Ինչպես Մեծ ինքնամեկուսացումը փրկեց կյանքեր

2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում COVID-19-ի բռնկման առաջին տեղեկություններից հետո հիվանդությունը տարածվել է ավելի քան 200 երկրներում և տարածքներում: Պատվաստանյութի կամ բուժման արդյունավետ մեթոդի բացակայության պայմաններում ամբողջ աշխարհի պետական կառավարման մարմինները արձագանքել են իրավիճակին՝ հիվանդության տարածումը զսպելու և դրա հետևանքները մեղմելու համար, աննախադեպ միջոցներ ներդնելու ճանապարհով և ստեղծելով «Մեծ ինքնամեկուսացումը»: Սա, իր հերթին, հանգեցրեց խոշոր կարճաժամկետ տնտեսական կորուստների և համաշխարհային տնտեսական ակտիվության այնպիսի անկման, որը չի նկատվել Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Արդյո՞ք այդ միջոցառումներն աշխատեցին:

Մեր կողմից կատարված վերլուծությունը, որը հիմնված է գլոբալ տվյալների վրա, ցույց է տալիս, որ զսպման միջոցառումները շարժունակության նվազեցման հաշվին կարևոր դեր են խաղացել «համավարակի կորը» հարթելու գործում: Օրինակ՝ Նոր Զելանդիայում ներդրված սահմանափակման խստապահանջ միջոցառումները՝ հանդիպումների և հասարակական իրադարձությունների սահմանափակումներն այն դեպքում, երբ երկրում եղել են հիվանդության ընդամենը մի քանի դեպքեր, դրան հաջորդած դպրոցների և աշխատատեղերի փակումը մի քանի օրով, ինչպես նաև տանը մնալու ցուցումները. այս ամենը, հավանաբար, նվազեցրել է մահացությունների թիվը ավելի քան 90 տոկոսով` սահմանափակման միջոցառումների բազիսային սցենարի համեմատ: Այլ կերպ ասած՝ արդյունքները ցույց են տալիս, որ այնպիսի երկրում, ինչպիսին Նոր Զելանդիան է, խիստ սահմանափակման միջոցառումների բացակայության դեպքում COVID-19-ով հաստատված մահացությունների թիվը առնվազն տասն անգամ ավելի մեծ կլիներ:

Կորը հարթելու գործում նշանակալի դեր է խաղացել օպերատիվության աստիճանը, որով երկրում հիվանդության բռնկումից հետո ձեռնարկվել են միջամտման և զսպման միջոցառումներ, և հանրային առողջապահական համակարգի արձագանքման ժամանակը, ինչպես ընդունված է անվանել այդ ցուցանիշը համաճարակաբանության մեջ: Այն երկրներում, որտեղ ավելի արագ են ներդրվել սահմանափակման միջոցառումները (օրինակ՝ Վիետնամում), նկատվել է վարակակիրների և մահացությունների միջին թվի նվազում՝ համապատասխանաբար 95 և 98 տոկոսով: Սա, իր հերթին, հիմք դրեց միջնաժամկետ հեռանկարում աճի համար։

Զսպման միջոցառումների ազդեցությունը նույնպես տարբեր էր` կախված երկրի առանձնահատկություններից և սոցիալական բնութագրերից: Ազդեցությունն ավելի ուժեղ էր այն երկրներում, որտեղ բռնկման ժամանակ ցուրտ եղանակը հանգեցրեց վարակի ավելի բարձր ցուցանիշների, և որտեղ բնակչությունը բաղկացած է ծերերից և, հետևաբար, ավելի խոցելի է վարակի նկատմամբ: Մյուս կողմից, հուսալի առողջապահական համակարգի առկայությունը և բնակչության ավելի ցածր խտությունը նպաստեցին ավելի արդյունավետ զսպման և հետևանքների մեղմացման ռազմավարություններին՝ հեշտացնելով դրանց իրագործումը և իրականացման նկատմամբ վերահսկողությունը։ Քաղաքացիական հասարակության արձագանքը պաշտոնապես կիրառված սահմանափակումներին նույնպես դեր ունեցավ: Այն երկրներում, որտեղ մեկուսացման միջոցառումները հանգեցրին շարժունակության նվազեցման և, հետևաբար, ավելի մեծ սոցիալական հեռավորության, նկատվել է COVID-19-ի վարակակիրների և մահացությունների թվի ավելի էական նվազում:

Եվ վերջապես, մենք ուսումնասիրեցինք, թե արդյոք զսպման էֆեկտը կախված է կիրառված միջոցառումների տեսակից: Այս միջոցառումներից շատերը ներդրվել են միաժամանակ երկրների պատասխան միջոցառումների շրջանակներում վիրուսի տարածումը սահմանափակելու համար, ուստի դժվար է առանձնացնել միջոցառումներից առավել արդյունավետը: Այնուամենայնիվ, մեր արդյունքները ցույց են տալիս, որ չնայած բոլոր միջոցառումները նպաստել են COVID-19-ով հիվանդացության և մահվան դեպքերի զգալի նվազմանը, համեմատաբար ավելի արդյունավետ էին տնից դուրս չգալու հրահանգները:

Մեր էմպիրիկ գնահատականները տալիս են ողջամիտ պատկերացում վարակման և մահացության վրա զսպման միջոցառումների ազդեցության մասին և ծառայում են որպես մխիթարիչ ապացույցներ այն մասին, որ Մեծ ինքնամեկուսացումը, չնայած դրա պատճառած հսկայական կարճաժամկետ տնտեսական կորուստներին, հնարավորություն տվեց փրկելու հարյուր հազարավոր կյանքեր: Ի վերջո, համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքն ու համաշխարհային տնտեսության ճակատագիրը անխզելիորեն միահյուսված են. համավարակի դեմ պայքարը անհրաժեշտ է, որ  տնտեսությունը կրկին վերադառնա վերելքի փուլ:


Թարգմանիչ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: