Մի տարածաշրջանում, որտեղ վայրագությունները մեծ մասամբ սովորական են դարձել, Ջեմալ Խաշուկջիի սպանությունը մեկ տարի անց էլ արտակարգ ազդեցություն է թողել։ Ժամանակակից աշխարհում որևէ մեկի մահը հազվադեպ է այսքան հետևանքներ ունեցել։ Հոկտեմբերի 2-ին, երբ այլախոհ գրողը մտավ իր երկրի՝ Ստամբուլում գտնվող հյուպատոսարանը, Սաուդյան Արաբիան վայելում էր համաշխարհային ուշադրության կենտրոնում լինելու պատիվը։ Երկրի հավակնոտ ղեկավարը ձեռնամուխ էր եղել լայնածավալ բարեփոխումների ծրագրի իրականացմանը, որի մեկնարկի նպատակը կասկածամիտների նկատմամբ հաղթանակ տանելն էր։ Համաշխարհային առաջնորդները՝ այդ թվում Դոնալդ Թրամփն ու Էմանուիլ Մակրոնը, ջանք էին թափում Մուհամեդ բին Սալմանի կողքին նկատելի լինելու համար։ Երեսունմեկերորդ թագաժառանգը խոսք էր տվել փոխել աշխարհը։
Այս ամենն ի չիք դարձավ Խաշուկջիի՝ Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչություն մուտք գործելուց րոպեներ անց, որտեղ մի խումբ պետական մարդասպաններ ծուղակը գցեցին և դաժանորեն սպանեցին քննադատ սյունակագրին։ Այս ամենը պահպանվել էր թուրքական լրտեսների կողմից տեղադրված գաղտնի բարձրախոսների վրա։ Ամբողջությամբ ձայնագրված այդ դաժանությունը, որը կրում էր կանխամտածված սպանության բնույթ՝ իրագործված հանցագործ կազմավորման կողմից (mob-stile hit), շուտով տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի Թագավորական Դատարան։ Եվ չնայած թագաժառանգ Մուհամեդի կրկնվող ժխտումներին առ այն, թե ինքն է տվել սպանության պատվերը, արդեն 1 տարի է, ինչ այդ «բիծը» մնում է այնտեղ։
Հետագա ցնցումները շարունակվում են տարածաշրջանի մայրաքաղաքներում և կոնֆլիկտային գոտիներում:
Սաուդյան Արաբիայի այս արհավիրքը մեծ ազդեցություն է թողել ինչպես երկրի բարեկամների, այնպես էլ թշնամիների վրա։ Խաշուկջիի սպանությանը հաջորդած մեկ տարվա ընթացքում թագաժառանգ Մուհամեդը մեծապես մեկուսացվել է։ Այն ճանաչումը, որը նա վայելում էր լայնածավալ բարեփոխումները ծրագրելիս, իր տեղը զիջեց վրդովմունքին և մեղադրանքներին։ Այն հեղինակությունը, որը երկրին բերեց 2017թ․-ին Թրամփի այցը, որն, ի դեպ, նշանավորում էր Վաշինգթոնի անցումը Օբամայի շրջանի իրանամետ ուղղվածությունից դեպի Սաուդյան Արաբիային աջակցելուն, թանկ արժեցավ ԱՄՆ առաջնորդի համար։
Ալյանսների վերաբերյալ Թրամփի կոշտ ելույթները դադարեցրին անապատային թագավորության սատարումը՝ նույնիսկ նավթային օբյեկների վրա ավերիչ անօդաչու և հրթիռային հարձակումից հետո, որում երկու երկրներն էլ մեղադրեցին Իրանին։ Հարձակումը, որը Վաշինգտոնի և Ռիյադի պնդմամբ իրականացրել են իրանական կանոնավոր ուժերը՝ հենց իրանական տարածքից, և ոչ թե պատասխանատվությունը ստանձնած Եմենում գործող Հութիի վստահված անձինք, կիսով չափ դադարեցրեց Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանումը, և 5 տոկոսով կրճատեց համաշխարհային մատակարարման օրական չափը։
Դա որակվեց որպես պատերազմական գործողություն, և կանխատեսվում էր, որ կհրահրեր Միացյալ Նահանգների պատասխանը։ Սակայն պատասխան վրեժխնդրություն չեղավ, որը բացատրվում է մասամբ Թրամփի՝ ԱՄՆ ուժերը տարածաշրջանային մեկ այլ հակամարտության մեջ չներքաշելու ցանկությամբ, մասամբ էլ վերընտրվելու հետ կապված հաշվարկների։ Ենթադրվում է, որ պատճառներից մեկն էլ եղել է նման վտանգված հեղինակությամբ ընկերոջը պաշտպանելու արդյունքում ձախողվելու հավանականությունը։
Սաուդյան Արաբիայի մրցակիցների աչքին Խաշուկջիի սպանությունը խաթարեց արքայազն Մուհամեդի հեղինակությունը, և շղարշեց նրա ընտանիքի պնդումները այն մասին, թե իրենք իսլամական սրբությունների պահապաններն են, և որից էլ գլխավորապես կախված է այժմյան Սաուդյան տոհմի լեգիտիմությունը: Իրանն ու Թուրքիան նույնպես պնդում են, թե հանդես են գալիս իսլամի անունից և երկուսն էլ տարածաշրջանում հզոր դերակատարություն ունեն։
Թուրքիայի քարոզչական ջանքերը կենտրոնացվել են իշխող թագաժառանգ Մուհամեդին մի այնպիսի կետի իջեցնել, որտեղ նա այլևս չի ընկալվի որպես իր հոր՝ Սալման թագավորի արժանի թագաժառանգ։ Այս եղանակով Էրդողանը հավատացած է, թե թուլացրել է իր հակառակորդների առանցքը՝ կազմված արքայազն Մուհամեդից, ԱՄԷ-ի առաջնորդից, Մուհամեդ բին Զայիդից և Եգիպտոսի նախագահ Սիսիից։ Բարիկադի մյուս կողմում են Թուրքիայի առաջնորդը, Քաթարի էմիրը, Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների» մնացորդները, որոնց բազմաթիվ բարձրաստիճան անդամներ ապրում են երկու կողմի երկրներում՝ աքսորի մեջ։ Մուսուլման եղբայրները Էրդողանի մրցակիցների համար շարունակում են մնալ «սարսափազդու», թեև քաղաքական իսլամի տարածաշրջանային ներկայությունը թուլացնելու նրանց կոլեկտիվ նպատակը կասեցվել է՝ մեծ մասամբ Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանային ազդեցության կորստի շնորհիվ։
Խաշուկջին, ով պարբերաբար ելույթ էր ունենում ի աջակցություն քաղաքական իսլամի, ներառյալ Washington Post-ի համար գրած իր վերջին սյունակներից մեկում, դարձավ cause célèbre (նշանակալի իրադարձություն) Էրդողանի կողմնակիցների և նրանց համար, ովքեր պնդում էին, թե արքայազն Մուհամեդի բարեփոխումների ծրագիրը պարզապես այն ծխի ամպն էր, որի ներքո նա ցանկանում էր գրավել իշխանությունը։ Սպանությանը հաջորդած գրեթե մեկ տարին աննկատ մնալուց հետո, թագաժառանգը համաձայնեց մասնակցել երկու հարցազրույցների, որոնք հեռարձակվելու էին Խաշուկջիի մահվան տարելիցի կապակցությամբ։
Ամերիկյան PBS հեռուստաընկերության հետաքննական բաժին հանդիսացող Frontline-ին թագաժառանգն ասել է, քանզի սպանությունը կատարվել է «իմ կառավարման շրջանում, ուստի ես լիովին կրում եմ պատասխանատվությունը»։
Այն պնդումը, թե սպանությունը իրականացվել էր կոլեկտիվ ձևով, և ոչ թե մի անձի կողմից, շատ քիչ հանդարտեցրեց նրանց, ովքեր պահանջում էին համաշխարհային արդարադատությանը հանձնել դե-ֆակտո առաջնորդին, ով կցված էր եղել Ռիյադից ուղարկված 15 հոգանոց թիմին և սպասում էր Խաշուկջիին:
Արքայազն Մուհամեդի ամենավստահելի խորհրդականներից մեկը՝ Սաուդ ալ-Քահթանին, Վաշինգտոնի կողմից մատնանշվել է որպես գործողության հիմնական պլանավորող։ Թեև նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել, սակայն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ենաթադրյալ մարդասպանների ջոկատից 5-ը կանգնած են մահապատժի առջև Ռիյադում, ուր հանցանքի հատուցման վերաբերյալ գլոբալ պահանջները ավելի քիչ են ռեզոնանս առաջացնում։
Սաուդյան Արաբիայում Խաշուկջին հազվադեպ է քննարկվում, այստեղ հանրային դիսկուրսում գերակշում են ներքին օրակարգերը։ Այլ չէ նաև մյուս այլախոհների ճակատագիրը, ովքեր հակառակվել են Սաուդյան պետությանն ու շարունակում են մնալ բանտում, ինչպես օրինակ Լուջայն ալ-Հաթլուլը՝ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստը, ով 2 տարի բանտարկված է պետական անվտանգությունը խարխլելու մեղադրանքով։
Բազմաթիվ սաուդցիներ շարունակում են իրենց ձայնը դժկամությամբ բարձրացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկիր կատարած ուղևորությունների ժամանակ։ Բեյրութում մի կին այսպես արտահայտվեց.«Մենք ընդունել ենք սիրիական տարբերակը։ Կարող ենք ունենալ այն իրավունքները, որոնք պետության խոսքով ունենք։ Դա, թերևս, ոչնչից ավելի լավ է»։
Երեք ամիս առաջ հանվեցին խնամակալության մասին այն օրենքները, որոնք սահմանափակում էին կանանց մի շարք իրավունքներ, այդ թվում ամուսնալուծության, ճանապարհորդելու և այլնի վերաբերյալ: Սա եղավ թերևս ամենաշրջադարձային փոփոխությունը թագաժառանգի կողմից շարունակվող մշակութային և տնտեսական բարեփոխումների շարքում։ Նրա ջանքերը՝ Սաուդյան Արաբիան վերածելու արաբական ազգայնական ոստիկանապետության, որն իր բնույթով ավելի շատ նման կլինի Աբու-Դաբիին, քան Կահիրեին, քիչ թե շատ շարունակվում են։ Որպես պետական գործիչ վերականգնվելու՝ թագաժառանգի ներկայացրած հայտը, այնուամենայնիվ ձախողվել է, և գուցե այլևս չհաջողվի։
Խաշուկջիի մահը թագաժառանգի հետագա ողջ կյանքի վրա որոշակի ազդեցություն կունենա, և կմնա իբրև սպառնալիք այն ապագայի համար, որը թագաժառանգին պատկերվում էր 83-ամյա հոր մահից հետո։
Թեև արքայազն Մուհամեդը հավանաբար կնվաճի գահը, այնուամենայնիվ տարածաշրջանը նվաճելու ուղղությամբ նրա ներկայացրած հայտը քիչ հավանական է։
Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: