Կյանքի ապահովագրությունն աշխարհում համարվում է ապահովագրության անբաժանելի մասը: Սակայն Հայաստանում կյանքի ապահովագրությունը չի գործում մի շարք պատճառներով՝ չնայած դրա ներդրումը կարևոր գործոն կարող է դառնալ տնտեսական կայնության բարձրացման և բազմաթիվ այլ խնդիրների լուծման առումով:
Ապահովագրության էությունը և տեսակները
Ապահովագրությունը համարվում է ամենահին և հայտնի ֆինանսական ծառայություններից մեկը, որը կարգավորում է տնտեսական հարաբերությունները և ֆինանսական ոլորտի կարևոր մասն է: Այն նման է բանկային և կապիտալի շուկաներին, որոնք, որպես ֆինանսական միջնորդներ, սպասարկում են բիզնեսի ոլորտի և տնային տնտեսությունների կարիքները:
Ապահովագրության հիմնական էությունն այն է, որ օգնում է նվազագույնի հասցնել սպառողների և տնային տնտեսությունների հնարավոր կորուստների ռիսկը: Այն տրոհում է ռիսկը՝ մեկ անձից՝ ապահովադրից (ապահովագրվողից), այն փոխանցելով մեկ այլ անձի՝ ապահովագրողին: Ապահովագրությունը չի նվազեցնում պատահարը տեղի ունենալու հավանականությունը, սակայն թեթևացնում է դրա տեղի ունենալու արդյունքում առաջացած ֆինանսական ծախսերի բեռը:
Գոյություն ունի ապահովագրության երեք տեսակ՝
- կյանքի ապահովագրություն
- ոչ կյանքի ապահովագրություն (ցանկացած այլ ապահովագրություն կյանքի ապահովագրությունից բացի)
- վերաապահովագրություն
Կյանքի և ոչ կյանքի ապահովագրության տեսակների տարբերություններից մեկը կապված է պայմանագրի կնքման ժամկետների հետ․ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրերը սովորաբար կնքվում են կարճ ժամկետով, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրերը՝ ավելի երկար:
Կյանքի ապահովագրության դեպքում ապահովադիրը, ապահովագրավճարներ մուծելով, երաշխիք է ստանում, որ կստանա դրամական գումարներ որոշակի տարիքի հասնելիս, կամ մահվան դեպքում դրանք կփոխանցվեն իր կողմից նշված շահառուներին: Այսինքն՝ այն անհատների և ընտանիքների եկամտի հետ կապված ռիսկը կառավարելու միջոց է: Այս դեպքում ապահովագրվող ռիսկը մարդու կյանքի տևողությունն է:
Զարգացած երկրներում տարածված են կյանքի ապահովագրության հետևյալ ձևերը՝
Կյանքի ժամկետային ապահովագրություն։ Սրա դեպքում ապահովադիրը կարճաժամկետ պայմանագիր է կնքում ապահովագրական ընկերության հետ, և շահառուները ստանում են ապահովագրական հատուցում, եթե մահվան դեպքը տեղի է ունենում նշված ժամանակահատվածում:
Օրինակ՝ 30-ամյա անձը ձեռք է բերում 500,000 դոլար արժեքով և 10 տարի ժամկետով կյանքի ժամկետային ապահովագրություն, որի դեպքում ամսական վճարվող ապահովագրավճարը կազմում է 50 դոլար: Եթե անձը մահանա այդ 10 տարվա ընթացքում (իհարկե հաշվի առնելով պատահականությունը), ապա ապահովագրական ընկերությունը կվճարի նրա կողմից նշված շահառուներին 500,000 դոլար: Իսկ եթե դեպքը տեղի չունենա այդ ընթացքում, ապա պայմանագիրը կավարտվի և նա օգուտ չի ստանա, բայց ժամկետը լրանալուց հետո ապահովագրողը կարող է կա՛մ այն որևէ նոր ժամկետով վերականգնել՝ փոխելով ժամկետային պայմանագիրը ամբողջ կյանքի ապահովագրության հետ և չկորցնելով վճարված գումարները, կա՛մ թույլ տալ, որ պայմանագիրը դադարեցվի:
Սա նշանակում է, որ այսպիսի պայմանագրերը, ի տարբերություն ամբողջ կյանքի ապահովագրության, չունեն ներդրումային բաղադրիչ, և դրանց միակ օգուտը պայմանագրով երաշխավորված գումարն է, որը կվճարվի, եթե դեպքը տեղի ունենա պայմանագրի ժամկետի ընթացքում: Այս տեսակի առավելությունն այն է, որ այն հաճախ շատ ավելի մեծ գումարի փոխհատուցում է խոստանում, քան կյանքի ապահովագրության այլ տեսակները և համեմատաբար էժան է:
Մշտական կյանքի ապահովագրությունը: Այս տեսակը գործում է մինչև կյանքի ավարտը և ապահովագրության հետ մեկտեղ պարունակում է նաև ներդրումային բաղադրիչ: Այն, սովորաբար, ավելի թանկ արժե, քան ժամկետային ապահովագրությունը: Մշտական կյանքի ապահովագրության ամենատարածված տեսակներն են՝ ամբողջ կյանքի ապահովագրությունը և կյանքի համընդհանուր ապահովագրությունը:
Ամբողջ կյանքի ապահովագրություն: Սա ապահովագրություն է ամբողջ կյանքի համար: Օրինակ, եթե անձը 30 տարեկան է և պետք է թոշակի անցնի 63 տարեկանում, ապա կա՛մ շահառուները ստանում են հատուցում մինչև այդ տարիքին հասնելը անձի մահվան դեպքում, կա՛մ կուտակված գումարը վճարվում է նրան 63 տարեկանից հետո՝ ինչպես ամսական կենսաթոշակային վճարումների տեսքով, այնպես էլ միանվագ:
Կյանքի ապահովագրությունը դիտարկվում է ոչ միայն մահվան դեպքում հատուցում ստանալու տեսանկյունից, այլև միաժամանակ ծառայում է որպես կուտակման գործիք: Կյանքի ապահովագրություն ունեցողների զգալի մասը օգտվում է հենց այս ապահովագրական դասից, որը համարվում է արդյունավետ միջոց երկարաժամկետ ներդրումների համար՝ ի համեմատություն բանկային ավանդների:
Համընդհանուր կյանքի ապահովագրություն: Սա ներդրումային բաղադրիչ ունեցող կյանքի ապահովագրության տեսակ է: Ի տարբերություն ամբողջ կյանքի ապահովագրության՝ կյանքի համընդհանուր ապահովագրությունն ավելի ճկուն է, մասնավորապես ապահովագրավճարների, մահվան դեպքում հատուցման չափի և ներդրումային բաղադրիչի առումով: Կյանքի համընդհանուր ապահովագրության դեպքում ապահովադիրը պարբերաբար վճարում է ապահովագրավճարները, և ընկերությունը, այդ գումարները հավաքագրելով, ներդրումներ է կատարում, քանի որ այս տեսակը ունի ներդրումային բաղադրիչ, ուստի ներդրված գումարից ստացված եկամտից պայմանագրով սահմանված մասը փոխանցվում է ապահովադրի ներդրումային հաշվին:
Կյանքի ապահովագրության շուկան աշխարհում և դրա ազդեցությունը երկրների տնտեսության վրա
Ապահովագրողների քանակի աճը և ապահովագրական ոլորտի զարգացումն ուղղակի կապ ունեն երկրում տնտեսության զարգացման հետ: Կյանքի ապահովագրության կենսունակ շուկայի առկայությունը նշանակալի ազդեցություն է ունենում տնտեսության վրա և տնտեսական ու ֆինանսական կայուն զարգացման հնարավորություն է տալիս:
Այս պարագայում կյանքի ապահովագրությունն ավելի կարևոր դեր ունի, քան ոչ կյանքի ապահովագրությունը, քանի որ նրա տրամադրած միջոցները երկարաժամկետ են, ուստի և ավելի կարևոր են կապիտալի շուկաների զարգացման համար: Ընդհանուր տնտեսության վրա այս ոլորտը զգալի ազդեցություն է ունենում․ մոբիլիզացնում է ներքին խնայողությունները՝ կուտակված միջոցները ուղղելով արդյունավետ ներդրումների և նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանն ու կառուցմանը (ինչպիսիք են ճանապարհները, նավահանգիստները, էլեկտրակայանները և այլն): Երկարաժամկետ ներդրումների անհրաժեշտությունը առաջնային է, որպեսզի լուծվեն այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների սակավությունը, քաղաքաշինությունը և այլն:
Զարգացած երկրներում ապահովագրական ընկերությունները կուտակված պահուստների հաշվին պաշտպանում են ապահովադիրներին տարբեր ռիսկերից և հանդես են գալիս որպես աղբյուր խնայողության և ներդրումների համար:
Ապահովագրական ընկերությունները ներդրումներ են կատարում կապիտալի շուկայում: Կյանքի ապահովագրության ընկերությունների ֆինանսական ակտիվների մոտ 5 տոկոսը կազմում են ֆոնդային բորսայում կատարված ներդրումները (բաժնետոմսերի տեսքով): Ընկերություններն ապահովագրավճարների միայն մի որոշ մասն են ներդնում ռիսկային ֆոնդային շուկայում և հնարավորություն են ունենում ստանալ բարձր եկամուտներ, միաժամանակ չստանձնելով ֆոնդային բորսայի անկայունության ամբողջ ռիսկը:
Պարտատոմսերը, բաժնետոմսերը և հիփոթեքային գործիքները կազմում են կյանքի ապահովագրության ընկերությունների ներդրումների մոտ 90 տոկոսը[1]: Պարտատոմսերում կատարվող ներդրումների գրավչությունն այն է, որ դրանցից սպասվող ապագա դրամական հոսքերը ավելի կանխատեսելի են: Երկրների մեծ մասում ապահովագրողներն իրենց ակտիվների կեսից ավելին ներդնում են պարտատոմսերում: 39 երկրներից 28-ում կյանքի ապահովագրողների ներդրումներում պարտատոմսերը կազմել են ներդրումների ավելի քան 50%-ը[2]: Աշխարհում ապահովագրավճարների քանակով կյանքի ապահովագրության առաջատարներ են համարվում ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան[3]:
ԱՄՆ-ում կապիտալի շուկայի մեծ և կարևոր մասն են կազմում ապահովագրական ընկերությունները, որոնք կենսական դեր ունեն որպես ինստիտուցիոնալ ներդրողներ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում 2018 թվականի տվյալներով գործել են շուրջ 773 գրանցված կյանքի ապահովագրական ընկերություններ, և բնակչության 60%-ն ունի կյանքի ապահովագրություն[4]:
ԱՄՆ-ում ապահովագրական ներդրումները դրական են ազդում տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա, դրանք օժանդակում են երկրի ֆերմերներին, տնային տնտեսություններին, բիզնեսներին՝ օգնելով նրանց աճել և դառնալ ավելի նորարար:
Զարգացած կյանքի ապահովագրական շուկա ունեցող մեկ այլ երկրում՝ Ճապոնիայում, կյանքի ապահովագրության շուկայի մեծությունը կյանքի ապահովագրավճարների առումով կազմում է մոտ 335 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է երրորդ ամենամեծ շուկան աշխարհում՝ ԱՄՆ-ից (594 միլիոն դոլար) և Չինաստանից (314 միլիոն դոլար) հետո և ամենամեծը՝ Ասիայում[5]:
Ապահովագրական շուկան համարվում է Ճապոնական տնտեսության անկյունաքարը և շարունակաբար զարգանում է համաշխարհային մակարդակով: 2018 թվականի դրությամբ Ճապոնիայում գործել են լիցենզավորված 41 կյանքի ապահովագրական ընկերություններ[6]: Այստեղ ներքին կյանքի ապահովագրողները զգալի դեր են խաղում որպես ներդրողներ ճապոնական և համաշխարհային շուկաներում՝ ավելի քան 300․000 միլիարդ ճապոնական յեն (2794 միլիարդ դոլար) ակտիվներով[7]:
Այսպիսով՝ զարգացած երկրներում ապահովագրական համակարգը, լինելով տնտեսության ռազմավարական կարևորագույն ոլորտներից մեկը, հնարավորություն է տալիս բարձրացնել հասարակության սոցիալական ապահովվածության մակարդակը, բնակչության առողջության պահպանման մակարդակը և օժանդակել տնտեսական աճին:
ՀՀ-ում կյանքի ապահովագրության զարգացման խոչընդոտներն ու ուղիները
Հայաստանում ապահովագրությունը զարգացման թափ ստացավ 2010 թվականից հետո, երբ ընդունվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրությունը: Այն նաև հանգեցրեց ՀՀ ապահովագրական ընկերությունների գործող ապահովագրության պայմանագրերի քանակի և ապահովագրավճարների փոփոխության տարիների ընթացքում:
ՀՀ-ում 2018 թվականին ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող ցուցանիշը՝ ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը, կազմել է 0.69%, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ապահովագրավճարների ցուցանիշը կազմել է 13․929 դրամ[8]: Ինչ վերաբերում է կյանքի ապահովագրությանը, ապա Հայաստանում այդպիսի ծառայություններ մատուցող ընկերություններ չկան: 2007 թվականի ապրիլի 9-ին ընդունված «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նույն ընկերությունը իրավունք չունի միաժամանակ իրականացնել ոչ կյանքի և կյանքի ապահովագրություն[9]:
Օրենքի այսպիսի սահմանափակումը կապված է նրա հետ, որ ոչ կյանքի ապահովագրության ոլորտում գործող ընկերությունները վարում են կարճաժամկետ ներդրումային գործունեություն, իսկ կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերություններն իրականացնում են երկարաժամկետ ներդրումային քաղաքականություն, ինչը ենթադրում է նաև երկարաժամկետ ռիսկի գնահատում։ Այսինքն՝ այստեղ այդ երկու տեսակների տարանջատման և ռիսկը կառավարելու խնդիրն է առաջանում, ինչն էլ դարձավ այսպիսի կարգավորման հիմնական պատճառներից մեկը:
Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումները կարող են կատարվել երկար տարիներ անց։ Ուստի այստեղ մեծ նշանակություն ունի ընկերության փորձառությունն ու պատմությունը, իսկ Հայաստանում այս ոլորտը, կարելի է ասել, նոր է զարգանում, և նաև, սրանով էլ պայմանավորված, գործող ապահովագրական ընկերությունները կյանքի ապահովագրություն չեն իրականացնում:
Գոյություն ունեն կյանքի ապահովագրության պահանջարկը ձևավորող որոշիչ տարրեր: Դրա վրա ազդում են սպառողների բնավորությունը և արտաքին միջավայրը (տնտեսական, սոցիալ-մշակութային և ինստիտուցիոնալ գործոնները): Ապահովագրության գնմանը նպաստող կարևոր գործոն է նաև սպառողի եկամտի մակարդակը:
Քաղաքական և իրավական դաշտի կայունությունը ևս կարևոր է կենսունակ և աճող կյանքի ապահովագրության շուկայի համար: Քանի որ կյանքի ապահովագրությունը ենթադրում է սպառողի և ընկերության միջև երկարատև փոխհարաբերություն, ուստի որքան կայուն է երկրում առկա իրավական համակարգը և քաղաքական համակարգը, այնքան ավելի բարձր է պայմանագրային կողմերի պատրաստակամությունը հարաբերություններ ձևավորելու համար:
Հայաստանում կյանքի ապահովագրության չգործելու պատճառներից մեկը պահանջարկի բացակայությունն է, իսկ դրա բացակայության պատճառը՝ բնակչության ցածր կենսամակարդակը, և միաժամանակ այն, որ մարդկանց մոտ դեռևս չի ձևավորվել ապահովագրական մշակույթը, և նրանց մեծամասնությունը չի ընկալում դրա անհրաժեշտությունը: Համապատասխան կադրային կազմը ևս առկա խնդիրներից մեկն է, որը բարելավման կարիք ունի, քանի որ ապահովագրական ընկերությունների արդյունավետությունը մեծապես կախված է ռիսկերի կառավարումից, իսկ այստեղ դրանք կառավարելու ռազմավարությունը ևս թույլ է՝ պայմանավորված որակավորված մասնագետների (ակտուարների) պակասով:
Այսպիսով՝ կյանքի ապահովագրության ոլորտի ձևավորման և զարգացման համար (ինչպես և ցանկացած այլ ոլորտի դեպքում) նախևառաջ անհրաժեշտ է, որ բացահայտվեն այն բոլոր հիմնախնդիրները, որոնք առկա են, մշակվեն և կիրառվեն հնարավոր որոշակի մեթոդներ, որոնք էլ կնպաստեն դրանց լուծմանը:
Ուստի, հաշվի առնելով դրանք, կարող ենք ասել, որ դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ապահովագրության այս տեսակը պահանջարկ ունենա և կայանա Հայաստանում, որտեղ դրա ներդրումը, կարող ենք փաստել, որ կարևոր գործոն կդառնա բնակչության բարեկեցության աճի, տնտեսական կայնության բարձրացման և բազմաթիվ խնդիրների լուծման համար:
[1] https://finance.zacks.com/insurance-companies-invest-money-11120.html [2] http://www.oecd.org/daf/fin/insurance/Global-Insurance-Market-Trends-2019.pdf [3] https://www.iii.org/publications/insurance-handbook/economic-and-financial-data/world-insurance-marketplace [4] https://www.statista.com/statistics/194335/total-number-of-life-insurance-companies-in-the-us/ https://www.iii.org/fact-statistic/facts-statistics-life-insurance [5] https://www.iii.org/publications/insurance-handbook/economic-and-financial-data/world-insurance-marketplace [6] https://www.td-holdings.co.jp/en/ir/document/pdf/ar2018e_s4.pdf [7] https://www.swissre.com/dam/jcr:5d8abd88-e9ae-4a92-9672-0037ad56f50a/150Y_Markt_Broschuere_Japan_Inhalt_Red.pdf [8] https://www.cba.am/AM/pperiodicals/fin_stab_19.pdf [9] https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=66362Հղումներ
Գրականություն
Հեղինակ՝ Մարիամ Խաչատրյան (Mariam Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: