Ինչպես են համավարակները փոխում պատմությունը

Նկարը` Առողջապահության ազգային ինստիտուտներից/ NYT / Redux

«Համաճարակները, ինչպես օրինակ կորոնավիրուսի վարակը, մարդկության հայելին են. դրանք արտացոլում են մարդկային հարաբերությունները»,- ասել է պատմաբան Ֆրենկ Մ. Սնոուդենը:

Իր նոր գրքում, որը կոչվում է «Համաճարակները և հասարակությունը: Սև մահվանից մինչև մեր օրեր», պատմության և բժշկության պատմության Յեյլի պատվավոր պրոֆեսոր Ֆրենկ Մ. Սնոուդենը ուսումնասիրել է, թե ինչպես են վարակային հիվանդություններն ազդել քաղաքականության վրա, տապալել հեղափոխությունները և արմատավորել ռասայական ու տնտեսական խտրականությունը: Համաճարակները նաև փոխել են այն հասարակությունները, որտեղ տարածված են եղել` ազդելով մարդկային հարաբերությունների, արվեստագետների և մտավորականների գործունեության, մարդածին և բնական միջավայրերի վրա: Սնոուդենի ուսումնասիրությունը, որը ժամանակային և տարածական լայն ընդգրկում ունի, փորձում է բացատրել նաև հասարակական համակարգերի այն բացերը, որոնք թույլ են տվել հիվանդությունների տարածումը: «Համաճարակները պատահական երևույթներ չեն, որոնք քմահաճորեն և առանց նախազգուշացման խոցում են հասարակությունները,- գրում է նա,- ընդհակառակը` ամեն հասարակություն ունի իր ուրույն խոցելի կետերը: Ուսումնասիրել դրանք կնշանակի հասկանալ տվյալ հասարակության կառուցվածքը, կենսամակարդակը և քաղաքական առաջնահերթությունները»:

Անցած ուրբաթ հեռախոսազրույց ունեցա Սնոուդենի հետ` պայմանավորված այն հանգամանքով, որ COVID-19-ի տարածման մասին հաղորդումները մեծ վնաս են հասցրել աշխարհի տարբեր երկրների շուկաներին, իսկ իշխանությունները մտադիր են բարձրացնել պատրաստվածության մակարդակը` հաշվի առնելով, որ վիճակը կարող է վատթարանալ: Մեր զրույցի ընթացքում, որը խմբագրվել է հակիրճության և հստակության համար, մենք քննարկեցինք համաճարակային իրավիճակներում ճանապարհորդությունները սահմանափակող միջոցները, այն, թե ինչպես են հիվանդությունների դեմ պայքարում կիրառված անմարդկային միջոցները սասանել իշխանությունները, և թե ինչպիսի ազդեցություն են ունեցել մասսայական մահերը արվեստագետների վրա:

Ցանկանում եմ սկսել մի կարևոր հարցից, որը հետևյալն է. ընդհանուր առմամբ որո՞նք են այն հիմնական ձևերը, որոնց միջոցով համաճարակներն ազդել են ժամանակակից աշխարհի ձևավորման վրա:

Հարցի պատասխանը կարելի է ստանալ` հասկանալով, թե ինչպես ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ այս թեմայի վերաբերյալ, որն ինձ համար հայտնություն դարձավ, ես կասեի՝ կրկնակի հայտնություն: Համաճարակները հիվանդության տեսակներ են, որոնք կարծես ծառայում են որպես հայելի` մարդկությանը ցույց տալով իր իրական պատկերը: Այլ կերպ ասած` դրանք ակնհայտորեն առնչվում են մեր և մեր կյանքի, դրա անցողիկության, մահվան փոխհարաբերությանը: Դրանք արտացոլում են նաև մեր փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ. թե՛ այն միջավայրի, որը մենք ենք ստեղծել, և թե՛ բնական միջավայրի, որն արձագանքում է մեր գործողություններին: Համաճարակները ցույց են տալիս մարդկային հարաբերությունները, և այսօր մենք դրա ականատեսն ենք դարձել:

Սա այն ամենակարևոր գաղափարներից մեկն է, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է քննարկել: Որպեսզի պատրաստ լինենք այսպիսի իրադարձություններին դիմակայելու, մենք` որպես մարդ արարածներ, առաջին հերթին պետք է գիտակցենք, որ սա բոլորիս ընդհանուր խնդիրն է, որ եթե գեթ մեկ մարդ աշխարհի մի որևէ կետում խնդիր ունի, այդ խնդիրը վերաբերում է բոլորիս` անկախ գտնվելու վայրից, որ մենք բոլորս անկասկած պատկանում ենք միևնույն տեսակին, և որ պետք է մտածենք այդ ուղղությամբ, այլ ոչ թե ռասսայական, ազգային, սոցիալական և այլ բաժանումների մասին:

Ես նախապես որոշ գրականություն էի ուսումնասիրել և հանգել այն կարծիքին, որ սա մի խնդիր է, որը փիլիսոփայական, կրոնական և բարոյագիտական խնդիրներ է վեր հանում: Եվ ես կարծում եմ, որ համաճարակները որոշակի առումով պատմություն են կերտել, որովհետև հենց դրանք են առանց որևէ այլընտրանք թողնելու մարդկությանը դրդել խորհելու այս կարևոր հարցերի շուրջ: Օրինակ` ժանտախտի համաճարակը վերարժևորեց մարդու` առ Աստված ունեցած հավատը: Ինչպե՞ս կարող էր իմաստուն, ամենագետ և ամենիմաց Բարձրյալն այդպիսի բան թույլ տալ: Այդ ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս երեխաների մասսայական չարչարանքն ու տառապանքը: Այն հսկայական ազդեցություն ունեցավ տնտեսության վրա: Գեղձուռուցքային ժանտախտի պատճառով մահացավ մայրցամաքների ամբողջ բնակչության կեսը, ուստի այն մեծապես ազդեց ստրկատիրության և ճորտատիրության վրա և նպաստեց արդյունաբերական հեղափոխության սկզբնավորմանը: 

Համաճարակները նաև հսկայական ազդեցություն ունեն սոցիալական և քաղաքական կայունության վրա, ինչպես տեսնում ենք այսօր: Դրանք պատերազմների ելքեր են որոշել, երբեմն էլ կարող են պատերազմների պատճառ դառնալ: Կարելի է ասել, որ մարդկային գործունեության այնպիսի մի կարևոր ոլորտ չկա, որի վրա համաճարակային հիվանդությունները խորը հետք թողած չլինեն:

Դուք փորձում էիք փոխանցել այն գաղափա՞րը, որ մեր արձագանքն այսպիսի խնդիրներին ավելի շատ պայմանավորված է մեր ռասայական, ազգային և կրոնական հայացքներով, այլ ոչ թե ընդհանուր մարդասիրությամբ, և որ այդ արձագանքը որոշակի առումով ցույց է տալիս մարդ արարածի թերությունները, թե՞ գաղափարն այլ էր:

Կարծում եմ` փորձում էի երկու գաղափար փոխանցել: Իմ կարծիքով պատճառահետևանքային կապը երկուստեք է գործում: Հիվանդությունները պատահական և քաոտիկ եղանակով չեն խոցում հասարակությունները: Դրանք գործում են կանոնակարգված, քանի որ մանրէները տարածվում են ընտրողական սկզբունքով` բացահայտելով մարդու ստեղծած էկոլոգիական որմնախորշերը: Այդ որմնախորշերը ցույց են տալիս, թե ով ենք մենք իրականում, օրինակ` արդյո՞ք  արդյունաբերական հեղափոխության ժամանակ մեզ իրոք հուզում էին աշխատավորների և աղքատների ճակատագրերը  կամ ամենախոցելի խմբի կենսապայմանները:

Մեր օրերում խոլերան և թոքախտը աղքատության և անհավասարության կործանարար հետևանքներից են, ինչպես նաև այն փաստի, որ մարդիկ ասես պատրաստ են դա ընդունել որպես ճիշտ, նորմալ և անգամ անխուսափելի երևույթ: Սակայն, ճիշտ է նաև այն, որ մեր արձագանքը մեծապես կախված է մեր արժեքներից, հակումներից և այն զգացողությունից, որ մենք մասն ենք մարդկության, այլ ոչ թե առանձին փոքր խմբերի: Երբ Բրյուս Էյլվարդը, որը Չինաստանում գլխավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  առաքելությունը, այն ավարտելով վերադարձավ Ժնև, նրան տվեցին մի հարց, որը շատ նման է ձեր ուղղած հարցին, և նա պատասխանեց, որ եթե մենք ուզում ենք թե՛ ներկայում և թե՛ ապագայում պատրաստ լինել այսպիսի խնդիրների դիմակայելու, ապա ամենակարևոր քայլը պետք է լինի մեր մտածելակերպը հիմնովին փոխելը: Մենք պետք է սկսենք մտածել, որ միմյանց մասին կազմակերպված հոգ տանելու համար պետք է միասնական ջանքեր ներդնենք, պետք է գիտակցենք, որ մեր շրջապատի ամենախոցելի մարդկանց առողջությունը որոշիչ դեր է խաղում բոլորիս առողջության հարցում, իսկ եթե մենք պատրաստ չենք դա անել, ուրեմն երբեք էլ պատրաստ չենք լինի հաղթահարել մարդկության առջև ծառացող այսպիսի կործանարար մարտահրավերները:

Դե, դա բավականին մռայլ գաղափար է, եթե կարելի է այդպես ասել, որովհետև, իմ կարծիքով, հավանականությունը փոքր է, որ մեր մտածելակերպն այդ աստիճան կփոխվի:

(Ծիծաղում է) Ես էլ այս հարցում լավատես չեմ, բայց համաձայն եմ, որ հենց դա է մեզ անհրաժեշտ: Մարդկությունը նույնպես իր մութ կողմն ունի, և այս փաստն ավելի հետաքրքիր է դարձնում ամեն ինչ: Ինչպիսի՞ որոշում մենք կկայացնենք: Ինչպե՞ս կվարվենք, եթե բախվենք այսպիսի խնդրի: Չեմ կարծում, որ ամեն ինչ կանխորոշված է. հենց հիմա մեր աչքերի առաջ ծավալվում է մարդկային բարոյականության մի մեծ դրամա:

Ասես Աստվածաշնչից լինի այն միտքը, թե համաճարակների տարածումն ու մեր արձագանքը փոխկապակցված են:

Լիովին համաձայն եմ: Սա իրոք խորքային խնդիր է և չափազանց սերտորեն կապված է մեր բարոյական պարտքի զգացման հետ: Կարծում եմ, որ այս փոխկապակցվածությունը համաճարակների պատմության մեջ ահռելի դեր է խաղացել:

Քանի դեռ ամեն ինչ էլ ավելի չի մռայլվել, մի փոքր ավելի լուսավոր հարց…

Հա, ցավում եմ իմ այս տեսակ հակումների համար: Դուստրերս նույնպես դժգոհում են:

Եղե՞լ են այնպիսի համաճարակներ, որոնց տրված արձագանքը մարդկության հանդեպ որոշակի հավատ է ներշնչել։

Իհարկե, կարող եմ վստահաբար ասել դա: Գիտեք, երբ ասացի, որ համաճարակներն ասես հայելիներ լինեն մեզ համար, նկատի չունեի, որ վերջիններս ցույց են տալիս մարդկության միայն մութ երեսը:  Դրանք ցույց են տալիս նաև մեր հերոսական դեմքը: Շատ լավ օրինակ է Էբոլայի ճգնաժամի շրջանում ստեղծված «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը և այն, թե ինչպես էին այդ բժիշկները գիտակցաբար վտանգի տակ դնում իրենց կյանքը` առանց որևէ շահ հետապնդելու կամ պարգևատրում ակնկալելու, որովհետև պարզապես նվիրված էին առավել խոցելի խմբերի կյանքն ու առողջությունը պահպանելու գործին: Եվ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն անում է դա ամեն օր աշխարհի տարբեր կողմերում, և անգամ հիմա նրանք Չինաստանում պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Ես կարծում եմ, որ համաճարակները երևույթներ են, որոնք վեր են հանում նաև մարդկային լավագույն որակները: Անշուշտ, այսպիսի կարևոր իրադարձությունների մասին նույնպես վեպեր են գրվում: Համաճարակներն իրենց հետքն են թողում մեր գրականության և մշակույթի վրա: Հենց նոր մտաբերեցի  ժանտախտի մասին մի հանճարեղ վեպ իտալացի գրող Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները»: Վեպում պատմվում է Միլանի արքեպիսկոպոս կարդինալ Բոռոմեոյի մասին, որն այցելում էր հիվանդատներ և պատրաստ էր զոհել իր կյանքը` հոգ տանելով իր ամենաաղքատ և հիվանդ հետևորդների մասին:

Իսկ եղե՞լ են դեպքեր, որ երկրների ղեկավարների կամ ռեժիմների արձագանքը դրական արդյունք է տվել, կամ պատահե՞լ է, որ համաճարակներից հետո դրական քաղաքական փոփոխություններ տեղի ունենան:

Իհարկե: Օրինակ, թե ինչպես Նոր աշխարհում վերջ դրվեց ստրկավաճառությանը: Այդ, ինչպես նաև Հայիթիի հեղափոխության ու Տուսան-Լուվերտյորի հաղթանակի հարցում ամենից առաջ որոշիչ դեր է խաղացել ժանտախտը: Երբ Նապոլեոնն իր մեծ նավատորմն ուղարկեց Հայիթի, որպեսզի այնտեղ վերականգնի ստրկությունը, այն պարտվեց ապստամբներին, որովհետև աֆրիկացի ստրուկներն ավելի բարձր իմունիտետ ունեին, քան Նապոլեոնի սպիտակամորթ եվրոպացի զինվորները: Եվ այդ ամենի արդյունքում հռչակվեց Հայիթիի անկախությունը: Իսկ եթե այս իրադարձությունը դիտարկենք ամերիկացիների տեսանկյունից, հենց համաճարակի շնորհիվ էր, որ Նապոլեոնը հրաժարվեց Նոր աշխարհում Ֆրանսիայի ազդեցությունը տարածելու մտքից և 1803թ. համաձայնության եկավ Թոմաս Ջեֆերսոնի հետ` Լուիզիանան վաճառելու հարցում, ինչի շնորհիվ Միացյալ Նահանգների տարածքը կրկնապատկվեց:

Հիմա անդրադառնանք հարցի մյուս կողմին. հաճա՞խ է պատահել, որ այսպիսի հիվանդությունների ի հայտ գալն ուղեկցվի քաղաքական ճնշումներով կամ դրանք օգտագործվեն որպես պատրվակ՝ քաղաքական ճնշումների արդարացման համար:

Կարծում եմ` համաճարակները միշտ էլ ընկալվել են նաև որպես քաղաքական ճնշումների մաս: Իմ համոզմամբ տասնիներորդ դարը սարսափելի ժամանակաշրջան է եղել ոչ միայն ապստամբությունների, այլև քաղաքական ճնշումների առումով, օրինակ` Փարիզի բնակիչների մասսայական կոտորածը 1848թ. Ֆրանսիական հեղափոխությունից հետո, նաև` Փարիզի կոմունայի տապալումից հետո: Այսպիսի անգութ արյունահեղությունների հետևում թաքնված է այն փաստը, որ ղեկավարները գիտակցում էին, թե ինչ վտանգ է ներկայացնում աշխատավոր խավը քաղաքական և, ինչն ավելի կարևոր է, բժշկական տեսանկյունից: Նրանք կարող էին աղետալի վիճակ ստեղծել ամբողջ հասարակության համար: Իմ կարծիքով սա «վտանգավոր խավ» արտահայտության ենթաիմաստներից մեկն է, որը դարձավ 1871թ. Փարիզի կոմունայի տապալմանը հաջորդած կոտորածի պատճառը:

Իսկ ի՞նչ եք կարծում Չինաստանի՝ կորոնավիրուսի հետ կապված  արձագանքի մասին:

Շատ հետաքրքիր հարց էր, դրա շուրջ պետք է երկար մտածել, քանի որ հարցը բազմակողմանի է և բավականին խրթին: Առաջին հերթին նշեմ հունվարի 23-ին Չինաստանի կիրառած ուժային գործողությունների մասին, երբ ստեղծվեց սանիտարական արգելագոտի` լիակատար կարանտին, որը ենթադրում է կոնկրետ աշխարհագրական տարածքների շրջափակում զինվորների և ոստիկանների միջոցով: Չինաստանի պարագայում շրջափակված տարածքները Ուհան քաղաքն ու Հուբեյ մարզն էին, որոնցից առաջինի բնակչությունը կազմում է տասնմեկ միլիոն, իսկ երկրորդինը` վաթսուն միլիոն մարդ:

Այս մեթոդը կիրառվել է դեռևս ժանտախտի տարիներին և պատմության ընթացքում բազմիցս կրկնվել է, այդ թվում` նաև Էբոլայի համաճարակի ժամանակ: Սանիտարական արգելագոտու թերությունն այն է, որ վերջինս չափազանց անզգույշ միջոց է: Այն նման է մուրճի: Գործի է դրվում, երբ արդեն չափազանց ուշ է, և կոտրում է հանրային առողջապահության առանցքային տարրերից մեկը` տեղեկատվությունը: Այլ կերպ ասած` շրջափակման վտանգի տակ հայտնված ժողովուրդը չի համագործակցում իշխանությունների հետ: Այսպիսով` իշխանություններն այլևս տեղեկացված չեն լինում իրավիճակից, և մարդիկ լքում են երկիրը, ինչի հետևանքով համաճարակն էլ ավելի է տարածվում: Ես ապշած էի, երբ իմացա, որ դա էր Չինաստանի կառավարության արձագանքը նախնական փուլում: Այս մոտեցումը չի համապատասխանում հանրային առողջապահության ժամանակակից նորմերին, որոնք զգալիորեն փոխվել են ժանտախտի տարիներից ի վեր։ Ներկայումս հիմնական մեթոդը վարակակիրների անհատական բացահայտումը, տեղորոշումը և մեկուսացումն է:

Ուստի ես սարսափած էի և ակնկալում էի վատագույն ելքը: Բայց պարզվում է, կամ գոնե ես հավատում եմ, որ ռեժիմը հետզհետե սկսեց փոխել իր քաղաքականությունը: Ժամանակի ընթացքում, ինչպես տեսնում ենք, չինացիները ջանքեր չխնայեցին տվյալներ հավաքագրելու, մարդկանց համագործակցելու ցանկությունը վերականգնելու համար՝ այս կերպ փորձելով փոխհատուցել վաղ շրջանում հասցված վնասը։ Կարծում եմ` Չինաստանի դեպքը մեկից ավելի արձագանքների պատմություն է: Այն վատ չէր, բայց լավ էլ չէր:

Այնուամենայնիվ, չեմ համակերպվում ԱՀԿ-ի արձագանքի հետ, որն այս ամենը համարում է  հանրային առողջապահության կազմակերպման հրաշալի օրինակ: Դա ինձ վախեցնում է: Մի՞թե նրանք փորձում են ասել, որ մյուս ռեժիմները և ավտորիտար պետությունները նույնպես պետք է կիրառեն շրջափակման մեթոդը, ինչպես վարվեցին նաև արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակի ժամանակ և ոչ մի դրական արդյունքի չհասան: Դա սահմռկեցուցիչ է: Բայց չեմ կարծում, թե սա ընդհանուր պատկերն է, այլ ավելի շուտ` անհատական մոտեցում, որն իրեն չարդարացրեց Չինաստանում: Հատկանշական է նաև, որ ի տարբերություն Առողջապահության համաշխարհային կամզակերպության, որքան էլ որ տարօրինակ է, Սի Ցզինպինը խոստովանեց, որ Չինաստանը սխալներ է գործել և ստիպված է եղել փոխել քաղաքականությունը` դասեր քաղելով սեփական սխալներից: Եվ, իմ կարծիքով, Չինաստանի մոտ դա ստացվել է:

Հետաքրքրական է, որ, ինչպես սկզբում նշեցիք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կամ գուցե դրա որոշ անդամներ հանդես են գալիս մարդասիրության կոչերով, մինչդեռ միևնույն ժամանակ, ձեր խոսքով, նրանք նաև բարձր են գնահատում Չինաստանի արձագանքը, որը, թեկուզ միայն նախնական փուլում, բայց ինչ-որ չափով որակվում է անմարդկային:

Ճիշտ եք: Ես նրանց չեմ արդարացնում, բայց կարող եմ ասել, որ հասկանում եմ, որովհետև չափազանց դժվար կլիներ դուրս գալ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ամենամեծ ներկայացուցչությունն ունեցող անդամ երկրի դեմ, մի երկրի, որը հայտնվել է արտասովոր ճգնաժամային իրավիճակում: Ուստի ես հասկանում եմ այդ քայլը: Բայց միևնույն ժամանակ, այո՛, կազմակերպությունը շեշտադրում էր լիակատար ազնվությունը, հանրային առողջապահության իրականացման` ապացույցների, տվյալների, փաստերի և գիտության վրա հիմնված մոտեցումը, իսկ դա բոլորովին այն չէ, ինչ տեղի ունեցավ Չինաստանում համաճարակի վաղ փուլերում: Նմանատիպ մոտեցում որդեգրելու համար Չինաստանից որոշակի ժամանակ պահանջվեց:

Նորից անդրադառնալով պատմությանը՝ կա՞ն, օրինակ, ուսումնասիրություններ, թե ինչպես են համաճարակներն արտահայտվել արվեստի գործերում։

Գիտե՞ք, համաճարակների հետ կապված ես ինձ համար պարզել եմ, որ յուրաքանչյուր հիվանդություն նման է մարդու: Դրանցից ամեն մեկն «անհատականություն» է` տարբեր մյուսներից: Համաճարակները պարզապես մահվան հավասարազոր պատճառներ չեն: Շատ բան կախված է այդ «անհատականությունների» բնույթից, նրանից, թե ինչպես են դրանց արձագանքում հասարակությունն ու արվեստագետները: Կախված է նրանից, թե որքան կյանքեր են դրանք խլում, արդյո՞ք դաժան և տանջալից մահ են պատճառում մարդկանց, որպես թիրախ ընտրում են երեխաներին և երիտասարդների՞ն, թե՞ նրանց ծնողներին, նմա՞ն են արդյոք այլ հիվանդությունների, ծագել են տվյալ երկրու՞մ, թե՞ տարածվել մեկ այլ երկրից:

Ժանտախտն, օրինակ, մարդկանց ստիպեց մտածել կյանքի անցողիկության և մահվան անսպասելիության մասին: Այս գաղափարներն իրենց արտացոլումն են գտել հատկապես եվրոպացի արվեստագետների գործերում: Կաթոլիկ երկրներում համաճարակը հիմնականում ընկալվում էր որպես հիշեցում, որ կյանքը կարճ է և անհարատև: Այդ շրջանում առանձնահատուկ ուշադրության է արժանացել մահվան անսպասելիության թեման, որն արվեստում կոչվում է «մահվան պար» կամ «դանս մակաբր» (danse macabre). այդ ժանրի գործերում բոլորը մահացած էին պատկերվում: Տարածված էին նաև ավազե ժամացույցների, ոսկորների պատկերումը, «ունայնություն ունայնության» կամ «վանիտաս» (vanitas) ժանրը: Դե գիտեք հայտնի խոսքն Աստվածաշնչից. «Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը… ամեն ինչ ունայն է»: Այս գաղափարներից բացի, արվեստում խոր արձագանք է գտել  նաև ժանտախտի սուրբ նահատակների պաշտամունքի գաղափարը. բազմաթիվ կտավներ նվիրված են նահատակներին: Այս տենդենցը նկատվում էր ամբողջ Եվրոպայում. կրոնական պաշտամունք, մահվան անսպասելիության և զղջման թեմաներ, ինչպես նաև կիսատ գործերը վերջացնելու, ապաշխարելու ձգտում, նախքան մահը վրա կհասներ: Ժանտախտը շրջադարձային ազդեցություն ունեցավ եվրոպական արվեստի, մասնավորապես սրբապատկերագրության վրա:

Միևնույն թեմաները տիրապետող են եղել նաև 20-րդ դարում և արտահայտված են Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» վերնագրով մի հրաշալի ֆիլմում, որտեղ ժանտախտն իրականում խորհրդանշում է այն, ինչի մասին Բերգմանն ամենից շատ էր մտահոգվում 1957թ., այն է` միջուկային պատերազմը: Ֆիլմում կարող եք տեսնել այն ամենը, ինչի մասին խոսեցի ժանտախտի հետ կապված, այդ թվում` «մահվան պարը», որով էլ հենց եզրափակվում է ֆիլմը: Կարող եք տեսնել նաև մահվան կերպարը պատկերող կտավներ, և դա իսկապես ցույց է տալիս, թե ինչպես է արվեստն ընդդիմանում մահվանը:

Յուրաքանչյուր հիվանդության դեպքում արձագանքը տարբեր է եղել: Օրինակ` թոքախտը միանգամայն այլ կերպ ընկալվեց ռոմանտիզմի դարաշրջանում` 19-րդ դարում: Այս դեպքն իրոք տարօրինակ է ինձ համար. տուբերկուլյոզը մահվան ամենասարսափելի և դաժան տեսակներից է, քանի որ հիվանդը շնչահեղձ է լինում, բայց, մյուս կողմից, բեմի վրա օպերային երգչուհիներն այն վեհացնում էին և ներկայացնում իբրև գեղեցիկ երևույթ: Կամ, օրինակ, «Քեռի Թոմի խրճիթը» գիրքը, որը պարզապես ստրկության մասին չէ, այլև` թոքախտի:

Ինչու՞ էր թոքախտը վեհացվում:

Միգուցե այն, ինչ պատրաստվում եմ ասել, Ձեզ կստիպի ժպտալ, բայց, միևնույն է, ցանկանում եմ հստակ պատասխանել Ձեր հարցին: Մարդիկ զավեշտալի էակներ են, այնպես չէ՞: Նրանց ոչ բոլոր արարքներն են, որ պարզ բացատրություն ունեն, բայց ինչ վերաբերում է ժանտախտին, այդ հիվանդությունը խոցում էր բոլորին անխտիր: Ես ծայրահեղ վիճակ եմ պատկերացնում: Դա աշխարհի վերջն էր, ահեղ դատաստանը, ապոկալիպսիս: Իսկ թոքախտի դեպքում մարդկանց մոտ թյուր կարծիք էր ձևավորվել: Տասնիներորդ դարի վաղ շրջանի բժշկությունը նրանց ներշնչել էր, որ դա վերնախավի, արվեստագետների, ամենայն գեղեցիկի և կատարյալի հիվանդությունն էր, որ այն մարդկանց շատ ավելի գեղեցիկ է դարձնում, և արդյունքում, փորձելով ետ չմնալ նորաձևությունից, կանայք ձգտում էին թոքախտավորի տեսք ստանալ: Ֆրանսիացի գեղանկարիչ Տուլուզ-Լոտրեկն իր կտավներից մեկում պատկերել է մի կնոջ, որն իր դեմքին բրնձի ալյուր է քսում, որպեսզի թոքախտով հիվանդների պես գունատ լինի: Նախա-ռաֆաելիտներն ամուսնանում էին իրենց բնորդուհիների հետ, որոնք հիվանդ էին թոքախտով: Իսկ Վիկտոր Հյուգոյին նրա ընկերներն ասել են, որ նա` իբրև գրող, մի մեծ թերություն ունի, և այդ թերությունը թոքախտով հիվանդ չլինելն է, ինչը նրան խանգարում է էլ ավելի լավ գրող լինել:

Իսկ երբ թոքախտը սկսեց նահանջել, ամերիկացի մտածող, գրող-մշակութաբան Արթուր Յակոբսոնը հանգեց այն կարծիքին, որ տասնիներորդ դարի վերջին Ամերիկան ճգնաժամի շեմին է հայտնվելու արվեստի, գիտության և մշակույթի ասպարեզներում, որովհետև այլևս չի ունենա այնքան հանճարներ, որքան թոքախտի տարածման ժամանակ:

Անհավատալի է:

Ես լուդիտ չեմ, երբ խոսքը գիտության մասին է, այսինքն` դեմ չեմ նորարարություններին, բայց գիտությունն էլ երբեմն որոշ բաներ է թաքցնում. դրա վառ օրինակն է հիվանդությունների ծագման միկրոբային տեսությունը: Իրականում այն դարձավ աղքատ խավի պիտակավորման պատճառը: Տեսության հետևորդները պնդում էին, որ թոքախտը մեծամասամբ ոչ թե բարձրաշխարհիկ, այլ ամենաստորին, կեղտոտ և աղքատ խավի հիվանդությունն է: Եվ հենց այս կետից էլ ընկալումը հիմնովին փոխվեց: Եթե կարդաք Անդրե Ժիդի «Բարոյազուրկը»,  որը գրվել է քսաներորդ դարի սկզբներին, կտեսնեք, թե ինչպես է նա ներկայացնում թոքախտի իր սեփական փորձը` որպես ամենանողկալի, ամենագարշելի բանը, որ երբևէ կարող է պատահել: Այսպիսով այդ «գեղեցիկ» հիվանդության պատրանքը հօդս ցնդեց, և թոքախտի պատկերացումն ամբողջությամբ փոխվեց:

Եվ եզրափակենք մեր զրույցը. հնարավոր է` ներկայիս համաճարակի դեպքում մենք ականատես ենք լինում մի արձագանքի,  որը և՛ ողբերգական է, և՛ զավեշտալի, ինչպես տեսանք օրեր առաջ, երբ Սպիտակ տանը առողջապահության ոլորտի մի քանի պաշտոնյաներ գովեստի խոսքեր ուղղեցին նախագահ Թրամփին և ներկայացրին տիրող իրավիճակը: Պատմությունից կհիշե՞ք զավեշտալի դեպքեր խելագար թագավորների կամ ղեկավարների մասին, որոնք չափազանց անհաջող կամ տրագիկոմիկ ձևով են դրսևորել իրենց համաճարակների ժամանակ:

Այո՛: Վստահ չեմ, որ ծիծաղաշարժ է, բայց կարծում եմ` Նապոլեոնի արձագանքն իր իշխանությունը տապալող համաճարակներին ողբերգական է ու գռեհիկ. սա ավելի շատ սև հումոր է, որովհետև նրա համար իր զինվորների կյանքը ոչ մի արժեք չէր ներկայացնում: Ուստի Վեստ Ինդիայում դեղնախտի հնարավոր տարածման մասին խոսակցությունները նա համարում էր իրեն ուղղված անձնական վիրավորանք:

Կարծում եմ` այսպիսի դեպքերը դեռ կարող են կրկնվել: Միգուցե այս դեպքը շարժի ձեր ծիծաղը, և միգուցե իրոք ավելի ճիշտ է պատմությունը դիտարկել հումորային տեսանկյունից, բայց չեմ կարծում, որ եկող տարին համաճարակի առումով զավեշտալի կլինի Միացյալ Նահանգների համար: Պատկերացնու՞մ եք` պաշտոնյաները Սպիտակ տանը հայտարարում են. «Սա ոչ այլ ինչ է, քան սովորական մրսածություն: Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է», երբ իրականում ոչինչ էլ վերահսկողության տակ չէ, ինչպես տեսնում եմ. նրանք այնպիսի մարդկանց են նշանակել ղեկավար պաշտոնների, որոնք անձամբ չեն հավատում գիտությանը:

Համաճարակներն ու սոլիպսիզմն այն երկու բաներն են, որոնց մարդկությունը չի կարող հաղթել:

Լիովին համաձայն եմ:

Բնօրինակի հեղինակ՝ Isaac Chotiner, The New Yorker


Թարգմանիչ՝  Լուիզա Մխիթարյան (Luiza Mkhitaryan)   © Բոլոր իրավունքները պաշտպանված են: