Ստամբուլի կենտրոնի հայկական շիրմաքարերը

Ստամբուլի կենտրոնը կառուցված է հայկական գերեզմանատան շիրմաքարերից

Ինչպիսի՞ն էր այդ օրը պատմության մեջ: Ըստ Վադիմ Հարությունովի «Հայոց աշխարհի շուրջը» օրացույցի`1932 թ. հունվարի 31-ին Ստամբուլի իշխանությունները սկսեցին իրագործել Պանգալտիի հին հայկական գերեզմանատան՝ քաղաքի պատմության մեջ ամենամեծ ոչ մուսուլմանական նեկրոպոլիսի ոչնչացման ծրագիրը: Գերեզմանատան ոչնչացումը նպատակաուղղված է եղել հետևյալին. քաղաքը վերակառուցվում էր, և գերեզմանատան տարածքն ազատում էին նոր շենքերի կառուցապատման նպատակով:

Որտե՞ղ է բաբախում Ստամբուլի զբոսաշրջային սիրտը

Մի քանի տարի անց այնտեղ, որտեղ նախկինում գտնվում էին հայերի՝ տասնյակ սերունդների պատմական շիրիմները, կառուցեցին «Դիվան հոթելը», «Հիլթոն հոթելը», «Հայաթ Ռիջենսի հոթելը»: Ավելի ուշ այնտեղ կառուցվեց նաև TRT ռադիոկայանի շենքը: Այժմ նեկրոպոլիսի տարածքում տեղակայված է  քաղաքի գլխավոր հրապարակը՝ Թաքսիմը, որն էլ ուղեցույցներում նշվում է որպես «Ստամբուլի զբոսաշրջային սիրտ»: Գերեզմանատան ծագման մասին պատմությունը սկսվում է 16-րդ դարի երկրորդ քառորդից՝ 1560 թվականից: Բյուզանդական կայսրության անկումից անցել է քիչ՝ ավելի քան հարյուր տարի: Պատմական իրադրությունն այսպիսին է եղել. Ռուսաստանում  իշխում էր Իվան Ահեղը, Էդինբուրգում Մարիա Ստյուարտը հրաժարվել էր բրիտանական գահի համար պայքարից, իսկ Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը իրականացնում էր գաղութացման հետևողական քաղաքականություն և նավատորմ էր ուղարկում դեպի Հյուսիսային Աֆրիկայի ափեր: Թուրքիայում գահին տասներորդ սուլթան Սուլեյման Հիասքանչն էր՝ թուրքերի կողմից ամենասիրված տիրակալներից  մեկը: Նա ստրատեգ-զավթիչ էր, ով հիշվել է իր խորամանկությամբ, վիրշիներ ստեղծագործելու շնորհքով, անդրկարպատյան ստրկուհի Ռոքսելլայի հետ ամուսնությամբ և հպատակների շրջանում արդար և խելացի սուլթանի համբավ տարածելու ցանկությամբ: Այդ ժամանակ բռնկվում է ծաղկախտի հերթական համաճարակը, որը խլում է Կոստանդնուպոլսի հայ համայնքի կեսի կյանքը: Հայերը սուլթանի մոտ բանագնաց են ուղարկում՝ իրենց արյունակից եղբայրներին հուղարկավորելու համար հատուկ վայր  հատկացնելու խնդրանքով, և սուլթանը բավարարում է խնդրանքը՝ թույլ տալով Ստամբուլում հիմնել Պանգալտի հայկական գերեզմանատունը: Այնտեղ է կառուցվել նաև սբ. Հակոբ հոսպիտալը: Երկու դար անց՝ 1780 թ.-ին, երբ նեկրոպոլիսը ընդլայնվել էր և հուղարկավորելու համար այլևս տեղ չկար, Պանգալտիին նոր տարածք են միացնում, իսկ 1853 թ. գերեզմանատունը պարսպապատում են: Իսկ ևս 12 տարի անց՝ 1865 թ.-ին, Ստամբուլի իշխանություններն արդեն կտրականապես արգելում են հուղարկավորությունները  հայկական սբ. Հակոբ հիվանդանոցին պատկանող Պանգալտի գերեզմանատանը՝ համաճարակի վտանգի պատճառով: Հուղարկավորել այժմ կարելի էր միայն հայկական մեկ այլ գերեզմանատանը՝ Սիսլիում: Ըստ պաշտոնական վարկածի՝ այս սահմանափակումները գործադրվել են խոլերայի տարածման վտանգի պատճառով, որն այն ժամանակ Ստամբուլում ահագնացել էր: Խիտ բնակեցված Պերա շրջանը գտնվում էր Պանգալտիի անմիջական հարևանությամբ։ Այսպիսով՝ իշխանությունները որոշեցին ապահովագրվել՝ փակելով նեկրոպոլիսը, և այդ մասին հայտնեցին հայոց պատրիարքությանը: 

Շատրվան Գեզի զբոսայգում: Աղբյուրը՝ yandex.ru
Հենրի Պրոստի ծրագիրը և Լե Կորբյուզյեի «պատմական փոշին»

Պանգալտիի հետագա պատմությունն արդեն հումանիտար արժեքների հետ քիչ  ընդհանրություն ունի: Բազմադարյա նեկրոպոլիսը ամբողջությամբ ավերվեց: Հետագա տասը տարիներին շիրմաքարերը, որոնք պատրաստված էին մարմարից և գրանիտի թանկ տեսակներից, վաճառվեցին և օգտագործվեցին Ստամբուլի ժամանակակից հատվածի շինարարության ժամանակ: Գերեզմանների սալիկների  մի մասը օգտագործվեց Թաքսիմ-Գեզի այգու շատրվանների և աստիճանների երեսպատման ժամանակ, ինչպես նաև քաղաքի գլխավոր ճարտարապետի՝ ֆրանսիացի Հենրի Պրոստի նախագծած Էմինենյու հրապարակի շինարարության համար:

16 շիրմաքարեր  հայկական գերեզմանատներից

Հենրի Պրոստի կողմից 1925 թ. առաջարկված ժամանակակից կառուցապատման   ծրագիրը դեռևս դարասկզբին քննադատության է արժանացել համաշխարհային ուրբանիստիկայի հայր և ժամանակակից ճարտարապետության պաշտամունքային կերպար Լե Կոբյուզյեի կողմից, ով   համոզված էր՝ Կոստանդնուպոլիսը փոփոխել չի կարելի, որպեսզի չվնասվի նրա «պատմական փոշին»:

1913 թ. Ստամբուլ: Հուղարկավորություն Սուրբ Հակոբ հոսպիտալի դիմաց: Մի քանի տասնամյակ անց քաղաքի այս հատվածը չի լինի: Աղբյուրը՝ yandex.ru

Ճարտարապետը նույնիսկ անձնական նամակ գրեց իր ժամանակի Թուրքիայի առաջնորդ Մուստաֆա Աթաթուրքին, սակայն ապարդյուն: Լե Կոբյուզեի կարծիքով՝ Հենրի Պրոստի սխալը Ստամբուլի պատմական թաղամասերի կտրուկ կրճատումն էր՝ հօգուտ տրանսպորտային միջանցքների, զբոսայգիների, լայն պողոտաների և հետիոտնային մայթերի ընդլայնման: 15 տարվա համար հաշվարկված Հենրի Պրոստի  պլանը լրջագույն վնաս հասցրեց քաղաքի պատմական հատվածին: Այս նախագծի գերին դարձավ նաև Պանգալտի հայկական նեկրոպոլիսը: Հայկական ոսկորների վրա կառուցված Թաքսիմ հրապարակի կառուցումից բացի՝ Հենրի Պրոստի՝ այսօր վիճելի համարվող որոշումներից կարելի է նշել նաև ճարտարապետության տեսանկյունից կարևոր համարվող պատմական բարաքների քանդումը: Այս ամենի հետ մեկտեղ՝ Հենրի Պրոստը նաև դրական ներդրում է ունեցել Ստամբուլի պատմության մեջ: Սբ. Սոֆիայի պատերի ներսում մզկիթի գործունեության դադարեցումը և Աթաթուրքի համաձայնությամբ բազիլիկի վերածումը թանգարանի գլխավոր ճարտարապետի վաստակն է: 1932 թ. Հայոց պատրիարք Մեսրոպ Նարոյանը փորձեց վիճարկել գերեզմանատան տարածքը և դատական հայց ներկայացրեց նեկրոպոլիսը վերադարձնելու համար: Սակայն Ստամբուլի իշխանությունները հայտարարեցին, որ 1916 թ. հետո հայոց պատրիարքությունը  իրավաբանական անձ չէ, հետևաբար հողի նկատմամբ իրավունք չունի: Այդ իրավունքների բացակայության մասին քաղաքապետարանն անձամբ տեղեկացրեց պատրիարքին, ինչին ի պատասխան նա խոստովանեց․ այո՛, պատրիրարքությունը բավականաչափ իրավունքներ չունի հողի նկատմամբ, սակայն նա իրավունք ունի ներկայացնելու գերեզմանատունը կաթոլիկ հայ համայնքի և հայկական Սուրբ Հակոբ հոսպիտալի անունից: Տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը հետաքննող հանձնաժողովը պատրիարքի պահանջները անհիմն է ճանաչել և հողի նկատմամբ սեփականության իրավունքը թողել Ստամբուլի քաղաքապետարանի ու երրորդ անձանց տնօրինության ներքո: Նեկրոպոլիսի ճակատագիրը կանխորոշված էր:

«Գերեզմանատունն այնքան մեծ էր, որ մինչ այժմ Թաքսիմ հրապարակում շարունակվող շինարարության ժամանակ հայտնաբերվում են հայկական գերեզմաններ»,-գրում է Անտիտոպոր պորտալի գլխավոր խմբագիր Վադիմ Հարությունովը: Եվ, իսկապե՛ս, Թաքսիմ հրապարակի  ռեստավրացիայի շրջանակներում իրականցվող պեղումների ժամանակ հայտնաբերվեցին հայկական հնագույն գերեզմանատան 16 շիրմաքարեր: Այս մասին դեռ 2013 թ. գրում էին թուրքական ԶԼՄ-ները: Սակայն տասից ավելի շիրմաքարերի առկայությունը չապշեցրեց  թուրք փորձագետներին: Հնագիտական թանգարանների ստամբուլյան ղեկավարության ներկայացուցիչները, ուսումնասիրելով  պեղումների տարածքը, եզրահանգեցին, որ «տվյալ օբյեկտը գտնվում է քաղաքի տարածքի սահմաններում, և Թաքսիմ հրապարակում ու Կազանչի լեռան լանջին  իրականացվող աշխատանքներում մինչ օրս ոչ մի մշակութային շերտ չի հայտնաբերվել»:


Թարգմանիչ՝ Անահիտ Ասատրյան (Anahit Asatryan) © Բոլոր իրավունքները պաշպանված են: