Մեդիագրագիտություն

Մեդիա գիտաշխատող Ռենիրա Ռամպազո Գամբարատոն՝ օնլայն խոսքի ազատության, ցանցային էթիկետի (վարքագծի) և ժամանակակից աշխարհում  մեդիագրագիտություն ձեռք բերելու կարևորության  մասին:

Մեդիագրագիտությունը մեդիաների տեսակները տարբերակելու և նրանց փոխանցած բազմատեսակ տեղեկատվությունը հասկանալու կարողությունն է, որը բարելավում է մարդկանց կյանքը: Այն ներառում է մի շարք հմտություններ, ինչպիսիք են՝ մուտք գործել, վերլուծել, գնահատել, անդրադառնալ, գործել և լուրեր հրապարակել: Այս ձևակերպումը առաջին անգամ ձևավորվել է ԶԼՄ-ների հեռարձակման մոդելի կոնտեքստում՝ կենտրոնանալով մեդիայի պասիվ սպառման վրա:

Սակայն ներկայումս պասիվ դիտորդները տեղ են տալիս prosumer-ներին (արտադրող և սպառող բառերից կազմված եզրույթ, որն առաջ է քաշել Էլվին Թոֆլերը 1980 թվականին), որոնք մասնակցում են լուրերի ստեղծման և հրապարակման գործընթացին: Սա ենթադրում է հմտությունների և գործելակերպի զարգացող շարք (ցանցային աշխատանք, ռեմիքս, տարածում, կոնտենտի վերբեռնում, գործարկում և այլն), որը դրսևորվում է նոր մեդիա տեսակների  (թվային, բջջային, սոցիալական մեդիա և այլն) կիրառմամբ: Այս իմաստով նոր մեդիա համակարգը նկարագրող ավելի լավ տերմիններ են ի հայտ եկել, ինչպիսիք են՝ թվային գրագիտություն, նոր մեդիագրագիտություն, մուլտիմեդիա գրագիտություն և այլն:

Մեդիագրագիտությունը շատ կարևոր է, քանի որ այն օգնում է քննադատորեն մտածելուն: Մեդիագրագետ մարդը ունակ է հասկանալու, թե ինչն է վստահելի, որն է  մեդիայի դերը մշակույթում, և լրատվական բազմաթիվ հարթակներում պատասխանատու է հաղորդակցության ազդեցության համար:

Մեդիագրագիտության ձեռքբերում

Մեդիագրագիտությունը պետք է ուսումնասիրվի և՛ դպրոցում, և՛ դպրոցից դուրս: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ամբողջ աշխարհում ավանդական մեդիագրագիտությունը ուսուցանվում է դպրոցներում: Այս դեպքում ուսուցիչները առարկայի ղեկավարներն են, իսկ աշակերտները սովորում են նրանցից: Սակայն, ի հավելումն ուսուցման ինստիտուցիոնալ փորձերի, ժամանակակից մեդիահամակարգը կարիք ունի ոչ ֆորմալ ուսուցման, ինչպիսիք են՝ Յութուբ, օնլայն ֆորումներ, բլոգներ, վլոգներ և այլն: Երկու դեպքում էլ ուսուցիչը միջնորդ է, որը խթանում է համագործակցային և մասնակցային ուսուցմանը: Այսպիսին են օրինակ տրանսմեդիա կրթության նախաձեռնությունները, որտեղ  մեդիայի տարբեր պլատֆորմներ գիտելիք ու կոնտենտ են տարածում և սովորողներին ներգրավում են մասնակցային ուսուցման գործընթացին: Այս թեման է քննարկվում իմ և Լիլիթ Դաբաջյանի հեղինակած «Կրթության մեջ տրանսմեդիա դինամիկան» հոդվածում:

Թվային անհավասարություն

Կա համապատասխան հետազոտություն, որը նշում է  մեդիագրագիտության մակարդակի վրա ազդեցություն ունեցող գործոնները, օրինակ՝ կրթական մակարդակը և տարիքը (տե՛ս՝ Kleemans and Eggink, 2016), մեդիա հասանելիությունը, մեդիա ինդուստրիան և քաղաքացիների մասնակցությունը (տե՛ս՝ Celot, 2009):

Թվային ընդգրկվածության կարևորությունը հիմնված է այն փաստի վրա, որ թվային տեխնոլոգիաները կարող են տանել սոցիալական փոփոխությունների, ավելին՝ տնտեսական, քաղաքական և մշակութային բարեփոխումների: Ի սկզբանե, երբ ի հայտ եկավ համացանցը,  խնդիրը «թվային բաժանումն»  էր, որն առանձնացնում էր  համացանց մուտք գործելու հնարավորություն ունեցողներին և չունեցողներին: Քանի որ համացանցի տարածումը շարունակում է աճել ամբողջ աշխարհում, կենտրոնացումը թվային բաժանումից անցավ թվային անհավասարության: Վերջինս անհավասարությունների մի ամբողջ շարք է՝ կապված  սարքերի, ինքնավարության, հմտությունների, աջակցության և արդեն օնլայն գտնվողների օգտվելու ունակության հետ: Այս իմաստով թվային անհավասարությունը ինչ-որ առումով երկրորդային քայլ է և բխում է թվային ներգրավվածությունից:

Հետևաբար, «տրանսմեդիա գրագիտություն» կոնցեպտը ավելի կարևոր է դառնում նոր մեդիահամակարգից բխող այս նոր գործելակերպերի, գործընթացների և տրանսմեդիայի պատմությունները հաղորդելու ռազմավարության համար: Տրանսմեդիա գրագիտությունը կարող է բնորոշվել որպես հմտությունների, գործելակերպերի, արժեքների, առաջնահերթությունների, ճշգրտումների, և մասնակցային նոր մշակույթի կոնտեքստում ձևավորված ու գործարկված սովորելու և տարածելու ռազմավարությունների շարք: Հմտությունների այս շարքն ընդգրկում է ցանցային աշխատանքի ռեմիքս, խաղ, գործարկում, տեղորոշում և այլն: 

Մեդիա թափանցիկություն

Այս թեման ամբողջությամբ կախված է նրանից, թե ինչ ենք մենք զգում կեղծ լուրերի և հետճշմարտային երևույթների բախվելիս: Անկողմնակալության և օբյեկտիվության գաղափարախոսությունից դուրս ավելի ամբողջական մի կոնտեքստ կարող է դրվել համեմատության մեջ և ավելի օգտակար լինել հանրության համար: Այս ամենը թափանցիկության մասին է: Ինչպես նշել է Դեյվիդ Վայնբերգերը՝ թափանցիկությունը նոր օբյեկտիվությունն է: Հետևաբար թափանցիկության համար պատասխանատու են հեղինակները, մեդիա ընկերությունները կամ այն շահագրգիռ կողմերը, որոնք  ներգրավված են մեդիայում տեղեկություն տարածելու գործընթացում:

Մյուս կողմից, մարդիկ պետք է ցանկացած տեղեկության քննադատորեն մոտենան: Մեդիա կոնտենտին քննադատորեն մոտենալը ենթադրում է կոնտենտի ընկալում, օգտագործելով քննադատական միտքը՝ վերլուծել տեղեկության որակը, հավաստիությունը, հուսալիությունը և հեռանկարը, ինչպես նաև հաշվի առնել մեդիա կոնտենտի ազդեցությունը: Առկա տեղեկության հսկայական քանակից գլուխ հանելու համար անհրաժեշտ է ընտրողական լինել: Մեդիագրագիտությունը պետք է օգնի ընտրել, թե որ տեղեկությունն է հավաստի:

Օնլայն խոսքի ազատություն

Համացանցում խոսքի ազատությունը արդիական և բարդ թեմա է, որը քննարկվում է տեխնոլոգիական ընկերությունների, կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից: Օրինակ՝ քննադատները սովորաբար վիճում են, որ Սիլիկոնյան հովիտը իր հիմնական իրավունքները վերականգնելու համար չարաշահում է մենաշնորհը՝ ճնշելով խոսքի ազատությունը համացանցում և հարցականի տակ դնելով կառավարության կանոններն ու կարգերը: ԱՄՆ-ում կարծես կա միտում, որ շուկան ազատ խոսքը երաշխավորելու համար կատարում է իր աշխատանքը: Գերմանիայում ներկայումս քննարկվում է մի նոր օրենք, ըստ որի՝ պետք է տուգանվեն Ֆեյսբուքում ատելության խոսք տարածողները: Կառավարությունը պնդում է, որ խոսքի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քրեական իրավունքը: Ռուսաստանում  համացանցային ցենզուրայի օրենքները կարծես թե մեծ ազդեցություն ունեն արտահայտվելու ազատության վրա: Ամեն դեպքում սա բարդ խնդիր է և չի լուծվի հեշտությամբ:

Համացանցային գերմիացվածություն

Համացանցային գերմիացվածություն ասելով՝ պետք է հասկանալ, որ ամեն ոք և ամեն բան հաղորդակցության մեջ է․ մարդը՝ մարդու, մարդը՝ մեքենայի և մեքենան՝ մեքենայի հետ: Համացանցային համատարած գերմիացվածության առաջացրած օգուտներն ու խնդիրները մեդիագրագիտությունը դարձնում են տեղին, քանի որ հմտությունների ավանդական շարքը ընդլայնվում է: Ներկայումս տվյալների գիտությանը,  գաղտնիությանը, ալգորիթմներին տիրապետելը և բալանսավորելը՝ երբ ու որտեղ միացված լինել, (նոր) մեդիագրագիտության մի մասն են կազմում: Հենց այդ բալանսավորումն  է, որ օգնում է մեզ ավելի ապահով զգալ:

Թվային էթիկետ

Թվային էթիկետը (կամ նեթիկետը) կանոնների շարք է, որը համացանցը կարող է դարձնել ավելի լավը: Այդ կանոնները սովորաբար ընդունվում են հետազոտությունների և ուսումնասիրությունների հիման վրա՝ փորձելով պարզեցնել և համապատասխանեցնել օնլայն վարվելակերպը: Համաշխարհային օրինակին հետևելու այս նախաձեռնությունների խնդիրն այն է, որ նրանք հաշվի չեն առնում մշակութային տարբերությունները: Հետևաբար դրանց կիրառումն ու պահպանումը, հավանաբար, երբեք ամբողջովին արդյունավետ չի լինի: Այս կետն առավել արդիական է թվում, քան այն փաստը, որ թվային աշխարհը կարող է փոխվել շատ արագ:

Ռենիրա Ռամպազզո Գամբարատո

Դոցենտ, դիզայնի, Մեդիայի և հաղորդակցության ֆակուլտետ, մեդիայի դպրոց, տնտեսագիտության ավագ դպրոց

Բնօրինակի հեղինակ՝ Renira Rampazzo Gambarato, Serious Science


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: