Չինաստանը գործարկեց խթանող քաղաքականություն՝ իջեցնելով պահուստավորման նորմը 2007 թվականից ի վեր իր ամենացածր մակարդակին
6 Սեպտեմբեր, 2019
Չինաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ բանկերի համար կնվազեցնի պարտադիր պահուստավորման մակարդակը՝ մինչև ամենացածր մակարդակը 2007 թվականից ի վեր, ինչը կհանգեցնի տնտեսության մեջ իրացվելիության ավելացմանը՝ հաշվի առնելով ինչպես ներքին անկումը, այնպես էլ առևտրային պատերազմը:
Չինաստանի ժողովրդական բանկը ուրբաթ օրն իր կայքում հայտնել է, որ բոլոր բանկերի համար պարտադիր պահուստավորման մակարդակը կնվազեցվի 0.5 տոկոսային կետով, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 16-ին: ՉԺԲ-ն նաև որոշ քաղաքային առևտրային բանկերի համար կնվազեցնի պարտադիր պահուստավորման մակարդակը մեկ տոկոսային կետով, ինչը ուժի մեջ կմտնի երկու փուլով` հոկտեմբերի 15-ին և նոյեմբերի 15-ին:
Ըստ ՉԺԲ-ի՝ կրճատումը կազատի 900 միլիարդ յուան (126 միլիարդ դոլար) իրացվելիություն, ինչը կօգնի փոխհատուցել առաջիկա հարկային վճարումների խստացնող ազդեցությունը: Սա ավելին է, քան նախորդող հունվար-մայիս ամիսների իջեցումները, որոնք ազատել էին համապատասխանաբար 800 միլիարդ և 280 միլիարդ յուան:
Այս փոփոխությունը նպատակ ունի աջակցել պահանջարկին՝ վարկեր տրամադրելով փոքր ձեռնարկություններին, և արձագանքել նախորդ տարվա կրճատումներին: Այն կարող է նաև սահմանափակ ճնշում գործադրել արդեն իսկ թուլացող յուանի վրա, ինչը, գուցե, դժգոհություն առաջացնի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ: Վերջերս ՉԺԲ-ի պաշտոնյաները նշեցին, որ վախենում են ավելի հավակնոտ մեղմացման միջոցառումներից և մինչ այժմ ձեռնպահ են մնացել հետևել ԱՄՆ Դաշնային պահուստային ռեզերվին՝ բազային տոկոսադրույքների իջեցման առումով:
«Այս նվազեցումը «չի արտացոլում ագրեսիվ մեղմացնող քաղաքականությունը»,-ասում է Սինգապուրի «Commerzbank AG»-ի զարգացող շուկաների գծով տնտեսագետ Ժո Հաոն:-Իրականում Չինաստանը վերջերս խստացրեց անշարժ գույքի մեծ ծավալներով ֆինանսավորումը: Հետևաբար սա դեռևս վերաբալանսավորում է արտադրական հատվածի ֆինանսավորման ծախսերը, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում իրացվելիությունը նվազեցնելու համար՝ ակտիվների «փուչիկից» խուսափելու նպատակով»:
Stoxx Europe 600 և S&P 500 ինդեքսների ֆյուչերսները հայտարարությունից հետո շարունակեցին աճել: Օֆշորային յուանը երեկոյան 6:30-ին Պեկինում ավելացրեց 0.35%՝ 7.1128 դոլար:
Օգոստոսին Չինաստանի տնտեսությունը կրկին թուլացավ հուլիսյան վատ արդյունքներից հետո և, հավանաբար, կշարունակի վատթարանալ տարվա ընթացքում: Չինաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանի առևտրային լարվածությունը տարածվեց ֆինանսական ճակատում այն բանից հետո, երբ Չինաստանը թույլ տվեց, որ արժույթն իջնի 7$-ից ցածր, ինչը Միացյալ Նահանգներին դրդեց Չինաստանին անվանել արտարժութային մանիպուլյատոր:
Ինչ են ասում Բլումբերգի տնտեսագետները
«ՉԺԲ-ն ավելի շատ հնարավորություններ է ձեռք բերել նաև դրամավարկային քաղաքականությունը մեղմելու համար, քանի որ ԱՄՆ-ի և Չինաստանի պետական 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն ամենաբարձր մակարդակում է 2018 թվականից ի վեր: Յուանի արժեզրկումը ՉԺԲ-ին տալիս է ավելի մեծ ճկունություն դրամավարկային քաղաքականության իրականացման գործում»:
Դեյվիդ Քյու, ամբողջական գրությունը կարդալու համար կարող եք անցնել հղմամբ:
Կենտրոնական բանկը շեշտեց, որ քաղաքականության փոփոխությունը մեղմացմանն ուղղված լայնածավալ քայլ չէ:
«Կրճատումը լայնորեն չի խթանում տնտեսությանը, և առողջ քաղաքականության դիրքորոշումը չի փոխվել»,-ասվում է առանձին հայտարարության մեջ: ՉԺԲ-ի ներկայացմամբ՝ պահեստավորման նորմի իջեցումը փոխհատուցում է սեպտեմբերի կեսերի հարկման ժամանակահատվածը, և բանկային համակարգում ընդհանուր իրացվելիությունը հիմնականում կայուն կմնա:
«Կրճատումները դրամական քաղաքականության զգալի թեթևացում չեն նշանակում,-ասում է «Standard Chartered Bank Ltd. Ltd.»-ի՝ Հոնկոնգում Չինաստանի և Հյուսիսային Ասիայի գծով գլխավոր տնտեսագետ Դին Շունգը:-Փոխարենը դա այն է, ինչ նրանք պետք է անեն՝ մի տեսակ սահմանային թեթևացում, որպեսզի կանխվի դրամավարկային քաղաքականության խստացումը»:
Թարգմանիչ՝ Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: