Հոգեբան-նևրոիմունոլոգ Դեիզի Ֆենքուրթը այն մասին, թե ինչ ազդեցություն է թողնում արվեստը մեր բարեկեցության վրա, ինչպիսի հարաբերակցություն կա գեղարվեստական գրականություն կարդալու ու առողջական վիճակի միջև, և ինչպես կարող է արվեստը բուժել քրոնիկ ցավը:
Դարեր շարունակ քննարկումներ են եղել, թե արդյո՞ք արվեստն ունի որևէ հատուկ նպատակ մեր հասարակության մեջ: Կային փաստարկներ այն մասին, որ արվեստը պարզապես գոյություն ունի հանուն արվեստի, և պետք է դա ուղղակի վայելել որպես բավականություն պատճառող էսթետիկ փորձառություն: Բայց նաև մեր աչքին սկսեցին զարնել բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, որոնք ենթադրում էին, թե արվեստի մեջ ներգրավվածությունը կարող է օգտակար լինել մեր առողջության ու բարեկեցության համար: Այս ուսումնասիրությունների մարտահրավերներից մեկն այն է, որ դրանցից շատերը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կենտրոնացել են հատուկ միջամտությունների ու ճշգրտորեն ստեղծված ծրագրերի վրա, որտեղ մարդիկ դիտավորյալ մասնակցում են արվեստի նոր միջոցառումների, որպեսզի փորձեն բարելավել իրենց առողջության մի որոշակի մասը: Դրանք մեզ հիանալի արդյունքներ են տվել մտավոր, ֆիզիկական, ճանաչողական առավելությունների մասին: Սակայն, բազմիցս հիշատակվող թերություններից մեկն այն է, որ հաճախ այս ուսումնասիրությունները բավականին փոքր մասշտաբների են. դրանք ներառում են որոշակի մարդկանց խմբեր, որոնք անպայմանորեն չեն բնորոշում բնակչության մնացած մասին: Եվ դրանք միայն ուղղորդում են մարդկանց համեմատաբար կարճ ժամանակամիջոցում:
Այսպիսով, այս վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ես աշխատել եմ իմ թիմի հետ՝ դիտարկելով ազգային հասարակական տվյալները և փորձելով հասկանալ՝ արդյո՞ք ընդհանուր արվեստի ներգրավվածությունը մեր առօրյա կյանքում (ոչ թե մեր բարեկեցության ու առողջության, այլ պարզապես բավականություն ստանալու համար) նույնպես կարող է նմանատիպ օգուտ ունենալ առողջության համար: Մենք մասնավորապես աշխատել ենք կոհորտային հետազոտությունների տվյալների հետ: Սրանք տվյալների բազաներ են, որոնք հաճախ ծնված ժամանակվանից հետևում են բազմաթիվ մարդկանց, և մի քանի տարին մեկ հավաքագրում են հազարավոր փոփոխություններ՝ կապված նրանց մտավոր և ֆիզիկական առողջության, կրթության, գիտելիքիների, աշխատանքի, ֆինանսների հետ: Այս տվյալների բազաներից շատերը, որոնց մեծամասնությունը իրականացվում են Լոնդոնի համալսարանական քոլեջում, իրականում պարունակում են արվեստի ու մշակութային ներգրավվածության մասին հարցեր, ինչն էլ նշանակում է, որ կարող ենք տասնամյակների ընթացքում հետևել որևէ ազգ ներկայացնող մարդկանց օրինակների և տեսնել, թե արդյո՞ք արվեստի գործունեության տեսակները, որոնցում նրանք ներգրավվում են իրենց կյանքի ընթացքում, ունեն այս երկարաժամկետ օգուտները իրենց առողջության համար:
Մենք վերջին տարիների ընթացքում մի քանի իսկապես հետաքրքիր բացահայտումներ ենք արել: Գործերից մեկը, որն ուզում էինք անմիջապես քննել, մտավոր առողջությունն էր, քանի որ այնքան շատ նախագծեր կան, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես կարող է արվեստը օգնել մտավոր հիվանդությամբ տառապող մարդկանց վերականգնվել կամ հաղթահարել իրենց ախտանիշները: Բայց մենք նաև ցանկանում էինք ցույց տալ, թե արդյո՞ք արվեստն իսկապես կարող էր օգնել մտավոր հիվանդությունների ճնշումները կանխելու հարցում: Այլ կերպ ասած՝ եթե պարբերաբար արվեստի գործունեություն ծավալենք, կարո՞ղ է սա իրականում օգնել մեզ նվազեցնելու մտավոր հիվանդության զարգանալու վտանգը:
Այսպիսով, մենք մի քանի վերլուծություններ ենք անցկացրել՝ ուսումնասիրելով հատկապես մեծահասակներին՝ 50-ից բարձր տարիքային խմբին, և փորձել ենք հասկանալ, թե արդյո՞ք նրանք, ովքեր ներգրավված են արվեստում, դեպրեսիայի ավելի քիչ հավանականություն ունեն: Մենք եզրակացրինք, որ սա իսկապես այդպես է: Հիմա, իհարկե, կասեք՝ այն մարդիկ, ովքեր ներգրավված են արվեստում երևի առաջին հերթին պարզապես ավելի առողջ ու հարուստ են: Սակայն, մենք ի վիճակի ենք այս վերլուծությունները կատարել, քանի որ ունենք մարդկանց կյանքերի տարբեր հատվածների վերաբերյալ փոփոխությունների հարուստ բազաներ, և կարող ենք ձևավորել վիճակագրական վերլուծություններ այն բոլոր գործոններով, որոնք կարող են հնարավորինս շփոթեցնել հարաբերությունները: Օրինակ՝ եթե ուսումնասիրում ենք արվեստն ու դեպրեսիան, կարող ենք որոշել սոցիալ-տնտեսական վիճակը, սեռը, կրթությունը, աշխատանքային կարգավիճակը, առողջական խնդիրները և ֆիզիկական ակտիվությունը, արդյոք հանդիպու՞մ են իրենց ընկերների հետ, ներգրավվա՞ծ են այլ սոցիալական կամ համայնքային միջոցառումներում: Մենք փորձում ենք հասկանալ, թե արդյո՞ք կա արվեստում ներգրավվածության և դեպրեսիայի միջև կապ՝ անկախ այս բոլոր գործոններից:
Եվ դա իսկապես այն է, ինչ մեր վերլուծությունները ցույց են տվել: Սրանցից մի քանիսին վերաբերվել ենք որպես երկարաժամկետ վերլուծությունների՝ ուսումնասիրելով, թե որտեղ են մարդկանց մոտ դեպրեսիաներ զարգանում: Մենք նաև այլ վերլուծություններ ենք կատարել, որտեղ ընտրել ենք մարդկանց, որոնք ունեն դեպրեսիա, և նրանց համար գտել ենք համապատասխան զույգ, գրեթե երկվորյակ, որը չունի դեպրեսիա, բայց գրեթե ճիշտ նույնն են նրա կյանքի մնացած բոլոր գործոնները: Եվ կրկին կասեմ՝ այս մոտեցումն օգտագործելիս մենք կրկին եկանք այն եզրակացությանը, որ ավելի քիչ հավանական է, թե մարդկանց մոտ դեպրեսիա կզարգանա, եթե նրանք ներգրավված են արվեստում:
Իհարկե, պետք է նկատի ունենանք, որ արվեստում ներգրավվածությունը հաճախ փոխվում է ըստ ժամանակի, այսպիսով մենք ակնկալում ենք, որ մարդիկ մի քանի տարի ավելի շատ զբաղվեն արվեստով և հաջորդ տարի ավելի քիչ զբաղվեն՝ կախված այն բանից, թե ինչ է կատարվում նրանց կյանքում: Եվ մենք նաև գիտենք, որ մտավոր առողջությունն էլ կյանքի այլ գործոնների նման ժամանակի ընթացքում փոխվում է մեր կյանքում: Այսպիսով մենք հնարավորություն ենք ունեցել նաև ուսումնասիրություններ նախաձեռնելու, որտեղ կարող ենք հետևել այս բոլոր տարբեր գործոններին, երբ նրանք տարիների ընթացքում փոխվեն: Եվ կրկին տեսնում ենք այն կրկնվող պատկերը, որ այս կապը իսկապես կա արվեստում ներգրավվածության և դեպրեսիայի միջև:
Մենք նաև վերջերս սկսել ենք իրականացնել միջամտական ուսումնասիրություններ: Իսկապես հետաքրքիր է, երբ արվեստը դեղամիջոց ենք համարում, քանի որ այս թեմաների վերաբերյալ վերահսկողական մեծամասշտաբ փորձարկումներ անելը կարող է իրոք թարկարժեք լինել, և շատ տարիներ կարող է պահանջվել տվյալներ հավաքելու համար: Ուրեմն կոհորտային բազայի դեպքում կարող ենք խթանել ուսումնասիրությունները: Այժմ չենք կարող ամբողջապես վստահ լինել, թե մեր տեսածը այն է, ինչին մենք իսկապես հաղորդակցվում ենք փորձարկումներում, բայց սա մեզ կարող է մի փոքր միտք տալ և օգնել նվազեցնել ռիսկը, երբ դեռ նոր փորձարկումներ ենք կատարում:
Մենք ուսումնասիրել ենք այն մարդկանց, որոնք ունեն դեպրեսիա, բայց չունեն որևէ հոբբի: Ի՞նչ կպատահի այդ դեպրեսիային, եթե նրանք ընտրեն որևէ հոբբի: Եվ սա խթանում է, որ մարդիկ կարողանան արվեստը որպես դեղատոմս օգտագործել. նրանք հնարավոր է ունենան դեպրեսիա, գնան իրենց բժշկի մոտ, հանձնարարվեն ինչ-որ համայնքային արվեստի միջոցառման մասնակցել այն հուսով, որ սա կօգնի: Մենք պարզեցինք, որ այն մարդիկ, որոնք նոր հոբբի են գտնում, երբ ճնշված են, երկու անգամ ավելի հավանական է, որ կհաղթահարեն դեպրեսիվ ախտանշանները: Այսպիսով, սկսում ենք արվեստի ու մտավոր առողջության միջև կապի մեկ այլ պատկեր նկատել:
Մենք նաև ուսումնասիրեցինք բնակչության այլ խմբերի, ինչպիսիք են երեխաները, և պարզեցինք, որ այն երեխաները, որոնք հիմնական դպրոցում ներգրավվում են արվեստի միջոցառումներում, հավանական է, որ կունենան ինքնագնահատականի ավելի բարձր մակարդակ պատանեկան կյանք սկսելիս, իսկ ինքնագնահատականը մեծապես կապված է երեխայի մտավոր առողջության հետ: Մենք մասնավորապես նկատեցինք, որ եթե ծնողները այս միջոցառումներին մասնակցեն իրենց երեխաների հետ, վերջիններս նույնիսկ ավելի ուժեղ խթան կստանան իրենց ինքնագնահատականի կայունության համար: Այսպիսով, շատ կարևոր, երբ ծնողները իրենց երեխաների հետ ներգրավվում են արվեստում որպես ընտանիք: Մենք նաև կարծում ենք, որ հենց միայն ինքնագնահատականը չէ. իրականում այլ առավելություններ նույնպես կան: Կարծում ենք՝ այն երեխաների մոտ, որոնք իրենց մասնակցությունն ունեն արվեստի միջոցառումներում, ավելի քիչ հավանական է, որ դեռահաս տարիքում կառաջանան հասարակության հետ հարմարեցման խնդիրներ: Օրինակ՝ ավելի քիչ հավանական է, որ նրանք կունենան խնդիրներ իրենց ընկերների, ուսուցիչների և այլ մեծահասակների հետ իրենց կյանքում, բայց շատ հնարավոր է, որ կունենան սոցիալական հարմարեցման լավ միտումներ (ինչը և մենք կոչում ենք սոցիալամետ վարվելակերպ), և նաև կարծում ենք՝ ավելի քիչ հավանական է նրանց մոտ դեպրեսիայի զարգացումը, որը հենց նկատում ենք այլ մեծահասակների մոտ, միևնույն ժամանակ շատ հնարավոր է, որ նրանք ավելի առողջ կյանքով կապրեն: Օրինակ՝ երեխաները, որոնք ամեն օր բավականին շատ են կարդում գեղարվեստական գրականություն (սա հաճախ է հանդիպում փոքր տարիքի երեխաների մոտ, քանի որ նրանք շատ գրքեր կարդալու ժամանակ ունեն), իրականում շատ ավելի լավ առողջական վիճակ ունեն: Պարզեցինք, որ ավելի քիչ հավանական է, որ նրանք թմրանյութեր կամ ծխախոտ փորձեն, և ավելի հավանական է, որ կուտեն մրգեր ու բանջարեղեն պատանեկան կյանքում:
Այստեղ ինտրիգայինն այն է, որ մենք պարզեցինք, որ ունակությունները, թվում է՝ նշանակութուն չունեն, կարևորը գործունեություն ծավալելն է, անհրաժեշտ չէ շատ լավ լինել դրանից: Մասնակցությունն է, որ հաշվի է առնվում: Այս բոլոր վերլուծություններին մենք կրկին հանգում ենք՝ անկախ երեխաների կյանքում առկա այլ գործոններից: Սա ենթադրում է, որ արվեստը պարզապես ավելի բարձր սոցիալ-տնտեսական մակարդակի գտածո չէ, այլ հենց արվեստում ներգրավվելն է կարևորը:
Ես շատ եմ խոսել մտավոր առողջության մասին, բայց մենք նաև նկատում ենք ճանաչողական օգուտները, և սա մեկ այլ օրինակ է, երբ միջամտական ուսումնասիրությունները մեզ իսկապես հետաքրքիր տվյալներ են հաղորդում արվեստի օգտակար լինելու մասին: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը ունի թուլամտություն, ինչպե՞ս կարող է արվեստը օգտակար լինել նրա մտավոր առողջությանը, վարվելակերպին, հիշողության օգտագործմանը և այլ մեծահասակների հետ փոխգործակցությանը: Բայց մենք նաև պարզել ենք՝ արվեստում ներգրավվածութունը կարող է օգնել նվազեցնել ծեր տարիքում ճանաչողության անկումը: Օրինակ՝ մեր իրականացրած մի քանի վերլուծություններում պարզել ենք, որ թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համերգներ գնալը և նման գործունեությունները իրականում կապված են ծեր տարիքում ճանաչողության անկման ավելի ցածր մակարդակի հետ (կրկին կասեմ՝ անկախ մարդկանց կյանքի բոլոր այլ գործոններից): Նաև կարծում ենք, որ այս գործունեությունները իրականում կապված են թուլամտության զարգանալու ավելի ցածր մակարդակի հետ: Սա կապված է ճանաչողական պահեստ կոչված տեսության հետ, որն էլ ենթադրում է, թե մեր կյանքում կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք կարող են օգտակար լինել ներվային շեղումների դեմ ուղեղի ճկունություն ստեղծելու հարցում: Սա կարող է այն դեպքը լինել, երբ մշակութային գործունեությունները օգնում են ճանաչողական կերպով խթանող գործունեություններ ապահովելու հարցում, դրանք տալիս են հասարակական աջակցություն և նաև օգնում են նոր փորձառություններ ու էմոցիոնալ արտահայտում տալու հարցում: Դրանք կրթության ու հմտությունների զարգացման մեր ձևն են:
Այս բոլոր տարբեր գործոնները ճանաչողական պահեստի մասն են. դրանք օգնում են մեզ ստեղծել ուղեղի ճկունություն:
Մենք բացահայտել ենք, որ մշակութային ներգրավվածությունը կապված է թուլամտության ցածր ռիսկի հետ: Ավելին, եթե հաշվի առնենք մահը, որը կարևոր գործոն է, կտեսնենք, որ շատերը մահանում են հենց թուլամտությունից, մինչ այն իրականում կհասցներ նրանց համար ավելի մեծ խնդրի վերածվել: Մենք իրականում դեռևս շարունակում ենք այս ուսումնասիրությունները: Մենք նույնիսկ մի քայլ առաջ ենք գնացել. հաշվի ենք առել թուլամտության զարգացման ռիսկը կամ թուլամտությունից մահանալու մեծ հավանականությունը, և կրկին, մշակութային ներգրավվածությունը սրանցից էլ է պաշտպանում:
Մենք նաև վերլուծություններ ենք կատարել՝ ավելի շատ ուսումնասիրելով ֆիզիկական առողջությունը և գիտենք, որ շատ ֆիզիկական առողջության պայմաններ, հատկապես նրանք, որոնք զարգանում են ծեր տարիքում, կարող են իրենց ծագումով լինել ֆիզիկականի և մտավորի համակցություն: Այսպիսով, մենք վերլուծություններ ենք կատարել՝ ուսումնասիրելով, օրինակ, քրոնիկ ցավը: Պարզ է դարձել, որ աշխույժ ֆիզիկական գործունեությունը կարող է իսկապես պաշտպանել ծեր տարիքում քրոնիկ ցավի զարգանալուց, բայց գիտենք, որ քրոնիկ ցավի մեջ կան նաև հոգեբանական բաղադրիչներ: Այսպիսով, մենք պարզեցինք, որ այն մարդիկ, որոնք մասնակցում են արվեստի և մշակութային միջոցառումներին, նույնպես ունեն ծեր տարիքում քրոնիկ ցավի զարգանալու ցածր ռիսկ, գուցե քանի որ այս գործունեությունները սահմանափակում են նստակյաց ապրելակերպը. երգելը, պարելը, այգեգործությունը մարդկանց ոտքի են բարձրացնում և տնից դուրս հանում, բայց դրանք նաև ապահովում են այն հասարակական խթանը, մտավոր առողջությունը, բարեկեցության պայմանները, էմոցիոնալ արտահայտումը, սթրեսի նվազումը, որոնք բոլորը կարող են պաշտպանել քրոնիկ ցավի զարգացումից:
Մենք նաև կատարել ենք նույն վերլուծությունները՝ ուսումնասիրելով թուլությունը, որը կազմված է բազմաթիվ և տարատեսակ բաղադրիչներից` ներառյալ մտավոր առողջությունը և ակտիվ ապրելակերպ պահելը: Կրկին նույն պատկերն ենք տեսնում. արվեստում ներգրավվելը պաշտպանում է թուլության զարգանալուց, և նույնիսկ եթե ձեզ մոտ արդեն զարգացել է թուլություն, մշակութային մասնակցությունը կարող է պաշտպանել ճանաչողության նվազման ավելի արագ զարգացող ցուցիչներից:
Այսպիսով, սա մեզ ցույց է տալիս, որ արվեստը և մշակութային ներգրավվածությունը բնորոշ օրինակներով փոխկապակացված են բնակչության տարբեր խավերի մակարդակներում` հանդես գալով մտավոր, ֆիզիկական և ճանաչողական ավելի լավ արդյունքներով` թե՛ դրանց խոչընդոտելու, թե՛ ավելի լավ հետագիծ ունենալու հարցում: Սա նույնպես ինքնուրույնորեն չի ապահովում ամբողջական պատկերը, և իհարկե չենք կարող լիարժեք վստահ լինել պատճառահետևանքային կապի վերաբերյալ, երբ դիտում ենք կոհորտային բազան, բայց երբ սկսում ենք ուսումնասիրել փաստի բոլոր գոյություն ունեցող տեսակները (օրինակ՝ վերահսկողության պատահական փորձարկումները, ազգագրական կամ որակական ուսումնասիրությունները, լաբորատորիաների կենսաբանական ուսումնասիրությունները), հիանալին այն է, որ սրանց շուրջ իսկապես նմանատիպ օրինակներ ենք տեսնում այս կոհորտային տվյալների հետ մեկտեղ: Սա ենթադրում է, որ այն պարզապես մի որոշակի մեթոդաբանական մոտեցման գտածո չէ, այլ կարող է փաստորեն լինել իրական բացահայտում, որ արվեստում ներգրավվածությունը պաշտպանում է մարդու առողջությունը: Այսպիսով, երբ վերադառնանք այն փաստարկին, թե արվեստը պարզապես գոյություն ունի հանուն արվեստի, ապա կասեմ, որ արվեստը, իհարկե, հաճելի է հենց հանուն արվեստի, և մենք պետք է համոզված լինենք, որ նույնպես ներգրավվում ենք զուտ հաճույքի համար, բայց իսկապես խոստումնալից ու սփոփող է իմանալը, որ հենց մեր կյանքի հաճելի դրվագները, որոնցից է մշակութային մասնակցությունը, կարող են առողջության համար թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ օգտակար ազդեցություն ունենալ:
Դեիզի Ֆենքուրթ
Հոգեբանական նևրոիմունոլոգայի դոկտոր, ավագ հետազոտող, Լոնդոնի համալսարանական քոլեջ
Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: