Մարսել Պրուստի հարցաշարը (Questionnaire de Proust) ֆրանսիացի հայտնի գրող և փիլիսոփա Մարսել Պրուստի լրացրած հարցաթերթիկն է:
Պատմություն
XIX դարի վերջին, երբ Պրուստը դեռ պատանի էր, լրացրեց մի հարցաթերթիկ «Մտքերի, զգացմունքների և այլնի գրանցման ալբոմ» անունով, որը պատկանում էր նրա ընկերուհի Անտուանետային՝ Ֆրանսիայի ապագա նախագահ Ֆելիքս Ֆորի դստերը: Այն ժամանակ նմանատիպ հարցաթերթիկները, որոնք ցույց էին տալիս դրանք լրացնող մարդկանց ճաշակները, ձգտումներն ու համոզմունքները, նորաձև էին անգլիական սրահներում և որոշ ժամանակով մոռացված:
Պրուստը իր կյանքի ընթացքում մի քանի անգամ է հարցաթերթիկ լրացրել և ամեն անգամ էլ՝ ոգևորությամբ: 1924 թ․ գտնվել է իր պատասխաններով ձեռագիրը, որը թվագրվում է 1890 թ․: 2003 թ․ մայիսի 27-ին այն աճուրդի ժամանակ վաճառվել է 102,000 եվրոյով:
Մարսել Պրուստը հարցաթերթիկ չի կազմել, հարցաթերթիկները հայտնվել են դեռ նրա ծննդից առաջ, սակայն հենց նրա պատասխաններն են ճանաչվել առավել յուրօրինակ, և այս հարցաթերթիկը պատմության մեջ մնացել է հենց Պրուստի անունով:
Մեզ են հասել Մարսել Պրուստի լրացրած երկու հարցաթերթիկ: Առաջինը թվագրված է 1886թ․, որը գրողը լրացրել է 13 կամ 14 տարեկանում, իսկ երկրորդը՝ 1891թ․ կամ 1892թ․, որը լրացրել է, երբ 19 կամ 20 տարեկան էր:
Հարացաթերթիկ № 1
Թվագրվում է 1886 թ․ և բաղկացած է 24 հարցից:
Հարցաթերթիկ № 1 | 13-ամյա Մարսել Պրուստի պատասխանները |
Ո՞ր առաքինություններն եք առավել գնահատում: | Նրանք, որոնք չեն սահմանափակվում որևէ աղանդի պատկանելությամբ, այսինքն՝ համամարդկայինները: |
Որակներ, որոնք Դուք ամենից շատն եք գնահատում տղամարդու մեջ: | Խելք, բարոյականության զգացում: |
Որակներ, որոնք Դուք ամենից շատն եք գնահատում կնոջ մեջ: | Նրբություն, բնականություն, խելք: |
Ո՞րն է Ձեր սիրելի զբաղմունքը: | Կարդալ, երազել, զբաղել պոեզիայով, պատմությամբ, թատրոն հաճախել: |
Ո՞րն է Ձեր գլխավոր հատկանիշը: | |
Ի՞նչ է երջանկությունը Ձեզ համար: | Ապրել մարդկանց հետ, որոնց սիրում եմ՝ շրջապատված գեղեցիկ բնությամբ, շատ գրքերով և երաժշտությամբ, և մոտ լինել ֆրանսիական թատրոնին: |
Ի՞նչ է դժբախտությունը Ձեզ համար: | Մորից բաժանված լինելը: |
Ո՞րն է Ձեր սիրելի գույնը և ծաղիկը: | Ես սիրում եմ բոլոր գույները, իսկ ինչ վերաբերում է ծաղիկներին՝ չգիտեմ: |
Եթե ո՛չ Ձեր, ապա ու՞մ կերպարով կցանկանայիք լինել: | Քանի որ այս հարցը արդիական չէ, ես կգերադասեի չպատասխանել: Միևնույն ժամանակ չէի հրաժարվի Պլինիոս Կրտսերը լինելուց: |
Որտե՞ղ կցանկանայիք ապրել: | Իդեալի երկրում, ավելի ճիշտ՝ իմ իդեալի: |
Ձեր սիրելի գրողնե՞րը: | Ժորժ Սանդ, Օգոստեն Տյուրրի։ |
Ձեր սիրելի բանաստեղծնե՞րը: | Մյուսե։ |
Ձեր սիրելի նկարիչնե՞րը և կոմպոզիտորնե՞րը: | Մեյսոնիե, Մոցարտ, Գունո: |
Ո՞ր արատների նկատմամբ եք ամենից շատ ներողամիտ: | Հանճարների անձնական կյանքի նկատմամբ: |
Որո՞նք են Ձեր սիրելի գրական կերպարները: | Այն կերպարները, որոնք վեպերում և լիրիկայում ավելի շուտ արտահայտում են իդեալը, քան թե օրինակ են ծառայում: |
Որո՞նք են Ձեր սիրելի կերպարները իրական կյանքում: | Ինչ-որ մեկը Սոկրատեսի, Պերիկլեսի, Մուհամմեդի, Մյուսեի, Պլինիոս Կրտսերի և Օգոստեն Տյուրրի մեջտեղում: |
Որո՞նք են Ձեր սիրելի հերոսները իրական կյանքում: | Սովորական կենսակերպ վարող հանճարեղ կինը: |
Որո՞նք են կնոջ՝ Ձեր սիրելի գրական կերպարները: | Նրանք, ովքեր ավելին են, քան կին լինելը, բայց չեն կորցնում իրենց կանացիությունը. նուրբ են, բանաստեղծական, մաքուր և բոլոր առումներով գեղեցիկ: |
Ո՞րն է Ձեր նախընտրած կերակուրը կամ ըմպելիքը: | |
Որո՞նք են Ձեր նախընտրած անունները: | |
Ինչի՞ հանդեպ եք զզվանք զգում: | Այն մարդկանց, ովքեր չեն զգում, որ կա բարին, ովքեր անտեսում են սիրո երջանկությունը: |
Պատմական ո՞ր անձինք են առաջացնում Ձեր հակակրանքը: | |
Ինչպիսի՞ն է Ձեր ներկայիս հոգեվիճակը: | |
Ո՞րն է Ձեր սիրելի ասացվածքը: | Սիրելի ասացվածքն այն է, որը հնարավոր չէ ամփոփել կամ հակիրճ պատմել, քանի որ դրա ամենապարզ արտահայտությունն իրենից ներկայացնում է այն ամենը, ինչը բնության մեջ ամենալավն է, գեղեցիկը և հիանալին: |
Հարցաթերթիկ № 2
Թվագրված է 1891(92) թ․ և բաղկացած է 31 հարցից:
Հարցաթերթիկ № 2 | 20-ամյա Մարսել Պրուստի պատասխանները |
Ո՞րն է Ձեզ առավել բնորոշող հատկանիշը: | Ոչ թե հիացմունքի առարկա ծառայելը, այլ սիրված լինելու, ավելի ճիշտ՝ գուրգուրված և երեսառած լինելու ծարավը: |
Որակներ, որոնք Դուք ամենից շատն եք գնահատում տղամարդու մեջ: | Տղամարդկանց առաքինությունները, ինչպես նաև անկեղծությունը ընկերության մեջ: |
Որակներ, որոնք Դուք ամենից շատն եք գնահատում կնոջ մեջ: | Կանացի հմայքը: |
Ի՞նչն եք առավել գնահատում Ձեր ընկերների մեջ: | Իմ հանդեպ քնքշությունը, չնայած, որ նրանք այնքան նուրբ անձնավորություններ են, որ նրանց քնքշությունը պահպանել է պետք: |
Ո՞րն է Ձեր հիմնական թերությունը: | Չգիտեմ, «ցանկության» անկարողությունը: |
Ո՞րն է Ձեր սիրելի զբաղմունքը: | Սիրել: |
Ո՞րն է երջանկության Ձեր երազանքը: | Ես վախենում եմ, որ այն բավականաչափ վեհ չէ, միևնույն ժամանակ, ես վախենում եմ այն բառերով ոչնչացնելուց: |
Ի՞նչն եք համարում ամենամեծ դժբախտությունը: | Երբեք մայրիկիս կամ տատիկիս մասին չիմանալը: |
Ինչպիսի՞ն կցանկանայիք լինել: | Հենց ինքս՝ այնպիսին, ինչպիսին կցանկանային տեսնել ինձ այն մարդիկ, որոնցով ես հիանում եմ: |
Ո՞ր երկրում կցանկանայիք ապրել: | Այն երկրում, որտեղ իմ ցանկությունները կարծես թե կախարդանքով իրականություն կդառնային, և որտեղ քնքշության զգացումը միշտ փոխադարձ կլիներ: |
Ձեր սիրելի գո՞ւյնը: | Գեղեցկությունը մեկ գույնի մեջ չէ, այլ նրանց ներդաշնակության: |
Ձեր սիրելի ծաղի՞կը: | Սիրելի մարդու սիրելի ծաղիկը, իսկ հետո` մնացած բոլորը: |
Ձեր սիրած թռչո՞ւնը: | Ծիծեռնակ։ |
Ձեր սիրելի գրողնե՞րը: | Այսօր՝ Անատոլ Ֆրանսն ու Պիեռ Լոտին: |
Ձեր սիրելի բանաստեղծնե՞րը: | Բոդլեր և Ալֆրեդ դը Վինյի: |
Սիրելի գրական հերո՞սը: | Համլետ։ |
Սիրելի գրական հերոսուհիննե՞րը: | Ֆեդրա, Բերենիկա։ |
Սիրելի կոմպոզիտորնե՞րը: | Բեթհովեն, Վագներ, Շուման: |
Սիրելի նկարիչնե՞րը: | Լեոնարդո դա Վինչի, Ռեմբրանդ: |
Սիրելի կերպարնե՞րը իրական կյանքում: | Մսյո Դարլյու, մսյո Բուտրու։ |
Սիրելի հերոսուհի՞ն պատմության մեջ: | Կլեոպատրա: |
Սիրելի անուննե՞րը: | Յուրաքանչյուր պահին ես ունեմ միայն մեկ սիրելի անուն: |
Ի՞նչն եք առավել շատ ատում: | Այն վատը, որ կա իմ մեջ: |
Պատմական կերպարներ, որոնց Դուք անարգում եք: | Ես բավարար գիտելիքներ չունեմ այս հարցին պատասխանելու համար: |
Ռազմական պատմության ո՞ր պահն եք առավել գնահատում: | Երբ ես գրանցվեցի որպես կամավոր: |
Բարեփոխումը, որը Դուք հատկապես բարձր եք գնահատում: | |
Կարողությունը, որ կցանկանայիք ունենալ: | Կամքի ուժ և հիացնելու կարողություն: |
Ինչպե՞ս կցանկանայիք մահանալ: | Դառնալով ավելի լավը, քան ես կամ հիմա, և սիրված: |
Ինչպիսի՞ն է Ձեր ներկայիս հոգեվիճակը: | Ափսոս, որ ես ստիպված էի այդքան երկար մտածել իմ մասին այս բոլոր հարցերին պատասխանելու համար: |
Ո՞ր արատների նկատմամբ եք ամենից շատ ներողամիտ: | Նրանք, որոնք ինձ հասկանալի են: |
Ո՞րն է ձեր նշանաբանը: | Ես նախընտրում եմ չբացահայտել, որ այն ինձ դժբախտություն չբերի: |
«Познер» ծրագրի ավարտին հաղորդավար Վլադիմիր Պոզները հյուրին Պրուստի հարցաշարից մի քանի հարց է տալիս:
Թարգմանիչ՝ Մերի Բաբայան (Mery Babayan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: