Նարենդրա Մոդին կդառնա Հնդկաստանի առաջին վարչապետը, ով կայցելի ռուսաստանյան Հեռավոր Արևելքի մայրաքաղաք Վլադիվոստոկ՝ մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին: Ինչն էլ առավել կարևոր է, նրա այս ժամանումը խաղաղօվկիանոսյան ափ կդառնա, ռուս-հնդկական հարաբերությունների վերսկսման ազդանշան: Չնայած մի շարք լուսանկարների, որոնցում երկրների առաջնորդները բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում միմյանց նկատմամբ՝ Մոսկվային և Նյու Դելիին անհրաժեշտ է նոր հիմք գտնել իրենց հարաբերությունների համար: Նախկին հիմքերը աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, քանի որ նոր պահանջմունքներ և շահեր են ի հայտ գալիս Հնդկաստանի համար: Ռուսաստանը մնում է Հնդկաստանի պաշտպանական տեխնիկայի գլխավոր մատակարարը, իսկ նմանատիպ սարքավորումների մատակարարումը Չինաստան, ինչպես նաև թույլ ցանցակենտրոնացմամբ տեխնոլոգիաները կստիպեն Հնդկաստանին առաջատար բարձր տեխնոլոգիական զինհամակարգեր ձեռք բերել այլ երկրներից:
Հնդկաստանի ու Ռուսաստանի մեջ կան մի շարք տարաձայնություններ աշխարհաքաղաքական հարցերում, ինչպիսիք են Աֆղանստանում «Թալիբանի» հետ բանակացությունները, նաև այն, թե ինչպես են նրանք վերաբերվում Չինաստանի կտրուկ վերելքին և ԱՄՆ-ին: Օրինակ՝ Ռուսաստանը մտահոգություն էր հայտնել «Հնդկա-խաղաղօվկիանոսյան՛» տարածաշրջանի ռազմավարական հիմունքների վերաբերյալ և ընդդիմանում է Չինաստանին զսպելու միտված ցանկացած կառույցի: Մոդին կփորձի ցրել այդ անհանգստությունները, երբ հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջիվերջո, այս երկրների միջև հաստատվել են բավականին բարյացակամ հարաբերություններ, և անհրաժեշտ է օգտվել այդ ամենից: Ռուսաստանը մնում է խոշոր տերություն, չնայած նրա հզորությունը էականորեն նվազել է, և վերջերս նա ներկայացրել է իրեն որպես արժեքավոր միջնորդ՝ Քաշմիրի համար Պակիստանի հետ դիվանագիտական պայքարում:
21-րդ դարում ռուս-հնդկական հարաբերությունների առանցքը կկազմի էներգետիկան: Ռուսաստանի կողմից «Էսսար Օյլ» նավթավերամշակման ձեռնարկության գնումից հետո, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 13 միլիարդ դոլար, թույլ տվեց Ռուսաստանին ամրանալ հնդկական էներգետիկայի հատվածում: Բացի այդ, Ռուսաստանն օտարերկրյա ներդրողների կարիք ունի, որոնք պատրաստ են միջոցներ ներդնել նավթի, գազի և ածուխի գործում՝ հաշվի առնելով Արևմուտքի պատժամիջոցները և Չինաստանի հզորության աճը: Հնդկական նավթաքիմիական ընկերություններն արդեն 7 միլիարդ դոլար են ներդրել Ռուսաստանում: Մոդիի այցը կնշանավորվի «Հեռավորարևելյան էներգետիկ միջանցքի» կառուցման գործընթացի առաջխաղացմամբ, որի շրջանակներում Հնդկաստանը ներդրումներ կանի Սիբիրում նավթի և գազի նոր հանքերում: Այն կօգնի Հնդկաստանին նվազեցնել Պարսից ծոցի անկայուն տարածաշրջանից էներգետիկ ռեսուրսների մատակարումից կախվածությունը: Հնդկական ընկերություններին առաջին անգամ թույլ կտրվի միջոցներ ներդնել քարածխակոքսի ոլորտում: Քարածխակոքսը ավելի բարձրորակ ածուխ է, որն օգտագործվում է պողպատի արտադրությունում, և արդյունաբերության սեկտորի ընդլայնմանը զուգընթաց այն դառնում է հնդկական ներմուծման կարևոր տարրը: Ժամանակի ընթացքում Նյու Դելին կշարունակի ամրապնդել Ռուսաստանի հետ կապերը և ձեռք բերել այլ հանքային ռեսուրսներ նրանից` հաշվի առնելով Հնդկաստանում նոր հանքերի բացման բարդացման հանգամանքը:
Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերություններն անհամեմատելի են այն հարաբերությունների հետ, որոնք երբևէ ձևավորվել են Հնդկաստանի և Խորհրդային Միության միջև: ԽՍՀՄ-ը գերտերություն էր, մինչդեռ Ռուսաստանն այդպիսին չի համարվում: Սակայն Վլադիվոստոկում կայացած հանդիպումն օգնում է կրկին հավասարակշռել այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել նոր իրողություններին՝ հիմնվելով երբեմնի բարեկամության վրա:
Թարգմանիչ՝ Անահիտ Ասատրյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են: