«Ինլայթ»-ը ներկայացնում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայության հրապարակած՝ Գրիգոր Աթանեսյանի «Մարտահրավեր Փաշինյանի համար. Ինչպես ոսկու շուրջ վեճը բաժանեց Հայաստանը», հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մարտահրավեր Փաշինյանի համար. Ինչպես ոսկու շուրջ վեճը բաժանեց Հայաստանը
Ամուլսար լեռան տակ գտնվող ոսկու հանքատեղիները պետք է հարյուր միլիոնավոր դոլարներ բերեին Հայաստանի բյուջե հարկերի տեսքով: Սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության ամբիցիոզ նախագիծը, որը սկսել էին զարգացնել դեռևս հին իշխանության օրոք, լայնածավալ բողոքներ ծնեց բնապահպանների և տեղի բնակիչների շրջանում:
Այժմ պարզ լուծում չկա, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանգնել է ներքաղաքական ճգնաժամի կամ խոշոր ներդրողի կորստի միջև երկընտրանքի առաջ: «Լիդիանում» հավաստիացնում են, որ պատրաստ են դատավիճել Հայաստանի հետ:
Կոլորադոյում տեղակայված «Լիդիանը» (գրանցված է Ջերսիում) Ամուլսար լեռան տակ ոսկի է գտել դեռ 2006 թվականին։ Ներդրողները միլիարդների շահույթի հույս ունեն: Սակայն բնապահպաններն ու տեղի բնակիչները անհանգստանում են, որ հանքավայրը վտանգի տակ կդնի տարածաշրջանի խոշորագույն քաղցրահամ լճի՝ Սևանի էկոհամակարգը և Ջերմուկ առողջարանի տնտեսությունը, որը հայտնի է Կրեմլին հանքային ջրերի մատակարարմամբ:
Բողոքների պատճառով «Լիդիանի» աշխատանքը անցյալ ամառվանից կասեցված է, իսկ ընկերությունը պատրաստ է դատավիճել Հայաստանի հետ:
2018 թվականի գարնանը Սերժ Սարգսյանի կառավարությունը, որը «Լիդիանին» արտոնագիր էր տվել, զանգվածային ցույցերից հետո հրաժարական տվեց:
Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկան երիտասարդ ընդդիմադիրները, ովքեր կասկածանքով էին նայում իրենց նախորդների պայմանագրերին:
Նոր իշխանությունը մեկ տարուց ավել ուսումնասիրում էր հանքավայրի շուրջ վեճը։ Երբ այս տարվա աշնանը Փաշինյանը որոշեց, որ հանքի շահագործման համար խոչընդոտներ չկան, արդեն ուշ էր. դեպի Ամուլսար բոլոր ճանապարհները շրջափակված էին տեղի բնակիչների և բնապահպանների կողմից, որոնք կարողացել էին խոշոր կոալիցիա մոբիլիզացնել:
Հանքավայրի շահագործմանը դեմ են արտահայտվում ինչպես ձախ լիբերալները, այնպես էլ արմատական ազգայնականները: Նրանց աջակցում են նաև կառավարության որոշ պաշտոնյաներ և իշխող խմբակցության պատգամավորներ, ովքեր համաձայն չեն վարչապետի դիրքորոշման հետ:
Վեճը բարդացնում է նաև արտաքին ճնշումը. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դիվանագետները սատարում են «Լիդանի» դիրքորոշմանը:
«Այսպես այլևս շարունակվել չի կարող,- Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը ասաց «Լիդիանի» ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերը: ” Եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ընկերությունը չի կարողանա ֆինանսավորում ներգրավել և ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դատարան դիմել: Մենք չէինք ցանկանա ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Բայց մենք կարող ենք այլընտրանք չունենալ»:
«Հայաստանը պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման, այդ թվում՝ հնարավոր արբիտրաժի», ” ասաց ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Լիդիանը» հիմնադրվել է 2000-ականների կեսերին` Թուրքիայում, Բալկաններում և Հարավային Կովկասում ոսկու արդյունահանման նպատակով, սակայն Ամուլսարը մնաց նրա միակ գործող նախագիծը:
Ընկերությունը պնդում է, որ արդեն ծախսել է ավելի քան 400 միլիոն դոլար հայկական հանքավայրերի վրա: Նրա պարտքերը գերազանցում են 360 միլիոն դոլարը:
Հնարավո՞ր է արդյոք արբիտրաժը
«Լիդիանն» ունի բարդ կառուցվածք մի ընկերության համար, որը դեռ չի սկսել զբաղվել իր հիմնական աշխատանքով` ոսկու արդյունահանմամբ և վաճառքով: Ջերսիի գլխամասային կազմակերպությունից և հայաստանյան մասնաճյուղից բացի՝ այն ունի գրանցված դուստր ձեռնարկություններ ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում և Բրիտանական Վիրջինյան կղզիներում:
Կանադայի և Անգլիայի մասնաճյուղերը գրանցվել են 2018 թվականի օգոստոսին, մեկ օրվա տարբերությամբ՝ համապատասխանաբար օգոստոսի 28-ին և 29-ին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիդիանի ներկայացուցիչներն առաջին անգամ հրապարակավ հայտարարեցին արբիտրաժային քննության ծրագրերի մասին:
2018 թվականի հունիսին բնապահպան ակտիվիստները արգելափակեցին դեպի Ամուլսար բոլոր ճանապարհները, և օգոստոսին պարզ դարձավ, որ նոր իշխանությունը պատրաստ չէ նրանց ուժով ցրել:
Երբ 2019 թվականի մարտին ընկերությունը Հայաստանի կառավարությանը պաշտոնապես տեղեկացրեց միջազգային արբիտրաժ հայցադիմում պատրաստելու մասին, նա դա արեց Կանադայի և Անգլիայի մասնաճյուղերի անունից:
-Մեծ Բրիտանիայի երկկողմանի ներդրումային պայմանագրերը, որպես կանոն, չեն տարածվում անդրծովյան երկրներում նրա ընկերությունների վրա, ինչպիսինն է Ջերսին, -ասաց լոնդոնյան Fountain Court Chambers-ի իրավաբան Ալեքսանդր Միլները:
Բի-Բի-Սիի այն հարցին, թե արդյո՞ք մասնաճյուղերը բացվել են հատուկ Հայաստանի դեմ դատարան դիմելու համար, «Լիդիանի» ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերը պատասխանեց, որ կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են Լոնդոնի և Տորոնտոյի մասնաճյուղերը ձեռնտու ընկերության համար, բայց նա չի կարող բացահայտել բոլոր մանրամասնությունները:
-Տարաձայնության առաջացումից հետո գրանցված իրավաբանական անձանց դատական հայցը անխուսափելիորեն դժվարությունների կհանդիպի, ” նշում է միջազգային արբիտրաժային իրավունքի փորձագետ և «Double Bridge Law» ընկերության գործընկեր Սերգեյ Ուսոսկինը:
Ուսոսկինի կարծիքով, արբիտրաժ դիմելու նպատակով կորպորատիվ կառուցվածքի փոփոխությունը կարող է որակվել որպես իրավունքի չարաշահում (անգլերեն՝ abuse of process) և դառնալ հայցի մերժման հիմք:
-Վեճի ծագումից հետո գրանցված ընկերությունների կողմից հայցերի հետապնդումը կարող է ուղեկցվել մի շարք դժվարություններով, այդ թվում՝ հետաքննության դադարեցմամբ, ինչը կախված է յուրաքանչյուր գործի առանձնահատուկ դրություններից և հանգամանքներից, ” ավելացնում է Schellenberg Wittmer շվեյցարական իրավաբանական ընկերության գործընկեր Աննա Կոզմենկոն:
Անպտղաբեր լեռ
Ըստ ծագումնաբանության՝ Ամուլսար նշանակում է «անպտղաբեր լեռ»: Այն գտնվում է Սյունիքի պատմական հողերում, որտեղ Գլաձորի և Տաթևի միջնադարյան համալսարանների վանականներն ուսումնասիրում էին Արիստոտելին, Պլատոնին, Թոմաս Աքվինացուն և Իբն Սինային, իսկ սյունյաց իշխանները մարտնչում էին մոնղոլական, թուրքական և պարսկական նվաճողների դեմ:
1920 թվականին հայկական առաջին հանրապետության անկումից հետո Սյունիքը որոշ ժամանակ մնում էր բոլշևիզմի հակառակորդների վերջին հենակետը:
2006 թվականին «Լիդիանը» սկսեց Ամուլսարի ուսումնասիրությունները: Ընկերության ներկայացուցիչները նշում էին, որ պատրաստվում են Հայաստանում համաշխարհային մակարդակի հանքատեղի կառուցել:
«Մենք այդ արոտավայրերը վերածում ենք ոսկու հանքատեղիների»,- պարծենում էր «Լիդիանի» առաջին ղեկավար Թիմոթի Կաֆլինը:
Շուտով, սակայն, սկսվեցին բնապահպանների և տեղի բնակիչների բողոքի ակցիաները, որոնք մեղադրում էին ընկերությանը տեղի ջրամբարների աղտոտման և Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրավազանի՝ Սևանա լճի համար սպառնալիք ստեղծելու մեջ: Ամուլսարը գտնվում է Սևանի հետ կապված երեք գետերի և երկու արհեստական լճերի մոտակայքում:
Ամուլսարին հարակից տարածքների բնակիչներն անհանգստանում են, որ շրջանը կդառնա կյանքի համար ոչ պիտանի: Ինչպես պնդում է քաղաքագետ և Detector.am հրատարակության գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը, տեղի բնակիչների դիրքորոշումը կայանում է նրանում, որ իրենց կարծիքը անտեսվել է, երբ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն էին տալիս:
Ամուլսարից ոչ հեռու է գտնվում Ջերմուկը` հայտնի սպա-առողջարանը և հանքային աղբյուրը: «Ջերմուկ» ընկերությունը Կրեմլի համար հանքային ջրի պաշտոնական մատակարարն է: Քաղաքի զբոսաշրջային ճյուղի ներկայացուցիչները դեմ են հանքավայրի շահագործմանը, ինչի մասին հաղորդել և հայտնել են կառավարությանն ուղղված բաց նամակում:
«Մարդիկ տարիներ շարունակ ներդրումներ են արել, ռեստորաններ և հյուրանոցներ կառուցել: Եթե շրջակա միջավայրին որևէ վնաս հասցվի, աշխատողները կսկսեն ազատվել աշխատանքից, նրանց կկրճատեն, կառավարությունը պետք է գնահատի այդ ռիսկերը», ” Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը պատմեց Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանը:
2018 թվականի հունիսից դեպի հանքավայր տանող բոլոր ճանապարհները արգելափակվել են Ջերմուկի բնակիչների կողմից, որոնց հաջողվել է ամբողջովին կաթվածահար անել «Լիդիանի» աշխատանքը:
Ընկերության ժամանակավոր ղեկավար Սելլերսը Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանն ասել է, որ իր անձնական կարծիքով, շրջափակման հետևում կարող են կանգնած լինել ոչ թե տեղի բնակիչները, այլ միջազգային բնապահպանական ակտիվիստներ կամ արդյունաբերության այդ ճյուղի այլ մրցակիցներ: Նմանատիպ մեղադրանքներ վերջերս կրկնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Բի-Բի-Սիի կողմից հարցված փորձագետները նշում են, որ թեև մրցակիցները կարող էին նպաստել բողոքի ցույցերին, բայց հիմնական նախաձեռնությունը պատկանում է տեղի բնակիչներին և հայտնի բնապահպաններին:
«Ոչ մի ապացույց չկա (մրցակիցների միջամտության), ” ասում է Վարդանյանը: ” Բայցի այդ, հիմնական ակտիվիստները հանրությանը հայտնի մարդիկ են, ովքեր մասնակցել են բողոքի բազմաթիվ ակցիաների և ապրում են հասարակ կյանքով»:
Բնապահպանների շրջանում առաձնակի մտահոգություն են առաջացնում ոսկու ալկալահանման համար նատրիումի ցիանիդ օգտագործելու «Լիդիանի» պլանները:
2000 թվականին ռումինական «Բայա Մարեում» ոսկու հանքավայրից ցիանիդի արտահոսքը համարվում է Չեռնոբիլից հետո Եվրոպայում բնապահպանական ամենալուրջ աղետը:
Այն ազդել է երեք երկրների բնակիչների վրա, իսկ թունավոր նյութերը թափվել են Դանուբ և նրա վտակ Տիսու՝ սպանելով հարյուրավոր տոննաներ ձուկ և վտանգի տակ դնելով ավելի քան 2,5 միլիոն մարդկանց համար ջրի մատակարարումը:
Այժմ ցիանիդի օգտագործումը արգելված է Հունգարիայում, Գերմանիայում, Թուրքիայում և Չեխիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում և Արգենտինայի գավառներում:
2017 թվականի տեղի բնակիչների բողոքների պատճառով «Լիդիանը» կորցրեց իր ներդրողներից մեկին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ, Համաշխարհային բանկի կառույց), որը մի ժամանակ տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի 15%-ը:
Ջերմուկցիները և ակտիվիստները բողոք ուղարկեցին Նյու Յորքում Համաշխարհային բանկի օմբուդսմենի գրասենյակ այն մասին, որ քաղաքի վրա հանքավայրի ազդեցությունը գնահատելիս հաշվի են առնվել միայն էկոլոգիական գործոնները, բայց ոչ սպա-առողջարանի զբոսաշրջային բիզնեսի վրա հնարավոր ազդեցությունը:
Ներքին հետաքննությունը հաստատեց այս ենթադրությունները, ինչպես նաև Ամուլսարի ստորոտում տեղակայված Գնդևազ գյուղի բնակիչների հայտարարությունները:
Մասնավորապես, 2007-2013 թվականներին ՄՖԿ-ն «Լիդիանից» բավարար տեղեկատվություն չի ստացել էկոլոգիական և սոցիալական ռիսկերի վերաբերյալ և ստուգումներ անցկացնելու համար Հայաստան մասնագետ չի ուղարկել, ինչն էլ ասվում է օմբուդսմենի գրասենյակի զեկույցի մեջ:
Հետաքննության ավարտից հետո ՄՖԿ-ն միջոցները դուրս հանեց նախագծից: «Լիդիանի» բաժնետոմսերը նա ավելի վաղ էր վաճառել:
Կես միլիարդի կորուստ
Չնայած «Լիդիանը» դեռ ոչ մի եկամուտ չի ստացել, հիմնական բաժնետերերը արդեն մի քանի անգամ փոխվել են:
Այժմ ընկերությունը պատկանում է ներդրումային ֆոնդերին և անհատներին, որոնցից ամենախոշոր բաժնետերերն են Resource Capital Fund-ը (32%), Orion Capital Management-ը (11%) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):
ՎԶԵԲ-ը հայտարարեց, որ նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, բանկի ստանդարտներին և Հայաստանի օրենսդրությանը: Բանկը սպասում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:
Ըստ Սելլերսի՝ մյուս բաժնետերերը Հայաստանից դուրս գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք են: Resource Capital Fund և Orion Capital Management ներդրումային հիմնադրամները չեն բացահայտում, թե ովքեր են կանգնած իրենց հետևում և ում են իրականում պատկանում «Լիդիանի» իրենց բաժնետոմսերը:
Հայաստանում ընկերությունն արդեն ծախսել է ավելի քան 400 միլիոն դոլար, որի կեսը՝ հանքավայրի շահագործման համար համապատասխան պայմաններ ստեղծելու և մեքենաներ ու սարքավորումներ գնելու վրա: Գումարը բաժնետիրական կապիտալի և վարկերի տեսքով հիմնականում տրամադրել են երկու գլխավոր սեփականատերերը՝ RCF-ը և Orion-ը:
«Նախագծում ներդրվել է ավելի քան 400 միլիոն դոլար: Մարդիկ կխնդրեն մեզ փորձել վերադարձնել այդ գումարը, ” ասում է Սելլերսը: ” Եվ մենք չենք կարողանա ասել “ոչ” և չփորձել գանձել ավելի քան 400 միլիոն դոլարը: Երբ, որտեղ և ինչ հիմքով դա տեղի կունենա՝ դեռ պարզ չէ։ Բայց ընկերությունը պատրաստ է գնալ այդ ճանապարհով, եթե ստիպեն մեզ»:
«Կեղտոտ փիառ հնարքներ»
«Լիդիանի» նկատմամբ անվստահություն են առաջացնում նաև այն սկանդալները, որոնք Վաշինգտոնի Վուդրո Ուիլսոնի կենտրոնին կից Քիսինջեր ինստիտուտի գիտաշխատող Բրեդլի Ժարդինը բնութագրել է որպես «կեղտոտ փիառ հնարքներ»:
Տեղի լրագրողներին հայտնի դարձավ, որ «Լիդիանը» Հայաստան էր բերում և կառավարության հետ հանդիպումների էր հրավիրում փորձագետների, ովքեր ֆինանսական կամ ազգակցական կապեր ունեն նրա ղեկավարության հետ: Այս կապերը չէին բացահայտվում, իսկ գիտնականները ներկայացվում էին որպես միջազգային անկախ փորձագետներ:
2017 թվականի հոկտեմբերին Երևանում «Լիդիանի» մասնակցությամբ պլանավորված էր մենեջեր Աարոն Սթիգսի ելույթը լեռնաարդյունաբերության անվտանգ և ժամանակակից փորձի վերաբերյալ: Միջոցառման համար ընտրվել էր ամենահեղինակավոր վայրերից մեկը` Հայաստանի ամերիկյան համալսարանը, որը աջակցություն է ստանում ԱՄՆ կառավարությունից: Որևէ տեղ նշված չէր, որ Սթիգսը ամուսնացած է «Լիդիանի» փոխնախագահ Բոբ Կերոյի դստեր հետ: Բնապահպանական ակտիվիստների բողոքներից հետո միջոցառումը չեղարկվեց:
2018 թվականի հունվարին ընկերության ներկայացուցիչները՝ Լարի Բրեկենրիջի ուղեկցությամբ, ով ներկայացվել էր որպես «միջազգային անկախ փորձագետ», հանդիպում ունեցան Հայաստանի բնապահպանության նախարարի հետ։ Սակայն Բրեքենրիջը Global Resource Engineering ընկերության ավագ ինժեներ է, որին «Լիդիանը» Ամուլսարի վերաբերյալ առնվազն երեք բնապահպանական հաշվետվություն է պատվիրել:
Փորձություն Փաշինյանի համար
Բողոքի ակցիայի բնույթը ինչպես բնապահպանական, այնպես էլ քաղաքական է. Ամուլսարի վերաբերյալ կասկածները սերտորեն միահյուսված էին նախկին նախագահ Սարգսյանի նկատմամբ դժգոհության հետ:
” Հայաստանում շատերը համոզված են, որ նախկին իշխանությունները հանքավայրի շահագործման թույլտվություն են տվել կոռուպցիոն ինչ-որ սխեմաների շրջանակներում,- ասում է քաղաքագետ Վարդանյանը:
Բազմաթիվ ակտիվիստներ, ովքեր 2018 թվականի ապրիլին առաջինը արձագանքեցին ցույցերի դուրս գալու Փաշինյանի կոչին, դեմ են արտահայտվում հանքավայրի շահագործմանը: Ամուլսարը, Քիսինջերի ինստիտուտի գիտաշխատող Ժարդինի խոսքով, Փաշինյանի՝ որպես առաջադեմ քաղաքական գործչի և թավշյա հեղափոխության ոգու մարմնավորողի համար փորձություն դարձավ:
Փաշինյանը խոստովանեց, որ ինքը հավանություն չէր տա այս նախագծին, եթե կոնցեսիայի մասին հարցը որոշվեր հիմա: Սակայն արտոնագիրը տրվել էր նրա նախորդի կողմից, և կառավարությունը հայտնվել է փակուղում:
Մանավանդ, որ վարչապետը խոստացել էր իրականացնել նաև «տնտեսական հեղափոխություն», իսկ «Լիդիանը» խոստանում է, որ հանքավայրը 11 տարվա շահագործման արդյունքում ավելի քան 400 միլիոն դոլար կբերի բյուջե հարկերի և այլ հատկացումների տեսքով:
Վարչապետի մամլո քարտուղարը հայտարարեց, որ կառավարությունն այժմ սպասում է Ամուլսարում կատարվող ստուգումների արդյունքներին, որոնք իրականացվում են բնապահպանական տեսչության կողմից:
Օտարերկրյա ճնշում
Ամուլսարի բարդ հավասարման մեկ այլ գործոն է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությունը «Լիդիանին»:
«Ես վաղուց եմ հետևում ԱՄՆ-ի քաղաքականությանը հետխորհրդային տարածքում, և ինձ զարմացրեց այս հարցի վերաբերյալ հայտարարությունների անկեղծությունը», ” ասում է ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերան՝ Eurasianet հրատարակության Կովկասի բաժնի խմբագիրը:
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը 2018 թվականի հոկտեմբերին իր հրաժեշտի խոսքում հայտարարեց, որ դեպի Ամուլսար ճանապարհների շրջափակումը կարող է լրջորեն նվազեցնել Հայաստանի գրավչությունը միջազգային ներդրողների շրջանում:
«Ես գիտեմ, որ վարչապետը և նրա ավագ խորհրդականները հասկանում են իմ մտահոգությունը և փորձում են հավասարակշռել մրցակցող շահերը և լուծում գտնել, ” ասաց Միլսը: -Ես հորդորում եմ նրանց անել դա արագ և այնպես, որ ապահովվի նախագծի ապագայի լուծումը օրենքի շրջանակներում»։
Ջոշուա Կուչերայի կարծիքով, ամերիկացի դեսպանի հրապարակային հայտարարությունները անսովոր կտրուկ են այն հայտարարությունների հետ համեմատ, որոնք ընդունված է ասել նմանատիպ իրավիճակներում։
«Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ցույցերի սկզբից ԱՄՆ-ի դեսպանատունը կոչեր էր անում բոլոր կողմերին խուսափել բռնությունից և ձգտել լուծման օրենքի շրջանակներում: Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը և «Լիդիանի» ղեկավարությունը կուսումնասիրեն բոլոր հնարավոր տարբերակները երկուստեք ընդունելի, բարեկամական և արագ լուծում գտնելու համար», ” Բի-Բի-Սիի հարցմանն ի պատասխան՝ ասաց Երևանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղարը:
Ընկերությանը Մեծ Բրիտանիայի աջակցության մասին վկայում են դիվանագիտական փաստաթղթերը:
Հայաստանում բրիտանացի դիվանագետների և «Լիդիանի» ղեկավարության նամակագրությունից հետևում է, որ ղեկավարությունը տարիներ շարունակ սերտորեն շփվում էր դեսպանության հետ՝ համատեղ կազմակերպելով դասախոսություններ, սեմինարներ և անգամ թագուհու ծննդյան օրվա տոնակատարությունը:
Փաստաթղթերը հրապարակվել են OpenDemocracy պարեբերականի կողմից, որը նամակագրության հասանելիության իրավունք էր ստացել տեղեկատվության ազատության մասին Բրիտանիայի օրենքի շրջանակներում:
«Մեծ Բրիտանիայի դեսպանությունները օգնում են բրիտանական ընկերություններին զարգացնել իրենց բիզնեսը ամբողջ աշխարհում: Այս որակմամբ Երևանում Բրիտանիայի դեսպանատունը համագործակցում է հայկական շուկայում գործող բրիտանական ընկերությունների հետ: Մենք հարգում ենք ՀՀ կառավարության՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ սեփական երաշխիքներ ստանալու որոշումը»,- Բի-Բի-Սիի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեց բրիտանական դեսպանատունը։
Վեճեր կառավարությունում
ՀՀ կառավարությունում և խորհրդարանում Բի-Բի-Սիի զրուցակիցները պատմել են, որ Ամուլսարի վերաբերյալ որոշումը ներքին վեճեր է առաջացրել նոր իշխանության շրջանում: Այս վեճերը հանգեցրել են լուրջ հակասությունների:
Հանքի շահագործմանը դեմ հանդես եկող մի խումբ պատգամավորներ այս թեման բարձրացրել են Փաշինյանի հետ իշխող «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումների ժամանակ:
Խմբակցությունում ընդունված է վիճել փակ դռների հետևում, բայց կառավարության քաղաքականությանը հրապարակավ անհամաձայնություն հայտնելը չի խրախուսվում: Իշխող խմբակցությունը քվեարկում է նույնպես միաձայն։
«Լիդիանի» դեմ փողոցային ցույցերի թեժ պահին դեմ արտահայտված պատգամավորները իրենց փաստարկները ներկայացրին խմբակցության ղեկավարությանը: Նրանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ Փաշինյանը լսել է իրենց:
Սակայն շուտով վարչապետը կրկին հայտարարեց, որ Ամուլսարում աշխատանքների խոչընդոտման իրավական հիմքեր չկան, և տեղի բնակիչներին հորդորեց բացել դեպի հանքավայր ճանապարհները: Նրանք անտեսեցին այս պահանջը:
«Խումար էյֆորիայից հետո»
Ըստ «Լիդիանի» վերջին գնահատումների՝ եթե շրջափակումը հանվի, մինչև գարուն, երբ ձյունը հալվի, ընկերությունը կկարողանա վերսկսել հանքի շինարարությունը, իսկ առաջին ոսկին կստանա 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին:
Դա կպահանջի մոտավորապես ևս 150 միլիոն դոլարի ներդրումներ և մոտ 25 միլիոն դոլարի շրջանառու կապիտալ:
Ընկերության ղեկավար Սելլերսի կարծիքով, եթե «Լիդիանը» չկարողանա շարունակել իր աշխատանքը, ապա Հայաստանի հեղինակությանը միջազգային ներդրողների շրջանում կհասցվի լուրջ վնաս:
«Միջազգային ֆինանսական միությունը անհանգստությամբ հետևում է իրավիճակին: Մարդիկ օրորում են գլուխները», ” ասում է նա:
Վարչապետն ու նրա տեղակալները կիսում են այդ անհանգստությունը և հրապարակային ելույթներում վկայակոչվում են արբիտրաժի սպառնալիքը և օտարերկրյա ներդրողներին վանելու վախը:
Իսկ մինչ այդ Ջերմուկի բնակիչները, վարչապետի խնդրանքին հակառակ, շարունակում են փակել դեպի հանքավայր ճանապարհները:
«Չի բացառվում, որ ճանապարհները բացելու հերթական անհաջող կոչից հետո իշխանությունները կդիմեն ուժային գործողությունների», ” կարծում է Վարդանյանը:
Բի-Բի-Սիի այն հարցին, թե դիտարկվու՞մ է արդյոք ուժի կիրառմանբ ցրումը, Փաշինյանի մամլո քարտուղարը պատասխանեց, որ կառավարությունը գործելու է սահմանադրությանը, օրենսդրությանը համապատասխան և միջազգային բոլոր պարտավորթյունները հաշվի առնելով:
Ինչպիսին էլ որ լինի այս վեճի ելքը, «Ամուլսարի էթիկական դիլեման կմնա հեղափոխության էյֆորիայից հետո ծանր խումար», ” կարծում է Քիսինջերի ինստիտուտի գիտաշխատող Ժարդինը:
Նյութի պատրաստմանը մասնակցել է Ալեքսեյ Կալմիկովը
Թարգմանիչ՝ Մերի Բաբայան (Mery Babayan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: