Գիտնական Իմմանուել Վալլերշտայնը կյանքից հեռացավ մեզ թողնելով մի կարևոր ուղերձ` կապիտալիզմի չարիքների լուծումները չեն գտնվի մեկ երկրում, քանի դեռ առաջադիմական ղեկավարություն ընտրելու անհրաժեշտությունը հրատապ չէ:
Օգոստոսի 31-ին, ութսունութ տարեկան հասակում, վախճանվեց շատ ազդեցիկ սոցիոլոգ և ծայրահեղական մտավորական Իմմանուել Վալլերշտայնը: Ես երբեք անձամբ չէի ճանաչում Վալլերշտայնին: Ես նրան ժամանակ առ ժամանակ տեսնում էի ակադեմիական գիտաժողովներում, նրան միշտ ուղեկցում էր իր կինը՝ Բեատրիսը, ով իր բանակցություններին նստած էր լինում առաջին շարքում: Այդուհադերձ, Վալլերշտայնը նշանակալի հետք է թողել իմ մտավոր զարգացման մեջ:
Վալլերշտայնը այսպես կոչված «Չորսի բանդա» խմբակցության վերջին ողջ անդամն էր՝ գիտնականների խումբ, որոնք նվիրված էին համաշխարհային կապիտալիզմի ուսումնասիրությանը (և ոչնչացմանը)։ Խմբի անդամներ էին նաև Սամիր Ամինը, Անդրե Գյունդեր Ֆրանկը և իմ դոկտորական խորհրդականը՝ Ջիովաննի Արրիգին։ Ջիովաննին և Վալլերշտայնը միասին երկար տարիներ են անցկացրել Ֆեռնան Բրոդել կենտրոնում․ մի ինստիտուտ, որը հիմնադրվել է Վալլերշտայնի կողմից Բինգեմտոնի համալսարանում, և ես շատ եմ լսել պատմություններ (հաճախ ծիծաղելի) այնտեղ հաջողած ծայրահեղական գիտնականների ամուր համայնքի մասին:
Ես կթողնեմ, որ ուրիշները վերհիշեն այդ պատմությունները: Ինձ համար Վալլերշտայնը իրենից հետո թողնում է մտածելակերպ՝ այդպիսի մոտեցումը անվանելով «աշխարհ-համակարգերի վերլուծություն», դա, իր հիմքում, շարունակում է մնալ նույնքան համոզիչ, որքան այն ժամանակ, երբ ես, որպես երիտասարդ կին, ձեռքս վերցրեցի «Ժամանակակից աշխարհ-համակարգ»-ի [The Modern World-System] առաջին հատորը։
Աշխարհ-համակարգերի վերլուծությունը բյուրեղացավ 1968 թ․-ի իրադարձություններից հետո։ Ամբողջ աշխարհում մարդիկ դուրս էին եկել փողոց, պայքարելով ԱՄՆ ռազմական ագրեսիայի դեմ և Ռուսական հեղափոխության հիմնարար սկզբունքների նորացման և վերափոխման համար: Համաշխարհային ընդվզման վերելքը կարճատև էր, սակայն նրա ազդեցությունը անսպասելիորեն հզոր էր, հատկապես ակադեմիայի վրա:
Վաթսունական թվականների վերջին, մտածելակերպում գերիշխող դժգոհությունները լայնորեն ներթափանցել էին ծայրահեղական գիտնականների շրջանակ: Իրոք, աշխարհ-համակարգերի վերլուծությունը միայն մեկն է այն բազմաթիվ այլախոհ ուսմունքներից (կախվածության տեսություն, միջազգային քաղաքական տնտեսություն, պատմական սոցիոլոգիա), որոնք ի հայտ են եկել այդ ժամանակաշրջանում:
Վալլերշտայնի համար աշխարհ-համակարգերի վերլուծությունը նույնքան քաղաքական բողոք էր, որքան մտավոր ճիգ.
Աշխարհ-համակարգերի վերլուծությունը ․․․ տեսություն չէ, այլ բողոք ընդդեմ անտեսված հարցերի և խաբուսիկ իմացության: Դա սոցիալական փոփոխությունների կոչ է, ըստ էության տասնիններորդ դարի հասարակական գիտության հիմքը «վերաիմաստավորելու» համար: Դա մտավոր խնդիր է, որը կա և պետք է լինի նաև քաղաքական խնդիր, քանի որ ճշմարտության և բարու փնտրտուքը, նույնն է։
1968 թվականը դարձավ առանցքային, բայց Վալլերշտայնի նոր մոտեցման կոչը նույնպես արմատացած է իր սեփական մտավոր գործունեության հետագծում: Բանակային ծառայությունից և Կոլումբիայի համալսարանում մագիստրոսի կոչում ստանալուց հետո, Վալլերշտայնը 1950-ականների սկզբին գնաց Աֆրիկա: Քսան տարի նա ճանապարհորդեց մայրցամաքով՝ դիտարկելով ապագաղութացման համար պայքարող զանգվածային շարժումները:
Վալլերշտայնը քաղաքականապես հասուն ընտանիքից էր և ներգրավված էր Նյու Յորքում ակտիվիզմի մեջ, բայց նրա հետազոտությունները Գանայում և Կոտ դ’Իվուարում փոխեցին նրա աշխարհընկալումը: Նա գնահատեց իր աֆրիկյան ուսումնասիրությունները «աչքերս բացվեց ժամանակակից աշխարհի վառվող քաղաքական խնդիրների և գիտական հարցերի վրա, թե ինչպես կարելի է վերլուծել ժամանակակից աշխարհ-համակարգի պատմությունը: Հենց Աֆրիկան էր, որ բացահայտեց իմ կրթության անկատար կողմերը»:
Այս մտավոր զարթոնքն ամրապնդվեց ենթադրությունները կոտրելու կոչով, որոնք տասնիններորդ դարում սկսեցին շրջել ակադեմիայում: Մասնավորապես, Վալլերշտայնը դեմ է արտահայտվել այն դիսցիպլինար և մեթոդաբանական ու իմացաբանական սահմանափակումներին, որոնք սահմանում և գերակշռում էին սոցիալական գիտություններում: Նրա պնդումը, որն այն ժամանակ ջերմորեն չէր ընդունվում, այն էր որ՝ «հավաքական մարդկային գործողության երեք ենթադրյալ ասպարեզները՝ տնտեսական, քաղաքական և սոցիալական կամ սոցիալ-մշակութային, սոցիալական գործողությունների ինքնավար ասպարեզներ չեն: Նրանք չունեն առանձին «տրամաբանություն»:
Այնպիսի հետազոտական մոդելների փոխարեն, որոնք առանձնացնում էին տարբեր «գործոններ», կամ հիմնվում էին ազգային պետությունների համեմատությունների վրա, որոնք ներկայացված են որպես առանձին տվյալների անկախ հետագիծ, Վալլերշտայնը պնդում էր, որ համաշխարհային տնտեսությունը միասնական, փոխկապակցված համակարգ է, աշխատանքի միասնական բաժանմամբ և սահմանափակումների միասնական համախմբով` կապիտալիզմով:
Բայց ժամանակակից համաշխարհային տնտեսությունը բնութագրելով որպես կապիտալիստական համաշխարհային տնտեսություն, Վալլերշտայնը չէր խրախուսում վերևից ներքև մոտեցումը, որում օգտագործվում է հաստատուն մոդել կամ կանոնների շարք` իրականությունը նկարագրելու և վերլուծելու համար: Փոխարենը նա պնդում էր, որ կապիտալիզմը պատմական համակարգ է, որը ունի սկիզբ և ավարտ: Դա հասկանալու համար` դրա նորմերը, գործառույթները, մենք պետք է ուսումնասիրեինք դրա էվոլյուցիան ժամանակի և տարածության մեջ:
Վալլերշտայնը գիտնականներին կոչ արեց թողնել պատմական ֆորմացիաների մասին հետադիմական հայացքները և «առաջընթացի» անխուսափելիությունը և փոխարենը մարտահրավեր նետել գերիշխող պարադիգմներին, զարգացնել վարկածներ և համակարգային շրջանակներ, որոնք արտացոլում են կապիտալիզմի բարդությունը՝ որպես պատմական, համաշխարհային համակարգ:
Վալլերշտայնը բեղմնավոր գիտնական էր, նա տասնյակ գրքերի ու հոդվածների մեջ առաջարկեց կապիտալիստական համաշխարհային համակարգի բնույթի մասին իր սեփական վարկածները: Ես համաձայն չեմ այդ փաստարկներից շատերի հետ: Այդպես են կարծում նաև մյուները «Չորսի բանդա»-յում, Բինգհեմթոնի գիտնականները և Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի Համաշխարհային համակարգի քաղաքական տնտեսության բաժնի անդամները:
Բայց Վալլերշտայնը երբեք չի պնդել, որ բոլորը համաձայնվեն իր հետ: Նա սիրում էր բանավեճը:
Ի վերջո, աշխարհ-համակարգերի մոտեցումը համաշխարհային կապիտալիզմի կառուցվածքների և ինստիտուտների մասին այս կամ այն վարկածին հակված լինելու մասին չէ: Դա այն մասին է, որ մենք գիտակցենք, որ կապված ենք ժամանակի և տարածության միջով․ որ մենք չենք կարող հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհի մեկ վայրում՝ առանց այդ տեղը տեղակայելու համաշխարհային շրջանակներում, առանց ճանաչելու ժամանակակից կապիտալիզմի համաշխարհային բնույթը:
Այս առումով, աշխարհ-համակարգերի վերլուծությունը մնում է նույնքան արդիական, որպիսին եղել է միշտ: Դա մեզ տալիս է գործիքներ՝ մեր ֆինանսավորվող տնտեսության շնչահեղձության աստիճանը, Լոնդոնը, Հոնկոնգը և շատ այլ վայրեր ընդգրկող քաղաքական իրարանցումները, նեոլիբերալիզմի ջախջախիչ գաղափարական կաղապարը իմաստավորելու համար:
Աշխարհ-համակարգերի մոտեցումը առաջարկում է նաև օգտակար դաս. կապիտալիզմի չարիքների լուծումները չեն գտնվի մեկ երկրում, քանի դեռ առաջադիմական ղեկավարություն ընտրելու անհրաժեշտությունը հրատապ չէ:
Ազգայնականությունը փակուղի է: Սահմանները փակելու և ամերիկացի աշխատողներին այլ երկրներում աշխատող մարդկանց հետ համեմատելու փոխարեն, պետք է պահանջենք ծրագրեր և հարթակներ, որոնք ճանաչում են մեր ընդհանուր ճակատագիրը: Անշուշտ, ազգային մակարդակով բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց կլիմայի փոփոխության և անբարեխիղճ անդրազգային կորպորացիաների դեմ տևական արդյունքի կարելի է հասնել միայն համակարգի մակարդակով:
Մեր ընդհանուր ճակատագրի արդյունքը մեր համատեղ պայքարի ուժն է: Կապիտալը հարյուրամյակներ շարունակ գլոբալ է եղել, բայց այդպիսին է նաև պայքարը կապիտալիզմի դեմ, չնայած շատ ավելի ցածր աստիճանի: Այսօր, չնայած դարավոր մարտահրավերներին, այս պայքարը նոր ներուժ ունի:
Վալլերշտայնն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է այս պայքարի մասնակիցը։ Նրա համարձակ և ստեղծագործ մոտեցումը քաղաքական բողոք էր ընդդեմ մտավորական ստատուս քվոյի: Մինչ մենք կձգտենք ավելի լավ բան կառուցել, մենք կհիշենք նրան, և կօգտագործենք այն գործիքները, որոնք նա թողել է մեզ:
Թարգմանիչ՝ Արմինե Ավետիսյան (Armine Avetisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: