Եվրոպական միության ժողովրդավարության ակնառու հատկանիշներից է քաղաքական տենդենցների բազմազանությունը: Ժողովրդավարական քաղաքացիությունը վերականգնելու համար Եվրոպական միությունը պետք է լուծի Եվրոպայում տարածված երեք ընդհանուր խնդիր:
Վերջին երկու տարիներին Եվրոպայի քաղաքական ինստիտուտների ցանցի (EPIN) «Դեպի քաղաքացիական միավորում» (2CU) նախագիծը, որը ֆինանսավորվում է նաև Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի կողմից, գնահատել է Եվրոպական միության ժողովրդավարական տենդենցները: Ինչպես այս նախագիծն է ենթադրում, մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս տեղային հետազոտության հագեցած ծրագրի շրջանակներում:
Նախագիծն օգտվել է ԵՄ անդամ երկրների գործընկեր-ինստիտուտների աշխատանքից, որոնք ունեն տեղական գիտելիքների մեծ պաշար և ունակ են մանրամասն էմպիրիկ հետազոտություն իրականացնել իրենց սեփական երկրներում: Սա օգնեց կառուցել եվրոպական ժողովրդավարության պատկերը ներքևից վերև՝ օգտագործելով չափազանց գրանուլացված հումք:
Տեղեկատվության այս զանգվածի ակնառու առանձնահատկությունն է Եվրոպայում քաղաքական միտումների կտրուկ փոփոխությունը: Այսօր ԵՄ քաղաքականության վերլուծությունը սահմանափակված է իբրև պանեվրոպական ժողովրդավարության ճգնաժամի միասնական դրամատիկ պատմություն: Ի հակադրություն դրան՝ մեր նախագիծը ենթադրում է, որ եվրոպական ժողովրդավարության փոփոխությունները պայմանավորված են շատ ավելի անկանոն զարգացումներով: Ծրագրի կողմից իրականացված մանրամասն ուսումնասիրությունը՝ ժողովրդավարական փոփոխությունների շատ տարբեր հարթությունների վերաբերյալ, զգուշացնում է ժլատության մասին: Թեպետ անդամ երկրներն ակնհայտորեն բախվում են նույն մարտահրավերներին, երկրների միջև տարբերությունները հավանաբար ավելի ակնառու են, քան ժողովրդավարական էվոլյուցիայի ցանկացած համապարփակ շղթա:
Որոշ պետություններում ժողովրդավարությունն իսկապես էքզիստենցիալ ճգնաժամի ճիրաններում է, բայց մյուս երկրներում այն չունի դրամատիկ կարգավիճակ և անգամ աննշան աճ է գրանցել որոշ տարածաշրջաններում: ԵՄ երկրների կառավարություններից մի քանիսը պատրաստ են մասնակցության նոր ձևեր որդեգրել, բայց մյուսները դժկամություն են ցուցաբերել այս հարցում: Որոշ երկրներում իրականացվում է խիստ պետական վերահսկողություն, մինչդեռ մյուս երկրներում հիմնական սպառնալիքը անկառավարելի պլյուրալիզմն է: Որոշ պետություններում կուսակցական համակարգերը սկսել են վերակառուցվել, իսկ մյուս պետություններում ամենահեղինակավոր կոալիցիաները թաքնվել են՝ իբրև ինքնապաշտպանության ձև: Որոշ խորհրդարաններ կորցրել են իրենց ուժն ու հեղինակությունը, մինչդեռ մյուսները նոր գործառույթներ են հանձն առել և սկսել են հաստատել իրենց գերակայությունը գործադիր իշխանության հանդեպ:
Թվում է, թե որոշ քաղաքացիներ փնտրում են ժողովրդավարության այլ տեսակ՝ հեռու ներկայացման ավանդական աղբյուրներից, բայց այլ երկրներում դժգոհությունն առավելապես կապված է կոնկրետ կուսակցությունների և առաջնորդների, ոչ թե բուն համակարգի հետ: Որոշ երկրներում այսպիսի մեծ անհանգստության խորքային շարժիչ ուժը լիբերալ հիմնարար արժեքների հանդեպ տարածված հակակրանքն է. այլ պետություններում այս տենդենցն այդքան ակներև չէ, իսկ նատիվիստական-պոպուլիստական պրիզմային քիչ նշանակություն է տրվում: Միևնույն ժամանակ, ԵՄ մակարդակում որոշ ժողովրդավարական խնդիրների խորացմանը զուգահեռ ձևավորվում են ռեֆորմների նոր, խոստումնալից նախաձեռնություններ:
Այս առանձնահատկությունների ուսումնասիրությունից ծագում է մի հարց. արդյո՞ք եվրոպական ժողովրդավարությունը հայտնվել է քանակական փոփոխությունների ճահճում, որոնց մի մասը դրական է ազդում ժողովրդավարության վրա, մյուս մասը բացասական հետևանքներ է առաջ բերում, և որոնք ի հայտ են գալիս ազգայնական կոնկրետ հանգամանքներից՝ առանց որևէ ընդհանուր ուղվվածության: Թե՞ քաղաքական զարգացումների բազմազանության մեջ կան որոշակի մոդելներ՝ ավելի ուղղորդված փոփոխություններ, որոնք պատկերացում են տալիս եվրոպական ժողովրդավարության ավելի երկարաժամկետ կառուցվածքի մասին:
Հիմնարար մոդելներ
Ժամանակակից տենդենցների բազմազանությունը կարող է անհնար դարձնել եվրոպական ժողովրդավարության որևէ համապարփակ տեսության ի հայտ բերելը. վստահաբար դժվար է որոշել նաև որևէ ակնհայտ իմացաբանական վերջնակետ՝ դրական կամ բացասական, որին կարող են ձգտել ժողովրդավարական համակարգերը: Պարզվում է, որ ճգնաժամի և կործանման հանրահայտ սցենարները չափազանց տագնապահարույց են ազգային համատեքստում տեղավորվելու համար: Ավանդական հայեցակետը չափազանց լավատեսական է շատերի համար: Լայն տարածում գտած պոպուլիստական ալիքն ավելի կարևոր սպեկտր է որոշ համատեքստերում:
Այնուամենայնիվ, մեզ տեսանելի են որոշակի ընդհանրական մոդելներ: Մեր նախագիծը առաջ է քաշել երեք տարածված, լայն ընդգրկում ունեցող խնդիրներ: Դրանք կարող են տարբեր կերպ արտահայտված լինել կամ քաղաքացիների կողմից տարբեր արձագանքների արժանանալ ազգային յուրաքանչյուր համատեքստում, բայց դրանք ընդհանուր խնդիրներ են, որոնք Եվրոպայում կարծես հստակ ճանապարհ են հարթում փոփոխությունների համար:
Նախ, հաշվետվության համաձայն՝ ակնհայտ է անկում գրանցելու տենդենցը: Մեր նախագծի կողմից ուսումնասիրված ռեֆորմացիոն նախաձեռնությունների հետևում կա ակնհայտ մտադրություն. քաղաքացիներին ուղղակիորեն ներգրավել պետական որոշումների կայացման գործում: Այս տրամադրությունն առաջ է բերում ժողովրդավարական նորարարության տարբեր դրսևորումներ՝ առցանց ստորագրահավաքներ, հանրային մասնակցության ժողովներ, կոնսուլտացիաներ և տեղական հանրահավաքներ: Դրանց միջև կապող օղակ է ժողովրդավարական վերահսկողություն սահմանելու և մոնիթորինգը տեղային մակարդակով իրականացնելու, ապոկրիֆային հասարակ քաղաքացուն ավելի մոտ դարձնելու էթոսը:
Երկրորդ տենդենցն անցումն է պասիվ մասնակցությունից ակտիվին: Սա ԵՄ քաղաքական զարգացումների ընդհանուր ողնաշարն է: Այն առավել ակնառու է ժողովրդավարամետ բողոքի ցույցերի աճող թվերից, քաղաքացիական ժողովներից և քաղաքացիական հասարակության նախաձեռնություններից: Միևնույն ժամանակ, այն հավասարապես ակնհայտ է այնպիսի գործողություններից, որոնք միտված են քաղաքացիական ակտիվության էթոսն ավելի ավանդական ժողովրդավարական կառույցների, ինչպես օրինակ՝ քաղաքական կուսակցությունների կամ խորհրդարանների մեջ ներգրավելուն: Վերջին տարիներին այն նաև փոխանցում է զարգացումների ոգին ԵՄ մակարդակում:
Հետաքրքրական է, որ եվրոպական կառավարություններից շատերը շիզոֆրենիայի հասնող վերաբերմունք ունեն վերոնշյալ տենդենցների հանդեպ, որոնք ուղղված են ավելի տեղայնացված, ակտիվ ժողովրդավարության ձևերին: Նրանց գործողությունները և՛ խթանել, և՛ խոչընդոտել են զբոսաշրջության զարգացման այսպիսի ընթացքը: Շատ կառավարություններ և տեղական ինքնակառավարման մարմիններ խրախուսել են այսպիսի զարգացումներն իբրև հասարակական դժգոհությունը ընտրախավի և գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կառույցների միջոցով ճնշելու հնարավոր միջոց: Բայց միևնույն ժամանակ նրանք, որպես կանոն, փորձել են սահմանափակել կամ վերահսկել այդ զարգացումները՝ մտահոգվելով,, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հետագա որոնումներն ու ակտիվ ժողովրդավարական մասնակցության առավել պայթյունավտանգ ձևերը ակնհայտ պոպուլիստական հակալիբերալիզմի և ստատուս քվոն ծայրահեղ կերպով հարցականի տակ դնելու այս ժամանակաշրջանում: Սա մերօրյա լարվածության և բանավեճերի դեռևս չքարտեզագրված սահմանն է, որի միջոցով որոշվելու է եվրոպական ժողովրդավարության ապագան. պայքար է ընթանում մի կողմից հանուն ժողովրդավարական մասնակցության առավել բաց ձևերի, իսկ մյուս կողմից՝ ժողովրդավարության առավել վերահսկվող ձևերի համար:
2CU նախագծի կողմից դուրս բերված երրորդ մոդելը համապատասխանում է ԵՄ մակարդակին: Քաղաքական մասնակցության տարբեր մակարդակներում՝ առանձին քաղաքացիներից մինչև քաղաքական կուսակցություններ, խորհրդարաններ, կառավարություններ և վերազգային մարմիններ, նկատվում են սպասումներ, որ ԵՄ-ն պետք է ապացուցի իր համապատասխանությունը ժողովրդավարական ռեգեներացիայի գործընթացին: Մեր թեմատիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ԵՄ մակարդակը շարունակում է մնալ խնդրահարույց, որն ավելի է ընդգծում Եվրոպայի ժողովրդավարության թերությունները: Բայց միևնույն ժամանակ այս խնդիրն իր խորքային մակարդակում ձեռք է բերել համբավ առ այն, որ ժողովրդավարության կործանումն անհնար է կանխել՝ առանց ԵՄ մակարդակում լայնածավալ փոփոխություններ իրականացնելու:
Նախագծի աշխատանքների հիմնական մասը վերաբերում է ազգային և ԵՄ մակարդակների միջև առկա ակնհայտ փոխադարձ կապին: Ազգային ժողովրդավարությունն անհնար է պաշտպանել կամ կատարելագործել առանց ԵՄ մակարդակի ռեֆորմների, իսկ ԵՄ մակարդակի ժողովրդավարական ռեֆորմը չի կարող ծառայել իր նպատակին՝ առանց ազգային և անդրազգային մակարդակի ռեֆորմների: Ուշագրավ է այն հանգամանքը, որ թեպետ ժողովրդավարական նորարարությունները կենտրոնացված են տեղային մակարդակում, բայց ԵՄ մակարդակում ևս դրական տեղաշարժ է նկատվում:
Այս երկակիությունը կարելի է համարել հակասական և խնդրահարույց եվրոպական ժողովրդավարության հետագա զարգացման համար: Մի աշխարհում, որտեղ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական սուր հակամարտություն է ընթանում, ԵՄ բանավեճերի հիմնական թեման մասշտաբն է. շատերը ցանկանում են, որ ԵՄ-ն գործի իբրև հզոր ուժ, որպեսզի կարողանա մրցել այլ հզոր ուժերի և բլոկների հետ: Հավասարապես ակնհայտ է նաև այն, որ շատ քաղաքացիներ ցանկանում են, որ իշխանությունը պատկանի ժողովրդին, իրենց խնդիրները լսելի դառնան և մուտք գործեն որոշումների կայացման դաշտ, այլ ոչ թե որ ԵՄ-ն լինի առանձին, իշխանամետ հսկա: Իսկ այն, թե ինչպես կարելի է այս երկու խնդիրներն ընդհանուր հայտարարի բերել, մնում է անհայտ. ինչպե՞ս կարող է «աշխարհաքաղաքական» կոչվող այս նոր հանձնաժողովը նաև խթանել ժողովրդավարությունը, եթե դրա համար հակառակ փոփոխություններ են պահանջվում: Ժամանակակից քաղաքական զարգացումների մոդելը կարելի է նկարագրել իբրև տեղայնացված եվրոպականության որոնումներ: Այս խնդրի լուծման հավանականությունը և ընտրված միջոցները վճռորոշ կլինեն ԵՄ ապագայի հարցում:
Եվրոպական ժողովրդավարության համընդհանուր քաղաքականություն
Ի հետևություն այս ամենի՝ կարելի է ասել, որ ազգային քաղաքականության առանձնահատկությունների միջև տեսանելի են կամ թերևս ուրվագծվում են որոշակի մոդելներ: Միևնույն ժամանակ, մեր նախագիծը ցույց է տալիս, որ Եվրոպայում գործում է ոչ թե համընդհանուր «ժողովրդավարական քաղաքական օրակարգ», այլ առանձին քաղաքական արձագանքների, քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների, քաղաքացիական ընդվզումների, քաղաքական կուսակցությունների կատարած փոփոխությունների, խորհրդարանական ջանքերի և թվային ռազմավարությունների մասնատված ամբողջություն:
Սա իսկապես ճիշտ է ազգային մակարդակում՝ յուրաքանչյուր անդամ-պետության ներսում, բայց առավել ակնառու է դառնում ԵՄ մակարդակում: ԵՄ մակարդակում ժողովրդավարական նորարարությունների ոչ լիարժեք, մասնատված բնույթն առավել ընդգծված է և առավել կործանարար՝ կապված այն հետևանքներին, որ բերել են ռեֆորմների անցկացմանն ուղղված տարատեսակ ջանքերը: Ինտեգրալ մտածելակերպի և ժողովրդավարությանն ուղղված գործողությունների բացակայությունն ակնհայտ է և՛ ժողովրդավարական ռեֆորմի տարբեր մակարդակներում՝ քաղաքացիներ, քաղաքացիական հասարակություն, կուսակցություններ, խորհրդարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ԵՄ մարմիններ, և՛ ազգային մակարդակի տարբեր նախաձեռնությունների միջև:
Իհարկե, ԵՄ քաղաքականության բոլոր ոլորտներում առկա են համաձայնեցման խնդիրներ, և ձեռնարկվում են տարբեր բաղկացուցիչ մասերը մեկ ամբողջություն դարձնելու թե՛ հաջող, թե՛ անհաջող փորձեր: Բայց բազմաթիվ ոլորտներում, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխության, մրցակցության, տեխնոլոգիաների կամ արտաքին կապերի ոլորտներում, ԵՄ-ն որոշակի առաջընթաց է գրանցել համապարփակ ռազմավարություններ մշակելու և քաղաքականության որևէ ոլորտի տարբեր մասնիկները միացնելու գործում:
Սակայն իրավիճակն այլ է ժողովրդավարության ոլորտում: Ժամանակի ընթացքում ԵՄ-ն ձևավորել է միասնական եվրոպական շուկա և միասնական եվրոպական արժույթ: Այն մշտապես փորձում է ճանապարհ հարթել դեպի միասնական եվրոպական էներգետիկայի քաղաքականություն: Շատ դիվանագետներ ձգտում են միասնական եվրոպական արտաքին քաղաքականության տարրեր ձևավորել: Սակայն միասնական եվրոպական ժողովրդավարական քաղաքականության գաղափարը երբեք չի քննարկվել: Այն անգամ ԵՄ բառապաշարի մաս չի կազմում:
ԵՄ ծրագրերը բավարար ուշադրություն չեն դարձնում այն հիմնարար փոփոխություններին, որոնք խթանում են ժողովրդավարական փոփոխությունները՝ դրական կամ բացական ուղղությամբ: Փոխարենն այդ ծրագրերը կիսատ նախաձեռնությունների ամբողջություն են կազմում: Ինչ վերաբերում է եվրոպական ժողովրդավարությանը, բազմաթիվ գործիչներ ընդունում և անգամ շեշտում են ռեֆորմի ու համատեղ ջանքերի անհրաժեշտությունը ժողովրդավարության կործանումը կանխելու գործում: Այնուամենայնիվ, իրականում յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում ժողովրդավարության կատարելագործումը: Քաղաքական կուսակցությունները պայքարում են հանուն քաղաքական կուսակցություններին առնչվող փոփոխությունների: Խորհրդարաններն իբրև լուծման բանալի տեսնում են խորհրդարանական փոփոխությունները: Քաղաքացիական կազմակերպությունները զարգացնում են քաղաքացիական խմբերի մանակցությունը խթանելու ծրագրերը: Քաղաքացիական ժողովներում ներգրավված կազմակերպություններն առաջատար են՝ ըստ մասնակցության այս արագ տարածվող ձևի: ՏՏ մասնագետներն աշխատում են առանձին՝ թվային ժողովրդավարության նախաձեռնությունների ոլորտում:
ԵՄ-ն կշահեր, եթե համընդհանուր կենտրոնը ծառայեր իբրև կոորդինացման կենտրոն, որը կներառեր բոլոր տարբեր ոլորտները և կլուծեր ժողովրդավարական ռեֆորմի խնդիրը համապարփակ եղանակով. մի աշխատախումբ կամ որևէ կոնկրետ անձ կստանձներ ժողովրդավարական ամենատարբեր փոփոխությունները մեկ քաղաքական համակարգի մեջ ի մի բերելու գործը:
Սա ոչ մի կերպ չի խրախուսում ընդհանուր քաղաքական համակարգ ձևավորելու փորձերը, որոնց նպատակն է վերարտադրել ազգային մակարդակի ժողովրդավարական կառույցները ԵՄ մակարդակում: Դա հավանաբար ոչ իրագործելի է, ոչ էլ ցանկալի: 2CU նախագծի կողմից ուսումնասիրված նախաձեռնությունները թերևս հենվում են իրենց տեղային արմատների վրա և այն հանգամանքի, որ ռեֆորմների անցկացմանն ուղղված ջանքերը համապատասխանեցվում են ազգային և անդրազգային տարբեր համատեքստերի առանձնահատկություններին: Եվրոպական ժողովրդավարության լեգիտիմությունը վերականգնելն արդարացիորեն և անպայմանորեն կհանգեցնի ռեֆորմների՝ տարբեր մակարդակներում: Ժողովրդավարության տարբեր ձևերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը տարբեր բնույթ կունենա համատեքստերում:
Այնուամենայնիվ, ժողովրդավարական քաղաքացիությունը ներկայացուցչական, մասնակցային, խորհրդակցական և թվային ժողովրդավարության միակցության միջոցով վերափոխելու անհրաժեշտությունը ԵՄ-ում առաջացրել է որևէ կենտրոն ունենալու անհրաժեշտություն, որը կուսումնասիրի եվրոպական ժողովրդավարության կարգավիճակն ամենից համապարփակ և ինտեգրալ առումով: Այս կենտրոնը կմիավորեր Եվրոպայում ընթացող ժողովրդավարական փոփոխությունների տարբեր ոլորտները և ցույց կտար, թե որքան փոխկապակցված են դրանք: Այն կապեր կստեղծեր ժողովրդավարական հաշվետվության տարբեր ասպարեզներում ռեֆորմներ իրակացնող մասնագետների միջև: Այն կորոշեր, թե ինչպիսի արձագանքներ են պահանջում ժողովրդավարական հետընթացի տարբեր ձևերը: Այն կձգտեր նվազեցնել ռեֆորմի տարբեր ոլորտների միմյանց վնասելու ռիսկը:
Խոստումնալից զարգացում է այն, որ լիազոր Դուբրավկա Շույցան այժմ ընդհանուր պատասխանատվություն է կրում ժողովրդավարության համար: Բայց մասնատվածության որոշակի տարրեր այնուամենայնիվ մնացել են: Առաջարկվող ժողովրդավարության նոր գործողությունների ծրագիրն առանձնացնում է ընտրություններին առնչվող օնլայն սպառնալիքները ռեֆորմի մյուս ոլորտներից: Առաջատար թեկնածությունների համակարգի (Spitzenkandidaten) և Եվրոպական խորհրդարանի ընդլայնվող լիազորությունների շուրջ բանավեճերը նեղ առումով պարզապես բանակցություններ են տվյալ կառույցի հետ: Գոյություն չունի ԵՄ մակարդակի այնպիսի մեխանիզմ, որը կկարողանա պրակտիկ գիտելիքներ քաղել ազգային և անդրազգային բազմաթիվ փորձերից, որոնք ներառել են առցանց ստորագրահավաքներ և օրենսդրական քրաուդսորսինգ:
Այս առումով քաղաքական մարտահրավեր է այն, որ ԵՄ-ն աճպարարություն է անում եվրոպական ժողովրդավարության թե՛ մոդելներով, թե՛ առանձնահատկություններով: Անհրաժեշտ է, որ այն ուշադրություն դարձնի ավելացող առանձնահատկություններին, բայց և դուրս բերի համընդհանուր մոդելներ, որոնք նորարարության կարիք ունեն: Եվրոպայի ապագայի մասին կոնֆերանսից առաջ մեր նախագիծը ամփոփում է իր հետազոտությունը սահմանված նպատակներից մեկով, այն է՝ բարելավել ժողովրդավարական գործընթացները: Կոնֆերանսը ԵՄ-ին հնարավորություն է ընձեռում մտածել որևէ միասնական ժողովրդավարական կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Դա կարող է նպաստել ԵՄ ավելի պրոակտիվ ռազմավարության առաջխաղացմանը, որն ուղղված կլինի ժողովրդավարական հաշվետվության ու ներկայացուցչության նոր ձևերի մշակմանը և ժողովրդավարության երկարաժամկետ խրախուսմանը ճիշտ ուղղությամբ:
Քաղաքական բնույթի այս աջակցությունը հրապարակվել է Եվրոպայի քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից՝ որպես Եվրոպայի քաղաքական ինստիտուտների ցանցին (EPIN) պատկանող և Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի կողմից ֆինանսավորվող «Դեպի քաղաքացիական միավորում» նախագծի մաս: Այն գրվել է որպես նախագծի երրորդ և վերջին հատորի եզրափակող մաս ու վերնագրվել է «Խորհրդակցական ժողովրդավարությունը ԵՄ-ում. դիմագրավել պոպուլիզմին մասնակցությամբ և բանավեճերով»: Նպատակն է՝ ի մի բերել նախագծի հիմնական բացահայտումները և դուրս բերել դրանց քաղաքական հետևանքները:
Այս հոդվածը նաև Քարնեգիի «Վերափոխել եվրոպական ժողովրդավարությունը» նախաձեռնության մասն է կազմում:
Թարգմանիչ՝ Լուիզա Մխիթարյան (Luiza Mkhitaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: