Թուլությունների հավասարակշռություն։
Ինչպես համաճարակը կփոխի Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները
Դեռևս երկար ժամանակ կա մինչ այժմյան համաճարակաբանական և տնտեսական ճգնաժամի ավարտը, բայց արդեն հիմա դժվար չէ կանխագուշակել, որ և՛ Մոսկվան, և՛ Բրյուսելը դուրս կգան ներկայիս դժվարին իրադրությունից ոչ միայն թուլացած, այլև զգալիորեն ավելի թույլ քան համաշխարհային քաղաքականության մյուս խաղացողները։
Վերջին տարիներին Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունները ոչ այնքան ուժերի, որքան թույլությունների հավասարակշռություն էին։ Կողմերի թուլություններն ասիմետրիկ էին, ինչը ակնհայտ արտացոլում էր երկու խաղացողների բնույթի ասիմետրիկությունը։
Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարը տնտեսությունն է, որը գտնվում էր քրոնիկ լճացման վիճակում։ Երկրի ղեկավարությունը այդպես էլ չհամարձակվեց կամ չցանկացավ գործարկել զարգացման նոր մեխանիզմներ՝ հումքային ռենտայի ստացման հիման վրա գործող հնացած տնտեսական մոդելից ազատվելու համար։ Պահպանողականության համար ստիպված էին վճարել. համաշխարհային տնտեսության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը տարեցտարի նվազում էր, միևնույն ժամանակ աճում էր Արևմուտքից տեխնոլոգիական առումով ետ մնալը: Համապատասխանաբար, Մոսկվայի կարևորությունը՝ որպես Բրյուսելի տնտեսական գործընկեր, կայուն կերպով նվազում էր։
Եվրամիության թույլ կողմերը առավելապես բխում էին իր առաջատար երկրներում հին քաղաքական-կուսակցական համակարգերի անդառնալի անկումից և, որպես արդյունք` այդ երկրների անկարողությունից ապահովել ԵՄ-ին այդքան անհրաժեշտ քաղաքական առաջնորդություն։ Առաջնորդության դեֆիցիտը անխուսափելիորեն վերածվեց եվրոպական միասնության խնդրի։
Այս խնդիրը դրսևորվում էր նրանում, թե ինչպես էին ԵՄ երկրները պայքարում միգրացիոն ճգնաժամի հետ ինչպես էին արձագանքում Դոնալդ Թրամփի հակաեվրոպական ելույթներին, ինչպես էին դիմակայում աջ պոպուլիզմին Միության ներսում, ինչպես էին փորձում պահպանել միասնությունն իրենց աններդաշնակ շարքերում բարդ արևելյան հարևանի հետ հարաբերություններում։
Թուլությունը վատ հիմք է երկարատև հարձակողական ռազմավարությունների մշակման և իրականացման համար։ Թույլ խաղացողները ստիպված են լինում հարմարվել արտաքին միջավայրի փոփոխություններին, այլ ոչ թե սահմանել այդ փոփոխությունները։ Թույլ խաղացողների համար մարտավարությունը դառնում է ռազմավարության փոխարինող, օպորտունիզմը` երկարաժամկետ նպատակադրման փոխարինող։
Վերջին 5-6 տարիներին Ռուսաստանն ու ԵՄ-ը միմյանց հանդեպ զբաղեցնում էին սպասողական դիրքեր։ Հավանաբար հաշվարկն այն էր, որ «պատմության օբյեկտիվ ընթացքը» այսպես թե այնպես հակառակ կողմին կստիպի կատարել առաջին քայլը հաշտեցման ուղղությամբ։ Սպասում էին սև կարապի, որը կարող էր ստիպել հակառակորդին ընդունել իր անիրավությունը, վերանայել իր մոտեցումները և համաձայնել գոնե խորհրդանշական զիջումների։
Երկար ժամանակ համաշխարհային քաղաքականության բազմաթիվ սև կարապներ թռչում էին մոտակայքում, բայց չէին դիպչում Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների նոր կանոնավորությանը։ Դեռևս 2014 թվականին հաստատված այս նոր կանոնավորությունը լի էր թերասումներով և երկիմաստությամբ, ակնհայտ վիրավորանքներով և աննկատ հույսերով, բայց զարմանալիորեն կայուն և ինչպես պարզվեց` ընդունելի էր երկու կողմերի համար։
Եվ ահա մեկ այլ սև կարապ՝ կորոնավիրուսային համաճարակի տեսքով, ծածկեց իր ծանր թևերով եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա դրա զգալի մասը։ Արդեն պարզ է, որ Եվրամիությունը և Ռուսաստանը կլինեն առավել տուժածների թվում։ ԵՄ-ն այն պատճառով, որ հենց Եվրոպայում է գտնվում համաճարակի գլոբալ էպիկենտրոնը. վարակված և մահացու ելքերի ընդհանուր եվրոպական ցուցանիշները գերազանցում են նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի նմանատիպ վիճակագրությունը, էլ չենք խոսում աշխարհի այլ շրջանների մասին։ Ռուսաստանը, բացի COVID-19 համաճարակի դեմ պայքարելուց, ստիպված է արձագանքել նավթի համաշխարհային գների անսպասելի և սրընթաց անկմանը։
Անգելա Մերկելը անկեղծորեն ասում է, որ Եվրամիությունը բախվել է «ամենալուրջ ճգնաժամին իր ստեղծման պահից ի վեր»։ Վլադիմիր Պուտինը խուսափում է նմանատիպ խոստովանություններից, բայց և նա՝ ավելի քան 20 տարի առաջ իշխանության գալուց հետո չի փորձել բարդ պաշտպանական մարտեր վարել միաժամանակ երկու ռազմաճակատում։
Դեռևս երկար ժամանակ կա մինչ այժմյան համաճարակաբանական և տնտեսական ճգնաժամի ավարտը, բայց արդեն հիմա դժվար չէ կանխագուշակել, որ և՛ Մոսկվան, և՛ Բրյուսելը դուրս կգան ներկայիս դժվարին իրադրությունից ոչ միայն թուլացած, այլև զգալիորեն ավելի թույլ քան համաշխարհային քաղաքականության մյուս խաղացողները։
Թվում էր, թե այս տխուր իրականության ընդունումը պետք է դրդեր երկու կողմերին գնալ միմյանց ընդառաջ։ Բայց ներկա պահին, ցավոք, ոչինչ չի վկայում, որ թուլությունների հավասարակշռության վրա հիմնված հարաբերությունները էապես կփոխվեն համաճարակի համատեքստում։
Բրյուսելում, որքանով որ կարելի է դատել, դեռևս չկա պատրաստակամություն Մոսկվայի հանդեպ ԵՄ-ի ռազմավարության լուրջ ներքին քննարկման համար։ Կրեմլից Եվրամիության համար նոր առաջարկներ չեն հնչել։ Առայժմ ոչ մի արմատական կամ գոնե դրական առաջընթաց չի նկատվում Ուկրաինայի արևելքի Մինսկի համաձայնագրերի իրականացման գործում։ Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ոչ մի մեղմացում համաճարակի հետ կապված չի նախատեսում։ Ընդհակառակը, կորոնավիրուսի գրոհը յուղ լցրեց Ռուսաստանի և Արևելքի, ինչպես նաև եվրոպական ռազաթատրոնի տեղեկատվական պատերազմի կրակին։
Ռազմաստրատեգիական ոլորտում Եվրոպական մայրցամաքի իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի բարդանալ, քանի որ հիմնական խաղացողների ուշադրությունը այժմ զբաղված է այլ հարցերով։ Ոչ մի համատեղ գործողություն չի ձեռնարկվել` «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին» պայմանագրից ԱՄՆ-ի հեռացումը մեղմելու համար, ՆԱՏՕ-ում պատրաստ չեն բովանդակալի երկխոսության ռուսաստանյան զինվորականների հետ, իսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ստորագրված ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման համաձայնագրի (ՌՀԶ-3) երկարաձգման հնարավորությունները գնալով նվազում են։
ԴԵռ մի քանի ամիս առաջ հույս կար, որ Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի 75- ամյակի ավարտին նվիրված Մոսկվայի տոնակատարության ժամանակ կարող էր տեղի ունենալ եվրոպական անվտանգությանը վերաբերող լուրջ քննարկում, բայց այժմ այլևս հույս չկա։
Ռուսաստանի և Եվրամիության միջև լրացուցիչ խնդիրներ առաջանում են նաև տնտեսական ոլորտում։ Նավթի գների կտրուկ անկումը խաթարում է դեպի Եվրոպա Ռուսաստանի արտահանման հիմքը, իսկ բնակչության իրական եկամուտների անկումը, որը զուգորդվում է ռուբլու արժեզրկմամբ, խարխլում է դեպի Ռուսաստան Եվրոպայի արտահանման հիմքը։ Ավելին, չի կարելի բացառել Մոսկվայի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառման հեռանկարները, որոնց եվրոպական շատ ընկերություններ ստիպված կլինեն այսպես թե այնպես հետևել։
Կորոնավիրուսը թերևս ավելի է ազդում հարաբերությունների հումանիտար ոլորտի վրա։ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկկողմ զբոսաշրջային հոսքերը գրեթե սառեցվել են։ Տխուր պատկեր է նկատվում կրթական և գիտական փոխանակումների շրջանում, որոնք գրեթե ամբողջությամբ կասեցված են, ինչպես և ցուցահանդեսների, փառատոնների, համերգների և այլնի անցկացումը (հանուն արդարության հարկ է նշել, որ փաստացի նույն սահմանափակումներն այսօր կան Եվրամիության կազմում)։
Ռուսաստանի և Եվրոպայի միջև մարդկային շփումների գործվածքը նոսրացվում է. երկու կողմի քաղաքացիական հասարակության հաստատությունները և գիտական և փորձագիտական համայնքները դեռևս չեն գտել արդյունավետ առցանց այլընտրանքներ փոխգործակցության ավանդական ձևաչափերին։
Արդյո՞ք ռուս-եվրոպական փոխգործակցության նոր հնարավորություններ են առաջացել համաճարակի սկզբից։ Ռուսաստանը, հավանաբար, կարող է օգտագործել Իտալիայի հետ համագործակցության մոդելը` ԵՄ այլ երկրներին աջակցելու համար, բայց Եվրոպայում ոչ բոլորն են այս մոդելը արդյունավետ համարում։
Մոսկվան և Բրյուսելը կարող են համակարգել իրենց համաճարակային արձագանքման ծրագրերը հարևան տարածաշրջաններում` Կենտրոնական Ասիայից, Արևմտյան Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, բայց ներկայիս պայմաններում երկու կողմերի համար էլ նման աշխատանքների իրականացման հնարավորությունները մնում են սահմանափակ։
Ավանդական օրակարգը, որը ներառում է այնպիսի տարատեսակ հարցեր, ինչպիսիք են ԵՄ-ԵԱՏՄ երկխոսությունը, ԵԱՀԿ ներուժի ամրապնդումը, 5G տեխնոլոգիաների զարգացումը, իրանական միջուկային գործարքի պահպանման պայքարը, իսկ կլիմայի և բնապահպանական հարցերի շուրջ համագործակցությունը, դեռ արդիական է, բայց դժվար թե այս օրակարգի համատեքստում իրատեսական է հույս դնել կողմերի միջև հարաբերությունների հիմնարար վերամեկնարկին։
Այնուամենայնիվ, նույնիսկ այս համեմատաբար համեստ հնարավորությունները պետք չէ անտեսել։ Այսօր շատ փորձագետներ կանխատեսում են, որ կորոնավիրուսային պանդեմիան կտրուկ կարագացնի միջազգային հարաբերությունների շարունակական վերակառուցումը` ԱՄՆ ” Չինաստան երկբևեռ համակարգի ուղղությամբ։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը շահագրգռված չեն կոշտ գլոբալ երկբևեռության ձևավորմանը, ինչը զգալիորեն սահմանափակում է երկու կողմերի համար համաշխարհային բեմում ձեռքերի ազատությունը։ Մոսկվայի և Բրյուսելի միջև համագործակցության պահմանումն ու զարգացումը կարող էր դառնալ այս բացասական միտումը խոչընդոտող մեխանիզմներից մեկը։
Նյութը պատրաստվել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ իրականացվող «Ռուսաստան-ԵՄ. երկխոսության զարգացում» ծրագրի շրջանակներում։ Անդրեյ Կարտունովը` ԵՄ-Ռուսաստան արտաքին քաղաքականության փորձագիտական ցանցի (EUREN) անդամներից մեկն է։
Թարգմանիչ` Անաստասիյա Հարությունյան (Anastasiya Harutyunyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են