Առանց ապակոմունիզացիայի և Ուկրաինայի ապստամբական բանակի

«Ինլայթ»-ը ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակ Գեորգի Կասյանովի «Առանց ապակոմունիզացիայի և Ուկրաինայի ապստամբական բանակի. Ինչի՞ կբերի Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարի փոփոխությունը» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ինչի՞ կբերի Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարի փոփոխությունը

Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարի պաշտոնանկությունից  հետո պարզ դարձավ երկու իրողություն: Առաջին, Ուկրաինայի պատմական քաղաքականությունը պետք է դառնա առավել ընդգրկուն, հեռու մնա հեղափոխական էքստազի ծայրահեղություններից և կուսակցականացման սկզբունքներից: Երկրորդ, եթե ինստիտուտը չի կարելի լուծարել, ապա անհրաժեշտ է այն  արմատապես բարեփոխել, նախևառաջ, թույլ չտալ մեկ քաղաքական ուղղության ներկայացուցիչների կողմից նրա մենաշնորհումը։

Ուկրաինական նոր իշխանությունները հասել են Պետրո Պորոշենկոյի նախագահության ժամանակաշրջանի գաղափարական և պատմական կյանքի ամենավառ դեմքերից մեկին: Վլադիմիր Վյատրովիչը ազատվել է Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարի պաշտոնից:

Այս ինստիտուտը, որը հայտնի էր դարձել իր ապակոմունիզացիայով և հարևան երկրների հետ ունեցած կոնֆլիկտներով, ստեղծվել է 2006 թվականին նախագահ Յուշչենկոյի նախաձեռնությամբ: Սկզբնապես նախագծին աջակցեցին բավականին տարբեր հասարակական խմբեր՝ սկսած ազգայնական քաղաքական գործիչներից, որոնք ինստիտուտը դիտարկում էին որպես համաքաղաքացիների ազգային-հայրենասիրական դաստիարակության լծակ, և վերջացրած գիտական շրջանակներով, որոնք հույս ունեին, որ ինստիտուտը նոր հնարավորություններ կբացի գիտական նախագծերի իրականացման համար:

Այնուամենայնիվ, երկու կողմերի ակնկալիքներն էլ հիմնականում չիրականացան: Պատմական գիտության ոլորտում ինստիտուտի հաջողությունները  բավականին համեստ էին, իսկ նրա պարտադրողական հասարակական ակտիվությունը նշանակալի ներդրում ունեցավ 2019-ի ընտրություններում Պետրո Պորոշենկոյի և նրա գաղափարական դաշնակիցների պարտության մեջ:

Կարճ ճանապարհի փուլերը

2006 թվականին Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ստեղծումը լավագույնս արտահայտեց  արևելաեվրոպական պատմական միտումը: Հենց 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին սոցիալիստական ճամբարից հեռացած և Եվրամիության նախասրահում հավաքված շատ երկրներ  ստեղծեցին հաստատություններ, որոնց գլխավոր առաքելությունը կոմունիստական անցյալի հետ հարցերը պարզելն էր՝ դեպի եվրոպական լուսավոր ապագա շարժվելու համար: Ուկրաինացի մնեմոնիկ մարտիկները որոշեցին հեծանիվ չհայտնագործել և շարժվեցին  արդեն իսկ տրորված ուղով:

Ամենագրավիչ օրինակը Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտն էր. արյունակից այլ եղբայրների հետ համեմատ՝ այն ուներ  ամենից շատ լիազորությունները և փողը: Ըստ էության, ուկրաինական ինստիտուտը պատճենվել է հենց դրանից՝ ընդհուպ մինչև անվանման բառացի փոխառումը: Ճիշտ է, ի տարբերություն իր լեհ գործընկերոջը, որն անմիջապես էր ստացել նախանձելի կարգավիճակ, առատաձեռն ֆինանսավորում և իշխող քաղաքական ուժի լիակատար աջակցություն, ուկրաինական ինստիտուտը դարձավ ավելի շուտ փոխզիջման արդյունք, քան ինչ-որ համախմբված դիրքորոշման հետևանք:

Դա անմիջապես ազդեց նրա կարգավիճակի (ինստիտուտի ղեկավարը մշակույթի նախարարի ենթական էր), ֆինանսավորման (բավականին համեստ) և նույնիսկ նրա տեղակայման վրա.  ինստիտուտը ճարտարապետության հուշարձանում (նախկին «Ազնվական օրիորդների ինստիտուտում») տեղակայելու հսկայական պլանները, ի վերջո, հանգեցին յոթ համեստ սենյակների պատմական մեկ այլ առանձնատանը, որն էլ ստիպված եղան  կիսել այլ հաստատությունների հետ:

Չնայած նորածնի (նոր կառույցի) խնդիրը  ոչ միայն և ոչ այնքան բնակարանային հարցի  և համեստ ֆինանսավորման մեջ էր, որքան նրա հասարակական-քաղաքական դերի և խնդիրների հստակ ընկալման բացակայության: Ինչպես դա հաճախ լինում է չափից շատ դայակների առկայության դեպքում, երեխան պրոբլեմատիկ  դարձավ:

Ինստիտուտի ինքնության վերաբերյալ քննարկումները դարձան  կառավարության որոշում և Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի մասին կանոնակարգ, որտեղ և, փաստորեն, ուրվագծվեց կենտրոնական գործադիր իշխանության նոր մարմնի (հենց այսպիսի կարգավիճակ տրվեց հաստատությանը) խնդիրների  շրջանակը:

Ինստիտուտի գործունեության ոլորտները և պարտականությունների ծավալը սահմանող Կանոնակարգը իրենից ներկայացնում էր կարգախոսների և բյուրոկրատական նորալեզվի (newspeak) հավաքածու: Հետագայում հենց այս համադրությունը դարձավ ինստիտուտի կողմից արտադրվող տարբեր տեսակի փաստաթղթերի և մինչև անգամ օրենքների նախագծերի ֆիրմային ոճը:

Կարգախոսների մակարդակով ամեն ինչ լավ էր. ինստիտուտի առաջադրանքներից էին «ուկրաինական ազգի, նրա պատմական գիտակցության և մշակույթի միավորումը և զարգացումը», «ուկրաինական պետականաշինության բազմադարյա պատմության, ХХ դարում ուկրաինական պետականության վերականգնման համար պայքարի փուլերի բազմակողմանի ուսումնասիրության ապահովումը», Ուկրաինայի այլ ժողովուրդների պատմության ուսումնասիրության ապահոումը, կողմ և դեմ-ի մարտիկների հիշատակի հավերժացումը, զոհերի և հերոսների հիշատակումը և այսպես շարունակ:

Կոնկրետ առաջադրանքների և իրավասությունների մակարդակում գործերն ավելի վատ  էին: Տարբեր կազմակերպությունների և մարդկանց ցանկությունները ստեղծել գերկառույց՝ յուրօրինակ հիշողության նախարարություն, դաժան կատակ խաղացին: Համախմբման և զարգացման համար  ինստիտուտին 28 գործառույթ պատվիրակվեց, որոնցից առնվազն կեսը կրկնօրինակում էր գործադիր իշխանության ոչ պակաս կենտրոնական մարմինների՝ Կրթության և գիտության նախարարության, Մշակույթի նախարարության, Հեռուստատեսության և ռադիոհաղորդակցության պետական կոմիտեի և առավել ավանդական կողմնորոշմամբ ինստիտուտների գործառույթները:

Կրթամշակութային աշխատանք, քարոզչություն, հուշարձանների պահպանություն, որոնողական, թանգարանային, գրադարանային, պարգևատրության գործունեություն, մասնագիտացված արխիվի ստեղծում, օրենսդրության մշակում, մասնակցություն միջազգային պայմանագրերի կնքմանը և խզմանը, գիտական հետազոտություններ և բազմաթիվ այլ խնդիրներ արդեն իսկ  լուծվում էին Ուկրաինայի այլ պետական հաստատությունների կողմից:

Ինստիտուտի գործառույթներից էին նաև « ուկրաինական պատմության ուսումնասիրության գործում պատմական ճշմարտության և արդարության վերականգման  ուղղությունների և մեթոդների սահմանումը», «Ուկրաինայի մասին պատմական օբյեկտիվ տեղեկատվության հաստատման համար օտարերկրյա ուկրաինացիների և այլ պետությունների քաղաքացիների ներգրավումը» և «նրա [ինստիտուտի] վրա դրված առաջադրանքներից բխող այլ գործառույթների իրականացումը»: Չերչիլի հայտնի արտահայտությունը վերափոխելով՝ կարելի է  ասել, որ ինստիտուտի հիմնադիրները նրան վստահել են ավելի շատ գործառույթներ, քան նա ի վիճակի էր մարսել:

Առավել ևս, որ մարսողությամբ պետք է զբաղվեին ընդամենը հիսուն աշխատակիցներ, որոնց հավաքագրումը անհնարին խնդիր դարձավ: Իր գոյության  ամբոողջ տարիների ընթացքում ինստիտուտն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ լրացնել հաստիքացուցակը:

2007-2010 թվականներին ինստիտուտն իր ուժերի չափով մասնակցեց երկու էական նախագծերի: Առաջին, այն Հոլոդոմորի («Սովասպանդ») զոհերի Հիշատակի՝ զոհերի անունները, հիշողությունները, վկայությունները և փաստաթղթերը պարունակող գրքի ստեղծման համակարգողն էր: Հրապարակվել է 18 հատոր` ըստ ողբերգությունից  տուժած շրջանների քանակի, և մեկ համաուկրաինական հատոր: Այստեղ իշխանությունը միջոց և ջանք չխնայեց, և նախագիծը հաջողվեց, համենայն դեպս, քանակական ցուցանիշներով:

Երկրորդ, ինստիտուտի հովանու ներքո ստեղծվեց դպրոցական պատմական կրթության նոր հայեցակարգ, որի էությունը կայանում էր ուկրաինական պատմության «մարդկայնացման», գաղափարական, քաղաքական և ռազմական բաղադրիչների մասնաբաժնի նվազեցման մեջ: Այս հայեցակարգը  մշակվել էր գիտնականների և դասախոսների կողմից, ովքեր չէին աշխատել ինստիտուտում, և, ըստ էության, այն յուրատեսակ պարտիզանական մշակում էր` ինստիտուտի ոգուն հակասող, քանի որ ինստիտուտը, ընդհակառակը, պետք է առավելապես քաղաքականացներ պատմությունը՝ իր բոլոր դրսևորումներով:

2010-ին Յուշչենկոյի քաղաքական կտրուկ անկումից և Յանուկովիչի և Տարածաշրջանների կուսակցության իշխանության գալուց հետո ինստիտուտը վերափոխվեց: Նոր իշխանությունը  չհամարձակվեց այդպիսի ծանրակշիռ անուն ունեցող կառույցը լուծարել, մանավանդ որ նրա (նոր իշխանության) վերաբերմունքը պատմական հիշողության հարցերի հանդեպ ցինիկ-ուտիլիտար էր:

Փոխարենը, կառավարության որոշմամբ ինստիտուտը ստացավ գիտահետազոտական հաստատության կարգավիճակ՝ Նախարարների կաբինետի ղեկավարման ներքո: Տնօրեն նշանակվեց Վալերի Սոլդատենկոն, ով այդ առիթով դադարեցրեց իր անդամակցությունը Կոմունիստական կուսակցությանը:

Նոր տնօրենը՝ արհեստավարժ պատմաբան, ուկրաինական հեղափոխության պատմության մասնագետ, ամենայն լրջությամբ մոտեցավ գործին: Ինստիտուտի քաղաքական գործառույթները նվազագույնի հասցվեցին, չնայած ամբողջովին չվերացան: Այն սկսեց վերածվել հետազոտական կենտրոնի, որը զբաղվելու էր պատմական հիշողության տեսական և գործնական խնդիրներով: Այնուամենայնիվ, Ազգային հիշողության ինստիտուտի գիտահետազոտական շրջանը երկար չտևեց:

Հեղափոխական նպատակահարմարությանը ծառայելով

2013-ի աշնան-2014-ի գարնան դրամատիկ իրադարձությունները արմատապես ազդեցին Ուկրաինայի պատմական քաղաքականության ոլորտի վրա: Դեռևս 2014-ի ձմռանը կտրուկ աճեց աջ և ուլտրաաջ կազմակերպությունների դերը, որոնք դարձան կառավարական ուժերի հետ բախումների հիմանկան ուժը: Հեղափոխական բռնության և հերոսական դիմադրության պաշտամունքը հերոսական անցյալի պահանջարկ առաջացրեց:

Նման անցյալի օրինակ կազակական առասպելի հետ միասին դարձավ Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈՒԱԲ) և Ազգայնականների կազմակերպության հերոսական առասպելը: Կիևի Մայդանում  ցուցարարների կարգախոսը դարձավ Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) կոչը՝ «Փա՛ռք Ուկրաինային․ Փա՛ռք հերոսներին», որն այստեղ էր բերվել «Ազատություն» ազգայնական կուսակցության կողմից և այստեղ էլ կորցրել իր կուսակցական պատկանելիությունը:

Ուկրաինայի ազգայնականների կոնգրեսը` արտագաղթող ՈւԱԿ-ի (բանդերցիներ) քաղաքական հովանին, Մայդանում տեղադրեց պաստառ Ստեփան Բանդերայի դիմանկարով, ում պաշտամունքը ծաղկում էր Արևմտյան Ուկրաինայում: Ազգայնականները և ուլտրաաջերը (առաջին հերթին Մայդանում առաջացած «Աջ հատվածը», որն արգելված է Ռուսաստանում)  գլխավորեցին տարերային ապակոմունիզացիայի գործընթացը, որը դրսևորվել է Կենտրոնական Ուկրաինայում Լենինի հուշարձանների զանգվածային ոչնչացմամբ:

Այս երկու միտումները՝ խորհրդանշական տարածությունից խորհրդային կամ սովետական-նոստալգիկ հիշողության պատումի  դուրս մղումը (մինչև անգամ ֆիզիկական ոչնչացում) և էթնոկենտրոն և ազգայնական պատումների ակտիվ առաջընթացը, արևելաեվրոպական գաղափարական տասնամյա հնության նմուշի կրկնությունն էին: Դրանք էլ հենց  ձևավորեցին հիշողության պետական քաղաքականության հիմքը 2014-2018 թվականներին:

Այս քաղաքականության հիմնական շարժիչ ուժը   դարձավ 2014-ի ամռանը նոր վերափոխված Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտը: Փաստացի, այն դարձավ 2007-2010 թվականներին  բնորոշ ինստիտուտի երկրորդ հրատարակումը: Թափուր աշխատատեղերի քանակը հասավ 70-ի, իսկ ինստիտուտի ֆինանսավորումը կայուն կերպով աճում էր՝ 2015-ին 8,7 միլիոն գրիվնյայից մինչև 105 միլիոնի 2019-ին, իսկ 2020-ի բյուջեի նախագծում՝ 130 միլիոն գրիվնյա:

Ինստիտուտի ղեկավար նշանակվեց Վլադիմիր Վյատրովիչը, ով իր քաղաքական կարիերան սկսել էր նարնջագույն հեղափոխության ժամանակ՝ որպես «Пора» քաղաքացիական կազմակերպության ակտիվիստ: Դրանից առաջ նա եղել է Լվովի «Ազատագրական շարժման ուսումնասիրությունների կենտրոն (ԱՇՈՒԿ)» հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկը: Կազմակերպությունը հայտնի էր դարձել որպես գիտական հետազոտությունների ձևի տակ սքողված ՈւԱԲ-ի ակտիվ ջատագով:

Յուշչենկոյի օրոք ԱՇՈՒԿ-ը Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի  հիմնադրման մասնակիցներից մեկն էր, իսկ Վյատրովիչը հասցրել էր լինել ինստիտուտի ղեկավարի խորհրդական և նույնիսկ Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) արխիվի տնօրեն: Նա սերտ կապեր էր պահպանում Հյուսիսային Ամերիկայում ուկրաինական սփյուռքի քաղաքականապես ակտիվ հատվածի հետ, առաջին հերթին այն հատվածի, որը կապ ուներ ՈՒԱԿ-ի (բ) և նրա  լիազոր կառույցների հետ:

2014-ի ամռանը ԱՇՈՒԿ-ի ներկայացուցիչները մուտք գործեցին իշխանության բարձրագույն կառույցներ. Վյատրովիչը գլխավորեց ինստիտուտը, ԱՇՈՒԿ-ի նրա տեղակալը դարձավ նաև իր տեղակալը ինստիտուտում, կենտրոնի երկու այլ աշխատակիցներ հերթով գլխավորում էին  ՈՒԱԾ-ի արխիվը: ԱՇՈՒԿ-ի ներկայացուցիչները միացան նաև 2014–2016 թվականներին ազդեցիկ «Բարեփոխումների վերակենդանացման փաթեթ» հասարակական կազմակերպությունների դաշինքին՝ գործնականում մենաշնորհելով դաշինքի աշխատանքը պատմական հիշողության ոլորտում:

Պատմական քաղաքականությունը շարժման մեջ դնող պետական հզոր լծակները կառավարողը դարձավ մի խումբ, որը ներկայացնում էր աջակողմյան պահպանողական և ազգայնական շրջանակների շահերը, չուներ որևէ նկատելի ներկայություն ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանություններում: Եթե կարդանք «Ազատություն» ազգայնական կուսակցության քաղաքական ծրագիրը, ապա կարող եք նկատել, որ Ազգային հիշողության ինստիտուտի 2015-2019 թվականների գործունեությունը զարմանալիորեն համընկնում է գաղափարախոսության և հիշողության քաղաքականության բնագավառում կուսակցության հիմնական դրույթների հետ:

Նրանց իրավիճակային դաշնակիցներ դարձան արտահայտված գաղափարական  դեմք չունեցող պոպուլիստական կուսակցությունները (օրինակ՝ Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունը և Վիտալի Կլիչկոյի «Удар»-ը), ինչպես նաև Պետրո Պորոշենկոյի՝ ընտրություններին ընդառաջ արագորեն ձևավորված Բլոկը: Ինքը՝ նախագահը, ու  նրա համախոհները պատմական քաղաքականության կարողությունները յուրացնում էին դրա մոբիլիզացնող և մանիպուլյացնող հնարավորությունների բացահայտման հետ մեկտեղ:

Նկատենք, որ Մայդանում բավականին տպավորիչ ելույթ ունեցած և արևելքում պատերազմի առաջին ամիսներին ռազմական մոբիլիզացիայի գործում նշանակալի դեր խաղացած ազգայնականները չկարողացան մտնել խորհրդարան («Ազատություն»-ը կարողացավ  անցկացնել միայն վեց պատգամավոր մաժորիտար ընտրատարածքներից): Նախագահական ընտրություններին աջակողմյանների և ազգայնականների մասնակցության արդյունքներն ավելի ողբալի էին: Այստեղ նրանց տրված ձայների քանակը նույնիսկ վիճակագրական սխալի մակարդակի չհասավ: Այնուամենայնիվ, պատմական քաղաքականության բնագավառում հենց նրանց շահերը հայտնվեցին ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Եվ հուսալի ձեռքերում:

Ինստիտուտի չորս օրենքները

Պատմական հիշողության ոլորտում ինստիտուտի դեբյուտը բավականին տպավորիչ էր:  Ամենակարճ ժամկետներում և ինստիտուտի ամենաակտիվ մասնակցությամբ մշակվեցին, առաջ մղվեցին և ընդունվեցին ապակոմունիզացիայի չորս օրենքներ (2015 թ. ապրիլ):      

Դրանցից մեկը վերաձևակերպում էր  կարևոր հիշատակի օրերից մեկը՝ մայիսի 9-ը՝ հանրային կիրառումից  դուրս մղելով «Հայրենական մեծ պատերազմ» տերմինը:

Մյուսը ուկրաինացիներին պարտավորեցնում էր պատվել ազգային-ազատագրական շարժման մասնակիցներին՝ նրանց նկատմամբ անարգանքի հասարակական դրսևորումը  հայտարարելով «հակաօրինական» (դրան անմիջապես հաջորդեց նման արարքները քրեականացնելու փորձը):

Երրորդն օրենքից դուրս համարեց «կոմունիստական և նացիստական ռեժիմների» խորհրդանիշները՝ անմիջապես քրեականացնելով դրանց հանրային օգտագործումը: Օրենքի տեքստը պարզ է դարձնում, որ արգելքների հիմնական օբյեկտը բավականին լայնորեն մեկնաբանված «կոմունիստական ռեժիմի» խորհրդանիշներն էին: «Նացիստական ռեժիմին» առնչվող արգելքները վերաբերում էին​​ Գերմանական բանվորական ազգային-սոցիալիստական կուսակցության սիմվոլիկային: Այդ իսկ պատճառով, օրինակ, СС «Галичина» դիվիզիայի խորհրդանիշները չեն մտնում այդ  արգելքների մեջ: Մյուս կողմից՝ այս օրենքը հնարավորություն տվեց քրեական հոդվածով դատապարտել Լվովի մի ուսանողի, ով Ֆեյսբուքում հրապարակել էր Լենինի ասույթները:

Ի վերջո, չորրորդ օրենքը պարտավորում էր ապահովել «կոմունիստական ռեպրեսիվ մարմինների» արխիվների ազատ հասանելիությունը: Այդ նպատակով պաշտոնապես հայտարարվում էր ՈՒկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի պետական մասնաճյուղային արխիվի ստեղծումը, որին պետք է  փոխանցվեին որպես ռեպրեսիվ պիտակված ինը գերատեսչությունների 1917-1991 թվականների փաստաթղթերը՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունից (նախկին ՊԱԿ) սկսած և քրեակատարողական և սահմանային ծառայություններով վերջացրած:

Օրենքների վերաբերյալ  որևէ հանրային կամ գոնե փորձագիտական քննարկում տեղի չունեցավ. խորհրդարանի լիագումար նիստում փաթեթի ընդունման համար պահանջվեց 42 րոպե, որն էլ ծախսվեց պաթետիկ հայտարարությունների և փոխադարձ շնորհավորանքների վրա: Վյատրովիչն անձամբ օրենքների ընդունման սկանդալային շտապողականությունը բացատրեց քաղաքական նպատակահարմարությամբ՝ նրանով, որ 2015-ի գարնանը Ռադայում ամեն ինչ այդքան արագ ընդունելու պատրաստ խորհրդարանական կոալիցիա կար: 

Չորս օրենքների ընդունման բնույթը և դրանց հետագա իրականացումը ցույց տվեցին, որ  նորացված ինստիտուտի աշխատանքի հիմնական սկզբունքը քաղաքական նպատակահարմարությունն էր, որն էլ փաստացի մեկնաբանվում էր որպես հեղափոխական: Որպես կանոն, բոլոր նորամուծությունները բացատրվում էին հղումներով անելով «արժանապատվության հեղափոխությանը»  և դրա ձեռքբերումները պահպանելու և ավելացնելու անհրաժեշտությանը:

Թերևս, դա է պատճառը, որ այս օրենքների իրավական որակը անհուսալի դուրս եկավ՝ թե՛ համապատասխան փորձագիտական ծառայությունների գնահատմամբ, և թե՛ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով, որը խստորեն քննադատեց կոմունիստական և նացիստական խորհրդանիշները արգելող օրենքը:

Այնուամենայնիվ, դա չխանգարեց անկեղծ խանդավառությամբ և նեոֆիտների եռանդով ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը: Պատմական հիշողության սովետական (արդեն սովետական-նոստալգիկ) պատումի ինտենսիվ դուրսմղումն իրականացվում էր կենտրոնացված կերպով՝ վարչական ճնշման և հրահանգների կիրառմամբ՝ ամբողջովին սովետական ոգուն հատուկ: Եթե տեղի հանրությունը կամ իշխանությունը փորձում էր դիմակայել, ապա ատելի ռեժիմի խորհրդանիշների անվանափոխումը կամ վերացումը իրականացվում էր արդեն իշխանության կենտրոնական մարմինների  որոշմամբ:

Ապակոմունիզացիա սովետական ձևով

Ապակոմունիզացիան  առավելապես բերում էր «կոմունիստական ռեժիմի» հուշարձանների և հուշահամալիրների վերացմանը և բնակավայրերի ու տեղագրական  օբյեկտներիի վերանվանմանը: 2015-2018 թվականներին վերանվանվել է ավելի քան 50 հազար փողոց և հազարից ավելի բնակավայր: Այս ջանքերը չհանդիպեցին որևէ նկատելի դիմադրության, բայց  և չստացան ժողովրդի աջակցությունը:

Ավելին, սոցիոլոգիական բոլոր չափումներն առանց բացառության ցույց տվեցին, որ հարցվածների կեսից ավելին չի սատարում կամ անտարբեր է «մաքրման» գաղափարին, իսկ արևելյան և հարավային շրջաններում ապակոմունիզացիայի հակառակորդների թվային համամասնությունը գերազանցում էր աջակիցների թվին:

Սակայն հեղափոխական նպատակահարմարությունը թույլ էր տալիս ամբողջովին անտեսել տեղի բնակչության կարծիքը: Օրինակ, կենտրոնական իշխանությունը ապակոմունիզացրեց կայսրուհի Ելիզավետային՝ մերժելով Կիրովոգրադի բնակիչներին, որոնց 70 տոկոսը հանրաքվեի ժամանակ արտահայտվել էր քաղաքին իր պատմական անունը՝ Ելիզավետգրադ, վերադարձնելուն  կողմ: Քաղաքը վերանվանեցին Կրոպիվնիցկի:

Նույն կերպ հաշվի  չառնվեց նաև Պոլտավայի շրջանի Կոմսոմոլսկ քաղաքի բնակիչների՝ քաղաքի պատմական անվանումը թողնելու ցանկությունը: Այն կառուցվել է  ամայի տեղում հենց որպես Կոմսոմոլսկ, բայց վերածվեց Հորիշնի-Պլավնիի:

Դնեպրոպետրովսկի վերանվանումը Դնեպր նույնպես տեղի է ունեցավ ճնշումների ներքո, բայց այս  դեպքում նոր անունը գոնե նոր չէր. քաղաքը վաղուց էին կոչում Դնեպր խոսակցական մակարդակում (ինչպես, օրինակ, Պետերբուրգն  են Պիտեր անվանում):

Երկրի ներսում ինստիտուտի բուռն գործունեությունը  փոքր-ինչ մարեց, երբ անվանումների և հուշարձանների ռեսուրսը սպառվեց: Արխիվային նախագիծը դադարեցվեց ինը արխիվների տվյալները պարունակելու և պահպանելու հնարավորություն ունեցող շենքի ձեռքբերման և յուրացման դժվարությունների պատճառով (միայն մեկ տարի առաջ հնարավոր եղավ շենք ձեռք բերել Կիևի արվարձանում):

«Արժանապատվության հեղափոխություն» հուշահամալիրի ստեղծման  ֆինանսապես տարողունակ (ինստիտուտի բյուջեի կեսից ավելին) նախագիծը  կանգնեց շենքի համար հող հատկացնելու դժվարությունների և 2014 թվականի փետրվարին Ինստուտսկայա փողոցում ակտիվիստների սպանությունների՝ ձգձգված հետաքննության պատճառով:

Արդյունքում ինստիտուտը սկսեց կազմակերպել փողոցային պաստառների ցուցահանդեսներ, որոնք սովորաբար քննադատության էին արժանանում իրենց քաղաքական հակվածությամբ և զբաղվել պատմության վերաբերյալ դպրոցական ծրագրի մշակմամբ, Մայդանի բանավոր պատմության նախագծով, գիտաժողովների, փառատոնների և ցուցահանդեսների մասնակցությամբ: Նրա ինտելեկտուալ նախագծերից մեկը ուկրաինական հեղափոխության և ՈԻԱԲ-ի պատմության վերաբերյալ սեղանի խաղերի ստեղծումն էր:

Լեհական հարցը

Ներքին քաղաքական «տոնավաճառում» ինստիտուտի գործունեության ակտիվության նվազեցումը դեռ մի բան էլ ավել փոխհատուցվեց արտաքին տպավորիչ կոնֆլիկտով ամենամոտ հարևանի և գործընկերոջ՝ Լեհաստանի հետ: 2015-ի գարնանը ինստիտուտը  աջակցեց փոխըմբռնմանը՝ խորհրդարանի միջոցով առաջ տանելով ապակոմունիզացիայի վերոհիշյալ օրենքները: Դրանցից մեկը՝ ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներին պատվելու մասին, ժամանակին մտածված էր որպես ՈՒԱԿ-ի և ՈՒԱԲ-ի քաղաքական վերակենդանացման և օրինականացման միջոց:

Այս օրենքի ընդունման հանգամանքները հիշեցնում են մի վատ կատակ. 2015 թվականի ապրիլի 9-ի առավոտյան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ելույթ ունեցավ Ուկրաինայի խորհրդարանում և օրենսդիրներին կոչ արեց նպաստել պատմական հաշտեցմանը: Ճաշից հետո այդ նույն օրենսդիրները տոնական-հանրահավաքային մթնոլորտում ընդունեցին մի օրենք, որը պարտավորեցնում էր հարգել և արգելում էր անարգել ՈՒԱԿ-ը և ՈՒԱԲ-ը՝ կազմակերպություններ, որոնք Լեհաստանում հանցագործ էին համարվում:

Շատ փորձագետներ կարծում են, որ այդ ապտակն իր դերը խաղաց նրանում, որ Կոմորովսկին շուտով տանուլ տվեց նախագահական ընտրությունները, և Լեհաստանում իշխանության եկան աջ պահպանողականներն ու ազգայնականները` «Իրավունք և արդարություն» կուսակցությունից`այն ուժերի գաղափարական երկվորյակները, որոնք Ուկրայինայում Ազգային հիշողություն ինստիտուտի ներկայիս քաղաքականության հիմնական ջատագովներն էին:

Հենց Լեհաստանի նոր իշխանությունների թողտվությամբ Ուկրաինայի և Լեհաստանի միջև հիշատակի  լայնածավալ պատերազմ սկսվեց, որն իր գագաթնակետին հասավ 2017-2018 թվականներին: Ինստիտուտի ղեկավարությունը Լեհաստանում իրենց գաղափարական եղբայրների հետ բավականին ակտիվ դեր խաղաց դիմակայության գործում՝ իրենց գործողությունները որպես ազգային շահերի պաշտպանություն ներկայացնելով:

Ինստիտուտն ու ընտրությունները

2015-2019 թվականներին ինստիտուտի գործունեությունը պատմական քաղաքականության ոլորտում կարևոր բաղադրիչ էր Պետրո Պորոշենկոյի նախագահությունը գաղափարաիշխանության  ռեժիմի վերափոխելու գործընթացում, որտեղ պատմության, լեզվի, մշակույթի հիմնախնդիրները լուծվում էին մոնոէթնիկ պարադիգմայի շրջանակներում, իսկ էթնոկենտրոնիզմի գաղափարը ձևավորում էր հավաքական հիշողության բացառիկ մոդել` sacro egoismo-ի ոգով:

Հասարակությանը առաջարկվող և պարտադրվող պատմական հիշողության տարբերակը վերածվեց քաղաքացիական կրոնի յուրատեսակ էրզացի՝ իր ծեսերով, սովորույթներով, տեղի սրբերի պաշտամունքով և առաքյալով՝ ի դեմս ինստիտուտի ղեկավարի, ով դարձավ իր  հաստատության միակ խոսնակը: Հնարավոր է՝ շնորհիվ այս պաշտամունքի առաջացման այդ քաղաքականության ցանկացած ռացիոնալ քննադատություն, նույնիսկ քաղաքականապես չեզոք, ընկալվում էր որպես սրբությունների նկատմամբ ոտնձգություն, որպես հակաուկրաինական գործողություններ՝ ի շահ արտաքին թշնամական ուժերի:

Եզրակացություններ անելը դեռ վաղ է, բայց կարելի է ենթադրել, որ ինստիտուտի պատմական քաղաքականությունը զգալիորեն նպաստել է Պորոշենկոյի գաղափարաիշխանական ռեժիմի քաղաքական ֆիասկոյին: Նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքները  շատ դեպքերում պայամանավորվել էին կենտրոնի պատմական (ինչպես նաև լեզվական և մշակութային) քաղաքականությամբ:

Բողոքարկող ընտրազանգվածը կազմեց Պորոշենկոյի հիմնական մրցակցին կողմ քվեարկածների ավելի քան 40%-ը:  Որոշ իմաստով իր ջանքերի արդյունքում տուժեց նաև ինստիտուտի ղեկավար Վյատրովիչը. Պորոշենկոյի կուսակցության ցուցակի 25-րդ համարը լինելով՝ նա չտեղավորվեց համապատասխան խմբակցության նստարանին, որի վրա տեղավորեց  ընդամենը 23 հոգի:

Հեռանկարների մասին

Հիմա ինստիտուտը նորից հայտնվեց սկզբնական կետում. կրկին հարց առաջացավ նրա ինքնության և սոցիալական դերի վերաբերյալ: Ուշացած հակակոմունիզմի ռեսուրսն արդեն սպառվել է: Նույնը կարելի է ասել էթնիկ կամ կուսակցական ազգայնականության ռեսուրսների մասին. երկրի խորհրդանշական տարածությունը պայմանական և անվերապահ «Բանդերայով» լցնել չստացվեց:

Ազգային պանթեոնի ռեսուրսը՝ իր զուտ էթնոկենտրոն և կուսակցական տարբերակով, փոքր դուրս եկավ, անհրաժեշտ եղավ ավելացնել այն սովետական անցյալի ազգայնացված  կերպարներով կամ զբաղվել ներմուծմամբ: Արդյունքում, օրինակ, Կիևում հայտնվեցին Լոբանովսկու, Հավելի և նույնիսկ Ուկրաինայի մեծ բարեկամ, հանգուցյալ սենատոր Մակքեյնի պողոտաներ և փողոցներ:

Ճշմարտության նախարարության ոճով հիշողության քաղաքականության մեկ այլ կողմնակի արդյունք էլ կա: Կենտրոնի քաղաքական ճնշումը դեմ առավ տեղական իշխանությունների իտալական գործադուլին. քաղաքները, ավանները և գյուղերը դարձան Անտոնովի երգի պատկերազարդումը՝ զարդարվելով  խաղողի-ծիրանի փողոցներով:

Ուկրաինական հասարակությունը հոգնել է գաղափարաիշխանությունից, ինչը հաստատեցին նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նոր կառավարությունը չունի արտահայտիչ գաղափարական կերպարանք, սակայն դեռևս  հասարակության կարծիքի նկատմամբ զգայունություն է ցուցաբերում, ուստի դժվար թե որևէ կտրուկ քայլերի կգնա: Իիշխանության համար ինստիտուտը նորից վերածվել է առանց բռնակի ճամպրուկի կամ հինգերորդ անիվի:

Հասարակության այն հատվածը, որը հետաքրքրված է պատմական քաղաքականության հարցերով, քննարկում է ինստիտուտի հեռանկարները: Քննարկվում է երկու տարբերակ․ չափավոր՝ ղեկավարության փոփոխություն և գաղափարական ուղղվածության վերափոխում, և արմատական՝ լուծարում:

Ամենայն հավանականությամբ, կգերակշռի չափավոր տարբերակը. Չափից շատ աղմուկ և դեմագոգիկ հիստերիաներ են սպասվում Վյատրովիչի «հոտի» կողմից: Հենց նրա պաշտոնազրկման փաստն արդեն իսկ առաջացրեց համախոհների բողոքների մի շարք և հակառակորդների ուրախ  աղաղակներ սոցիալական ցանցերում:

Բյուրոկրատական տեսանկյունից ինստիտուտն այժմ գործում է որպես Մշակույթի նախարարության բաժին (որի ենթակայության տակ էլ գտնվում է): Խոշոր նախագծերը՝ Ազգային հիշողության արխիվը և Արժանապատվության հեղափոխության թանգարանը, փաստացի արդեն ինքնավար են: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, ինստիուտը կմնա իր տեղում և նույն կարգավիճակով:

Այս հանգամանքը մեզ ստիպում է վերադառնալ շատ ավելի կարևոր հարցի՝ ինստիտուտի գործունեության բովանդակության մասին: Ահա այստեղ ամեն ինչ մառախլապատ է: Մոխրագույն մշուշում հայտնվում և անհետանում են  պղտոր և դժվարըմբռնելի պատկերներ: Ու՞ր ենք գնում։ Ինչպե՞ս ենք գնում։ Ու՞մ հետ և ինչո՞ւ։

Դժվար չէ նկատել, որ նոր ղեկավարությունը չի շտապում կողմնորոշվել ինստիտուտի պատասխանատվության ոլորտում շարժման ուղղության հարցում. ձեռքերը  չեն հասնում, կան բազմաթիվ այլ գործեր, և առանց դրա էլ սկանդալները հերիք են: Իսկ այս հարցում ևս մեկը գրեթե երաշխավորված է: Ազդում է նաև նոր իշխանության  կադրային սուղ ռեսուրսը. ու՞մ դնել ղեկավար մի հրաշալի հաստատության, որի իմաստն ու նպատակը կրկին անհետացան կուսակցականացման կորստի հետ:

Հավանաբար, Ուկրաինայի ներկայիս իշխանության համար լավագույն տարբերակը կլինի դիմել նրանց, ովքեր  գլուխ են հանում այս հարցից, և կազմակերպել հասարակական և փորձագիտական քննարկում, հղում կատարել դրա արդյունքներին՝ վերջնական որոշում կայացնելիս:

Հիմա, համենայն դեպս, պարզ է երկու բան: Առաջին, Ուկրաինայի պատմական քաղաքականությունը պետք է դառնա առավել ընդգրկուն, հեռու մնա հեղափոխական էքստազի ծայրահեղություններից և կուսակցականացման սկզբունքներից: Երկրորդ. եթե ինստիտուտը չի կարելի լուծարել, ապա անհրաժեշտ է այն արմատապես վերափոխել, նախևառաջ, թույլ չտալ մեկ քաղաքական ուղղության ներկայացուցիչների կողմից նրա մենաշնորհմանը։ Հակառակ դեպքում՝ ջութակահար պետք չէ: Հաշվի առնելով, որ  իրականում նա ջութակահար էլ չէ:


Թարգմանիչ՝  Մերի Բաբայան  (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: