Անհրաժե՞շտ է արդյոք Մոսկվային գլխավոր կուսակցական ճարտարապետին նվիրված ևս մեկ հուշարձան
Հոկտեմբերի վերջին Մոսկվայի քաղաքային դուման պետք է վերջնական որոշում կայացնի ճարտարապետ Կարո Հալաբյանին նվիրված հուշարձան տեղադրելու նախագծի վերաբերյալ: Հուշարձանի գաղափարը, որը ներկայացվել էր մեկ ամիս առաջ ՀՀ դեսպանության կողմից, դրական եզրակացություն ստացավ Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի և Ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեի կողմից, սակայն բուռն բանավեճի և նույնիսկ ճարտարապետների և հետազոտողների մասնագիտական համայնքում նկատելի պառակտման պատճառ դարձավ: Հուշարձանի տեղադրման դեմ բողոքով և հանրագրով ներկայացավ Ալեքսանդրա Սելիվանովան, ով ներկայանում է որպես Շաբոլովկայի ավանգարդի կենտրոնի ղեկավար, ճարտարապետության պատմաբան և հետկոնստրուկտիվիզմի շրջանի, որը սովորաբար կոչվում է «1935 թվականի ոճ», մասնագետ: Հուշարձանի դեմ նամակը ստորագրվեց մասնագիտական համայնքի ավելի քան քառասուն ներկայացուցիչների կողմից․ նրանց թվում են ճարտարապետ Յուրի Ավվակումովը, ճարտարապետության պատմաբաններ Դմիտրի Խմելնիցկին, Իլյա Պեչենկինը և Նիկոլայ Մալինինը, արվեստաբաններ Միլենա Օրլովան, Աննա Ռոմանովան, Տատյանա Լևինան և Եվգենիա Կիկոձեն, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի դասախոս Վլադիմիր Դավիդովը, Մոդեռնիզմի ինստիտուտի ղեկավարներ Աննա Բրոնովիցկայան և Օլգա Կազակովան:
Արդեն երկար տարիներ է, ինչ Սելիվանովան պայքարում է սովետական ճարտարապետության պատմության մեջ Կարո Հալաբյանի դերի պատկերացումների վերանայման համար: Հակամարտությունը, որը գտնվում էր նրա ուշադրության կենտրոնում և շուրջ տասը տարի առաջ նրա դիսսերտացիայի թեմաներից մեկն էր, կապված է Պրոլետարական ճարտարապետների համառուսաստանյան ասոցիացիայի գործունեության հետ: Շատ դեպքերում, Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցացիայի և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի նմանությամբ, Պրոլետարական ճարտարապետների համառուսաստանյան ասոցիացիայի դերը, Խորհրդային ճարտարապետների միության միասնական և վերահսկվող կուսակցություն ստեղծելու նախօրեին, կայանում էր արվեստը «ֆորմալիզմից» մաքրելու մեջ, որի նախաձեռնողն ու քարտուղարն էր Հալաբյանը: Երեսունականների ավարտին և քառասունականների սկիզբին ճարտարապետը իր ձեռքում էր կենտրոնացրել նաև այլ կարևորագույն ղեկավար պաշտոններ՝ ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի առաջին փոխնախագահի և շինարարության գիտական և տեխնիկական խնդիրների հանձնաժողովի կազմակերպչի, պատերազմի տարիների ձևավորման և քողարկման արհետանոցի ղեկավարի, ԽՍՀՄ Կառավարությանն առընթեր ճարտարապետության հանձնաժողովի անդամի և Ստալինգրադի վերականգնման նախագծի հեղինակի պաշտոնները. նա նաև վերահսկում էր հիմնական մասնագիտական հրատարակությունը` «ԽՍՀՄ ճարտարապետություն» ամսագիրը: Հալաբյանի ակտիվ մասնակցությունը «ֆորմալիստ ճարտարապետների» դեմ պայքարում (որոնց թվին այդ ժամանակ դասվում էին այնպիսի առաջատար վարպետներ, ինչպիսիք են՝ Բարշչը, Սինյավսկին, Բուրովը, Գինցբուրգը, Գոլցը, Լեոնիդովը և Մելնիկովը) և նրա սերտ հարաբերությունները կուսակցության ղեկավարության հետ, հուշարձանի տեղադրման առաջարկը թույլ են տալիս դիտել` որպես հերթական քայլ վերջին տարիների նշանակալի նեոստալինիստական մշակութային ժեստերի շարքում, ինչպիսիք են օրինակ Ալեքսանդր Գերասիմովի ցուցահանդեսը Պետական պատմական թանգարանում կամ «Ռոմանտիկ ռեալիզմ»-ը Մոսկվայի Մանեժում:
Խորհրդային արվեստում կուսակցական միջամտությունների պատմությունն աստիճանաբար մարում և կորցնում է իր սրությունը: Գեղարվեստական գործընթացի ընդհանուր նկարագրերը փոխարինվում են ժառանգների հեռանկարով, իսկ առանձին գործիչների անձնական կյանքի մանրամասները ժամանակավորապես դառնում են ավելի կարևոր, քան նրանց հասարակական-քաղաքական դերը: Միանգամայն հավանական է, որ Կարո Հալաբյանը հավաքական հիշողության մեջ կմնա ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես Ռուսական բանակի թատրոնի հնգածայր շենքի անսովոր նախագծի համահեղինակ: Այնուամենայնիվ, անհնար է չնկատել, որ Մոսկվայում Հալաբյանին նվիրված կա արդեն երեք հուշարձան (ավելի ճիշտ նույնիսկ չորս, եթե հաշվեք Նովոդևիչյան գերեզմանատան հայտնի վեհարձանը), և այդ հուշարձանները ծանոթ են գրեթե բոլորին: Դրանք են հուշատախտակը այն տան պատին, որտեղ ճարտարապետն ապրում էր իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Լյուդմիլա Ցելիկովսկայայի հետ, նրա պատվին անվանված Հալաբյան փողոցը և վերջերս կառուցված Հալաբյան-Բալթյան թունելը:
Այն մասին, թե ինչումն է կայանում մեկ գործչի շուրջ կետրոնացած լարված ուշադրության պատճառը ու թե որքանով է այն ներկայացնում ճարտարապետի իրական ինքնությունը, խորհում է ճարտարապետության պատմաբան, հայ մոդեռնիզմի մասնագետ Կարեն Բալյանը՝ գրաֆիկական և պաստառային նկարչ Տաճատ Խաչվանքյանի (1896-1940) թոռը:
Կան անցյալի մարդիկ և իրադարձություններ, որոնց պատմության մեջ փաստերը խառնվում են առասպելների հետ: Դրանք օբյեկտիվորեն դատելը կարող է դժվար լինել: Դա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ապրել են հրեշավոր ստալինյան դարաշրջանում: Կարծում եմ՝ Հալաբյանի անունը վերածվել է հենց այդպիսի առասպելի. այն պարունակում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ:
Հալաբյանի անունը մանկուց լսել եմ: Պապիս քույրը երեսունականներին աշխատում էր նրա արհեստանոցում, և ես գիտեի, որ նա հայտնի ճարտարապետ էր, և որ ընկերացել էր պապիս հետ, երբ նրանք սովորում էին Վխուտեմաս-ում (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ): Ես չեմ տեսել պապիս՝ նա մահացել է Մագադանի ճամբարում իմ ծնվելուց շատ առաջ: Բայց ինձ միշտ հետաքրքում էր այն ամենը, ինչ կապված էր նրա հետ: Պապիս կյանքի մեծ մասը չուներ ճշգրիտ փաստագրական ապացույցներ, և ինձ այն յուրօրինակ առասպել էր թվում: Այդ առասպելի մի մասն էլ Հալաբյանի կերպարն էր:
Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտն (այդպես էր կոչվում Վխուտեմաս-ը 1926 թվականից սկսած) ավարտելուց հետո Հալաբյանը երկու տարի աշխատել է Հայաստանում: 1931 թ-ին վերադարձավ Մոսկվա: Այս երկու տարիների ընթացքում նա և իր երկու ընկերները՝ Գևորգ Քոչարը և Միքայել Մազմանյանը, Հայաստանի ճարտարապետության պատմության մեջ նոր ուղղություն են ստեղծում: Ես դա անվանում եմ «հայկական կոնստրուկտիվիզմ»: Սելիմ Օմարովիչ Խան-Մագոմեդովը՝ սովետական ավանգարդի պատմության գլխավոր հեղինակությունը, կարծում էր, որ «1920-ականների վերջի և 1930-ականների սկզբի Հայաստանի նորարարական ճարտարապետական դպրոցը կարելի է համարել (ոչ միայն խորհրդային, այլև ամբողջ աշխարհի ճարտարապետության կտրվածքով) ժամանակակից ազգային առանձնահատկությունների ձևավորման հաջող փորձերից առաջիններից մեկը»։ Հալաբյանի բոլոր շինությունները Հայաստանում խիստ կոնստրուկտիվիստական էին: Դրանց թվում է «շախմատի տունը», տուն-համայնքը: Կարծում եմ, որ սա Հալաբյանի լավագույն աշխատանքն է, որը սկսվել էր, ի դեպ, Վխուտեմաս-ի վերջին կուրսում, և նախագիծն իրականացվել էր Միքայել Մազմանյանի հետ համատեղ:
Բայց Հայաստանում կոնստրուկտիվիզմը կավերվի, կճնշվի և, առհասարակ, չի վերականգնվի: Այսօր գրեթե բոլոր շինությունները կա՛մ քանդված են, կա՛մ գտնվում են կիսաքանդ վիճակում: Հիմնականում պահպանվել են հետկոնստրուկտիվիստական շրջանի աշխատանքներ: Հալաբյանի թողած զուտ կոնստրուկտիվիստական հետքը գրեթե ջնջված է: Դրա հետ մեկտեղ,Երևանում կա փողոց՝ անվանված Հալաբյանի պատվին, և նրան նվիրված հուշարձան:
Հինգ հետկոնստրուկտիվիստական տարիները՝ 1932 -1937 թվականները, երբ այս ոճով ստեղծվեցին ամենահետաքրքիր գործերը, որոնք նրբորեն համատեղում էին բանական, բայց դեռ կոնստրուկտիվիստական կոմպոզիցիոն հիմքը դասականության և ար-դեկոյի տարրերի հետ, չէին փրկի Երևանում մնացած կոնստրուկտիվիզմի հիմադիրներին։ 1937 թվականին ձերբակալվելու էին Քոչարը և Մազմանյանը: Կձերբակալվեր նաև Նիկոլայ Բունիաթյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետը, ով այդ պաշտոնին հրավիրվել էր Թամանյանի կողմից: Բունիաթյանը, ինչպես և Շուսևը, կարողանում էր աշխատել երկու «սուպերոճերում» (կրկին՝ Խան-Մագոմեդովի տերմինն է): Այդ նույն ժամանակ ժամանակ, Հալաբյանը Մոսկվայի ճարտարապետական իշխանության վերնակետում էր: Այդ ընթացքում, Քոչարն ու Մազմանյանը գտնվում էին ոչ թե ճամբարում, այլ շարաշկայում, փրկվում են, վերադառնում Հայաստան և հասցնում կառուցել մոդեռնիստական շենություններ: Բունիաթյանին հաջողվում է ազատվել Երևանի բանտից: Նա մեկնում է Մոսկվա, գլխավորում Ճարտարապետության ակադեմիայի ասպիրանտուրան: Արդյո՞ք Հալաբյանը կապ ուներ իրադարձությունների այս շարքի հետ:
Մոսկվայում Հալաբյանի նախագծած ամենահայտնի շենքը Կարմիր բանակի թատրոնն է (Վասիլի Սիմբիրցևի հետ միասին): Այս շենքի ճարտարապետությունը, որի ծրագիրը նման է հնգածայր աստղի, ևս ճարտարապետական առասպել է, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Առասպել, որի համաձայն՝ Կագանովիչը մատիտով ուրվագծել է թանաքամանը, առասպել, որի համաձայն՝ ծրագրի գաղափարը պատկանում է Ստալինին: Միևնույն ժամանակ, պատմություն շենքի պատկերը ճարտարապետի երևակայության մեջ հայտնվելու մասին չկա: Մինչդեռ մտածել, որ դա լինել չի կարող, ակնհայտորեն նշանակում է պարզեցնել ճարտարապետական գործընթացի պատկերացումները: Ինչքա՞ն կան Հայաստանում ուշ խորհրդային ժամանակաշրջանի շինություններ, որոնց նախագծերում ճարտարապետները ներգծում էին արգելված խաչ՝ ֆունկցիոնալ լուծումը ստորադասելով դրա ուրվագծերին:
Հալաբյանը նշանավոր կազմակերպիչ էր: Այդպես է լինում, երբ ստեղծագործ անձն ունենում է նաև կազմակերպչական տաղանդ: Ճարտարապետության պատմության մեջ մենք գիտենք Ալբերտ Շփեերի վառ օրինակը: Շեշտելու համար Հալաբյանի դերը (չէ՞ որ նա ակադեմիայում և ճարտարապետների միությունում ձևականորեն երկրորդն էր)՝ նրան արժանացրին Մոսկվայի գլխավոր ճարտարապետի առասպելական պաշտոնի: Բայց Մոսկվայի գլխավոր ճարտարապետը Հալաբյանը չէր:
Ճարտարապետության ակադեմիայի Հալաբյանի նախկին ասպիրանտ Ջիմ Թորոսյանը ներկայացնում էր պատմություններ Հալաբյանի անհավատալի ազդեցության մասին, որը ակադեմիայում պահպանվում էր նույնիսկ 50-ականների սկզբին, երբ հայտնի պատմությունից հետո նա (Հալաբյանը – Մ․Բ․) զրկվեց բոլոր պաշտոններից: Պատմությունը, որը մեզ հասել է Յ․ Սավիտսկու վկայության շնորհիվ, առասպել չէ, բայց շատ նման է դրան: Հալաբյանը հակադարձեց Բերիային՝ ասելով, որ նախագծված մոսկովյան երկնաքերերը տնտեսապես արդարացված չեն լինի: Եվ որոշ ժամանակ անց, համապատասխան «ընկերների» համառ պահանջով, նա ընդունեց իր արվեստանոց մի մարդու, որը շուտով պարզվեց, որ «օտարերկրյա լրտես է»:
Հալաբյանին ձերբակալություն էր սպասում: Նրան փրկեց Միկոյանը: Նրանք ընկերներ էին, սովորել էին Թիֆլիսի հայտնի հայկական Ներսիսյան ճեմարանում: Հալաբյանի մասին մենագրության հեղինակը՝ Տատյանա Մալինինան, մեջբերում է հետևյալ փաստը. Միկոյանը Հալաբյանին իր մոտ է կանչում, գնացքի տոմս տալիս և մեկ տարով գործուղում Հայաստան:
Ինձ չափազանց զարմացրեց այս պատմությունը: Ինչպե՞ս չեն պահպանվել Հալաբյանի՝ Հայաստանում լինելու ապացույցները: Որտե՞ղ էր ապրում այս շատ հայտնի և արտաքնապես շատ նկատելի մարդը: Ինչո՞վ էր նա զբաղվում: Եվ ինչպե՞ս չի պահպանվել այդ ժամանակների ոչ մի ապացույց. չէ՞ որ Հալաբյանի յուրաքանչյուր այց Հայաստան հայտնի է լուսանկարներից, ճարտարապետների հուշերից:
Երբ մտածում եմ իսկական, ոչ առասպելաբան Հալաբյանի մասին, հիշում եմ Ալեքսանդր Ֆադեևին, ով 1956 թվականին, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, կրակեց ինքն իրեն:
Վերջերս ես ծանոթացա Վլադիմիր Սերգեյի Միկոյանի՝Անաստաս Միկոյանի թոռան հետ: Խոսք գնաց Հալաբյանի մասին: Նա իր հոր խոսքերից այս պատմությունը մի փոքր այլ կերպ պատմեց: Պարզվում է՝ Միկոյանը Հալաբյանին կանչել է կայարան. հանդիպումը գրասենյակում կամ տանը անմիջապես «կբացեր բոլոր քարտերը»: Ներկայացնելով մեկնել չցանկացող Հալաբյանին իրավիճակի անհուսալիությունը՝ Միկոյանը հրամայեց նրան մեկնել Հայաստան և անցկացնել այդ ժամանակը հեռավոր գյուղում:
Լուծվե՞լ հեռավոր հայկական գյուղում: Բայց որտե՞ղ, ո՞ր գյուղում: Ինչպե՞ս լուծել այդպիսի նշանավոր քաղաքացի մարդուն գյուղացիների մեջ: Կարո՞ղ է սա առասպել չլինել:
Պահպանվել են փաստաթղթեր, Հալաբյանի պաշտոնական նամակները, նրա ելույթները 1930-ականների վերջին Ճարտարապետների միությունում: Նրանց հռետորաբանությունը նման է այդ սարսափելի ժամանակաշրջանում ընդունվածին, Հալաբյանի «բացահայտող» ձայնը, իհարկե, նման է շրջապատող ձայներին, չնայած երբեմն ընդհանուր երգչախմբում այն ավելի ուժեղ է հնչում: Ռեպրեսիվ ստալինյան համակարգի երգչախումբը գործում էր նրա ստեղծած բոլոր ճարտարապետական կառույցներում`արհեստանոցներից մինչև Ճարտարապետների միություն:
Սա ստալինիզմը արդարացնելու փորձ չէ: Ո՛չ, ես ընդհանրապես մտադիր չեմ արդարացնել ստալինիզմը, ավելի ճիշտ, եթե կարող եմ թույլ տալ ինքս ինձ այդպես խոսել, ես փորձում եմ բացահայտել այն, մանավանդ, երբ տեսնում եմ ապացույցներ, որոնք դեռ կենդանի են:
Ռեպրեսիվ ստալինյան համակարգի երգչախումբը գործում էր նրա ստեղծած բոլոր ճարտարապետական կառույցներում` արհեստանոցներից մինչև Ճարտարապետների միություն:
Բոլորը տարբեր կերպով, գիտակցաբար, թե ոչ, այդ ստալինյան համակարգի զոհն էին: Խրուշչովը, Միկոյանը չարագործություններ իրագործողներն էին: Բայց առանց նրանց չէր լինի XX համագումարը: Չէր լինի ճշմարտությունը: Եվ անմեղ մարդիկ արդարացված չէին լինի: Նրանց թվում նաև իմ պապը: Ես երախտապարտ եմ նրանց դրա համար:
Երբ մտածում եմ իսկական, ոչ առասպելաբան Հալաբյանի մասին, հիշում եմ Ալեքսանդր Ֆադեևին, ով 1956 թվականին, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, կրակեց ինքն իրեն։
Արդյո՞ք Հալաբյանի հակադարձումը Բերիային այդպիսի կրակոցի չէր նման:
Հալաբյանը ուներ չափազանց վառ արտաքնային տվյալներ՝ պրոֆիլ, կեցվածք, ձայն (նա հիանալի երգում էր)` ոչ պակաս նպաստող առասպելի ձևավորմանը: 90-ականների հենց սկզբին, փաստացի, դա 91-ի օգոստոսն էր, անհնար է մոռանալ, խռովության օրերին ես կնոջս և երեխաներիս հետ հանգստանում էի Սուխանովոյում: Մի անգամ կանգառում ավտոբուսին սպասելիս երկու կանանց զրույցի ակամա վկաներ դարձանք: Կինը, ով տարիքով շատ ավելի մեծ էր, իր երիտասարդ զրուցակցին պատմում էր իր՝ Ստեղծագործական տանը աշխատելու մասին: Նա հիշեց, թե ինչպես գլխավոր ծառուղում կանգնած՝ սպասում էր այլ աշխատակիցների հետ միասին Հալաբյանին տեսնելուն, ով դուրս էր գալու գլխավոր շենքից։ Այդ ժամանակ Հալաբյանի մահվանից անցել էր արդեն ավելի քան 30 տարի: Իրական կերպարը վերածվել էր առասպելի, և, թվում էր, ոչ միայն այդ կնոջ, այլև շատերի համար, ովքեր լսել են միայն Հալաբյանի մասին…
Ինձ համար Հալաբյանը իր ճարտարապետության մեջ բոլորովին իրական է: Դա ավանգարդական և, միևնույն ժամանակ, ազգային «շախմատի տունն» է, ֆորմալ թատրոնը: Եվ ինքը ինձնից այդքան էլ հեռու չէր՝ միայն մեկ ձեռքսեղմման չափ: Ես նկատի ունեմ ոչ թե պապիս քրոջը (նա վաղուց ողջ չէ), այլ Ջիմ Թորոսյանին, ում ձեռքը ես սեղմում էի ոչ այդքան վերջերս։ Բայց արդյո՞ք այս ձեռքսեղմումն ինքնին ևս մեկ առասպել չէ:
Թարգմանիչ՝ Մերի Բաբայան (Mery Babayan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: