Հազար մղոն երկարությամբ ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից: Այս համաճարակի միջով ճանապարհորդությունը երկար ու ծանր է լինելու: Մենք չենք կարող իմանալ, թե որտեղ դա կավարտվի, չնայած դժվար չէ կռահել: Փոխարենը անհրաժեշտ է կենտրոնացնել այն քայլերը, որոնք մենք պետք է կատարենք, եթե ուզում ենք խուսափել անկում տանող այն նեղ ճանապարհից, որը մի կողմից տանում է զանգվածային մահերի, մյուս կողմից՝ տնտեսական ավերածությունների: Եթե մոտ ժամանակներս չխուսափենք այդ արհավիրքներից, ապա կկանգնենք քաոսի առջև: Նույնիսկ եթե դա հաջողվի անել, մենք չենք վերադառնա այն նորմալ վիճակին, որը շնորհված էր մեզ մինչև վերջերս: Դրա համար պետք է գոնե սպասենք բուժմանը կամ պատվաստանյութին, իսկ տնտեսական և սոցիալական վնասները կտևեն նույնիսկ ավելի երկար:
OECD-ի կողմից իրականացվող վերլուծությունը ցույց է տալիս, որ սպասվում է տնտեսական ցնցում: Սա սովորական ռեցեսիա կամ նույնիսկ դեպրեսիա չէ՝ պահանջարկի անկմամբ պայմանավորված: Տնտեսական գործունեությունը դադարում է մասամբ այն պատճառով, որ մարդիկ վախենում են շփումից և մասամբ էլ այն պատճառով, որ կառավարությունները նրանց հորդորել են մնալ տանը: Այս գործողությունների անմիջական ազդեցությունը կարող է լինել բարձր եկամուտ ունեցող «Մեծ յոթնյակ»-ի երկրներում համախառն ներքին արդյունքի նվազումը 20-ից մինչև 30 տոկոսի սահմաններում: Յուրաքանչյուր ամիս, քանի դեռ մեր տնտեսությունների մեծ մասը մնում է փակ, տարեկան աճը կարող է նվազել 2 տոկոսով:
Ավելին, ծախսերը բաշխվում են անհավասարաչափ: Աշխատանքը կորցնելուց ամենաշատը տուժում են ոչ շատ հմուտ աշխատողները: Անհատները և ձեռնարկությունները, որոնք ունակ են աշխատել առցանց, շարունակում են աշխատել: Նրանք, ովքեր չեն կարողանում դա անել, չեն անում:
Ծախսերը ամբողջ աշխարհի մակարդակով ևս հավասարաչափ չեն բաժանվում: Զարգացող երկրներից շատերը տուժում են արտաքին պահանջարկի, ապրանքների գների անկումից և կապիտալի աննախադեպ հոսքից ու միևնույն ժամանակ ստիպված են կառավարել համաճարակը խիստ անբավարար առողջապահական համակարգերով: Սահմանափակումները հատկապես դաժան են այն երկրներում, որոնք չունեն բարեկեցության համակարգեր, կամ դրանք սահմանափակ են, և որտեղ կան հսկայական թվով մարդիկ, ովքեր գոյատևում են իրենց ամենօրյա վաստակի հաշվին՝ անկայուն, ոչ ֆորմալ տնտեսության պայմաններում:
Ճիշտ է հարցնել՝ հնարավո՞ր է արդյոք, որ այսպիսի տնտեսական կոտորածները արդարացվեն: Բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում Շվեդիան ցուցաբերել է նվազագույն սահմանափակիչ մոտեցումը: Փոխզիջումները բացահայտվում են Նորվեգիայի համեմատությամբ. գործազրկությունն աճել է նաև Շվեդիայում, բայց շատ ավելի քիչ, քան հարևան երկրում, սակայն Շվեդիայում մահացությունների թիվն ավելի մեծ է: Մենք պետք է շնորհակալ լինենք շվեդական փորձին: Այժմ կարող ենք այս կամ այն ձևով դասեր քաղել դրանից:
Իմ տեսակետը, այնուամենայնիվ, համահունչ է առողջապահության փորձագետների և առաջատար տնտեսագետների տեսակետին, այն է՝ սահմանափակումները անհրաժեշտ են առողջապահական համակարգերը փլուզումից փրկելու և հիվանդությունը վերահսկելու համար: Բայց դրանք պետք է լինեն կարճաժամկետ: Անհնար է անորոշ ժամկետով մարդկանց պահել փակված՝ առանց հսկայական անձնական տառապանքների, սոցիալական ու տնտեսական վնասների: Սա ակնհայտ ճիշտ է այն պարագայում, երբ կառավարությունները ի վիճակի չեն ապահովել ծախսատար սոցիալական պաշտպանության միջոցառումներ, որոնք կկարողանան իրագործել բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Սահմանափակումները պետք է լինեն որպես կարճ դադար, նախքան մենք անցում կկատարենք նրան, ինչին գերմանացի փորձագետների խումբն անվանում է «ռիսկին հարմարեցված ռազմավարություն»: Սահմանափակումների ժամանակ կառավարությունները պետք է անեն հնարավորը, որ կրկին նման ծանր միջամտությունների կարիք չլինի: Նրանք շատ ժամանակ չունեն դա անելու համար. մի քանի ամիս, ոչ ավելին: Հակառակ դեպքում, հնարավոր է՝ այլ այլընտրանք չլինի, քան Շվեդիային ընդօրինակելը:
Սահմանափակումները վճարովի դարձնելը այն կարևոր առաջին քայլն է, որը մեզ թույլ կտա ապրել առանց դրանց: Երկրորդ քայլը տնտեսական վնասը նվազագույնի հասցնելն է: Այստեղ ուշադրությունը պետք է կենտրոնացվի այսօրվա վրա, ոչ թե պետական բարձր պարտքի և ապագայի այլ ծանրաբեռնվածությունների վրա: Կարիք չկա ամեն օրվա խնդիրների վրա ավելացնել նորերը: Ինչպես պատերազմում՝ պետք է փրկել ներկան, եթե կա ապագա, որն արժե ունենալ:
Թե ինչ պետք է արվի ավերիչ տնտեսական ազդեցությունը կառավարելու համար, բացի տնտեսությունների արագ, անվտանգ և ողջամտորեն վերագործարկելուց, առաջարկվում է հաշվի առնել հետևյալ երեք կարևոր նկատառումները:
Նախ՝ պաշտպանել թույլերին, ինչպես երկրների ներսում, այնպես էլ դրանցից դուրս: Հիվանդությունը սպառնում է բոլորիս: Այն, թե ինչպես է որևէ մեկը արձագանքում դրան, մեր էթիկական չափանիշն է: Անհրաժեշտ է բոլորի համար ապահովել հիմնական տնտեսական անվտանգությունը, եթե նրանք ի վիճակի չեն աշխատել: Ժամանակավոր համընդհանուր հիմնական եկամուտը լուծման ակնհայտ տարբերակ է: Նմանապես կարևոր է խոցելի տնտեսություններին աջակցելու ուղիներ գտնելը: Դրա համար գոյություն ունեն բազում արմատական հնարավորություններ: Դրանցից մեկը ԱՄՀ-ի նոր մեծածավալ թողարկումն է հատուկ փոխառության իրավունքների գծով, որի արդյունքում բարձր եկամուտ ունեցող երկրները իրենց մասնաբաժինը նվիրաբերում են ի շահ առավել խոցելի զարգացող երկրների: Կարևոր կլինի նաև ճգնաժամի ընթացքում պարտքի սպասարկման վճարների դադարեցումը:
Երկրորդ՝ մի՛ վնասիր: Ամենախորը վերքը ի հայտ կգա առևտրային համակարգի ամբողջովին ոչնչացման արդյունքում: Դա չափազանց կդժվարացնի ճգնաժամի ավարտից հետո գլոբալ բարգավաճման գործընթացը:
Երրորդ՝ հրաժարվեք հնացած կարծրատիպերից: Կառավարությունները արդեն հրաժարվել են հին հարկաբյուջետային կանոններից, և այդպես ճիշտ է: Կենտրոնական բանկերը նույնպես պետք է անեն այն, ինչ անհրաժեշտ է: Սա նշանակում է, որ նրանք պետք է ֆինանսավորեն կառավարություններին: Կենտրոնական բանկերը ձևացնում են, որ այն, ինչ իրենք անում են, հետադարձելի է, ինչպես անկանխիկ ֆինանսավորումը: Լավ է, եթե դա օգնում է նրանց գործել, նույնիսկ եթե դա այդպես չէ: Եվրագոտում նրանք շատ են խոսում եվրոբոնդերի մասին: Բայց այն աջակցությունը, որը կարևոր է, պետք է ստացվի Եվրոպական կենտրոնական բանկից: Այլընտրանք չկա: Ոչ ոք կարիք չունի անհանգստանալու: Հետևանքները կառավարելու եղանակներ կան: Նույնիսկ «helicopter money»-ը (մեծ ծավալով նոր փողեր, որոնք թողարկվում և բաշխվում են հասարակությանը) կարող է լիովին արդարացված լինել նման խորը ճգնաժամի պայմաններում:
Այս ամենից ավելի ցավալի երկընտրանքներ են առաջանում: Նմանատիպ արտակարգ իրավիճակները կօգտագործվեն ներկայիս բռնակալների կողմից՝ իրենց ազդեցությունը ուժեղացնելու համար: Միևնույն ժամանակ, որոշ ազատություններից ստիպված կլինեն ժամանակավորապես հրաժարվել: Այսպիսի դժվարին փոխզիջումների կառավարումը կախված է վստահության և հավաստիության բարձր մակարդակներից, ինչն այդքան էլ այսօրվա ժողովրդավարությանը բնորոշ առանձնահատկություններից չէ: Բայց փորձարկման ժամանակը հիմա է: Կառավարությունները, որոնք չեն կարողանում դիմակայել այս մարտահրավերներին, ռիսկի են դիմում հայտնվել վտանգի առջև: Քաղաքական համակարգերը, որոնք ստեղծում են նման կառավարություններ, ռիսկի են դիմում կորցնել իրենց օրինականությունը: Մենք պետք է ճիշտ կատարենք մեր հաջորդ քայլերը. ամեն ինչ կախված է հենց դրանից:
Թարգմանիչ՝ Մարիամ Խաչատրյան (Mariam Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: