Հաջորդ ընտրություններում Ջոնսոնը պարտադիր չէ, որ ջախջախիչ հաղթանակ տանի: Բայց ձայների 35%-ը նա լիովին ի զորու է հավաքել, ինչն էլ ընդդիմության մասնատման պատճառով բավարար կլինի խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար: Այդ 35%-ը կներառի կոշտ Բրեքսիթի կողմնակիցներին, ինչպես նաև գիտակից ընտրողներին, ովքեր պարզապես հոգնել են անորոշությունից և ցանկանում են անհապաղ վերջ դնել դրան:
Բորիս Ջոնսոնի՝ Եվրամիությունից ցանկացած գնով հեռանալու ցանկությունն անմիջապես լուրջ խոչընդոտների հանդիպեց: Խորհրդարանում հենց առաջին քվեարկության ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը չկարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը և զիջեց ընդդիմությանը, ինչը Բրիտանիայում տեղի չէր ունեցել 1894 թվականից ի վեր: Ջոնսոնին բոլոր տարբերակները բաց պահել թույլատրելու փոխարեն, այդ թվում՝ Եվրամիությունից առանց համաձայնագիր դուրս գալը, խորհրդարանն ընդունեց հակառակ որոշում. արգելեց խորհրդարանին հոկտեմբերի 31-ին անցկացնել Բրեքսիտն առանց գործարքի՝ ոչնչացնելով Բրյուսելի հետ բանակցություններում վարչապետի սպառնալից մարտավարությունը:
Ավելին, իշխող պահպանողականներից 21 պատգամավոր դեմ դուրս եկավ Ջոնսոնին: Ըմբոստներին հեռացրին կուսակցությունից, և այժմ Համայնքների պալատում մեծամասնության համար վարչապետին չի բավարարում 40 ձայն: Բայց Ջոնսոնին շարքերից հանելը դեռ վաղ է: Չնայած աղմկալի ձախողումներին` նա դեռևս շարունակում է մնալ հաղթողի գլխավոր հավակնորդը նոր ընտրություններում, որոնք խորհրդարանը վաղ թե ուշ ստիպված կլինի ացնկացնել:
Ջոնսոնը որպես սպառնալիք
Ջոնսոնի նախնական ռազմավարությունը` առանց գործարքի Բրեքսիթի սպառնալիքով ԵՄ-ից նոր զիջումներ կորզելը, սրընթաց տապալվում է: Ցավոտ պարտությունից և խորհրդարանում մեծամասնության կորստից բացի՝ անցած շաբաթ Շոտլանդիայի դատարանը անօրինական համարեց սեպտեմբերի 9-ից 5 շաբաթով Համայնքների պալատի աշխատանքը կանգնեցնելու վարչապետի որոշումը: Դատավճռի համաձայն՝ Ջոնսոնը ստել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, երբ խնդրել է նրան հավանություն տալ խորհրդարանի աշխատանքային գրաֆիկի փոփոխությանը: Պաշտոնապես նա պնդում էր, որ դա անհրաժեշտ էր կառավարության օրենսդրական օրակարգի թարմացման համար: Դատավորները որոշեցին, որ իրականում Ջոնսոնը ցանկանում էր սահմանափակել առանց գործարքի Բրեքսիտը խոչընդոտելու պատգամավորների հնարավորությունը:
Ի պատասխան՝ Ջոնսոնը ի վիճակի չէ նույնիսկ արտահերթ ընտրությունների անցկացման համար գործընթաց սկսել: 2011 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ դրա համար անհրաժեշտ է Համայնքների պալատի երկու երրորդի համաձայնությունը: Բայց պատգամավորները դեռ հրաժարվում են ընտրություններից: Նրանք պատրաստվում են «պատանդ պահել» կառավարությանն այնքան, քանի դեռ հոկտեմբերին առանց գործարքի Բրեքսիթի անցկացման ռիսկը չի հասցվել զրոյի: Պատգամավորների կարծիքով կառավարությունը մինչև հոկտեմբերի 19-ը պետք է կամ հաստատի դուրս գալու մասին ԵՄ-ի հետ գործարքը, կամ խնդրի Բրյուսելին հետաձգել Բրեքսիթը մինչև 2020 թվականի հունվար:
Այս ամենը խանգարում է Ջոնսոնի պլանավորած՝ բաժանման մասին Եվրամիությունից առավել շահավետ համաձայնագիր կորզելու ռազմավարությանը: Ջոնսոնի հաշվարկը հիմնված էր նրա վրա, որ եթե առանց գործարքի Բրեքսիթի սպառնալիքը դառնա իրական, ապա Բրյուսելը կվախենա ծախսերից և կհամաձայնի նոր զիջումների: Խորհրդարանում ևս Ջոնսոնի գործարքը կնախընտրեն Եվրամիությունից դուրս գալուն: Բայց հիմա, երբ առանց գործարքի Բրեքսիտի հնարավորությունը արգելափակված է, դժվար կլինի իրագործել այս մարտավարությունը:
Այժմ վարչապետը շարունակում է պնդել իրենը. 2016-ի հանրաքվեին բրիտանացիները կատարեցին իրենց ընտրությունը, և կառավարությունն ամեն գնով կյանքի կկոչի այն: Խորհրդարանը չի կարող ընդմիշտ հետաձգել նոր ընտրությունները: Եվ հենց որ դրանք անցկացվեն, Ջոնսոնը հաղթանակ կտանի և իրեն կվերադարձնի գլխավոր զենքը, այն է՝ ընտրողներից կստանա առանց գործարքի Բրեքսիթի արտոնություն, որի միջոցով կկարողանա կրկին սպառնալ Բրյուսելին և պատգամավորներին:
Իսկապես, Ջոնսոնն ունի հաջորդ ընտրություններում հաղթելու բոլոր հնարավորությունները: Շատերին գուցե դուր չի գալիս ԵՄ-ից դուրս գալու նրա ռազմավարությունը, բայց ընդդիմությունն այն ընդհանրապես չունի: Լեյբորիստները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել՝ կշարունակե՞ն բանակցությունները ԵՄ-ի հետ, թե՞ կաջակցեն Բրեքսիթի չեղարկմանը երկրորդ հանրաքվեի ընթացքում: Եվրոպամետ լիբերալ-դեմոկրատները ընդհանրապես կողմ էին Բրեքսիթի չեղարկմանը առանց պլեբիսցիտի և միայն հասարակական դժգոհությանը բախվելով՝ շտկեցին իրենց դիրքորոշումը՝ համաձայնել հանրաքվեի, եթե նոր ընտրությունների արդյունքում իրենք մեծամասնություն չստանան:
Տարաձայնությունների և ծրագրերի աղոտ լինելու պատճառով լեյբորիստները և լիբերալ-դեմոկրատները ստիպված են շեշտը դնել Ջոնսոնին քննադատելու վրա: Նրա արդեն իսկ պարտված կառավարության ոչնչացումը շարունակվում է: Օրերս պատգամավորները կառավարությանը ստիպեցին հրապարակել առանց գործարքի Բրեքսիթի հետևանքների վերլուծությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր: Եվ Ջոնսոնի նախարարներից և խորհրդատուներից պահանջեցին փոխանցել իրենց անձնական նամակագրությունը, որտեղ նրանք քննարկում էին խորհրդարանի աշխատանքը կասեցնելու կառավարության որոշումը: Այս ամենը պետք է բարձրացնի ընտրողների մոտ կործանման զգացողությունը, ինչին և բերում է պահպանողականների քաղաքականությունը:
Անձամբ Ջոնսոնին, մեղադրում են բռնատիրական վարվելաձևի և Բրիտանիայի սահմանադրական կարգի տապալման մեջ: Նրան հիշեցնում են նախկին կանանց դավաճանելու և լրագրողական անցյալից հանդուգն հոդվածների մասին: Քննադատության գլխավոր հաղորդագրությունը պարզ է. Բրեքսիտի հարցում ոչինչ դեռ պարզ չէ, բայց դրա հետ հեշտ կլինի գլուխ հանել հետագայում, երբ կառավարությունում արկածախնդիր Ջոնսոնին կփոխարինեն պարկեշտ և պատասխանատու մարդիկ:
Եթե ոչ Ջոնսոնը, ապա ո՞վ
Սակայն, ընդդիմության նման մարտավարության արդյունավետությունը կասկածելի է: Առանց գործարքի Բրեքսիթի վտանգները գրառելն այդքան էլ շահեկան միջոց չէ, ինչպես թվում է: Ընտրողների համար դժվար է այդ ռիսկերը իրենց վրա զգալը: Դա նման է առողջ ծխողին ծխախոտի վտանգների մասին պատմելուն. առողջության համար դրա վտանգավոր լինելուն քչերն են կասկածում, բայց այն չափազանց վերացական է:
Մեկ այլ խնդիր էլ կա: Առանց գործարքի Բրեքսիթից հնարավոր է խուսափել միայն երկու եղանակով` չեղարկել այն ընդհանրապես կամ լքել ԵՄ-ն գործարքով: Մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորներն արգելափակում էին այս երկու տարբերակները. նրանք երեք անգամ մերժեցին Բրյուսելի հետ կառավարության համաձայնագիրը, բայց Բրեքսիտը չեղարկել ևս չցանկացան: Այդ պատճառով պետք չէ զարմանալ սոցհարցումների արդյունքներից, որոնք ցույց են տալիս, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն վարչապետի, այլև՝ պատգամավորների վրա:
Ջոնսոնին քննադատելով ևս հեռու չես գնա: Բրիտանացիները ունեն հարցեր՝ կապված նրա կոմպետենտության և ազնվության հետ, բայց Ջոնսոնը, ամեն դեպքում, ռասիստ և բռնակալ լինելուց էլ է հեռու, ինչպիսին նրան ցանկանում է ներկայացնել ընդդիմությունը: Բրեքսիթն ավարտին հասցնելու վարչապետի ձգտումը, ընդհանուր առմամբ, պարզ է ընտրողներին. բրիտանացիների 54%-ը անհրաժեշտ է համարում 2016 թվականի հանրաքվեի արդյունքների պահպանումը: Ավելին, 50%-ը ոչ ժողովրդավարական համարեց պատգամավորների գործողությունները, որոնք խանգարում են Բրեքսիթի կայացմանը: Եվ հետո, այդ ի՞նչ բռնակալ է, ով ինքն է խնդրում պատգամավորներին նոր ընտրություններ անցկացնել, իսկ նրանք հրաժարվում են:
Ի վերջո, եթե ընդդիմությունը պատրաստվում է քարոզարշավ անցկացնել՝ շեշտը դնելով վարչապետի թեկնածուների վրա, նրանց չէր խանգարի իրենց համար Ջոնսոնին այլընտրանք գտնել: Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն ակնհայտորեն հարմար չէ այդ դերի համար: Ըստ վարկանիշների՝ նա զիջում է Ջոնսոնին 20 կետով: Բրեքսիթի վերաբերյալ Ջոնսոնի ռազմավարությանը վստահում է բրիտանացիների ընդամենը 34%-ը, բայց Քորբինի ռազմավարությանը՝ ընդհանրապես 13%-ը: Ընտրողների զգալի մասին անհանգստացնում են նաև լեյբորիստների ձախ արմատական տնտեսական ծրագրերը:
Բրեքսիթը բրիտանական քաղաքականության ամենակարևոր, բայց միակ թեման չէ: Մինչ ընդդիմադիրները հիշեցնում են Ջոնսոնին, որ ժամանակին նա գրել է մահմեդականների մասին, վարչապետն ինքը հայտարարում է պոպուլիստական նոր միջոցառումների մասին՝ լինի դա առողջապահական ծախսերի բարձրացումը, թե ոստիկանության ֆինանսավորման ավելացումը:
Ի վերջո, ընդդիմադիր ընտրողները գրեթե հավասարաչափ բաժանված են լեյբորիստների (23%) և լիբերալ-դեմոկրատների (19%) միջև, ինչը բրիտանական մաժորիտար համակարգի պայմաններում կարող է շատ թանկ արժենալ թե՛ առաջինների, և թե՛ մյուսների համար:
Այս ամենը չի նշանակում, որ հաջորդ ընտրություններում Ջոնսոնը ջախջախիչ հաղթանակ կտանի: Բայց ձայների 35%-ը նա լիովին ի զորու է հավաքել, ինչն էլ ընդդիմության մասնատման պատճառով բավարար կլինի խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար: Այդ 35%-ը կներառի կոշտ Բրեքսիթի կողմնակիցներին, ինչպես նաև գիտակից ընտրողներին, ովքեր պարզապես հոգնել են անորոշությունից և ցանկանում են անհապաղ վերջ դնել դրան:
Լեյբորիստները կարող էին իրավիճակը շրջել իրենց օգտին՝ Բրեքսիթի վերաբերյալ սեփական հստակ առաջարկները ներկայացնելով: Բայց դա նրանց համար այդքան էլ հեշտ չէ: Նրանք չափազանց սովոր են հավասարակշռել ԵՄ-ի օգտին հանդես եկող երիտասարդության և Բրյուսելի հանդեպ թերահավատորեն տրամադրված բանվոր դասակարգի միջև:
Եթե լեյբորիստները աջակցեն Բրեքսիտի վերաբերյալ կրկնակի հանրաքվեն, ապա նրանք ռիսկի կդիմեն կորցնել աշխատավորների աջակցությունը: Եթե հանդես գան ավելի մեղմ պայմաններով ԵՄ-ից դուրս գալուն կողմ, ապա կզրկվեն աջակիցների մի մասից երիտասարդության և լիբերալ միջին խավի շրջանում:
Ընդդիմությանը շատ ավելի կօգներ միմյանց միջև շրջանների այնպիսի բաժանումը, որի դեպքում լեյբորիստները և լիբերալ-դեմոկրատները իրարից ձայներ չխլեն: Բայց դա էլ դեռ չի նշմարվում: Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Ջո Սվինսոնը մի քանի անգամ հրաժարվել է համագործակցել Կորբինի հետ, նրան վախեցնում է Կորբինի հակասեմիտ լինելու հեղինակությունը և Բրեքսիթին նախկինում աջակցելը: Փոխարենը, Սվինսոնը լրջորեն հավատում է, որ ԵՄ-ից դուրս գալու իր միանշանակ դատապարտումը կօգնի իրեն դառնալ վարչապետ՝ կրկնելով նորացված լիբերալների, ինչպիսին է Էմանուել Մակրոնը, հաջողությունները: Այդ իսկ պատճառով ընդդիմությունը կարող է որքան ուզում է նախատել Ջոնսոնին ինքնակամության և բանակցելու անկարողության համար, բայց նրան իշխանությունից հեռացնել խանգարում են հենց նույն որակները:
Թարգմանիչ՝ Սաթենիկ Էվաջյան (Satenik Evajyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: