ՈՒտոպիա
Առաջին անգամ գրականության մեջ «ուտոպիա»1 բառը կիրառել է Պլատոնն իր «Պետություն» տրակտատում: Պլատոնն այն օգտագործում էր որպես համարժեք «մի վայրի, որը գոյություն չունի»: Շատ ավելի ուշ գեղարվեստական գրականության մեջ առանձնացվեց ուտոպիստական ժանրը, որն իր տեսակով մոտենում է գիտական ֆանտաստիկային և միևնույն ժամանակ տարբերվում է նրանից այնքանով, որ այստեղ հեղինակն ամենևին շեշտը չի դնում անհավանական գիտական հայտնագործությունների նկարագրման վրա: Հեղինակի նպատակներն այստեղ բոլորովին այլ են. նա կերտում է, իր իսկ կարծիքով, հասարակության անթերի մի մոդել, որով փորձում է ընդվզել ժամանակի տիրող կարգերի, ավելի ճիշտ՝ անկարգությունների դեմ՝ հակադրելով դրանց մի կառույց, որը ցանկացած կողմից քննելու դեպքում էլ անխոցելի է: Ժանրի անվան համար գեղարվեստական սկզբնաղբյուր է դարձել Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատությունը, որտեղ «Ուտոպիան» ընդամենը կղզու անվանում է, իսկ արդեն ժանրի գաղափարախոսությանը հարող իմաստով, այսինքն՝ որպես «անթերի հասարակարգի մոդել», ուտոպիա բառը հանդիպում ենք անգլիացի հոգևորական Սեմյուել Պերչեսի «Ուխտագնացություն» գրքում:
Թոմաս Մորի «Ուտոպիայի» մայրաքաղաքն է Ամաուրոտոն (հունարեն amaurotos նշանակում է անհետացող): Ուտոպիայի հիմնական գետը կոչվում է Անիդրա (anhydrous=անջուր): Երկրի տիրակալը կոչվում է Ադեմ (a+demos=անժողովուրդ): Պատմությունը տարվում է Ամերիգո Վեսպուչիի արշավախմբի անդամներից մեկի՝ Ռաֆայել Հիտլոդեուսի կողմից, ով արշավախմբի ճամփորդություններից մեկի ժամանակ մյուսների հետ եղել է Ուտոպիա կղզում և նկարագրում է այնտեղի նիստուկացը։ Ուտոպիայում բոլոր մարդկանց իրավունքները հավասար են: Նրանք զբաղվում են տնտեսությամբ և արհեստագործությամբ: Նրանք չեն աշխատում ո՛չ ողջ օրը, ո՛չ էլ հարկադրանքով, այլ օրական 6 ժամ, որպեսզի ժամանակ մնա նաև զվարճությունների համար: Ուտոպիայի բնակիչները խաղաղասեր են և չեզոք են վերաբերվում այլ կրոններին: Ժլատությունը հաղթահարելու համար ուտոպիականները վերացնում են դրամը և սեփականությունը դարձնում համընդհանուր, ինչը հնարավորություն է տալիս խուսափել պառակտումից։
Գեղարվեստական գրականությունից զատ պետք է նշել, որ ուտոպիան իր արտահայտությունը գտել է նաև քաղաքականության և փիլիսոփայության մեջ։ Եթե փորձենք ժամանակագրորեն դասել այս երեք ուտոպիաները, ապա պետք է ասենք, որ վերջին երկուսն ավելի վաղ ծագում ունեն, և հենց այս երկուսի արտացոլումն էլ գրականության մեջ կոչվում է գեղարվեստական ուտոպիա։
Ուտոպիստական ժանրը ունի շատ հետաքրքիր առանձնահատկություններ, որոնք դրսևորվում են թե՛ դիպաշարային և թե՛ կերպարակերտման համակարգերում: Այսպիսի աշխատություններում, օրինակ, հեղինակը ցույց է տալիս հասարակություն, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել: Չկա գործողությունների դինամիզմ, չկա ներքին բախում, բոլորը միակարծիք են, տիրում է համերաշխություն, օրենքները պատշաճորեն պահպանվում են հասարակության կողմից, կերպարների մեջ չկա ներքին զարգացում, նրանք բոլորը կարծես թե ապրում են իրենց կյանքը որոշակի նախապլանով, ինչի արդյունքում տուժում է վիպական պատումի կերպարների առանձնաշնորհությունն ու անհատականությունը: Ուտոպիստ գրողները փորձում են իրենց կերտած հասարակարգի հիմքում դնել վեհ, վերերկրային գաղափարներ: Միաժամանակ ցանկացած ուտոպիստական երկ կառուցվում է այնպես, որ ուտոպիան երբեք որևէ շփում չունենա արտաքին աշխարհի հետ: Սա թերևս գեղարվեստական հնարք է, որը մի կողմից հեղինակին հնարավորություն է տալիս առանց արտաուտոպիստական երևույթներից շեղվելու տալ իդեալական հասարակարգի իր մոդելը, մյուս կողմից հավանաբար հեղինակներն իրենք էլ հասկացել են, որ այսպիսի հասարակարգերը, լինելով զուտ մտքի ու երևակայության արդյունք, իրական կյանքի հետ առաջին բախման իսկ ընթացքում կկորցնեն իրենց իդեալականությունը, կաղարտվեն արտաքին աշխարհի հետ շփումից: Իզուր չէ, որ հակադիր ժանրի ջատագովները՝ անտիուտոպիստները, այս գործերը համարում էին գրավիչ, բայց ձանձրալի և արհեստական: Անտիուտոպիստները գտնում էին, որ չնայած ուտոպիստները որպես նախնական կետ, որպես հասարակարգի աքսիոմա վերցնում էին հենց իրենց պատկերացրած իդեալական հասարակարգի մոդելը, այնուամենայնիվ նրանք չէին հասնում երջանկության, քանի որ անիրական ճանապարհներով երջանկության անհնար էր հասնել:
Ուտոպիան ի սկզբանե զարգացել է որպես հրապարակախոսական և գիտական տրակտատ (օր.՝ Պլատոն «Պետություն», Ջ. Ուինսթենալի «Ազատության օրենքը», Ֆ. Բեկոն «Նոր ատլանտիդա» ևն), բայց սկսած 18-րդ դարից այն համարվեց գրական-գեղարվեստական ժանր, որն ամենից հաճախ արտահայտվում է վեպի տեսքով (Դ. Դեֆո «Ռոբինզոն Կրուզո», Ջ. Սվիֆթ «Գուլիվերի ճանապարհորդությունը»):
Ինչպես նշվեց, ուտոպիստական գրականությունը ցույց է տալիս կատարյալ երկիր, որն իրականում գոյություն չունի և չունի իր տեղը աշխարհագրական քարտեզի վրա (գրական հերոսներն իրենց համար այս երկրները բացահայտում են ամենից հաճախ ճանապարհորդությունների կամ էլ դեպքերի անսպասելի զարգացման արդյունքում): Սա ռոմանտիկական ուղղությանը բնորոշ հատկանիշ է, բայց մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ հեղինակների ցանկությունն էր տեսնել իրենց կերտած իդեալական հասարակարգի մոդելը՝ գործի դրված ապագայում: Եվ չնայած որ 20-րդ դարում զարգացում ապրեց գրական նոր շարժումը՝ ֆուտուրիզմը, այնուամենայնիվ այս երկու «ժանրերը» շարունակեցին գոյություն ունենալ կողք կողքի, մեկը՝ որպես բացարձակ ապագայապաշտություն, մյուսը՝ ապագայի շուրջ իր կառուցողական դատողություններով:
19-րդ դարում նոր ուժգնությամբ զարգացում է ապրում սոցիալական ուտոպիան, և «լավագույն, լուսավոր երկրի» մասին իրենց գեղարվեստական ընկալումներն են շարադրում մի շարք գրողներ (Ջ. Բայրոն «Կղզի», Վ. Հյուգո «Թշվառները», Ժ. Վերն «Խորհրդավոր կղզին»): Սոցիալական ուտոպիայի առանձնահատկությունը դասական ուտոպիայի հանդեպ կայանում է նրանում, որ այստեղ տեսնում ենք իդեալական հասարակարգի իսպառ բացակայություն: Չկա այն քարոզած հավասարությունը, սերը, եղբայրությունը, որ այդպես կարևորվում էր ուտոպիստական երկերում: Բայց կա հույսը, որ ի վերջո կառուցվելու է այն հասարակարգը, որը հնարավորություն կտա մարդուն իրեն երջանիկ ու ապահով զգալ: Շատ հաճախ այդպիսի գաղափարները հեղինակները տալիս էին ավելի փոքր մոդելների միջոցով, ամենից հաճախ՝ ընտանեկան: Գրական-գեղարվեստական ուտոպիան սերտ կապված է «ոսկեդարի» լեգենդների, «օրհնված երկրների» պատմության հետ, որտեղ լայնորեն կիրառվում են ամենատարբեր կրոնական ու էթնիկ հասկացություններ և իդեալներ:
Ուտոպիայի բուռն վերելքից հետո եկավ նույնքան կտրուկ անկման շրջանը. գրողները դադարեցին որոնել իդեալական հասարակարգեր, ուտոպիստական գրականությունն իր տեղը զիջեց ավելի ռեալական գործերին:
Ուտոպիստ գրողներին հակադրվելու եկան անտիուտոպիստները, ովքեր իրենց գործերում փորձում էին ցույց տալ որևէ հասարակարգ, որը, ըստ մտահաղացման, պետք է լիներ կատարյալ, բայց ուներ բազմաթիվ թերություններ ու խոցելի տեղեր: Սակայն ուտոպիան բացարձակապես չմարեց, այն զարկ տվեց ֆանտաստիկ գրականությանը, մասնավորապես՝ գիտական ֆանտաստիկային: Այս առումով հատկանշական է այն, որ անտիուտոպիստները ևս իրենց գործերում սկսեցին լայնորեն կիրառել գիտական ֆանտաստիկայի ժանրը:
Անտիուտոպիա
Тем двум в раю – был предоставлен выбор: или счастье без
свободы – или свобода без счастья; третьего не дано. Они, олухи,
выбрали свободу – и что же: понятно – потом века тосковали об оковах.
Евгений Замятин, «Мы»
Ուտոպիստական գրականությանը փոխարինելու եկավ անտիուտոպիան: Սակայն այս նոր ժանրը մինչև իր վերջնական անվանումն (անտիուտոպիա) ստանալը, ունեցավ բազմաթիվ անուններ՝ կաակոտոպիա (վատ տեղ, չարի պետություն), բացասական ուտոպիա, կոնտրուտոպիա, դիստոպիա (շրջված ուտոպիա), քվազիուտոպիա (կեղծ ուտոպիա) և այլն: Անտիուտոպիա տերմինը որպես գրական ժանրի անուն առաջին անգամ օգտագործել են Գլենն Նեգլին և Մաքս Պատրիկը իրենց ուտոպիստական անթոլոգիայում (The Quest for Utopia, 1952):
Հետաքրքրական է, որ հենց ուտոպիայի նախահայրենիք հանդիսացող Անգլիայում առաջին անգամ լույս տեսան անտիուտոպիստական երկեր (Ս. Բատլեր «Էրեվուոն», Է.Մ. Ֆորստեր «Մեքենան կանգ է առնում», Ջորջ Օրուել «1984» ևն):
20-րդ դարում ամերիկյան գրականությունում ևս անտիուտոպիան ծաղկում ապրեց։ Ամերիկյան լավագույն անտիուտոպիստական գրքերից են Կուրտ Վոննեգուտի «Մեխանիկական դաշնամուր կամ ուտոպիա 14»-ը, Ջեկ Լոնդոնի «Ալ Ժանտախտը», «Երկաթե գարշապարը», Սթիվեն Քինգի «Վազող մարդը», Ֆիլիպ Դիկի «Մեր հայրերի հավատը» և իհարկե Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի»-ն։ Ռեյ Բրեդբերիի գրքի վերնագիրը արդեն իսկ սիմվոլիկ է ու մատնանշում է դիպաշարի ողջ առանցքը։ Գրքի սկզբում հեղինակը մի գրառում է արել․«Ֆարենհայթի 451 աստիճանում թուղթը բռնկվում է ու այրվում»։ Սա բանալի է դառնում ողջ գրքի համար։ Գիրքը պատմում է մոտ ապագայում հաստատված տոտալիտար ռեժիմի մասին, որն արգելում է գրքի ընթերցանությունը և ընդհանրապես դեմ է գրքի գոյությանը՝ սպառողական մտածելակերպի նկատառումներից։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները (այստեղ հրշեջը ուղղակիորեն գիրք այրող իմաստն ունի)։ Այդպիսի մի հրշեջ է Գայ Մոնթեգը, ով հավատարիմ է ռեժիմին և անվերապահորեն հետևում է օրենքներին։ Սակայն ճակատագրական հանդիպումը Կլարիսա Մակլելանի հետ փոխում է նրա կյանքը․ նա ինքը ևս սկսում է տարվել ընթերցանությամբ և հայտարարվում է օրենքից դուրս։ Հեղինակն իր գրքով փորձում է ցույց տալ, թե ինչպես մարդիկ շատ ժամանակ կարող են կուրորեն հետևորդ դառնալ ինչ-որ անհասկանալի գաղափարների, սակայն բավական է մի խթան, մի դրդապատճառ, և մարդը վերագտնում է իր եսը, կարևորում է հաճախ այն, ինչի հանդեպ մի ժամանակ ատելությամբ էր լցված։
Անտիուտոպիան՝ որպես գրական-գեղարվեստական ժանր, երբեմն դիտարկվում է որպես ուտոպիստական գրականության տարատեսակ: Այս տեսակետի հետ թերևս կարելի լիներ համաձայնել, սակայն պետք է նշել, որ չնայած բազմաթիվ նմանություններին՝ այս երկու ժանրերը ունեն բազմաթիվ տարբերակիչ հատկանիշներ, որոնց պատճառով անտիուտոպիան ժանրային տարատեսակից վերածվում է առանձին ժանրի: Անտիուտոպիստներն իրենց երկերում նկարագրում են մի պետություն, որտեղ հասարակարգի զարգացումը լի է բացասական միտումներով: Ի տարբերություն ուտոպիստական իդեալական կարգերի՝ անտիուտոպիայում հերոսները չեն ապրում անհոգ, եղբայրական կյանքով: Նրանց խորթ է բռնապետությունը, նրանք փորձում են վերագտնել իրենց ինքնությունը, դուրս են գալիս նախասահմանված կարգերի դեմ, փորձում են վերագտնել ընտրության իրենց իրավունքը: Երբեմն արծարծած թեմայի կարևորությունը ընդգծելու համար հեղինակները դիմում են հիպերբոլայի: Նրանք ցույց են տալիս, որ հոգեպես ստրկության են դատապարտված ոչ միայն առանձին պետություններ, այլև ամբողջ աշխարհը: Ուտոպիստական իդեալական իրականությանը անտիուտոպիան հակադրում է հասարակարգի բացասական գծերը, ցույց է տալիս, թե որքանով են դրանք վտանգավոր մարդկության համար, և եթե ուտոպիստական երկերը նկարագրում են արդեն պատրաստի մի իրականություն, որը փոփոխությունների չի ենթարկվում, կայուն վիճակում է, ապա անտիուտոպիան հնարավորություն է տալիս այդ հասարակությանը ընտրություն կատարելու, աճելու, ինչը մեծամասամբ ավարտվում է հասարակարգերի փլուզմամբ, քանի որ այդ հասարակարգերը շինծու են և թելադրված, իսկ մարդը ազատություն և ընտրության ու սեփական խելքով ապրելու հնարավորություն է փնտրում, ինչից նա զրկված է այդ իդեալական հասարակարգում:
Անտիուտոպիան մի տեսակ ծաղրանմանակում և միաժամանակ հակադրություն է ուտոպիային կամ ընդհանրապես ուտոպիստական գաղափարներին: Հաճախ իրենց երկերը անտիուտոպիստները շարադրում են սատիրիկ ոճով, ինչը բացահայտ ծաղր է ուտոպիայի հանդեպ: Եթե ուտոպիստական գրականությունը մեծ մասամբ իր արտահայտությունը գտել է վեպերի մեջ, ապա այս առումով անտիուտոպիան ավելի լայն շրջանակներ է ընդգրկում՝ վեպ, պիես, պատմվածք, անգամ պոեմ: Անտիուտոպիստների հեռահար նպատակը ոչ թե ուտոպիստական գաղափարների վերացումն է, ինչը իրականում անհնար է, քանի որ ուտոպիան հույսի, երազանքի ու մտքի ծնունդ է, այլ նրանց գաղափարների շուրջ ծավալված անհեթեթ իրավիճակների միջոցով դրանք ծաղրելն ու քննադատելը:
Չնայած այս բազմաթիվ տարբերություններին, որոնցով օժտված են ուտոպիան և անտիուտոպիան՝ գլխավոր տարբերությունը եղել և մնում է անհատը: Ուտոպիստական գրականությունը կենտրոնանում է իդեալական հասարակարգի վրա՝ լիովին անտեսելով անհատին, իսկ անտիուտոպիայում առանցքայինը մարդն է՝ իր ցանկություններով և ազատության իր զգացումով: Այս ստեղծագործությունները կերտվում են առավելապես մարդու և հասարակարգի բախման մեթոդով:
Անտիուտոպիստական գրականությունը իր վերելքին հասավ 20-րդ դարում՝ որպես արձագանք բազմաթիվ պատերազմների և հեղափոխությունների: Ուշագրավ է, որ այս շրջանի առաջին գործերից մեկը գրեց ռուս հեղինակ Ե. Զամյատինը («Մենք» վեպը, 1920 թ, որը լույս տեսավ Անգլիայում): Նա, ժամանակից առաջ ընկնելով, իր վեպում պատկերեց մի Միասնական Պետություն, որտեղ չկար աշխատանքի պակաս, մարդիկ ապահովված էին բնակարաններով, պետք չէր մտածել վաղվա օրվա մասին, լայն թափով զարգանում էին Պետական արվեստները՝ երաժշտությունը, պոեզիան: Այս Միասնական Պետության մեջ երեխաները և բոլորն անխտիր, առողջ էին ու երջանիկ, ուսում էին ստանում և կրթվում Պետական գաղափարախոսության ելևէջներով: Բայց Զամյատինը տեսավ նաև ամենագլխավորը. մարդու մեջ մեռել էր անհատականությունը, հետախուզությունը թափանցում էր ամենուր, տների պատերը թափանցիկ էին (վեպում պատերն իսկապես թափանցիկ էին): Բայց այս ամենի գագաթնակետը եղան ֆանտաստիկ վիրահատությունները, որոնց արդյունքում մարդկանց հոգիները առանձնացվում էին մարմիններից, և մարդիկ համարակալվում էին: Մարդկանց մեջ սպանում էին նրանց եսը, և ներարկում մենքը (այստեղից էլ վեպի անվանումը):
1930-ական թվականներին անտիուտոպիստական գրականությունն իր երկերում նշանառության տակ է առնում կոնկրետ թիրախ՝ ֆաշիստական գաղափարախոսությունը (Գ. Ուելս «Պարոն Պարհեմի ինքնիշխանությունը», Ս. Լյուիս «Մեզ մոտ դա անհնարին է» ևն): Ավելի ուշ անտիուտոպիստական գրականության մեջ ծնունդ են առնում նոր ենթաժանրեր, ինչպես օրինակ՝ սատիրիկ-անտիուտոպիա, դետեկտիվ-անտիուտոպիա, անտիուտոպիա-աղետ (կատաստրոֆ) ևն:
Անտիուտոպիան XXI դարում
Անտիուտոպիան ոչ միայն ժամանակի ընթացքում չզիջեց իր դիրքերը գրականության մեջ, այլև շարունակում է հաղթարշավով անցնել իր ուղին: Դրա ապացույցը 21-րդ դարում գրված բազմաթիվ անտիուտոպիստական երկերն են, որոնք մեծ սեր ու ճանաչում են վայելում ընթերցողների կողմից (Վիկտոր Պելեվին «S.N.U.F.F.», Ջեյմս Դեշներ «Լաբիրինթում վազողը» (եռագրություն), Կաձուո Իսիգուրո «Երբեք բաց չթողնես ինձ», Սյուզան Քոլինզ «Քաղցած խաղեր» (եռագրություն), Սկոտ Վեստերֆելդ «Ապստամբը» վիպաշար, Լորեն Օլիվեր «Դելիրիում» վիպաշար, Վերոնիկա Ռոտ «Դիվերգենտ» (եռագրություն) ևն):
Ժամանակակից անտիուտոպիստական երկերը ունեն զարգացման իրենց առանձնահատկությունը: Մեծ մասամբ այս գործերում նկարագրված է ոչ թե ներկայում գոյություն ունեցող մի երկիր, այլ ընթերցողին է ներկայացվում մոտ ապագան, որտեղ էլ տեղի են ունենում դեպքերը: Հեղինակները, դիմելով ամենատարբեր գեղարվեստական հնարքների, ընթերցողին հասկացնում են, որ ապագայի այդ երկիրը արդյունք է հին կարգերի փլուզման, մասնավորապես ապագա աշխարհի տիրակալները շեշտում են դեմոկրատիայի անհիմն ու սխալական լինելը, ինչպես նաև մատնանշում, որ աշխարհը դիմակայում է պատերազմներին և խուսափում դրանցից միայն այն դեպքում, երբ կառավարումը իրենց ձեռքում են պահում մի քանի անհատներ, որոնց էլ անվերապահորեն ենթարկվում են մարդիկ: Այս կերպ պետությունը ձերբազատվում է նոր ըմբոստություններից, կառավարում մարդկանց՝ ստեղծելով նրանց համար «իդեալական աշխարհ»:
Հաճախ ապագայի գործողությունները զարգանում են հետապոկալիպսիսյան շրջանում, երբ մարդկությունը գրեթե վերացել է, և նոր աշխարհի պատասխանատուները դրա մեղքը նորից տեսնում են հին կարգերի մեջ: Սակայն որպես կանոն գտնվում է մեկը, ով դուրս է գալիս ընդունված կարգերի դեմ, պայքար է մղում հանուն բոլորի և ազատագրում է պետությունն ինքնիշխաններից: Ամերիկյան բեսթսելլեր դարձած «Քաղցած խաղերում» Սյուզան Քոլինզի հերոսուհին իր պայքարը սկսում է սոցիալական անարդար պայմաններից ելնելով, սրան գումարվում է սեփական անձի և հարազատների կորստի վախը: Քոլինզը, օգտագործելով հին գլադիատորական մարտերի ստրուկտուրան, ցույց է տալիս կառուցած իդեալական հասարակարգի թերությունները, եսասիրական ձգտումները, իշխելու հակումները, որտեղ ոչ միայն անտեսվում և արժեզրկվում է անհատը, այլև իշխանության շահերը բարձր են դասվում անգամ հասարակության շահերից:
Արդեն մյուս հետապոկալիպսիսյան անտիուտոպիայում, որ մեզ ներկայացնում է Վերոնիկա Ռոթը իր «Դիվերգենտ» եռագրության մեջ, մենք նորից տեսնում ենք մոտ ապագան, որտեղ բազմաթիվ պատերազմներից հետո Չիկագո քաղաք- պետությունը կրկին կառավարվում է մի խումբ անհատների կողմից: Մարդիկ բաժանված են խմբերի (ֆրակցիաների), և բոլորը նորից անվերապահորեն ենթարկվում են «բարձրագույն իշխանությանը»: Այս հասարակարգը ամուր է միայն այն պատճառով, որ մարդիկ կորցրել են իրենց անհատականությունը, նրանք խաղալիք են դարձել իրենց իսկ խմբապետների ձեռքին, որոնք էլ իրենց հերթին հաշվետու են ավելի հզոր ուժերին: Եվ կարծես թե ամեն ինչ խաղաղ է, գտնված է ուտոպիստական գաղափարների կղզի-մարմնացումը, բայց ահա լույս աշխարհ են գալիս դիվերգենտները, ովքեր իրենց անհատականությունը պահած մարդիկ են, ովքեր չեն վախենում բարձրաձայնել ճշմարտությունը: Ինչպես դա լինում է Քոլինզի գրքում, Ռոթի հերոսուհին նույնպես դուրս է գալիս տիրող հասարակարգի դեմ, քանի որ նրա համար ընտանիքը կարևոր է կուսակցությունից (ֆրակցիա), քանի որ նա կարևորում է իր ընտրության ազատությունը: Հետագայում դեպքերը զարգանում են այնպես, որ մի խումբ ազատամիտներ դիվերգենտ Բեատրիսի գլխավորությամբ կատարում են իրենց սահմանված ազատարարի պաշտոնը:
21-րդ դարի անտիուտոպիստական աշխատություններում մեկ անգամ չէ, որ նոր աշխարհի ղեկավարների կողմից շեշտվում են նախկին հասարակարգի՝ դեմոկրատիայի թերությունները, նրա անզորությունը կառավարման համակարգում: Սակայն այս գործերով հեղինակները գալիս են պնդելու հակառակը, որ չնայած ուտոպիստական արտաքին փքուն կեղևին՝ այս նոր համակարգերը փտած են ներսից: Հենց այսպիսի գաղափարների դեմ են պայքարում անտիուտոպիստ գրողների հերոսները:
1Ուտոպիա բառն ունի երկու հնարավոր թարգմանություն. 1- հունարեն «u»-չկա և «topos»-վայր, այսինքն՝ «վայր, որ գոյություն չունի» 2-հունարեն «eu»-լավագույն, կատարյալ և «topos»-վայր, այսինքն՝ «կատարյալ երկիր»:
Օգտագործված գրականության ցանկ
- https://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%82%D0%BE%D0%BF%D0%B8%D1%8F
- https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D1%82%D0%B8%D1%83%D1%82%D0%BE%D0%BF%D0%B8%D1%8F
- http://uchebnikionline.com/literatura/istoriya_zarubizhnoyi_literaturi_xx_stolittya_-_davidenko_gy/roman-antiutopiya_stolittya.htm
- http://library.narfu.ru/rus/TRResources/VirtualExhibitions/Pages/utopiay.aspx
- http://www.krugosvet.ru/enc/kultura_i_obrazovanie/literatura/UTOPIYA_V_LITERATURE.html?page=0,2
- http://xn-- h1afoehc.xn-- p1ai/tvorchestvo-uchashchikhsya/57- osobennosti-zhanra- antiutopii-v-literature
Հեղինակ` Արման Վերանյան (Arman Veranyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: