաբվեի անկումով:
1998թ․-ին պատերազմի վետերանները բողոք ներկայացրին Մուգաբեի դեմ՝ պահանջելով իրենց տուրքերը՝ ազատագրական պայքարում նշանակալից դեր ունենալու համար։ Մուգաբեն ստիպված կատարեց նրանց պահանջը: Սակայն պատերազմի վետերան Բաստեր Մենզանիսը Al Jazeera-ին պատմեց, որ «վճարումներն ընտրովի էին»:
«Դրական ներդրում»
Մենզանիսը ընդունում էր Մուգաբեի՝ որպես առաջնորդի դրական ներդրումը, բայց միաժամանակ քննադատում էր նրա կառավարման պառակտողը ոճը։
«Նա որոշ բաներ արեց երկրի բնական ռեսուրսները պաշտպանելու համար, ինչի համար նրան կարելի է մեծ մարդ համարել, բայց մենք նաև ականատես եղանք երկրում կատարվող ավտոկրատական մանիպուլյացիների։ Մուգաբեի ներքին քաղաքականությունը սխալ էր, նա կիրառում էր էթնիկ ազգայնականության քաղաքականություն (Ethnicism), մուգաբեիզմ, մի փիլիսոփայություն կամ համակարգ, երբ ընտրում էր իր մարդկանց։ Այն մարդկանց, որոնք կհետևեին նրա գաղափարներին, կընդունեին նրա հովանավորչությունը, նրա կառավարության մասը կկազմեին», ” ասում է նա։
Պատերազմի վետերաններին վճարումներն ու սպիտակամորթներին պատկանող առևտրային տնտեսությունների հափշտակումը տնտեսական ճգնաժամի և քաղաքական լարվածության պատճառ հանդիսացան։
2000-ականներին երկիրը տառապում էր հիպերինֆլյացիայից: Տեղական արժույթը կորցրել էր իր արժեքը: Տնտեսությունը տուժել էր գործազրկության պատճառով, քանի որ արդյունաբերական արտադրամասերը փակվել էին՝ չկարողանալով հաղթահարել ճգնաժամը և կոմերցիոն գյուղատնտեսության փլուզումը։
1999թ․-ին քաղաքական ընդդիմության առաջխաղացումը` Ժողովրդավարական փոփոխությունների շարժումը (MDC), որը բողոքարկել էր պետության կողմից առևտրային տնտեսությունների հափշտակումը, պետական անվտանգության ուժերի և զինյալների կողմից անողոքաբար ճնշվեց:
Չնայած նրան, որ Նգուլեկո Սիբանդան ջարդվեց Մուգաբեի կառավարության կողմից, MDC-ի խոսնակն ասում է, որ հանգուցյալ նախագահը դիմել է բռնությունների, բայց նաև փոփոխությունների նշաններ է ցույց տվել վերջինիս տապալումից հետո:
«Նախագահ Մուգաբեն իր գործունեության ամբողջ ընթացքում հանդես եկավ որպես բաժանարար գործիչ, և հավանաբար մահից հետո այդպիսինն էլ կհիշեն նրան։ Նրա վերջին գլխավոր քաղաքական գործունեությունը Զիմբաբվեում ընտրությունների միջոցով փոփոխություններ անելն էր։ Իշխանությունից հեռանալուց հետո նա քվեարկեց Ժողովրդական փոփոխությունների շարժման օգտին, բայց ընդդիմության մեջ շատերը կային, որոնք հակված չէին նրա տեսակետին, և շատերը, որոնք կիսում էին նրա տեսակետը», ” ասաց նա:
Երկրի դրոշները դեռ ծածանվում էին ամբողջ ուժով, քանի որ դեռ որոշում չի կայացվել՝ արդյոք նախկին նախագահը պետական պարգևներ ստանալու է, թե ոչ։
Ռադիոյով ցավակցական ուղերձներ էին հնչում ժողովրդի կողմից այն մարդու մասին, որի բացակայությունը իրապես մեծ հետք էր թողնելու զիմբաբվեցիների վրա։
Թարգմանիչ՝ Ռուզաննա Բարակոզյան (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: