ԱՄՆ-Չինաստան արդի հարաբերությունների քաղաքագիտական վերլուծություն

Photo` images.google.com
Photo` images.google.com

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները քաղաքագիտական վերլուծության ենթարկելիս անհրաժեշտ է շեշտը դնել ռեգիոնալ և գլոբալ մակարդակների վրա, քանի որ երկու պետությունները, ունենալով միանգամայն հակադիր քաղաքական ռեժիմներ, չունեն միմյանց ներքին քաղաքականությանը միջամտելու և դիմացինի սուվերենությունը խախտելու ակնհայտ միտում: 

Երկու պետությունները համաշխարհային քաղաքականության գլխավոր ակտորներից են, որոնք ունեն համապատասխան ռեսուրսներ՝ հաճախ իրենց հայեցողությամբ ուրվագծելու ժամանակակից միջազգային հարաբերությունները: Թեպետ մինչ օրս ԱՄՆ և ՉԺՀ ռեսուրսները սիմետրիկ չեն, նկատվում է նոր միտում Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ: Տարիներ շարունակ Չինաստանը վարել է առերես չեզոքության, երբեմն զսպման քաղաքականություն՝ նախաձեռնողական լինելով միայն արևելյան տարածաշրջանում: Պատահական չէ, որ Չինաստանը քաղաքագետները անվանում էին տարածաշրջանային տերություն՝ համաշխարհային ազդեցությամբ, իր հերթին ԱՄՆ-ն փորձում էր օգտագործել «չինական խաղաքարտը»՝ փոխելով միջազգային հարաբերությունների խաղացողների կշիռները: Սակայն վերջին տարիներին նկատվում է Չինաստանում արտաքին քաղաքականության նոր դոկտրինի մշակում, որը հավակնում է երկիրը դարձնել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տերություն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անհրաժեշտ է դիտարկել, թե որոնք են տվյալ երկու պետությունների գերակա շահերը և որոնք՝ գլխավոր սպառնալիքները, որպեսզի տեսանելի լինեն նրանց շահերի համընկնման և հակասության տիրույթները, ինչը հնարավոր է նրանց արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության ռազմավարությունների քաղաքագիտական վերլուծության միջոցով:

Չինաստանի գլխավոր ռազմավարությունը վերջին հիսնամյակի ընթացքում լրջորեն տրանսֆորմացվել է: Այսպես՝ եթե կոմունիստական հեղափոխությունից հետո Մաո Ցզեդունի վարչակարգի օրոք որդեգրվել էր «երեք աշխարհների դոկտրինը», որը Չինաստանի գլխավոր հակառակորդներ էր հռչակում ԽՍՀՄ-ին ու ԱՄՆ-ին՝ նրանց ճամբարներում գտնվող երկրներով հանդերձ, իսկ Չինաստանի արտաքին քաղաքականությունը կոչված էր կանխելու կոմունիստական վարչակարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ապա Դեն Սյաոպինի վարչակարգը վերանայեց պետության գլխավոր ռազմավարությունը՝ Չինաստանը բացելով աշխարհի առջև և գերակայություն հայտարարելով պետության տնտեսական զարգացումը: 2002 թ. Չինաստանի Կոմկուսի Ազգային կոնգրեսում առաջիկա 20 տարիները հայտարարվեցին իբրև ռազմավարական հնարավորության տարիներ, երբ Չինաստանը պետք է շարունակեր կենտրոնանալ ներքաղաքական խնդիրների վրա: 2009 թ. ևս քաղաքական գերակայություններ հռչակվեց սուվերենության, անվտանգության և զարգացման ապահովումը: Այսպիսով՝ մինչև 2010 թ. Չինաստանը արտաքին քաղաքականության ոչ մի խնդիր չի հռչակել իր համար գերակա՝ բացի Թայվանի խնդրից, որն էլ համարվում է Չինաստանի ներքին հիմնահարց: Սակայն ակնհայտ էր, որ Չինաստանը չէր կարող հավակնել աշխարհի համար մեկ  տնտեսությունը դառնալուն առանց համաշխարհային քաղաքականությունում գերակա դիրքեր ունենալու, քանի որ ժամանակակից միջազգային հարաբերություններում պետությունների քաղաքական և տնտեսական շահերը անքակտելի են: Հետևապես` Չինաստանը արտաքին քաղաքականությունը աստիճանաբար սկսում է դարձնել բազմավեկտոր՝ իր մասնակցությունն ունենալով վերջին տարիների քաղաքական կարևորագույն իրադարձություններում և ճգնաժամերում: Չինաստանի արտաքին քաղաքականության առանցքային խաղաքարտերից մեկն այն է, որ այն չունի մշտական բարեկամներ կամ թշնամիներ, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ունենալով լուրջ առարկություններ՝ Չինաստանը նավթ է ներկրում այդ երկրից:

Օբամայի վարչակարգը, ի տարբերություն իրեն նախորդած Բուշի ադմինիստրացիայի, չունի արտաքին քաղաքականության հստակ դոկտրին, սակայն Բարաք Օբամայի վարչակարգից պահանջվեց ընդամենը մեկ ամիս՝ ձևակերպելու ՉԺՀ-ի հետ հարաբերություններին  վերաբերող քաղաքական գիծը, որն ուներ հետևյալ տեսքը` ավելի շատ համագործակցություն ավելի շատ խնդիրների վերաբերյալ ավելի հաճախ:   Ուսումնասիրելով Բարաք Օբամայի վարչակարգի քաղաքականությունը սինո-ամերիկյան հարաբերություններում՝ հարկ է անդրադարձ կատարել ԱՄՆ 44-րդ նախագահի կառավարման շրջանում ակտիվորեն քննարկվող «G2»-ի ստեղծման գաղափարին: Թեև գաղափարը սկսեց ակտիվորեն քննարկվել 2009 թ.-ից, այնուամենայնիվ այն սկզբնավորվել էր դեռևս 2005 թ.-ին՝ իր արտահայտումը գտնելով «Petterson»  համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի ղեկավար Ֆրեդ Բերգստենի «ԱՄՆ-ն և համաշխարհային տնտեսությունը» գրքում:

Խոսելով G2-ի ստեղծման անհրաժեշտության մասին՝ Բերգստենը մատնանշում էր ԱՄՆ և Չինաստանին հատուկ  հետևյալ գործոնները.

  • 2 ամենամեծ տնտեսությունները,
  • Ճգնաժամից առաջ 2-ի աճը միասին կազմում էր համաշխարհային աճի գրեթե կեսը,
  • 2 ամենամեծ առևտրային պետությունները,
  • 2 ամենամեծ աղտոտողները,
  • Նրանք համաշխարհային ֆինանսական և առևտրային հավասարակշռության հակադիր ծայրերում են. ԱՄՆ-ն ամենաշատ պարտատոմսեր թողարկող և դեֆիցիտ պետությունն է, մինչդեռ Չինաստանն ունի ամենամեծ ավելցուկն ու դոլարային ռեզերվը ,
  • Նրանք 2 խմբերի առաջնորդներ են. մի կողմից՝ բարձր եկամուտներով, ինդուստրալիզացված, մյուս կողմից՝ զարգացող պետությունների:

Այս՝ սկզբնական շրջանում զուտ գիտական  գաղափարը մեծ տարածում ստացավ ԱՄՆ քաղաքական էլիտայի և փորձագետների շրջանում, և դեռևս 2009 թ. հունվարին՝ ԱՄՆ- Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ Զբիգնև Բժեզինսկին, խոսելով G2-ի ստեղծման մասին, ի թիվս այլ առավելությունների՝ նշում էր նաև այն փաստը, որ այս մեխանիզմը կօգնի առավել արդյունավետ գործունեություն ծավալել մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ ՄԱԿ-ի շրջանակներում: Սակայն Չինաստանը, հավատարիմ մնալով իր արտաքին քաղաքականության հիմքում ընկած սկզբունքներին, որոնցից է նաև բազմաբևեռ աշխարհակարգի հաստատումը, ինչպես Բարաք Օբամայի 2009թ. նոյեմբերին Չինաստան կատարած այցի ընթացքում, այնպես էլ հետագայում հասկացնել տվեց, որ Չինաստանը չի պատրաստվում ԱՄՆ հետ կյանքի կոչել G2-ի ստեղծման գաղափարը: Սակայն սա ամենևին չէր նշանակում հարաբերությունների լարում կամ համագործակցության նեղացում. անկախ այն բանից, թե երկու պետությունների հարաբերությունների մոդելը կկոչվի G2, թե այլ անվամբ, միևնույնն է, նրանց համագործակցությունը շարունակվում է:

2012 թ. սկսած՝ ՉԺՀ և ԱՄՆ միջև շարունակվում էին ակտիվ քաղաքական բանակցությունները: Չինաստանի ներկայիս նախագահ Սի Ծինփինի հետ կարծես թե կոնսենսուսի էին հասել, երբ կողմերը Վաշինգտոնում հայտարարեցին, թե երկու երկրները ստեղծելու են համագործակցության նոր ուղի՝ խարխսված ներդաշնակ գոյակցության և «հաղթանակ-հաղթանակ» համագործակցության վրա: Թեպետ պարբերաբար շարունակում են հնչեցվել փոխադարձ վստահության և «հանդուրժողականության» արտահայտություններ, այնուամենայնիվ հնարավոր կոնսենսուսի կողմերը չեն կարողացել հասնել առկա տարաձայնությունների պատճառով: Համաձայնության չգալու գլխավոր պատճառը միմյանց առանցքային շահերը չհասկանալը և հաշվի չառնելն է: 2013 թ. ՉԺՀ նախագահը նշել է, թե Չինաստանը և ԱՄՆ պետք է գտնեն նոր ուղի՝ առանց անցյալի հակամարտության և առճակատումների, և թե նոր համագործակցությունը պետք է հենվի փոխադարձ հարգանքի և «հաղթանակ-հաղթանակ» համագործակցության վրա: «Փոխադարձ հարգանք» ասելով՝ նա հասկանում էր հետևյալը. փոխադարձ հարգանք միմյանց սոցիալական համակարգերի և զարգացման ուղիների նկատմամբ, հարգանք միմյանց առանցքային շահերի և մտավախությունների նկատմամբ և միասնական զարգացման նվաճում՝ հարգելով առկա տարբերությունները: Սոցիալական համակարգը և զարգացման ուղին վերաբերում էին Չինաստանի կոմկուսի հեղինակությունը ընդունելուն, միևնույն ժամանակ՝ պահանջելով ԱՄՆ-ից հրաժարվել դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպանության գաղափարների պաշտպանը լինելուց Չինաստանի հետ հարաբերություններում: Առանցքային շահեր ասելով՝ Չինաստանը նկատի ուներ իր ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և ազգային միասնականության հարգումը, ինչը ենթադրաբար պետք է տաներ ԱՄՆ-ի կողմից իր արտաքին քաղաքականության մի շարք ուղղվածություններից հրաժարվելուն: Խոսքը առաջին հերթին վերաբերում է Թայվանի ճանաչմանը՝ իբրև Չինաստանի անքակտելի մաս, ինչպես նաև Չինաստանի իրավունքների ճանաչմանը Հարավային և Արևելյան չինական ծովերում ծովային վիճելի տարածքների նկատմամբ: Ազգային միասնությունը վերաբերում էր հատկապես Տիբեթի խնդրին, ինչպես նաև Չինաստանի հյուսիսային շրջաններում այլ անջատողականներին: Սակայն Օբամայի վարչակարգը, հաշվի առնելով նաև ԱՄՆ-ում ներպետական զարգացումները և դեմոկրատների դիրքերի զգալի թուլացումը, չի կարող նման զիջումների գնալ Չինաստանի նկատմամբ մի կողմից՝ իր լեգիտիմության ավելի մեծ անկումից խուսափելու, մյուս կողմից՝ Չինաստանի վրա կոմպրոմատ ունենալու համար: Ուստի՝ ԱՄՆ-Չինաստան համագործակցության նոր մոդելը ի սկզբանե միտված էր ձախողման:

2014 թ. Չինաստանում սկսվեց մի գործընթաց, որը կարող է տանել համաշխարհային քաղաքականության մեջ ակտորների նոր վերաբաշխումների: Նախագահ Սի Ծինփինի խոսքերից արդեն հայտնի է Չինաստանի նոր գլխավոր ռազմավարության հիմնական ուղղվածությունը ՝ Չինաստանը հրաժարվում է «keeping a low profile» քաղաքականությունից՝ որդեգրելով «մեծ վերականգնման» ռազմավարությունը՝ «great rejuvenation», ինչը ենթադրաբար տանելու է Չինաստանի դերի մեծացմանը՝ իբրև համաշխարհային ակտորի: Այսինքն՝ Չինաստանը չի որդեգրում «խաղաղ վերելքի» ռազմավարություն՝ ի հեճուկս Օբամայի օգտագործած եզրույթի, այլ վերադառնալով իր արմատներին և օգտագործելով ժամանակակից նվաճումները՝ հավակնում է վերականգնել իր երբեմնի հզորությունը: Չինաստանի նպատակն է ուժեղացնել ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ դարձնելով զարգացած արևմուտքին հակակշիռ: Սա հիմք է դարձել մի շարք քաղաքագետների համար՝ պնդելու, թե Չինաստանը համաշխարհային գերտերություն դառնալու ճանապարհին է: Այս հանգամանքը փաստվում է վերջին տարում APEC-ի, G20-ի և այլ կարևոր գագաթնաժողովներում Չինաստանի ունեցած կենտրոնական դերակատարմամբ: Չինական «Մարշալի պլանի»՝ Մետաքսի ճանապարհի կառուցումը մեկն է այն նախագծերից, որ ցույց են տալիս Չինաստանի ունեցած հավակնությունները:

Միևնույն ժամանակ վերջին շրջանում շարունակում է մեծանալ ԱՄՆ-ՉԺՀ միջև առկա փոխադարձ անվստահությունը՝ կապված նաև ՉԺՀ-ՌԴ մերձեցման հետ: Անվստահությունը բնական է, քանի որ կողմերի միջև առկա են ակնհայտ հակասություններ Թայվանի խնդրի հարցում, Չինաստանը իբրև սպառնալիք է դիտարկում ԱՄՆ-Ճապոնիա առանցքը, ԱՄՆ-ի կողմից Տիբեթի առաջնորդի և ույղուր անջատողականներին աջակցելը, իր հերթին ԱՄՆ-ն չի կարող հանդուրժել Չինաստանի տնտեսական, մարդկային, ռազմական, մոբիլիզացվելու և կոնսոլիդացվելու մեծ ներուժը: Նոր նախագահի օրոք Չինաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է դառնալ ավելի հավակնոտ, ինչը չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին: Երկու պետությունների միջև առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգերի ռադիկալ տարբերությունը ստեղծում է Սառը պատերազմի ժամանակաշրջանում առկա ԽՍՀՄ-ԱՄՆ անվստահության պատրանքը, թեպետ ակնհայտ է, որ երկու պետությունների միջև հարաբերությունները չի կարելի դիտարկել բացահայտ առճակատման տեսանկյունից: ԱՄՆ-ն Չինաստանի հետ զարգացնում է համագործակցային հարաբերություններ՝ ընդլայնելով  համագործակցության ոլորտների շրջանակները ՝ միևնույն ժամանակ մատնանշելով երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, ուստի սինո-ամերիկյան հարաբերությունները ճիշտ կլինի բնութագրել «համագործակցային-մրցակցային» եզրույթով:

Օգտագործված գրականության ցանկ

  1. http://iie.com/
  2. http://www.china.org.cn/
  3. http://www.whitehouse.gov/
  4. http://www.fmprc.gov.cn/
  5. http://www.nytimes.com/
  6. http://thediplomat.com/
  7. http://www.foreignaffairs.com/

 

Հեղինակներ՝ Աննա Գասպարյան և Վիկտորյա Այդինյան: © Բոլոր իրավունքները պաշտպանված են: