Քաղաքականության լեզուն | Նոամ Չոմսկի

Լեզվաբան Նոամ Չոմսկին՝ քաղաքական եզրույթների երկիմաստության, միջազգային հարաբերությունների առաջնային սկզբունքների և քարոզչության դերի մասին

Ինչու՞ են իշխանությունները սկսել վերահսկել մարդկանց ավելի շատ քարոզչության, քան բռնի ուժի միջոցով։ Ո՞վ կցանկանա ստեղծել անտեղյակ սպառողներ, ովքեր կկատարեն անտրամաբանական ընտրություններ։ Ինստիտուտի պրոֆեսոր և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր Նոամ Չոմսկին խոսում է գովազդային խաբեությունների մասին։

Վերցնենք կոմունիզմը․ այն ունի ուղիղ իմաստ։ Այդ իմաստը դրա հիմնարար սկզբունքներն են․ արտադրանքն աշխատողների ձեռքին է, որոշումները կայացնում է համայնքը և այլն․ սա է հիմնական սկզբունքը։ Սակայն, համակարգի պարագայում, այն միանգամայն հակառակն է․ իշխանությունների բացարձակ վերահսկողություն՝ գրեթե առանց մասնակցության, և այդպես շարունակ։ Կամ, ասենք, ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը, ըստ երևույթին, պետք է լինի կառավարման համակարգ՝ ժողովրդի կողմից և ժողովրդի համար․ սա այն է, ինչը մենք ողջունում ենք։ Մենք ուշադրություն ենք դարձնում բուն իմաստին, օրինակ՝ ԱՄՆ-ում, որը ժողովրդավարության հիմնասյունն է։ Մենք գտնում ենք, որ բնակչության մոտ 70%-ը՝ 70%-ից ցածր եկամտով, որևէ ազդեցություն չունի քաղաքական որոշումների վրա, նրանց որևէ ուշադրություն չի դարձվում։ Ուշադրությունն աստիճանաբար ավելանում է, երբ սկսում ենք վեր բարձրանալ։ Հասնելով ամենաբարձր կետին՝ մարդիկ այստեղ հասնում են իրենց ուզածին, քանի որ նրանք են, ըստ էության, քաղաքականություն մշակողները։

Միջազգային հարաբերություններ տեսության առաջնային սկզբունքն այն է, որ կառավարությունները ձգտում են պաշտպանել իրենց անվտանգությունը։ Պետությա՞ն անվտանգությունը։ Բնակչությա՞ն անվտանգությունը։ Ո՛չ։ Նրանք տարբեր գործելաոճերով վնաս են հասցնում բնակչությանը, նույնիսկ սեփական բնակչությանը․ դա հեշտ է ապացուցել։ Պետակա՞ն անվտանգություն։ Այո՛, դա է գաղտնիության պատճառը։ Գաղտնիությունն հիմնականում միտված է՝ պաշտպանելու պետական իշխանությունը՝ սեփական հասարակության վերահսկողությունից: Անվտանգություն ներքին ուժի կենտրոնացմա՞ն համար, ինչպիսին կորպորատիվ ոլորտն է։ Անշու՛շտ, ահա՛ թե ինչի մասին էր Տրանս-Խաղաղօվկիանոսյան գործընկերությունը։ Այնպես որ, այո՛, անվտանգություն, որն ունի որոշակի իմաստ, ոչ թե անվտանգություն, ինչին մենք պետք է հավատանք։

Եթե հետ գնանք շուրջ մեկ դար և նայենք աշխարհի ամենաազատական երկրներին․ Անգլիա և Միացյալ նահանգներ․ ապա բացահայտորեն ընդունվում է, որ բնակչության նկատմամբ վերահսկողությունն ավելանում է այստեղ: Հետևաբար, պետք է մշակվեն նոր մեխանիզմներ, ըստ երևույթին՝ նոր տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան վերահսկել հասարակական միտքը, վերաբերմունքն ու համոզմունքները։ Սա հասարակայնության հետ կապերի հսկայական ինդուստրիայի ծագումն է, ահռելի արդյունաբերություն՝ տարեկան հարյուրավոր միլիարդ դոլլարներ եկամուտով՝ նվիրված նրան, ինչը սովորաբար կոչվում է քարոզչություն, կարծիքների և համոզմունքների վերահսկողություն:

Նոամ Չոմսկի

Լեզվաբանության, Agnese Nelms Haury ամբիոնի, Սոցիալ և վարքագծի գիտությունների քոլեջի, լեզվաբանության բաժնի, Արիզոնայի համալսարանի դափնեկիր պրոֆեսոր

 

Բնօրինակի հեղինակ՝ Serious Science


Թարգմանիչ՝ Սոնա Սիմոնյան (Sona Simonyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: