Երկրագնդի շուրջ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով գրասենյակների փակմամբ շատ գրասենյակային աշխատակիցներ, ներառյալ սովորական գրասենյակային, բաժնետոմսերի և պարտատոմսերի առևտրի ոլորտում ներգրավված մարդիկ վտանգի տակ դրեցին իրենց աշխատանքը` տանից աշխատելով։ Քննարկվում էր այն հարցը, թե արդյոք աշխատակիցները ավելի լավ կամ վատ կարող են աշխատել իրենց ննջասենյակից կամ որևէ այլ սենյակից այնքան ժամանակ, քանի դեռ տեխնոլոգիաները թույլ են տալիս մարդկանց աշխատել այդպես։ Գրասենյակային աշխատանքի վերաբերյալ բոլորն ունեն հստակ ձևավորված կարծիք, բայց դրա վերաբերյալ դեռևս հստակ ուսումնասիրություն չկա։ Վերջնական փորձարկումները ներկայումս ընթանում են իրական աշխարհում, որոնք կարող են հանգեցնել աշխատատեղերի վերափոխման հետագա տասնամյակների ընթացքում։
- Ինչպե՞ս են փոխվել երևույթները համաճարակի պատճառով
Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գրասենյակները փակվել են մարդկանց միջև հաղորդակցումը նվազեցնելու և կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու համար։ Այժմ միլիոնավոր մարդիկ աշխատում են տանից։ Շատ տարածքներում իշխանությունները խստացրել են մարդկանց շարժը։ Աշխատողները փորձում են հարմարվել, ընկերությունները գնում և առաքում են սարքավորումներ՝ համակարգիչներ, մոնիտորներ, ստեղնաշարեր և վեբ-կամերաներ՝ աշխատանքը տանից ավելի դյուրին դարձնելու համար։
- Ինչքանո՞վ էր տարածված հեռավար աշխատանքը նախքան համաճարակը
Համաձայն վիդեոկոնֆերանսի սարքավորումների արտադրությամբ զբաղվող OWL Labs ընկերության կողմից 2018թ-ին անցկացված ուսումնասիրության` համաշխարհային ընկերությունների մոտավորապես 56%-ը նշել է, որ թույլատրում էր հեռավար աշխատանքը, իսկ 16%-ն աշխատում էր լիովին հեռավար՝ չունենալով առկա որևէ գրասենյակով ապահովելու հնարավորություն։ Համաձայն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2012-2013թթ. անցկացված հետազոտողների ուսումնասիրությունների` միջին արտադրական ընկերությունների 40-ից 50% դեպքերում մենեջերներին թույլատրվում էր աշխատել տանից։ Համաձայն աշխատանքի վիճակագրական բյուրոյի` ԱՄՆ-ում աշխատողների մեկ քառորդը 2017թ-ին և 2018թ-ին երբեմն աշխատել է տանից։ Նրանց 15%-ն ունեցել են այնպիսի օրեր, որ աշխատել են միայն տանից, և նրանց թվում՝ 7-ից 1-ը աշխատել է տանից շաբաթվա մեջ նույնիսկ 5 օր։
- Ովքե՞ր կարող են իրականացնել հեռավար աշխատանք
Համաձայն Global Workplace Analytics ընկերության վերլուծության, որը առաջարկում է ճկուն աշխատանքային գրաֆիկ, ԱՄՆ-ի աշխատողների 56%-ն այնպիսի աշխատանքով են զբաղվում, որի մի մասը հնարավոր է կատարել հեռավար։ Դրանք անհամաչափորեն բաշխված են այն մարդկանց շրջանակում, որոնք աշխատում են տեղեկատվության, ֆինանսների, գիտության, կառավարման և ծառայությունների ոլորտում: Համաճարակը մարդկանց բաժանեց երկու խմբի. որոնք կարող էին աշխատել տանից, և որոնք չէին կարող աշխատել տանից, ինչպիսիք են մատուցողները, գործարանի աշխատողները և բեռնատար մեքենաների վարորդները: Վերջիններս արդեն դառնում են ավելի ցածր վարձատրվող աշխատողներ, որոնց խնայողությունները կարող են նվազել աշխատանքից ազատվելու արդյունքում։ Միաժամանակ որոշ լավ վարձատրվող աշխատակիցներ ևս առնչվում են մարտահրավերների, հատկապես նրանք, ովքեր աշխատում են խիստ կարգավորված աշխատատեղերում, ինչպես օրինակ՝ ֆինանսական ծառայություններում։
- Ինչպե՞ս են թրեյդերները հաղթահարում
Արժեթղթերի առևտրով զբաղվող մարդիկ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և արժույթները, բախվում են բազմաթիվ խնդիրների։ Որոշ տնային համակարգիչներ և բնակարանային ինտերնետային ծառայություններ չեն կարող կառավարել տվյալների հսկայական քանակությունը․ առաջադեմ ծրագրակազմ է անհրաժեշտ ամեն օր միլիոնավոր գործարքներ կառավարելու և իրականացնելու համար։ Հեռավար աշխատանքը հանգեցնում է անհամաձայնությունների՝ պայմանավորված հեռախոսազանգերի ու համակարգչային տրաֆիկի ամիջական մոնիտորինգի իրականացման դժվարություններով։ JPMorgan Chase & Co.-ի նման բանկերը աշխատակիցներին բաժանում են թիմերի․ մի մասն աշխատում է տանից, մյուս մասը՝ մասնաճյուղերում։
- Արդյո՞ք ճգնաժամը կհանգեցնի ավելի կայուն փոփոխության
Ակնկալվում է, որ գործատուները հնարավորություն կունենան սովորելու ավելին մեկուսացման ընթացքում։ Լավ փորձ ունեցողները կարող են որոշել կրճատել գրասենյակների քանակը՝ նվազեցնելով ծախսերը տնտեսական անորոշության պայմաններում։ Անգամ նախքան համաճարակը, Global Workplace Analytics-ը գնահատել էր, որ որոշակի օրեր գրասենյակներում սեղանների կեսը զբաղված չէր, քանի որ աշխատողները անցել էին ավելի ճկուն գրաֆիկի։ Միևնույն ժամանակ, մշտապես աշխատավայրերում գրասենյակային կարողությունների (սեղան, համակարգիչ և այլն) շարունակական կրճատումը կարող է հանգեցնել խնդիրների այն ժամանակ, երբ աշխատողները ստիպված լինեն դրանք համատեղ օգտագործել։ Գրասենյակային տարածքի կամ գրասենյակների քանակի կրճատումները կթուլացնեն առևտրային անշարժ գույքի շուկան, որն արդեն իսկ ճնշման տակ է` հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ ձեռնարկություններ համաճարակի արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով ձախողման եզրին են լինելու։
- Ինչքա՞ն ժամանակ է հեռավար աշխատանքը տեղի ունեցել
Այն առաջին անգամ առաջարկվել է որպես այլընտրանք՝ փոխարինելու աղտոտման կրճատմանը, երթևեկությանը և նավթի սպառմանը։ 1973թ-ին գրված գրքում ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) նախկին ճարտարագետ Ժաք Նիլսը պատկերացնում էր մի աշխարհ, որտեղ աշխատակիցները աշխատում էին իրենց տան մոտ գտնվող փոքր գրասենյակներում, ոչ թե կենտրոնական հատվածներում։ Նրա սխեման ենթադրում էր «բավականաչափ բարդ հեռահաղորդակցման և տեղեկատվության պահպանման համակարգ»: Այդ համակարգի՝ ինտերնետի հայտնաբերումն արագացրեց վերոնշյալ զարգացումներն ու տեխնոլոգիական բումը 1990-ական թվականներին։ Համաճարակի հետևանքով առաջացած զանգվածային «գաղթը» տանից դեպի աշխատանք տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ավելի շատ տվյալներ տեղափոխվեցին դեպի «ինտերնետ», և նոր գործիքները, ինչպիսիք են Slack-ը, Trello-ն և Dropbox-ը, ավելի հեշտ դարձրին աշխատանքը։ Օպտիկամանրաթելային մալուխի տարածման շնորհիվ ինտերնետի հասանելիությունը մեծացավ՝ ապահովելով մինչև 1 ԳԲ արագություն։
- Ինչքա՞ն արդյունավետ են աշխատում հեռավար աշխատողները
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք այնքան արդյունավետ են, եթե ոչ ավելի արդյունավետ, որքան գրասենյակում աշխատող մարդիկ։ Բայց դա կարող է ճիշտ լինել միայն որոշակի տեսակի աշխատողների դեպքում։ Լայնորեն մեջբերված ուսումնասիրություններից մեկը վերաբերում էր զանգերի կենտրոնի աշխատակիցներին, որոնց աշխատանքը թիմային չէ։ Համաձայն մեկ ուսումնասիրված տեսության՝ հեռահաղորդակցությանն առավել հարմար են այն աշխատակիցները, որոնց աշխատանքը կախված չէ մյուսներից, և որոնք իրավասու են որոշումներ կայացնել և ընտրել՝ ինչպես և երբ կատարել առաջադրանքները։ Best Buy, Yahoo-ն և Hewlett-Packard-ն այն ընկերությունների շարքում են, որոնք վերջին տարիներին վերացրել կամ սահմանափակել են հեռավար աշխատանքը՝ պայմանավորված համագործակցության ու նորամուծությունների իրականացման հնարավորությունների սահմանափակությամբ։ Բանավիճելու առիթն այն է, որ թիմերի աշխատակիցները ավելի արդյունավետ աշխատում են նույն վայրում, քան ցրված՝ տարբեր վայրերում։ Որոշ ընկերությունների ղեկավարներ նույնպես կողմ չեն հեռավար աշխատանքին, քանի որ կասկածում են, որ աշխատակիցները չարաշահում են այդ արտոնությունը։
- Որո՞նք են լավագույն գործելակերպերը
Շատ մասնագետներ համաձայն են այն մտքին, որ հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ են լավ սարքավորումներ և բավարար թողունակություն։ Որպես կանոն՝ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է 20 մեգաբայթ թողունակությամբ ինտերնետ։ Դա աշխատողներին հետ է պահում տարբեր առցանց միջոցներից օգտվելուց, քանի որ արդյունքում կարող է սպառվել վիդեոկոնֆերանսի համար նախատեսված ինտերնետ թողունակությունը։ Աշխատակիցները պետք է սահմանեն ժամանակի սկիզբն ու ավարտը և խուսափեն աշխատանքային օրվա ընթացքում տնային գործերով զբաղվելու գայթակղությունից։
Տեղեկատվական հարթակ
- Թրեյդերները ստեղծում են տանից աշխատելու տեխնիկական հնարավորություններ։
- Ուոլ սթրիթը փորձում է կառավարել համագործակցության հետ կապված ռիսկը։
- Ուհանի Հեջ ֆոնդերը, ցույց են տալիս, որ մեկուսացման մեջ գտնվող առևտրականները դեռևս կարող են գումար վաստակել։
- Ճարտարագետ Ժաք Նիլսն իր՝ 1973թ․-ին գրված «Դրանց միջև բալանսավորում կամ փոխզիջում, ոչ թե առևտուր» գրքում առաջ է քաշում «տանից աշխատանք» հասկացությունը։
- ԱՄՆ-ի աշխատանքի վիճակագրության բյուրոն ուսումնասիրում է տանից և աշխատանքի վայրից աշխատելու թերությունները։
- Ինսբրուքի համալսարանը ուսումնասիրում է, թե ինչքան արդյունավետ է տանից աշխատելը, բայց միայն որոշակի հանձնարարականների դեպքում։
- Բլումբերգի խմբագրությունը ուսումնասիրում է հեռավար աշխատանքի շուրջ առաջացած բանավեճը։
Թարգմանիչ՝ Ռուզաննա Բարակոզյան (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: