«Ինլայթը» ներկայացնում է բրիտանական The Guardian պարբերականի հեղինակ Սթիվ Ռոուզի «Ահա թե ինչ կարող է կորսվել, եթե Թրամփը ռմբակոծի Իրանի մշակութային հուշարձանները» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ահա թե ինչ կարող է կորսվել, եթե Թրամփը ռմբակոծի Իրանի մշակութային հուշարձանները

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր Իրանին, որ կվերացնի վերջինիս մշակութային վայրերը։ Ահա մեր ուղեցույցը այդ երկրի ազգային գանձերի մասին՝ բլուրի միջնաբերդից մինչև disco-ball-ի դամբարան։

Եթե իրականություն դառնա Իրանի մշակութային հուշարձանների դեմ հարձակում գործելու՝ Դոնալդ Թրամփի սպառնալիքը, նա կհայտնվի նույն շարքում, որտեղ հակամշակութային չարիքներ Թալիբանն ու Իսլամական պետությունն են. երկուսն էլ հայտնի են ոչնչացման նմանատիպ ձևերով։ 2001 թվականին թալիբները պայթեցրին Աֆղանստանի՝ մ․թ․ա 6-րդ դարով թվագրվող  Բուդդայի բամիանական արձանները։ Իսլամական պետությունը, սկսած  2014 թվականից, ոչնչացրեց մզկիթներ, սրբավայրեր և այլ կառույցներ Իրանի և Սիրիայի տարածքում, որոշները՝ անտիկ Պալմիրա քաղաքում։ Չնայած գուցե դուք մտածել եք, որ ԱՄՆ նախագահը նախընտրել  է ասոցացվել դրանց հետ։ 

Արդյո՞ք Թրամփը գիտի, թե դա ինչ կորուստ կլինի։ Հավանաբար ոչ։ Բայց նա այս հարցում դժվար թե միակն է։ Այն փաստը, որ երկիր հազվադեպ են այցելում արևմտյան զբոսաշրջիկներ, պայմանավորված չէ տեսարժան վայրերի պակասով։  Իրանի մշակութային ժառանգությունը, որը ներառում է 5000 տարվա քաղաքակրթություն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ավելի քան 20 հուշարձան, հարուստ է և եզակի՝ հատկապես իր կրոնական-հոգևոր ճարտարապետության հուշարձաններով, որոնք վկայում են այս քաղաքակրթության երկրաչափության, աբստրակտ դիզայնի, նախարդյունաբերական ճարտարագիտության վարպետության անզուգական լինելը։ Սա ոչ միայն Իրանի, այլև ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունն է:

Պերսեպոլիս
Պերսեպոլիս՝ Աքեմենյան կայսրության հանդիսավոր մայրաքաղաք, աշխարհի ամենամեծ հնավայրերից մեկը: Լուսանկարը՝ Ա. Խ.

Իրանի հնագիտական թագի մարգարիտը․ հուշարձանային համալիր, որը թվագրվում է մ․թ․ա 6-րդ դարին, նախագծված էր ազդեցություն թողնելու իր ընդարձակ բարձր տեռասով, սանդուղքներով, մարմարյա պալատներով և տաճարներով: Քաղաքը թալանվել  է բազմաթիվ այցելուների կողմից՝ սկսած Ալեքսանդր Մեծից, բայց Թրամփը ոչնչացնելու դեռ շատ բաներ ունի՝ աներևակայելի լավ պահպանված արձաններ, ցուլերի, առյուծների, առասպելական արարածների և Աքեմենյան կայսրության բազմամշակույթ բնակչության խորաքանդակներ։

Շահ Չերաղ մզկիթ, Շիրազ
Շահ Չերաղ մզկիթ, ներքին հարդարանք, Շիրազ, Իրան․ Լուսանկարը՝ Ա. Խ.

Մզկիթի անվանունը թարգմանաբար նշանակում է «Լույսի թագավոր»։ Արտաքինից առանձնապես աչքի չընկնող, համեմատաբար սովորական մզկիթի ինտերիերն ամբողջությամբ ծածկված է հայելային խճանկարային հախճասալիկների բարդ երկրաչափական դիզայնով, որը ստեղծում է տիեզերական, անիրական լուսային ցուցադրություն։ Դա մի մռայլ ուխտատեղի է, որի ամբողջ էֆեկտը, սակայն, ներսի հսկայական իսլամական դիսկո գնդակն է: Այն կարող է գնահատվել  պարզապես իր փայլունության համար։

Սուրբ Ամենափրկիչ Վանք
Սուրբ Ամենափրկիչ Վանք, Սպահան, Իրան։ Լուսանկարը՝ Ա.Խ.

Իրանը  ծավալուն քրիտոնեական պատմություն ունի՝ մասնավորապես կապված  Հայաստանի հետ՝ հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով։ Այս շրջանի երեք ամենահին եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձաններ են: Սուրբ Ամենափրկիչ Վանքը, որը գտնվում է Սպահանի Նոր Ջուղա թաղամասում, կառուցվել է 17-րդ դարում՝  թուրք-պարսկական պատերազմի ընթացքում, Շահ Աբաս I Սեֆիի կողմից Սպահան տեղափոխված հայերի կողմից։ Ինտերիերն ամբողջությամբ զարդարված է խաչքարերով, որմնանկարներով և ոսկեզօծ փորագրություններով։

Սպահանի կամուրջները
Սիոսեփոլ կամուրջ (33 կամարների կամուրջ կամ Ալլահվերդի խանի կամուրջ), Զայանդեռուդ գետի վրա, Սպահան։ Լուսանկարը՝ Ա.Խ.

Արևմտյան այցելուները հիացած են Իրանի նախկին մայրաքաղաքի երկար կամուրջների  գեղեցկությամբ և բարդությամբ, որոնք մեծամասամբ կառուցվել են 17-րդ դարում։ Դրանք ոչ միայն ինժեներական գլուխգործոցներ են, այլև ունեն հստակ ֆունկցիոնալություն։ Շքեղ, 130 մետր երկարությամբ Խաջու կամուրջը ծառայում էր թե՛ որպես պատնեշ և ջրարգելակ՝ Զայանդեռուդ գետը վերահսկելու համար, թե՛ իբրև  ճանապարհ՝ այն հատելու համար, իսկ կենտրոնական միջանցքը ծառայում է հանրային հանդիպումների տարածք՝ որպես թեյարան/թեյի տուն։

Շեյխ Լոթֆոլայի մզկիթ, Սպահան
Շեյխ Լոթֆոլայի մզկիթ, Սպահան։ Լուսանկարը՝ Ա.Խ.

Մզկիթը քաղաքի ոչ ամենամեծ, բայց ամենահիասքանչ զարդարանքներից է, քանի որ այն կառուցվել է թագավորական  արքունիքի համար, այլ ոչ թե հասարակ հանրության: Ներքին հարդարանքը պարունակում է աշխարհի տարբեր կետերից գտնված լավագույն սալիկապատ կտորներ: Հատկապես գմբեթը, որն իր անհասկանալի, բարդ երկրաչափական նախշերով նմանեցվում է սիրամարգի պոչի, վկայությունն է միլիոնավոր ժամերի խնամքի և աշխատասիրության։

Իմամ Ռեզայի դամբարան
Իմամ Ռեզայի դամբարան, Մաշհադ, Իրան: Լուսանկարը՝ անհայտ

Սա աշխարհի ամենամեծ մզկիթն է, Իրանի ամենասուրբ քաղաքի՝ Մաշհադի, ամենասուրբ վայրերից մեկը, որը տարեկան ավելի քան 25 միլիոն այցելություն է ունենում։ Այս մզկիթային համալիրի ոչնչացումը աններելի կլիներ աշխարհի շատ մահմեդականների համար։

Համալիրում տեղակայված են Իմամ Ռեզայի՝ շիաների ութերորդ իմամի գերեզմանը, և բազմաթիվ այլ կրոնական գործիչների դամբարաններ, մզկիթներ, բակեր, մադրասներ (դպրոց) և թանգարան, որոնք պարունակում են անգին պատմական արտեֆակտներ:

Պասարգադ, Կյուրոս Մեծի դամբարան
Պասարգադ, Իրան: Լուսանկարը՝ անհայտ

Աքեմենյան կայսրության առաջին մայրաքաղաքը, որը կառուցվել էր Կյուրոս Մեծի կողմից՝ առանձնահատուկ ոճով՝  տպավորիչ սյունապատ պալատներով և այլ շինություններով։ Այս ազդեցիկ պարսկական ոճը նախատիպ հանդիսացավ ասիական դիզայնի համար և ոգեշնչման աղբյուր՝ Հնդկաստանի Թաջ Մահալի և Իսպանիայի Ալ-Համբրայի համար։ Հիմնականում պահպանվել են Պասարգադի շինությունների ավերակները։ Թերևս միակ պահպանված կառույցը Կյուրոս Մեծի ենթադրյալ դամբարանն է:

Դանիել մարգարեի դամբարան
Դանիել մարգարեի դամբարան, Շուշ, Իրան։ Լուսանկարը՝ Դե Ագոստին

Թրամփը, նույնիսկ եթե իրականում չի կարդացել իր ենթադրյալ սիրված գիրքը՝ Աստվածաշունչը, ամենայն հավանականությամբ ծանոթ է Դանիելին։ Նա հնարավոր է զարմացած լիներ՝ հայտնաբերելով Դանիել մարգարեին, ով մարգարե է ոչ միայն իսլամում, այլև քրիստոնեության մեջ, ով, ինչպես ենթադրվում է, թաղված է Իրանի հինավուրց Շուշ քաղաքում: Դանիելի դամբարանն իր առանձնահատուկ կոնաձև գմբեթով առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում և մինչ օրս հանդիսանում է հանրաճանաչ ուխտատեղի:

Բամի միջնաբերդ
Բամի միջնաբերդ, Բամ քաղաք, Քերման նահանգ, Իրան։ Լուսանկարը՝ Ա.Խ.

Աշխարհի ամենամեծ կավաշեն միջնաբերդը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դար: Իրանի Քերման նահանգի Բամ քաղաքում տեղակայված այս միջնաբերդն ավելի շատ բլուր-քաղաք է, քան մեկ կառույց, որն ընդգրկում է 180․000 քմ տարածք, որի կենտրոնական բերդը շրջապատված է փողոցներով, տներով, շուկաներով, իսկ այս ամենն էլ շրջապատված է 7 մետր բարձրությամբ պատերով: Բամը հիմնականում ավերվեց 2003 թվականի երկրաշարժի հետևանքով: Վերակառուցումը շարունակվում է այդ ժամանակից ի վեր:

Գոնբադ-էլ Կավուսի  աշտարակ
Գոնբադ-էլ Կավուսի աշտարակ, Գոլեսթան, Իրան: Լուսանկարը՝ անհայտ

Գոնբադ-էլ Կավուսը հին իրանական հիասքանչ ճարտարապետության օրինակներից մեկն է։ Այս 50 մետր բարձրությամբ դամբարանի աշտարակը թվագրվում է 11-րդ դարի սկիզբ, և հազարամյակներ անց այն շարունակում է աշխարհի ամենաբարձր աղյուսե աշտարակը  համարվել։ Դիզայնը շատ գեղեցիկ է. 10 աստղանի հատակագծով, կոնաձև տանիքով, ամբողջովին պարզ՝ բացառությամբ ներքևի և վերևի կալիգրաֆիական երկշերտ նախշերից:


Աստղիկ Ավագյան (Astghik Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here