«Ինլայթ»-ը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր Պիեռ Ռոզանվալոնի (Pierre Rosanvallón) «Հակաժողովրդավարություն. Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում» [*] հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նախորդ մասը՝ Ապաքաղաքականացում, թե՞ ոչ քաղաքականացում

Վերաիմաստավորելով ժողովրդավարության պատմությունը

Իմ կողմից առաջարկվող մոտեցումը նաև ժողովրդավարության պատմության ուսումնասիրության նոր տեսանկյուն է առաջ քաշում: Անուղղակի իշխանության վերոնշյալ տարատեսակ ձևերը միաժամանակ և՛ նախորդում են ժողովրդավարությանը, և՛ հաջորդում են նրան: Դրանք կարելի է անվանել հետժողովրդավարական այն իմաստով, որ առաջացել են որպես Նիդերլանդներում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ազատության համար պայքարի ընթացքում  XVII և XVIII դարերում ստեղծված ընտրովի կառավարությունների խոստումների չիրագործման ռեակցիա: Սակայն այս ձևերն ի հայտ են եկել մինչև ժողովրդավարության ասպարեզ գալը, քանի որ վերահսկման և դիմադրության կիրառումը հաճախ դառնում էր առաջին քայլը մարդկային էմանսիպացիայի ճանապարհին:

Օրինակ, բռնակալության դեմ դիմադրության իրավունքը ձևավորվել էր Միջին դարերում, այսինքն ժողովրդական ինքնիշխանության գաղափարի ձևավորումից առաջ: Նույն կերպ իշխանությունների գործունեությունը ենթարկվում էր վերահսկման և գնահատականի շատ ավելի վաղ, քան մարդիկ սկսեցին նրանց ընտրել: Հնարավոր է ՝ժամանակն է հաղթահարել ժողովրդավարության սովորական դարձած պատմությունը, որը հիմնված է ինչ-որ իդեալիաստիճանաբար հասնելու և ենթակայությունից  դեպի ամբողջական ինքնավարություն դանդաղ անցման վրա: Փաստացի «հինը» և «նորը», «լիբերալիզմը» և «ժողովրդավարությունը», հասարակության ոչ ֆորմալ իշխանությունը և պետական ինստիտուտները միշտ գոյություն են ունեցել կողք կողքի: Եթե նույնիսկ հակաժողովրդավարությունը նախորդել է ընտրական-ներկայացուցչական ժողովրդավարությանը, ապա ավելի ուշ դրանց ճանապարհները սերտորեն միահյուսվեցին, և մեզ մնում է գլուխ հանենլ այս փոխհարաբերությունների բարդությունից:

Իսկապես, ժողովրդավարության հասարակական պատմությունը և նրա ինստիտուցիոնալ պատմությունը դժվար է տարանջատել իրարից: Ըստ էության լինելով «սոցիալական»՝ հակաժողովրդավարությունը գործնականում հանդիսանում է կիրառական ուժ, պրակտիկ հակազդեցության ձև, ուղիղ արձագանք: Եթե ընտրական-ներկայացուցչական ժողովրդավարությունները ղեկավարում են համաչափ ինստիտուցիոնալ ռիթմերը,ապա  հակաժողովրդավարությունը մշտական է և անսահման: Որոշակի իմաստով դա ժողովրդավարական կյանքն է առանց միջնորդների:

Այս պարագայում  կարևոր է գտնել պատմության և քաղաքական տեսությունների միջև կապը: Մեկ անգամ չէ արդեն նշվել , որ պատմությունը պետք է ընկալել որպես ներկայի լաբորոտորիա, այլ ոչ թե միայն որպես անցյալը լուսաբանող գործիք: Կենդանի ժողովրդավարության մեջ կարևորը այն չէ, թե  ինչքանով է այն համապատասխանում իդեալական մոդելներին, այլ այն՝ արդյունավետ է արդյոք նա լուծում հասարակական խնդիրները: Հետևաբար, մենք պետք է մեծ զգուշությամբ է վերաբերվենք այն գաղափարին, որ ժամանակին հստակորեն ձևակերպվել է, իսկ հետո բազմիցս աղավաղվել ժողովրդավարության ինչ-որ «անապակ մոդել»: Իսկ եթե ելնենք իրական կյանքի բարդությունից և անհաղթահարելի հակասություններից կարելի է ավելի պարզ պատկերացում ստանալ քաղաքականության մասին՝ « ինչպիսին այն կա»: Մենք կմոտենանք դրա էությանը, և դրա շնորհիվ ավելի հստակ կհասկանանք՝ ինչպես է նա ստեղծվում: Պատմությունը ծառայում է տեսությանը ոչ միայն որպես հետաքրքիր օրինակների հետաքրքիր պահուստ, այլ նաև որպես հարթակ, որի վրա փորձարկվում են աշխարհի մասին տարբեր պատկերացումներ: Հենց այդ հանգամանքն է ինձ մոտ խթանում ցանկություն համադրել պատմաբանի հետաքրքրասիրությունը քաղաքական փիլիսոփայի խստության հետ:

Ժողովրդավարությունը որպես յուրօրինակ մարտադաշտ դիտարկելը  ավելի կարևոր է, երբ մենք ուսումնասիրում ենք հակաժողովրդավարությունը: Եթե ինստիտուտների վերաբերյալ կարող ենք սահմանափակվել դասագրքերից վերցված նկարագրություններով, ապա իշխանության նկատմամբ հսկողության և նրան խոչընդոտելու ուժը  կարելի է գնահատել միայն գործողության մեջ: Ժողովրդավարության երկու կողմերը որպես կենսական, կարևոր իրողություններ ուսումնասիրելու առաջարկությունը ունի ոչ միայն մեթոդոլոգիական նշանակություն: Այն թույլ է տալիս նաև նորովի նայել համեմատական քաղաքականությանը:

Երբ ժողովրդավարությունն ուսումնասիրում են դասական նորմատիվ ձևով, ոչ մի իրականում օգտակար համեմատություն  իրագործելի չէ: Կարելի է, իհարկե, գրանցել հաջողություններ և ձախողումներ, չափել հարաբերական ձեռքբերումներ, մշակել տիպաբանություններ: Վտանգն այստեղ կայանում է նրանում, որ ինչ-որ մասնավոր արժեքներ կմեկնաբանվեն որպես ունիվերսալ, իսկ որոշ հատուկ մեխանիզմներին կվերագրվի հավիտենական սրբություն: Հակառակը, եթե սկսենք այն խնդիրներից, որոնցով պետք է զբաղվի ժողովրդավարությունը, օրինակ, ներկայացուցչության սոցիոլոգիական և քաղաքական սկզբունքների միջև հակամարտությունից, ապա ազգային և պատմական փորձի միջև համեմատական ուսումնասիրությունն ավելի հեշտ է տրվում:

Համեմատությունների առավելությունները էլ ավելի նշանակալի են դառնում, երբ գործը հասնում է հակաժողովրդավարության ֆենոմենների ուսումնասիրությանը: Ինչպես նշվել է վերևում, հակաժողովրդավարությունը և՛  նախաժողովրդավարական, և՛ հետժողովրդավարական երևույթ է: Այն գործում է և որպես դիմադրության մաքուր ուժ, և որպես ինչ-որ չափով «լրացուցիչ» իշխանություն: Իմիջիայլոց, ընդլայնելով մեր ընկալումը՝ մենք միաժամանակ ենթարկում ենք այն «ապաարևմտականացման» (девестернизации): Վերահսկող գործառույթները, պրեվենտիվ գործիքները, դատողությունների և կարծիքների ստուգումը ասյօր կարելի է գտնել գրեթե ամենուր: Այսպիսով, հնարավորին է դառնում ունիվերսալ համեմատական մոտեցումը, որը հաղթահարում է տարածությունն ու ժամանակը: Եվ այդ պատճառով ներկայի մեր ընկալումը կատարելագործելու ցանկությունն անբաժանելի է գլոբալ կատեգորիաներում և շրջանակներում ազատ քաղաքական հասարակության կառուցման համար մարդկության տևական պայքարի մասին մտորելու մտադրությունից:

Հղումներ

[*] Հատված Rosanvallon P. Counter-Democracy: Politics in an Age of Distrust. Cambridge: Cambridge University Press, 2008. գրքից, էջ՝ 1–27; տե՛ս նաև Անձեռնմխելի պաշար 2012. № 2(82). էջ՝ 264–267.

Բնօրինակի հեղինակ՝ Андрей Захаров, Перспективы

Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhsibekyan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: