Ինչո՞ւ Կորեաները խաղաղություն չեն հաստատի

Բնօրինակի հեղինակ՝ Chung Min Lee, Carnegie Endowment for International Peace

Ինչո՞ւ Կորեաները խաղաղություն չեն հաստատի, քանի դեռ Կիմ Չեն Ինը ղեկավարում է

Չնայած որ Կիմի, Մունի և Թրամփի քաղաքական շահերը, թվում է, համընկնում են, Կորեական թերակղզում սկզբունքային փոփոխություններ կարող են կատարվել միայն այն դեպքում, երբ Կիմ Չեն Ինը Հս. Կորեայի փրկության համար ռազմավարական նշանակության որոշում կայացնի՝ վերջ դնելով Կիմերի գերդաստանին։ Մինչդեռ նա իշխանության գլխին է. այնուամենայնիվ, Կիմը երբեք նման որոշում չի կայացնի։

Կիմ Չեն Ինն իր քրոջը՝ Կիմ Յո Չենին ուղարկեց Հվ. Կորեայի Փհենչհան քաղաք՝ մասնակցելու 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ինչը հրաշալի գովազդային քայլ էր։ Նա դարձել էր համաշխարհային գերաստղ, քանի որ ողջ լրատվությունը հետևում էր նրան ու հրապարակում ամեն քայլը։ Սա մի նոր մոտեցում էր, որով Կիմը ցանկանում էր ցույց տալ, որ Հս․ Կորեան առավել ժամանակակից և ըմբռնող է։ Հվ․ Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ով իր գահակալության ողջ ժամանակահատվածում ցանկացել էր պահպանել խաղաղության ռեժիմը երկու Կորեաների միջև, ողջունեց այդ քայլը։

Մունը, Կիմը և, ի վերջո, նաև Թրամփը ցանկանում են հաղթահարել 7 տասնամյակի ընթացքում երկու Կորեաների միջև արմատացած թշնամությունը։ Կիմի պապ և Հս. Կորեայի հիմնադիր Կիմ Իլ Սոնը սկսեց Կորեական պատերազմը 1950թ., որտեղ ձախողեց Կորեական թերակղզու միավորման փորձերը։ Բայց արդյունքում զոհվեցին միլիոնավոր խաղաղ բնակիչներ և զինվորականներ։ 1960-80-ականներին Հս․ Կորեան փորձեց հեղափոխություն սկսել հարավում և բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ կազմակերպեց։ 1983թ. այդ ժամանակվա Հվ․ Կորեայի նախագահ Չոն Դու Հանի շքախմբի 18 անդամներ սպանվեցին Բիրմա կատարած այցի ժամանակ։ Ավելին, 1987թ. նոյեմբերին հյուսիսկորեական լրտեսները պայթեցրին Korean Air ավիաընկերության ինքնաթիռներից մեկը, որի արդյունքում զոհվեցին 11 ուղևորներ և անձնակազմի անդամներ։

Չնայած Կիմը ձեռք էր մեկնում Մունին, փաստ է, որ  Հս․ Կորեան ունի 1,2 մլն զինվոր միջուկային զինանոցի աճման հետ մեկտեղ։ Հվ․ Կորեայի 625,000-անոց հզոր բանակը զգալիորեն արդիականացվում էր ու զարգանում Կորեայում տեղակայված ԱՄՆ Զինված ուժերի 28,000-անոց ռազմաբազայի օգնությամբ: Արդյո՞ք հնարավոր էր խաղաղություն հաստատել երկու Կորեաների միջև:

Թրամփի ղեկավարման առաջին տարվա ընթացքում Կիմը շարունակում էր ճնշել նրան։ 2017թ. սեպտեմբերին Հս․ Կորեան փորձարկեց իր առաջին ջրածնային ռումբը, որին ի պատասխան՝ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում Հս. Կորեան հողին հավասարեցնել։ Միջօրեական հարաբերությունների առաջխաղացումը, որն ակնհայտ էր դարձել հարավ-հյուսիսային երեք գագաթաժողովների անցկացումից ապրիլ, մայիս և սեպտեմբեր ամիսներին, վրդովել էր Թրամփին, ով չէր ցանկանում երկրորդական դեր խաղալ։ Նա ցանկանում էր լինել բոլորի ուշադրության կենտրոնում ևհասավ դրան, երբ 2018թ. հունիսին Սինգապուրում հանդիպեց Կիմի հետ՝ առաջին դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ նախագահի և Հս․ Կորեայի բռնապետի միջև: Թրամփը Կիմի հետ հանդիպեց երկրորդ անգամ Հանոյում 2019թ. փետրվարին միջուկային գործարք կնքելու համար, որը, ի վերջո, ձախողվեց։

Շատ կարևոր է հիշել, որ Կիմ Չեն Ինի շուրջ պտտվող խոսակցությունները 2018թ. ընթացքում և 2019թ. սկզբին հազիվ թե ամբողջ պատմությունը լինեն։ 2013թ. դեկտեմբերին գերագույն առաջնորդ դառնալուց ուղիղ երկու տարի անց նա մահապատժի ենթարկեց իր հորաքրոջ ամուսնուն՝ Չան Սոն Թհեկին, ով կարևոր դեր էր խաղացել Կիմի իշխանության գալու գործում։ 4 տարի անց՝ 2017թ. փետրվարին Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում սպանեց իր արյունակից եղբորը՝ Կիմ Չեն Նամին։ Կիմը շատ ավելի խելամիտ ու մարդկային է, քան իր հայրը։ Բայց նա ևս անգութ և Հս․ Կորեայի եզակի, ընտանիքի կողմից կառավարվող մաֆիոզ պետության ժառանգորդ է։

Այս փաստը ընկած է Կիմ Չեն Ինի տիրապետության տակ գտնվող Կորեային հասկանալու հիմքում։ Մունի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները վստահ են, որ Կիմը էապես տարբերվում է իր հորից և պապիկից։ Կիմը, կրթություն ստանալով Շվեյցարիայում, առավել քաղաքակիրթ է, ինքնավստահ և չափազանց համարձակ։ Նա արտաքին աշխարհի մասին ավելին գիտի, քան նախորդ առաջնորդները: Ակնհայտ է, որ  նա սիրում է շվեյցարական պանիր, ֆուա-գրա և թանկարժեք գինիներ, և նա բասկետբոլի մեծ երկրպագու է, ինչպես հարավկորեական և որոշ արտասահմանյան մամուլն է սիրում ընդգծել։ Բայց սա չէ Կիմի՝ իշխանությունը պահելու պատճառը:

Կիմ Չեն Ինը ոչ միայն Կիմերի բռնապետական ընտանիքի, այլև դաժան քաղաքական համակարգի հետնորդ է։ Նրան ստիպել էին երբեք թույլ չտալ իր արյունակից եղբորը դառնալ հաջորդ ղեկավարը, և նա անգութորեն պայքարեց իր հոր ժառանգորդը լինելու համար։ Կիմի ամենակարևոր նպատակն է ինքն իրեն իշխանության գլխին պահելն ու Կիմերի գերդաստանի իշանությունը հավերժացնելը, մնացյալը երկրորդական է։ Նա գիտի, որ նման քայլը ստիպելու է քաջալերել ու բարձր վարձատրել իր տեղակալներին, և նա պետք է համոզված լինի, որ յուրաքանչյուրը բավականաչափ հզորություն կհավաքի հավասարակշռությունը պահելու, անհնաժեշտության դեպքում՝ այլ ուժային միջնորդների ոչնչացնելու համար:

Վերլուծաբանների թերություններից մեկը կապված է հայելային անդրադարձի հետ. համոզմունքը, որ ում էլ փորձում ես հասկանալ, պետք է որոշակի հատկանշական ընդհանրություններ ունենա քեզ հետ:  Հս․ Կորեային հետևողներից շատերը կարծում են, որ քանի որ Կիմ Չեն Ինը անվերապահորեն ցանկանում է արդիականցել Հս․ Կորեայի տնտեսությունը և համապատասխանեցնել այն 21-րդ դարին, նա միանշանակ պետք է բարեփոխումներ իրականացնի։ Նրանք կարծում են, որ, եթե Կիմը պետության ՀՆԱ-ի 20-25%-ը ներդնում է պաշտպանության ոլորտում, սահմանափակ ռեսուրսները նա կվերաբաշխի` զինված ուժերից մղելով դեպի տնտեսության հատված։

Որևէ կասկած չկա, որ Կիմը ցանկանում է արդիականացնել Հյուսիսային Կորեան։ Մեծ սովի արդյունքում տնտեսությունը քայքայվեց 1990-ականների կեսերին, որի արդյունքում մահացավ ավելի քան 1,5 մլն հյուսիսկորեացի։ Jangmadang-ները՝ ազատ շուկաները, որոնք ի հայտ եկան ողջ Հս․ Կորեայում, վերջինիս փաստացի տնտեսությունն են: Կիմը օրինականացրել է այդ շուկաները, քանի որ այլընտրանք չկա։ Փհենյանի այցելուները նկատել են աճող խցանումները, ուշադրությունը դեպի նորաձևությունը, բջջային հեռախոսներով խոսող մարդկանց և ուղևորներ փոխադրող տաքսիների։ Կան նաև արագ սննդի կետեր, որտեղ մատուցվում են հյուսիսկորեական պիցցաներ և համբուրգերներ։ Քաղաքի բազմաբնակարան շենքերը թարմ գույներ են ստացել։ Բայց այն պահին, երբ նա պատրաստ էր ռուբիկոնն անցնել և տնտեսության կառուցվածքային փոփոխություններ թույլատրել, ինչպես Չինաստանում և Վիետնամում է արվել, Կիմը մտավ չեզոք գոտի։ Կիմի առաջնային խնդիրն այն է, որ նա համակարգային բարեփոխումներ պետք է կատարի Հս․ Կորեայի պետականությունը պահելու համար, սակայն երբ բարեփոխումները կատարվում են, ռեժիմը հայտնվում է կործանման վտանգի առաջ։

«Մենք պետք է ճիշտ պլանավորենք և մանրակրկտորեն իրականացնենք մեր ազգային գործողությունները, քանի որ դրանք նպատակուղղված են ազգային տնտեսության որպես ամբողջականության պահպանությանը, ամրապնդմանը և վերակառուցմանը»,- ասաց Կիմն իր՝ 2019թ. հունվարի Ամանորյա խոսքում։ Եթե Չինաստանը դա արել է, ինչո՞ւ  Հս․ Կորեան դա անել չի կարող։ Ինչո՞ւ Հս․ Կորեան չի կարող մրցակցել Վիետնամի հետ։ Սրանք սկզբունքային հարցեր են։

1978թ. Չինաստանում Դեն Սյաոպինը կարողացավ բարեփոխումներ իրականացնել Մաոյի սոցիալական, քաղաքական և տնտեսական կանոնակարգերի աղետալի ձախողման պատճառով։ Աղետալի «Մեծ թռիչքը» (1958-1962թթ.) և Մշակութային հեղափոխությունը (1966-1976թթ.) ոչ միայն տնտեսապես սնանկացրին Չինաստանին, այլև 2 սերունդ ետ մղեցին։ Դենը ձեռնամուխ եղավ այդ բարեփոխումներին, քանի որ Չինաստանն այլընտրանք չուներ, բացի այդ, Դենը կապ չուներ Մաո Ցզե Դունի հսկայական ձախողման հետ։ Իսկ Կիմ Չեն Ինը նման ճոխության տարբերակ չուներ, քանի որ իրավիճակը, որում հայտնվել էր Հս․ Կորեան, իր հոր և պապի թողած ժառանգությունն էր։

Վիետնամցի վերլուծաբան Հանգ Լե Թհուն, ըստ ասվտրալական ռազմավարական քաղաքականության ինստիտուտի, նշեց, որ Հս․ Կորեայի և Վիետնամի միջև կան էական տարբերություններ, օրինակ, իշխանության կառուցվածքը, չնայած երկու պետություններն էլ համարվում են կոմունիստական ռեժիմի հետնորդներ։ «Մինչդեռ Հս․ Կորեան կառավարվում է գերդաստանի կողմից, ՎԿԿ-ն (Վիետնամի Կոմունիստական Կուսակցությունը) հավատարիմ է մնացել ինստիտուցիոնալ կոլեկտիվ ղեկավարման սկզբունքին։ Վիետնամում երբեք չի եղել իշխանության տոհմական իրավահաջորդություն, և նույնիսկ կուսակցության ամենախարիզմատիկ առաջնորդն ու դրա հիմնադիրը՝ Հո Շի Մինը, ով համարվում է անկախ Վիետնամի հիմնադիրը, ի տարբերություն իր կոմունիստ առաջնորդ պաշտոնակիցներ Կիմերի ընտանիքի, Մաո Ցզե-Դունի և Իոսիֆ Ստալինի, չի վայելել կուսակցության նկատմամբ բացարձակ իշխանության իրավունք։

2018թ. սկզբից Կիմը շատ արագ տեմպերով «մուտք գործեց աշխարհ»։ 2018թ. նա հանդիպեց Հվ․ Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ 3 անգամ՝ ապրիլ, մայիս և սեպտեմբեր ամիսների գագաթնաժողովների ժամանակ։ 2018թ. հունիսին Սինգապուրում առաջին անգամ Կիմը նստած էր ԱՄՆ նախագահի կողքին։ Անկախ Թրամփի անտակտ դիվանագիտությունից և ուշադրության կենտրոնում լինելու հակումից, Թրամփը այդ ժամանակ արեց այն, ինչը ԱՄՆ-ի ոչ մի առաջնորդ մինչ այդ չէր արել՝ դեմ առ դեմ հանդիպեց Հս․ Կորեայի նախագահի հետ։

Թրամփը ընդլայնեց սահմանները, երբ երրորդ անգամ ձեռք սեղմեց Կիմի հետ Հյուսիսային և  Հարավային Կորեաների սահմանին (the 38th parallel) 2019թ. հունիսի 29-ին։ Եվ Կիմը, և Թրամփը ռեալիթի շոուի աստղեր են, որոնք ունեն ուշադրության կենտրոնում լինելու և առաջնորդ լինելու «հանճարեղ» հմտությունները մշտապես վերահաստատելու նույն հակումները: 2019թ. փետրվարին Հանոյում ԱՄՆ-Հս․ Կորեա ձախողված հանդիպումից հետո Թրամփը և Կիմը իրենց ռեալիթի շոուն շարունակելու համար նոր խթանի կարիք ունեին։ Ոչ ոք չգիտի, թե ինչի կհանգեցնի վերջնական համաձայնագիրը, բայց միջուկային զենքի սառեցման պայմանագրի հիման վրա Թրամփը և Կիմը պետք է նվազեցնեն միջուկային զենքի օգտագործումը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Կիմին չթույլատրեց այցելել Պեկին մինչև 2018թ. մարտը։ Սին վրդովվեց, որ Կիմը շարունակեց փորձարկել միջուկային զենքերը, այդ թվում՝ 2017թ. սեպտեմբերին փորձարկված ջերմամիջուկային զենքի պայթեցումը։ Կիմ Չեն Ինի լեգիտիմության համար էական է, որ նախագահ Սին պաշտոնապես փառաբանի իրեն։ 2019թ. փետրվարին Թրամփի հետ կայանալիք երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Կիմը Չինաստանով Փհենյանից գնացքով ճանապարհորդել է 60 ժամ և վերջապես հասել Վիետնամ: Չնայած նա հեռացավձեռնունայն, սակայն հանդիպումը փոփոխեց նրա միջազգային կարգավիճակը, նրա մասին դադարեցին խոսել որպես մերժվածի, այլ դիտարկեցին որպես շտապող երիտասարդ առաջնորդի։ 2019թ. ապրիլի 25-ին Կիմը Վլադիվոստոկում առաջին անգամ հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

ԱՄՆ-ի և Հս․ Կորեայի հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը Փհենյանի միջուկային զենքի ծրագիրն է։ Համաձայն հաշվարկների Հս․ Կորեան ունի 30-60 միջուկային մարտագլխիկներ և ի վիճակի է տարեկան պատրաստել լրացուցիչ 3-5 մարտագլխիկ։ 1993թ. Հս․ Կորեայի առաջին միջուկային ճգնաժամից ի վեր, երբ Հս․ Կորեան սպառնաց դուրս գալ «Միջուկային զենք չտարածելու մասին» պայմանագրից (NTP), ինչն արդյունքում տեղի ունեցավ, Հս․ Կորեային միջուկային զենքի արտադրության մեջ զարգանալու գործում ետ պահելու բոլոր դիվանագիտական ջանքերը ձախողվեցին։ 

Ցանկացած վտանգ այժմ զիջում է միջուկային զենքի օգտագործման վտանգին։ Հս․ Կորեան ունի ավելի քան 1000 բալիստիկ հրթիռներ, ներառյալ միջմայրցամաքային և սուզանավային բալիստիկ հրթիռները։ Այն ունի քիմիական և կենսաբանական զենքեր և գնալով ավելի է հմտանում կիբեռ-հարձակումների մեջ։

Կարո՞ղ է Կիմ Չեն Ինը ինքն իրեն թույլ տալ դադարեցնել միջուկային զենքի կիրառումը։ Կարճ պատասխանն է՝ ոչ։  Այժմ շատերը կան, ներառյալ Հվ․ Կորեայի կառավարության անդամների, որ հավատում են, թե Կիմը ձգտում է ապամիջուկայնացման։ Ինչպես Թրամփը պարզեց Հանոյում, Հս․ Կորեայի ապամիջուկայնացման բնութագիրը չի համընկնում ԱՄՆ-ի բնութագրի հետ։ Վաշինգտոնը ցանկանում է տեսնել միջուկային զենքի ամբողջական ապամոնտաժում և ոչնչացում։ Փհենյանը ցանկանում է միջուկային զենքի աստիճանական կրճատում, այն էլ, երբ ԱՄՆ-ն իր «միջուկային անձրևանոցը» կհանի Հվ․ Կորեայի վրայից․ այլ կերպ ասած՝ այն որևէ կերպ չի ցանկանում ոչնչացնել միջուկային զենքը:։

Հյուսիսկորեական խառնաշփոթությունը շարունակվում է։ Բարձր մակարդակի խոսակցություններ երկու Կորեաների և ԱՄՆ-ի ու Հս․ Կորեայի միջև կշարունակվեն։ Հաշվի առնելով Կիմի հակումը դեպի տպավորությունը թողնելը, չի բացառվում ուղևորությունը դեպի Սեուլ, դա կլինի միայն այն պայմանով, որ Հվ․ Կորեայից կստանա էական փոխզիջումներ և աջակցություն։ Եվ Կիմի վերջնական դիվանագիտական մրցանակը կդառնա հրավերը Վաշինգտոն՝ միջուկային զենքի սառեցման մասին համաձայնագիրը ստորագրելու։

Հանոյում տեղի ունեցած երկրորդ գագաթնաժողովը կտրուկ ավարտվեց: Թրամփը հայտարարեց, որ նրան ոչինչ չի մնում անելու, քան հեռանալը, որպեսզի «վատ գործարքի» չգնա։ ԱՄՆ նախագահը խիստ հիասթափված էր, քանի որ կարծում էր, որ կարող էր համոզել Կիմին դադարեցնել միջուկային զենքի կիրառումը, և նա հիմա  արտաքին քաղաքականության մեջ խոշոր հաղթանակի կարիք ունի 2020թ. նախագահական ընտրություններին ընդառաջ։ Կիմը փորձառու առաջնորդ չէ, բայց գիտի, որ առանց միջուկային զենքի Հս․ Կորեան էական սպառնալիք չի ներկայացնի Հվ․ Կորեայի, Ճապոնիայի կամ ԱՄՆ-ի համար։

Վերջիվերջո, «Առաքելությունն անիրագործելի է» լավագույն կերպով մեկնաբանում է, թե ինչի է ցանկանում հասնել Կիմ Չեն Ինը՝ արդիականացնել Հս․ Կորեան առանց իր ընտանեկան բռնապետությանը վնասելու, յուրացնել հարավկորեական ներդրումներն ու ազատ փոխարկվող արժույթից ստացված շահույթը՝  խոստանալով միջկորեական ավելի մեծ բորսա ունենալ առանց հիմնարար տնտեսական բարեփոխումներ կատարելու, նմանվել իր միակ հովանավոր Չինաստանին՝ առանց Հս․ Կորեային Չինաստանից ամբողջական կախվածության մեջ դնելու, Հվ․ Կորեային իր սահմանների ներսում պահելն առանց համարժեք գործողություններ առաջարկելու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը՝ նույնիսկ այդ ժամանակ ոչնչացման իր զենքերը պահելով։

Նա, ի դեմս նախագահ Մունի, ունի հզոր գործընկեր, որը ևս ցանկանում է երաշխավորված լինել, որ խաղաղություն հաստատելու հարցը դեռ կարող է քննարկվել: Կիմը համոզված է, որ, անկախ Հս. Կորեայի միջուկային սպառնալիքներին չտրվելու վերաբերյալ Թրամփի հռետորաբանությունից, Թրամփն, ի վերջո, կգայթակղվի պատմության մեջ մնալ որպես Կորեական թերակղզում խաղաղություն հաստատած նախագահ։ Ինչևէ, չնայած Կիմի, Մունի և Թրամփի քաղաքական շահերը, թվում է, համընկնում են, Կորեական թերակղզում սկզբունքային փոփոխություններ կարող են կատարվել միայն այն դեպքում, երբ Կիմ Չեն Ինը Հս․ Կորեայի փրկության համար ռազմավարական նշանակության որոշում կայացնի՝ վերջ դնելով Կիմերի գերդաստանին։  Մինչդեռ նա իշխանության գլխին է, այնուամենայնիվ, Կիմը երբեք նման որոշում չի կայացնի։


Թարգմանիչ՝ Թամարա Կարապետյան (Tamara Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են