Երբ խոսում ենք արձանների մասին․․․

Երբ խոսում ենք արձանների մասին․․․

․․․ինչի՞ մասին ենք իրականում խոսում

Ինչո՞ւ են մարդիկ արձաններ և այլ հուշակոթողներ կառուցում։ Եվ ինչո՞ւ են ուրիշները ցանկանում քանդել դրանք։

2003 թ․ ապրիլի 9-ին՝ մեդիայի կողմից մեծ արձագանք ստացած մի իրադարձության ժամանակ, Բաղդադում ԱՄՆ ծովային հետևակայիների կողմից M-88 էվակուացիոն զրահամեքենայով պատվանդանից հեռացվել է Սադամ Հուսեյնի արձանը։

Այսօր iconic /ʌɪˈkɒnɪk/՝ խորհրդանշական  կոչվելը մեծագույն ձեռքբերում է: Համատեղելով  կրոնական հին պատկերների, հուշահամալիրների վերհուշերը և ժամանակակից համակարգչային տերմինաբանության ազդեցությունը՝ այս բառը 21-րդ դարում նոր նշանակություն է գտել: Աստղերը, պատմական դեմքերը, նորաձևության առարկաները, կահույքի դիզայնը և մարքեթինգային ապրանքանիշերը բոլորը արժանացել կամ ձգտում են արժանանալ այս անվանը:

Բառը ծագում է հին հունարենից, բայց մասնավորապես այս կիրառումը շատ ավելի նոր է, թվագրվում է 20-րդ դարի կեսերով: Նրա ներկայիս արդիականությունը, հավանաբար ոչ պատահաբար, համընկնում է առանձնահատուկ խորհրդանիշների՝ արձանների և հուշակոթողների վրա ներկայիս կենտրոնացվածության հետ:

Նման առարկաներ ողջ աշխարհում գոյություն են ունեցել հազարամյակներ շարունակ: Որոշները փոխաբերական են՝ արժեք կամ վերացական իրողություն ներկայացնելով, իսկ մյուսներն ավելի կոնկրետ են՝ հաճախ հստակ մի անձի փառաբանելու համար: Որոշները կանգնեցվել են ի նշան ինքնափառաբանման, մյուսները՝ մեկ ուրիշին պատվելու համար:

Դրանց նպատակը նախկինում այնպես մանրակրկիտ չի ուսումնասիրվել, ինչպես վերջին տարիներին, սակայն, ոչ առանց շարունակ ընթացող բանավեճերի, թե ինչպես է պատմության շուրջ մեր տեսակետը փոխվում քաղաքական և մշակութային զարգացումների ազդեցությամբ։

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ գնալով ավելի հաճախ են կասկածի տակ դնում նախկին խորհրդանիշները» [4]:

Այս ուսումնասիրություններից մի քանիսը անմիջական գործողությունների են հանգեցրել. 2017-ին Նյու Օռլեանում ամերիկյան համադաշնային գեներալ Ռոբերտ Ի. Լիի արձանի հեռացումը նույն ճակատագիրն էր կանխատեսում մյուսների համար՝ միայն 2020-ին Համադաշնության ավելի քան հարյուր հանրային խորհրդանիշների: Նույն կերպ Միացյալ Թագավորությունում հողին հավասարեցվեց առևտրական և ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի արձանը Բրիստոլում 2020 թվականին: Իսկ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները սկսել են ապամոնտաժել ԽՍՀՄ-ի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին նվիրված հուշահամալիրները: Այդ ջանքերը մեծ թափ առան 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո: Միայն Լատվիան և Էստոնիան պլանավորում են ոչնչացնել կամ տեղափոխել նման հարյուրավոր հուշարձաններ՝ մատնանշելով ոչ միայն Մոսկվայի ներկայիս ագրեսիան Ուկրաինայում, այլև տասնամյակներ տևած խորհրդային օկուպացումը Բալթյան տարածաշրջանում, որտեղ հուշակոթողները դրա մշտական ​​հիշեցնողն են: 

Մեր աշխարհը գիտելիքի լայն հասանելիություն ունի և պատրաստ է վերագնահատել անցյալի որոշ ասպեկտներ՝ ըստ թարմացված տեղեկատվության և փոփոխվող արժեքների: Սա առաջացնում է անխուսափելի հակամարտություն, երբ կիրառվում է անփոփոխ թվացող արձանների և հուշակոթողների նկատմամբ, քանի որ գրեթե բոլորը կանգնեցված են ակնկալիքով, որ այն, ինչ նրանք պիտի ներկայացնեին, հավերժ գնահատված կլինի: Բայց և՛ հին աշխարհի պատմությունը, և՛ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ համոզմունքը չափազանց պարզունակ է: Թեժ բանավեճի ընթացքում հեշտ է մոռանալ, որ այս առարկաներից յուրաքանչյուրն ըստ էության ընդամենը ժայռի կամ մետաղի մի կտոր է: Այնուամենայնիվ, քննարկումն ինքնին շատ ավելի նշանակալից է, քան, հավանաբար, մենք ենք պատկերացնում:

Առօրյա խնդիրների վրա ունեցած սահմանափակ կենտրոնացումից հրաժարվելն ու պատմագրության մեջ նոր դիտակետեր փնտրելը օգտակար կոնտեքստ է տալիս այս խնդիրների շուրջ: Արժե հարց տալ. ինչի՞ մասին ենք իրականում խոսում, երբ խոսում ենք արձանների մասին:

ԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՎ ԱՅԺՄ

Ի՞նչ ենք հասկանում արձան կամ հուշակոթող ասելով: Արդյո՞ք այն ներառում է ավելի ընդհանուր քանդակներ՝ կենդանիներ, այլաբանական կերպարներ, նույնիսկ վերացական գաղափարներ: Արդյո՞ք Միքելանջելոյի Դավիթը դասվում է նույն շարքին, ինչ Զատկի կղզում հայտնաբերված քարե գլուխները: Արդյո՞ք Ռամզես II-ի` յոթ տոննա կշռող կերպարն ավելի մոտ է արձանի գաղափարին, քան չորս կովերի քանդակված փոքրիկ մոդելը՝ հայտնաբերված Եգիպտոսում երկու հազարամյակ առաջ: Արդյո՞ք նյութի տեսակը՝ փայտ, մարմար, բրոնզ, կավ, բետոն, նշանակություն ունի:

Չորս կովերի թրծակավե մոդելը, մ․թ․ա․ մոտ. 3500 թ., պեղվել է Էլ-Ամրայում, Վերին Եգիպտոս։
Լուսանկարը՝ Բրիտանական թանգարանի կողմից՝ Creative Commons լիցենզիայով։ © Բրիտանական թանգարանի հոգաբարձուներ

Հազարավոր տարիների ընթացքում մարդիկ մի շարք նպատակներով ստեղծել են հսկայաքանակ և բազմազան եռաչափ փորագրություններ և ձուլվածքներ: Որոշ նպատակներ բացահայտելն ավելի բարդ է, քան մյուսները: Միշտ չէ, որ ինչ-որ գտածոյի ակնկալվող գործառույթը հստակ է կամ ընդհանրապես նշված պատմական աղբյուրներում։ Բայց նույնիսկ երբ այն հստակ է, պարտադիր չէ, որ նախնական մտադրությունը, չափը, քանդակագործի ինքնությունը և օգտագործվող նյութը ամենակարևոր գործոնները լինեն:

Առավել կարևոր է օգտագործվող նյութերի երկարակեցությունը։ Այս առարկաները հազվադեպ են կազմված անմշտական ​​նյութերից: Անկախ նյութի տեսակից՝ քար, մետաղ, կավ, բետոն, թե փայտ, դրանք նախատեսված են երկար ժամանակ ծառայելու համար: Հետևաբար, նրանք անուղղակիորեն ներկայացնում են մի բան, որը բարձր է գնահատվում և (ենթադրաբար) իր արժեքը կպահպանի այն կերտողի մահից հետո դեռ երկար տարիներ:

Մի շարք հին քաղաքակրթությունների համար արձանները կրոնական նպատակ են ունեցել: Եբրայերեն գրությունները պատմում են հեթանոսական պաշտամունքի համար կառուցված կենդանակերպ արձանների մասին, ինչպիսին էր փղշտացիների կիսամարդ ու կիսաձուկ աստված Դագոնը։ Դանիելի գիրքը պատմում է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կառուցած հսկայական ոսկե արձանի մասին, որի բարձրությունը հասնում էր 27 մետրի։

«Հին Մերձավոր Արևելքի ողջ արվեստն անբաժանելի էր կրոնից և առանց դրա ոգեշնչում գրեթե չէր ունենա» [3]:

Այն տարածքում, որն այժմ անվանում ենք Մերձավոր Արևելք, շատերը մասնավոր երկրպագության համար իրենց տներում աստվածությունների ավելի փոքր արձաններ էին պահում: Բուդդայի և Ջինայի՝ Հարավային Ասիայում հայտնաբերված բազմաթիվ արձանիկները նույն կերպ օգտագործվել և շարունակում են գործածվել այսօր: Մարդիկ օգտագործում են Բուդդայի կերպարը որպես մեդիտացիայի միջոց ցանկալի հոգեվիճակի հասնելու համար: Իսկ քրիստոնեության որոշ ճյուղեր պահում են Հիսուսի, Մարիամի և մյուս սրբերի արձաններն ու արձանիկները հանրային և մասնավոր պաշտամունքի համար:

Երբ խոսվում է հնագույն արձանների մասին, շատերն առաջին հերթին մտածում են Հունաստանի և Հռոմի մասին: Հույները, ըստ ֆրանսիացի հնագետ Ֆիլիպ Բրյունոյի, «իրապես քանդակագործությունը համարում էին իրենց քաղաքակրթության բացառիկ  առանձնահատկությունը»։ Այն հիմնականում ստացել է մարդկային կերպարանք և գրեթե միշտ ծառայել է կրոնական նպատակների: Բրյունոն նշում է, որ դրանք «հազիվ թե երբևէ նախապես չպատվիրված աշխատանք լինեին՝ ստեղծված բացառապես գեղագիտական ​​նկատառումներից ելնելով, ինչն այժմ անվանում ենք արվեստ»։ Օրինակ՝ աստծո արձանը հաճախ կանգնեցվում էր նրա տաճարում՝ դրանով իսկ ապահովելով աստվածային ներկայությունը, հետևաբար, նաև նրա պաշտպանությունը մոտակայքում։ Իսկապես, որոշ շատ հին հունական արձաններ քանդակվել են առանց ոտքերի, որպեսզի աստվածը չկարողանա հեռանալ:

Հին Եգիպտոսում արձաններն օգտագործում էին պաշտամունքի, ինչպես նաև թաղման նպատակով։ Շատ հաճախ եգիպտական ​​քանդակարվեստը կատարում էր ավելի ժամանակակից թվացող գործառույթներ: Ըստ բրիտանացի հնագետ Սեթոն Լլոյդի՝ նման աշխատանքները հաճախ հանդես են եկել որպես «պատմական իրադարձությունների հիշեցումներ»՝ կրթական նպատակ հետապնդելով, ինչպես նաև աջակցելով գործող իշխանությանը։ Առաջնորդների և նրանց ձեռքբերումների այս (անխուսափելիորեն կողմնակալ) փառաբանությունը, որը նպատակ ուներ հաստատելու և ամրապնդելու հանրային արժեքները, նախորդեց նրան, ինչ 18-րդ դարից ի վեր դառնալու էր դարի թելադրանքը:

Միևնույն ժամանակ, Վերածննդի դարաշրջանը ձգտում էր վերստեղծել հունական և հռոմեական դասական քանդակագործության գեղեցկությունը՝ առաջին հերթին հենց արվեստից հաճույք ստանալու համար: Այն ժամանակաշրջանում, երբ մարդը տիեզերքի կենտրոնն էր համարվում, արձանները մեծ մասամբ կորցրին իրենց կրոնական գործառույթները, թեև հաճախ հիմնվում էին աստվածաշնչյան թեմաների վրա: Բայց աճող կենտրոնացվածությունը մարդու վրա ակնհայտ էր: Արվեստագետներն իրենք էլ դարձան նշանավոր գործիչներ (ժամանակակից լեզվով ասած՝ «խորհրդանշական»), ընդ որում՝ Միքելանջելոյի և Դոնաթելոյի պես շատները մինչ օրս պահպանում են իրենց համբավը:

Հետագա դարերի ընթացքում Եվրոպայում արձաններն ու այլ հուշակոթողները շարունակաբար դարձան քաղաքական ուժի հանրային ցուցադրության միջոց. «Արվեստը իշխանության ամենասիրելի գործիքն է», – գրում է արվեստի պատմաբան Ժենևյեվ Բրեսկ-Բոտիեն: 19-րդ դարի Եվրոպայում աճող ինքնավստահությունը նպաստեց ներկայիս և պատմական դեմքերի պատվին արձանաշինության կտրուկ ընդլայնմանը: Արձանաշինության և պատմության կապը, ինչը ներկայումս բանավեճերի կարևոր մասն է կազմում, այդ ժամանակ խորն արմատավորվեց:

Եվ այստեղ էլ գտնում ենք էական բացթողումը։ Որպես գիտակարգ՝ պատմությունը լավագույն դեպքում պետք է հենվի փաստերի վրա, բայց այն միշտ ենթարկվում է կողմնակալության, տարբեր տեսակետների և նոր բացահայտումների ազդեցության: Սա չհասկանալով՝ մարդիկ փորձեցին անշարժ առարկայի մեջ անմահացնել պատմության իրենց տարբերակը՝ վստահ լինելով, որ այն, ինչ տեսնում էին դրանում, կմնա արդիական: Այդպիսի հպարտության, իրենց ընկալումների հանդեպ անմիտ վստահության արդյունքը նկատելի է այս ժամանակաշրջանի հոյակապ (թեև ներկայումս հիմնականում անտեսված) արձանների շարքերում, որոնք սփռված են ողջ աշխարհով մեկ:

ՓՈՓՈԽՎՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈԻՆ

Ութերորդ դարի չինացի մի գեներալի գերեզմանը փայլուն օրինակ է նրա, թե ինչպես կարող են արձանները տարբեր նշանակություններ ունենալ տարբեր մարդկանց համար: Բազմաթիվ այլ իրերի հետ մեկտեղ Լյու Տինգշունը իր գերեզմանը լցրել է 13 կերամիկական արձանիկներով, որոնց բարձրությունը 60-ից 110 սանտիմետր է (մոտ 25–40 դյույմ): Այս արձանիկները նախատեսված էին գերեզմանը պաշտպանելու և իր նվաճումները հանդերձյալ կյանքում այլոց ներկայացնելու համար: Ինքնփառաբանող ոճով գրված մահախոսականի հետ դրանք անկրկնելի տպավորություն էին ստեղծում գեներալի կյանքի շուրջ։ Ինչպես պատմաբան Նիլ ՄաքԳրեգորն է գրում, այդ պատկերները տոմսի դեր էին կատարում դեպի այլ աշխարհ՝ ուղղված «անդրաշխարհի դատավորներին, որ տեղեկանալու էին նրա աստիճանի ու կարողությունների մասին և մեռյալների մեջ նրան շնորհելու էին այն հեղինակավոր տեղը, որին արժանի էր»։

«Արձանիկներն ու տեքստը միասին հետաքրքիր պատկերացում են տալիս են մեզ 1300 տարի առաջվա Չինաստանից․ սակայն, ամենից առաջ, դրանք հավերժական հիացմունքի և ծափահարությունների անամոթորեն բացահայտ խնդրանք են» [5]:

Արևմուտքի ժողովրդիս համար պատկերներն այլ նշանակություն ունեն։ Դրանք արվեստի պատմական գործեր են, որոնք մեզ պատկերացում են տալիս ոչ միայն Լյու Տինգշունի, այլև Տանգ դինաստիայի մասին (պետական ոսկե դարաշրջան, երբ չինական քաղաքակրթությունը գերազանցել է աշխարհի մեծ մասին): Ժամանակակից բազմաթիվ չինացիների համար արձաններն ավելի մեծ նշանակություն ունեն՝ որպես ազգային նվաճումների գագաթնակետի վկայություն:

Իմաստները, որոնք տալիս ենք առարկաներին, փոփոխվում են ժամանակի ընթացքում: Նրանք նաև տարբեր են անհատից անհատ և հասարակությունից հասարակություն: Շատ իմաստներ և տեսակետներ կարող են գոյություն ունենալ միաժամանակ, բայց կարծիքների բազմազանությունն ու փոփոխականությունը հակադրություն են ստեղծում, երբ դիտվում են կոթողի սառը, կոշտ արտաքինի կողքին:

ՆԵՐԿԱՅԻՍ ԲԱՆԱՎԵՃԸ

Վերջերս ուշադրության են արժանացած արձանները համեմատաբար ավելի քիչ հնություն ունեն: Էդվարդ Քոլսթոնը և Ռոբերտ Ի. Լին գովաբանվում էին արժեքների համար, որ հավերժ էին թվում նրանց, ովքեր կանգնեցրել էին նրանց արձանները: Բայց Քոլսթոնը և Լին մարդ էին՝ իրենց անխուսափելի բարդություններով, այդ իսկ պատճառով նրանց կյանքը երբեք չէր կարող ամբողջությամբ ներկայացվել մի անշարժ արձանի միջոցով: «Ֆիգուրատիվ հուշարձանների և հուշակոթողների խնդիրներից մեկն այն է, որ դրանք հաճախ չափազանց պարզեցնում են պատմությունը, – գրում է Լոուն: – Մեր անցյալի մասին միայն մեկ դրամատիկ պատմության հետամուտ լինելով՝ կարող ենք ստվերի թակ թողնել այլ, ավելի նրբաբնույթ պատմություններ»։ Այն, ինչ բաց էին թողել Քոլսթոնի և Լիի հուշարձանները, հատկապես ռասայի և ռասիզմի շուրջ նրանց թողած ժառանգությունը, 21-րդ դարի սերնդի հիմնական բողոքներից է:

Բրիտանացի բարերար և ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի այլանդակված արձանը՝ ցուցադրված Անգլիայի Բրիստոլ քաղաքի M Shed թանգարանում, որը վնասվել է ցուցարարների կողմից 2020 թվականի հունիսի 7-ին:
Լուսանկարը՝ Ադրիան Բոլիստոն, CC BY 2.0, Wikimedia Commons

Հասկանալը, թե ինչ է հուշարձանը և ինչ չէ, առաջին կարևոր քայլն է բոլորիս համար: Այն, ըստ էության, քարի կամ մեկ այլ նյութի մի կտոր է: Ի սկզբանե այն ստանում է մեկնաբանություններ և իմաստներ, որոնք կարող են անհատապես կամ հրապարակայնորեն կիսվել: Այն հաճախ փառաբանում կամ մեծարում է մի մարդու, առաքինություն կամ գաղափար: Խորհրդանիշների ժամանակակից գաղափարի զուգահեռները հասկանալի են, բայց եթե հայտնի անձի կամ բրենդի ասոցիացիաները ճկուն են, հաճախ բարդ և ժամանակավոր, հուշարձանն անշարժ է, պարզ և մշտական։ Եվ երբ այդ հուշակոթողը կամ արձանը հիշատակում է կոնկրետ անձի կամ իրադարձություն, դրա նշանակությունը կարող է էականորեն հակասել սկզբնաղբյուր նյութին:

Մեկնաբանությունների բախումները մարտահրավեր են բոլորիս համար: Շատ կարևոր է հաշվի առնենլ, թե ինչ ենք ներդնում նման հուշակոթողներում, արդյոք այն իրապես այդքան կարևոր է, և ինչպես ենք պատրաստվում դա ներկայացնել ուրիշներին:

Արձանը հաճախ մարդկային նվաճումների կոթող է, ժառանգություն, որը նախատեսված է մահից հետո էլ գոյություն ունենալու համար: Մեզնում մեծ է մղումը ստեղծելու ժառանգություն, որը կշարունակի ապրել մեր մահից հետո: Դա դրսևորվում է արվեստի, բարեգործական պարգևների, ժառանգությունների և նույնիսկ մեր երեխաների նվաճումների մեջ: Դա զգացում է, որը մեզանից շատերն են կիսում, և այն է դարձնում այդ ժառանգության ոչնչացումը (նույնիսկ եթե այն մերը չէ) հատկապես դաժան, ջախջախիչ:

Այնուամենայնիվ, սա միայն արձաններին չի վերաբերում: Շենքերը, բուրգերը, տաճարները և այլ կառույցներ, ինչպիսիք են Թաջ Մահալը, Բիգ Բենը կամ Բենինյան բրոնզները, ինչ-որ իմաստով մարդկային կոլեկտիվ ինքնության մաս են կազմում: Մասամբ սա էր պատճառը, որ այդքան շատերն էին սգում Փարիզի Աստվածամոր տաճարի այրումը կամ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հնագույն շինությունների ավիրումը, թեև անձամբ երբեք չէին տեսել այդ վայրերը:

Բայց և այնպես, արձանն ինքնին պատմություն չէ, չնայած ոմանք այդպես են պնդում: Ինչպես գրում է պատմաբան Ալեքս ֆոն Թունցելմանը, այն «պատմական արձանագրություն չէ, այլ պատմական հիշողություն»։ Այսինքն՝ դրանում արձանագրվում է այն, ինչ, դրա ստեղծողների կարծիքով, պետք էր հիշել մարդու մասին, այլ ոչ թե իրականում նրա ով լինելը։ Արձանի ոչնչացումը բնավ չի ջնջում կամ ոչնչացնում պատմությունը. ընդհակառակը, այն շարունակական պատմությանը ևս մեկ գլուխ է ավելացնում: Պատմական արձանագրությունը մնում է, անկախ նրանից՝ հուշակոթողը կա, թե ոչ:

Այնուամենայնիվ, կա մի գաղափար, ըստ որի՝ հին իրերը պետք է պահպանվեն, քանի որ դրանք հին են: Հասարակությունում, որտեղ գերակշռում են մեկանգամյա օգտագործման ապրանքները, որտեղ կապիտալիզմը պարգևատրում է նրանց, ովքեր արտադրում են իրեր պահպանման սահմանափակ ժամկետով, բնական է երազել անցյալի թվացյալ մշտականության մասին: Բայց սա բավականին ժամանակակից գաղափար է: Կիրառելով այս սկզբունքը արձանների նկատմամբ՝ որոշ քաղաքական գործիչներ կոչ են արել դիմել «պահելու և բացատրելու» քաղաքականության, որը պահպանում է դրանք՝ բացատրելով պատմական ավելի մեծ համատեքստը: Թեև դրանում միգուցե որոշակի արժանիք կա, սա ավելի շատ նման է լուծման, որն առաջին հերթին ձգտում է հանգստացնել բանավեճի երկու կողմերին:

Արդյո՞ք հուշարձանները պետք է պահպանվեն միայն նրա համար, որ դրանք հին են: Մտածելու տեղիք տվող հարց է, և հարկ է նաև նշել, որ դրանց հեռացումն ու ոչնչացումը նորություն չէ։ Կիևում Լենինի արձանը ամենահայտնիներից միայն մեկն էր, որ ընկավ հետխորհրդային Ուկրաինայում, Իրաքի վարչապետ Սադամ Հուսեյնի արձանը Բաղդադում քանդվեց 2003 թվականին, Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ի արձանը Կինշասայում հեռացվել է երկու անգամ՝ 1966 թվականին և ապա 2005-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական ​​հարյուրավոր արձաններ հանվեցին կամ ոչնչացվեցին Գերմանիայում, Քամբերլենդի դուքս Ուիլյամի լոնդոնյան արձանը իջեցվեց 1868-ին, և այն ժամանակվա Նյու Յորք նահանգում Ջորջ III թագավորի արձանը գոյատևեց ընդամենը վեց տարի, մինչև գլխատվեց և այլանդակվեց 1776-ին: Սա ոչինչ է այն անթիվ-անհամար հուշակոթողների դիմաց, որոնք դարերի ընթացքում պղծվել կամ ավերվել են թշնամական զորքերի կողմից կամ մեծահոգաբար տեղափոխվել են թանգարաններ կամ այլ հանրային տարածքներ:

Այս հուշակոթողներից յուրաքանչյուրը հեռացվել է խորը զգայական պատճառներով: Բայց, ի վերջո, մի կողմ դնելով գեղարվեստական ​​նկատառումները, կարևորը, իրականում, ինքնին առարկան չէ: «Արձանի տեղադրումը հզոր խորհրդանիշ է։ Այդպիսին է նաև դրա տապալումը», ինչպես նշում է ֆոն Թունցելմանը: Ամեն դեպքում կարևորն այն է, թե ինչն ենք մենք արժևորում:

Ջորջ III թագավորի արձանի քանդումը Նյու Յորքում, նկարիչ՝ Յոհաննես Ադամ Սիմոն Օրթել (մոտ 1852)։ Գործունեություն ծավալելով իրադարձությունից տասնամյակներ անց՝ գերմանաբնակ ամերիկացի նկարիչ-հոգևորականը պատկերել է 1776 թվականի հուլիսի 9-ի տեսարանի երևակայական, ռոմանտիկացված տարբերակը: Ականատեսների վկայությունները չեն հաստատում բնիկ ամերիկացիների, կանանց և երեխաների ներկայությունն այդ իրադարձությանը, իսկ պատմական գրառումները ցույց են տալիս, որ արձանի վրա թագավորը պատկերված է եղել հռոմեական կայսրի, այլ ոչ թե ժամանակակից հագուստով։

ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Երբ խոսքը վերաբերում է հուշարձաններին, կան երկու գործոններ՝ տեղադրման կամ հեռացման պատճառները և դրանց կատարման ձևը: Վերջինս, թերևս, ավելի քիչ մանրամասնորեն է ուսումնասիրված, բայց, ամեն դեպում, ևս կարևոր է: Օրինակ, Դոմինիկյան Հանրապետության նախկին նախագահ Ռաֆայել Տրուխիլյոն մինչև իր մահը 1961 թ.-ին հանրային ֆինանսավորմամբ պատվիրել է 1800 արձաններ և կիսանդրիներ իր կերպարով, իսկ ինքնափառաբանող արձանը իշխանության ակնհայտ չարաշահում է և վատ առաջնորդի օրինակ։ Մյուս կողմից, արձանի վերագնահատման ժամանակ հաճախ ի հայտ եկած ագրեսիան, փոխմեղադրանքները և տարաձայնությունը կարող են ստվերել և վնասել հիմքում ընկած բարի մտադրությունները: Լավ արժեքների հետամուտ լինելիս մեր վատ արարքները հանգեցնում են հենց այդ արժեքների խարխլման:

«Երբ մենք պաշտպանում ենք ինչ-որ հստակ արձան, ի՞նչն ենք իրականում պաշտպանում» [6]:

Արձանները, անկախ նրանից՝ դեռ կանգուն են, թե ոչ, մնում են մարդկության մտածողության վկայությունը հազարամյակների ընթացքում: «Հուշարձաններն արտացոլում են մեր արժեքները, և յուրաքանչյուր հասարակություն ստում է ինքն իրեն, թե իր արժեքները հավերժ են», – գրում է Լոուն: Ինքնախաբեության այս արձանագրությունը կարելի է գտնվել աշխարհի բոլոր կողմերում՝ հին պատվանդանների վրա: Այսօր անտեղի կամ վիրավորական թվացողները լոկ հիշեցում են, որ մարդկային հասարակությունները հաճախ որդեգրել և փառաբանել են գաղափարներ ու արժեքներ, որոնք ներկայումս թերի  են: Օրինակ, չնայած հին եգիպտացիների արտասովոր կառույցների առկայությանը՝ նրանց գաղափարները հիմնականում չեն դիմացել ժամանակի փորձությանը։ Մենք այլևս քարե արձաններին չենք զոհաբերում այլ մարդկանց (ներառյալ երեխաներին), ինչպես դա արել են մի շարք հին մշակույթներում՝ այս ավանդույթն անօգտակար գտնելով: Նույնիսկ մեկ դար առաջ լայնորեն փառաբանվող արժեքները, թվում է, ժամկետանց են արդեն:

Մարդկային գաղափարների պատմությունն այնպիսին է, որ կարող ենք վստահ լինել, որ նույնը կասվի ներկայիս արժեքների մասին: Այնուամենայնիվ, ողջ մարդկությանը ծառայող հուսալի սկզբունքների գոյությունը ցանկալի է. դրանց որոնումներին կարելի է հետևել պատմության ողջ ընթացքում:

Արձանները, ըստ էության, ոչ ավելին են, քան մետաղի կամ ժայռի մի կտոր: Բայց այն իմաստը, որ մենք ենք դնում դրանց մեջ, կարևոր է. այն խորապես ազդում է մեր ինքնության վրա: «Պատմական դեմքերին նվիրված արձանները, – գրում է ֆոն Թունցելմանը, – էական դեր են խաղացել այս քննարկման մեջ, քանի որ դրանք ներկա են հակադիր այն բոլոր հասկացություններում, որոնք իրականում ամենևին էլ պատմությանը չեն վերաբերում, այլ այն մասին են, թե ինչպես ենք ինքներս մեզ տեսնում պատմության մեջ` հպարտությունն ընդդեմ ամոթի, լավն ընդդեմ վատի, հերոսներն ընդդեմ չարագործների»:

Լոուն ավելացնում է. «Ներկայումս մեր հուշարձանների շուրջ ծավալվող բանավեճերը գրեթե միշտ հանգում են ինքնությանը»։ Այսինքն՝ խոսքը մեր մասին է՝ նրա, թե ինչպես ենք մտածում, ինչպես ենք գործում, և ով ենք մենք։ Միգուցե մտածենք, թե խոսում ենք արձանների կամ պատմության վերացական հայեցակարգերի մասին, մինչդեռ իրականում մեր մասին ենք խոսում: Դա է առաջնահերթ ուսումնասիրություն պահանջում: Արձանը կամ այլ հուշակոթողները կարող են ներկայացնել մի գաղափար, որն ի սկզբանե գրավիչ է թվում, բայց ինչպետ հետո պարզվում է, անկայուն հիմքեր ունի: Արժե մտածել, թե ինչպիսի արժեքների կրող ենք մենք, արդյոք դրանք իրականում օգտակար են մեզ և ուրիշներին, և արժե՞ արդյոք դրանք անմահացնել ֆիզիկական առարկաների մեջ:

Հղումներ

  1. Georges Duby and Jean-Luc Daval (editors), Sculpture: From Antiquity to the Middle Ages (1999, 2006). 
  2. Georges Duby and Jean-Luc Daval (editors), Sculpture: From the Renaissance to the Present Day (1999, 2006). 
  3. Seton Lloyd, The Art of the Ancient Near East (1961, 2021). 
  4. Keith Lowe, Prisoners of History: What Monuments to World War II Tell Us About Our History and Ourselves (2020). 
  5. Neil MacGregor, A History of the World in 100 Objects (2012). 
  6. Alex von Tunzelmann, Fallen Idols: Twelve Statues That Made History (2021).

Բնօրինակի հեղինակ՝ Donald Winchester, Vision

Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան  (Inesa Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: