Տղամարդկանց իրավունքները ծաղկող ֆեմինիզմի դարաշրջանում

21-րդ դարում անընդհատ խոսում են ֆեմինիզմի, կանանց ոտնահարված իրավունքների, հավասարության վերականգնման և այլնի մասին: Կանայք դուրս են գալիս ցույցերի, պիկետների, պահանջներ են ներկայացնում, որոնք ժամանակ առ ժամանակ տարակուսանք են առաջացնում: Ֆեմինիզմի գաղափարախոսությունը, մեր կարծիքով, իրեն սպառել է և վերածվում է տղամարդկանց իրավունքներն անտեսող, եթե ոչ ոտնահարող շարժման: Ի ապացույց մեր այն պնդմանը, որ շարժումն իրեն մարել է` ներկայացնենք դրա հիմնական նպատակները, այն է` կանանց ընտրական իրավունքի ձեռքբերում, մասնավոր սեփականություն ունենալու, աշխատանքի և աշխատավարձի, ամուսնության հավասար պայմանների, մայրության հետ կապված արձակուրդի (դեկրետ) իրավունք: Բոլոր այս իրավունքներն արևմտաեվրոպական երկրներում մեծապես ապահովված են, սակայն հենց այս երկրներն են ամենից շատ ներգրավված տվյալ շարժման մեջ (Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա և այլն): Իսկ մի շարք երկրներ (Աֆղանստան, Իրաք, Սաուդյան Արաբիա և այլն), որտեղ իրապես առկա են վերոհիշյալ իրավունքներին առնչվող լուրջ խնդիրներ՝ հիմնվելով մշակութային գործոնների վրա (կրոն, ավանդույթ և այլն), առաջ չեն քաշում դրանց ապահովման պահանջը: Հետևաբար առաջ է գալիս շարժման արհեստականության հարցը: Մեր կարծիքով, իրեն գաղափարախոսական առումով սպառած մի շարժում, ինչպիսին ֆեմինիզմն է, օգտագործվում է այն նույն նպատակով, ինչ դեմոկրատիայի արտահանումը1, եթե, իհարկե, արտահանման «ապրանքներից» մեկը հենց ինքը՝ ֆեմինիզմը չէ:2 Ֆեմինիզմը՝ որպես այդպիսին, բացասական է անդրադառնում ավանդական հասարակությունների կայունության վրա: Ինչպես գիտենք, ավանդական հասարակությունները ավելի շատ ինքնակազմակերպվում և իրենց դերերը իրականացնում են ոչ այնքան պետականորեն ամրագրված օրենսդրության, որքան չգրված օրենքների, կրոնի և ավանդույթների միջոցով: Այսպիսի հասարակություններում տղամարդկանց և կանանց դերերն ու պարտականությունները խստորեն սահմանազատված են: Դարերով եկած այս սահմանազատումը բյուրեղացնում է իրերի ընդունված դասավորությունը և բերում է կայունության: Սակայն երբ արհեստականորեն ներմուծվում է ֆեմինիզմը, սկսվում է խախտվել կայունությունը ավանդական հասարակություններում: Ծառացած անկայունությունն էլ հող է նախապատրաստում նմանատիպ հասարակությունների ապակայունացման համար: Փաստարկման վառ օրինակ են Եգիպտոսը և Թունիսը [12]: Այս երկրներում դեռևս 20-րդ դարի 50-ական թվականներին օրենսդրական մակարդակով տղամարդկանց և կանանց իրավունքները հավասարեցվել էին: Բայց և այնպես, 2000-ական թվականներից սկսած` այստեղ տեղի ունեցան ֆեմինիստական ակտիվ շարժումներ: Շատ չանցած՝ քաղաքական-հասարակական գործընթացների արդյունքում սկսվեց արաբական գարունը, որը դեռևս տարիներ առաջ քաղաքացիական շարժման (ֆեմինիզմի դիմակի) ներքո սկսել էր իր ապակայունացման գործընթացը: Բայց և այնպես, սա առանձին վերլուծության թեմա է, որի մանրամասն դիտարկումը նպատակահարմար չէ այստեղ:

Այսպիսով, ֆեմինիստուհիները, իրենց արդար և ճշմարիտ պայքարի արդյունքում ձեռք բերելով իրավունքներ, կարծես նպատակադրվել են նվաճելու ավելի լայն լիազորություններ և ազատություններ՝ խախտելով իրենց իսկ պայքարի արդյունքը` գենդերային հավասարակշռությունը:

Հարկ է նշել, որ մի շարք ոլորտներում տղամարդկանց իրավունքները ոտնահարվում են և գտնվում անհավասար դիրքերում` ի համեմատություն կանանց իրավունքների: Վերլուծենք այն ոլորտները, որոնցում, մեր կարծիքով, ամենից շատն են զգացվում անհավասարությունները և սահմանափակումները` անդրադառնալով տղամարդկանց իրավունքների շարժմանը կամ մասկուլիզմին:

Տղամարդկանց իրավունքների շարժման հիմքերը դրվել են դեռևս 1970-ական թվականներին ԱՄՆ-ում և աստիճանաբար տարածվել արևմտաեվրոպական որոշ երկրներում` Նիդեռլանդներ, Բելգիա և այլն: Այն ուներ 2 գերակա ուղղություն` պրոֆեմինիստական և հակաֆեմինիստական: Շարժման 2 ուղղությունների նպատակն էլ եղել է տղամարդկանց իրավունքների պաշտպանությունը այն ոլորտներում, որտեղ եղել են կողմնակալություն, տղամարդկանց նկատմամբ ճնշումներ և նրանց իրավունքների ոտնահարում այն տարբերությամբ, որ առաջինը իր պայքարը տանում էր` չբացասելով ֆեմինիզմը, իսկ երկրորդը` բացասելով: Ներկայումս շարժումը բաժանվել է մի շարք ինքնուրույն ճյուղերի, որոնցից, թերևս, ամենահայտնին հայրական իրավունքների շարժումն է, որը հիմնականում ներառում է ամուսնալուծության և երեխաների խնամակալության հիմնախնդիրները: Մասնավորապես, տղամարդկանց իրավունքների պաշտպանները ձգտում են ընդլայնել չամուսնացած հայրերի իրավունքները իրենց երեխաների հայրության ճանաչման ժամանակ: Ակտիվիստ Ուորեն Ֆարելը նշում է, որ հղիության մասին տեղյակ պահելու անհնարինության դեպքում հղի կինը ինքնաբերաբար զրկում է երեխայի կենսաբանական հորը երեխայի նկատմամբ ունեցած հայրական իրավունքներից (օրինական ամուսնության բացակայության պարագայում), նույնիսկ եթե հայրը ճանաչել է հայրությունը: Ի լուծումն այս խնդրի՝ նա առաջարկում է, որ կնոջն օրենսդրորեն պարտադրվի հղիության մասին տեղեկանալուց 4-5 օր հետո ամեն գնով տեղյակ պահել երեխայի հորը: Հարկ է նշել նաև, որ ինչքան էլ զավեշտալի չթվա, աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ հայրերը տեղյակ չեն լինում, երբ իրենց երեխաներն իրականում իրենց կենսաբանական երեխաները չեն, և ողջ կյանքում ապահովում են նրանց և՛ ֆինանսապես, և՛ հնարավոր այլ միջոցներով: Նույնը հնարավոր չէ կանանց դեպքում, քանզի կանայք են իրականացնում վերարտադրողական գործառույթը: Հետևաբար, մի շարք ակտիվիստներ պահանջում են երեխաների ծննդյան վկայականի հետ տալ նաև նրանց գենետիկ պատմությունը հավաստող փաստաթուղթը:

Հայրական իրավունքների պաշտպանները փաստում են նաև մեկ այլ խնդիր, այն է՝ հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) ժամանակ իրենք անտեսվում են, և կանայք, առանց իրենց կամքը հաշվի առնելու, ընդհատում են հղիությունը: Մեր կարծիքով, որքան էլ մեծ է երեխայի կապը մայր ծնողի հետ, բայց և այնպես, հարկավոր է չմոռանալ հոր դերակատարման կարևորությունը և հաշվի առնել նրա կամքը երեխային ունենալ-չունենալու հարցում: Հետևաբար հարկավոր է մի այնպիսի օրինագծի մշակում, որը կբավարարի երկու ծնողներին միաժամանակ: Սակայն, հարկ է նշել, որ այս ամենը կարող է գործառնել միայն իրավականորեն գրանցված ամուսնությունների դեպքում:

Շարժումն առաջ է քաշում նաև երեխաների խնամակալության հարցը ամուսնալուծությունից հետո: Գրեթե միշտ ընտանեկան դատարանները երեխաների խնամակալության հարցում առաջնայնությունը տալիս են մայր ծնողներին: Սա դատարաններում դրսևորվող ավանդույթ դարձած անզուգահավասարության տեսակներից մեկն է: Ներկայումս հայրական իրավունքների շարժման ակտիվիստները պայքարում են նմանատիպ խտրականության վերացման և խնամակալություն ստանձնելու հարցում հավասար պայմանների ձեռքբերման համար: Որոշները, ճիշտ է, արդարացնում են այս կողմակալությունը նրանով, որ հայրերը ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում երեխաների՝ իրենց խնամակալության տակ առնելու գործում, ինչով և բացատրվում են այսպիսի հարցերում կանանց շահեկան դիրքերը: Սակայն որպես հակափաստարկ կարելի է բերել այն, որ եթե տղամարդիկ, և հատկապես հայրերը, շահագրգռվածություն չունեն ստանձնելու իրենց երեխաների խնամակալությունը ամուսնալուծությունից հետո, ապա ինչու են բողոքում անարդարությունից և կողմնակալությունից, և որ ամենակարևորն է՝ ինչու են նախաձեռնել նմանատիպ շարժում, որն իր օրակարգի մեջ է մտցրել նաև այս հարցադրումը:

Անհավասարության հիմնախնդիրը սուր է նաև կրթական ոլորտում, հատկապես՝ հանրակրթական մակարդակում: Որպես փաստարկ նշենք, որ աղջիկներն ավելի շատ են մոտիվացվում դպրոցներում, գտնվում ուշադրության կենտրոնում, քան իրենց հասակակից տղաները: Դրան նպաստում է նաև դպրոցի և կրթական համակարգի «ֆեմինիզացիան», որտեղ գերակշռում են կին դասավանդողները: Մեր կարծիքով այս ամենը փոքր-ինչ չափազանցված է, սակայն ճշմարտության հատիկներ, այնուամենայնիվ, առկա են: Հաջորդիվ անդրադառնանք նրան, որ միջազգային կրթական մի շարք ծրագրեր՝ կրթաթոշակներ, փոխանակման ծրագրեր (Scholarship for Women in Business, American Association of University Women, Nestlé Scholarship for Women) գործում են միայն ու միայն իգական սեռի ներկայացուցիչների համար: Միևնույն ժամանակ, սակայն, չկա այնպիսի կրթական ծրագիր, որը գործի միմիայն արական սեռի ներկայացուցիչների համար: Հետևաբար կանայք և աղջիկները ավելի շատ են մոտիվացվում կրթվելու և փորձ ձեռք բերելու հարցում, քան իրենց հասակակից արական սեռի ներկայացուցիչները: Գումարած սրան՝ միայն կանանց համար ստեղծված կրթական ծրագրերից զատ՝ նրանք մասնակցում են նաև բոլորի համար նախատեսված ծրագրերին, ինչը կանանց տրամադրում է ինքնադրսևորվելու և կարիերիա ստեղծելու ավելի շատ հարթակներ կյանքում:

Ըստ շարժման ակտիվիստների՝ կարևորվում է նաև առողջապահության հիմնահարցը: Պայքարի առիթ է տալիս այն հանգամանքը, որ կանայք ավելի շատ են արտոնություններ ստանում առողջապահության ոլորտում, քան տղամարդիկ: Որպես փաստարկ կարելի է նշել այն, որ կրծքագեղձի քաղցկեղի և կանանց բնորոշ այլ հիվանդությունների հետազոտությանը ավելի շատ գումարներ են տրամադրվում, քան տղամարդկանց մոտ տարածված հիվանդություններին, որոնցից, թերևս, ամենատարածվածը շագանակագեղձի քաղցկեղն է: Մեր կարծիքով, այս գործընթացում իրենց ներդրումն ունեն ժամանակակից ֆեմինիստուհիները, ովքեր իրենց լոբբին օգտագործում են համաշխարհային տարբեր կազմակերպություններից գումարներ կորզելու նպատակով: Ի հավաստումն ասվածի` կարելի է նշել, որ վերը նշված եվրոպական երկրներում կանանց կյանքն անհամեմատ երկար է: Ճիշտ է՝ միայն այդ արտոնություններով և ուսումնասիրություններով չէ պայմանավորված նրանց երկարակեցությունը, սակայն դրանք իրենց զգալի դերակատարումն ունեն:

Տղամարդկանց իրավունքների խախտման մասին են փաստում աշխարհում տեղի ունեցող ինքնասպանություններում տղամարդկանց քանակի անհամեմատ առավելությունը: Ակտիվիստները սա կապում են հասարակությունում տղամարդկանցից ակնկալվող չափազանց մեծ պահանջների, նրանց վրա դրված պարտականությունների, աշխատանքային ոչ նպաստավոր պայմանների հետ, որոնք վերջիվերջո առաջ են բերում ընկճախտ (դեպրեսիա) և ինքնասպանության մտքեր: Եվ իսկապես, եթե ավելի խորը դիտարկենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ տղամարդկանց սոցիալ-հոգեբանական դրությունը նույնպես վատ է: Ի ուրախություն տղամարդկանց՝ ժամանակին ի հայտ եկավ ֆեմինիզմը և կարծես իր վրա վերցրեց այն բոլոր ծանրությունների մի մասը, որոնք կրում էին տղամարդիկ՝ հատկապես գումար աշխատելու և ընտանիքին ապահովելու գործում:

Կցանկանայինք նշել նաև զինվորական ծառայության հիմնահարցը: Իհարկե, կան երկրներ, որտեղ կանայք իրականացնում են պարտադիր զինվորական ծառայություն, որոնցից ամենանշանավորը, անշուշտ, Իսրայելն է: Այնուամենայնիվ, կանայք հավասարություն են պահանջում միայն այն հարցերում և օրինագծերում, որոնք ծառայեցվում են իրենց անձնական շահերին: Եվ հազվադեպ են լինում այնպիսի դեպքեր, երբ կանայք պայքար են մղում պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը իրենց վրա տարածելու համար: Հավելենք, որ միայն զինվորական ծառայության օրենքի իրականացումը սահմանափակում է մարդու այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին է՝ ազատ տեղաշարժման իրավունքը, որոշ դեպքերում՝ կրթության իրավունքը և այլն: Փաստն այն է, որ չնայած նման կարգի սահմանափակումներին՝ տղամարդիկ չեն ընդդիմանում սահմանադրորեն իրենց վրա դրված պարտականությունները իրականացնելուն: Խոսելով այս թեմայի շուրջ՝ հարկավոր է խստորեն տարբերակել պարտադիր զինվորական ծառայության և պայմանագրային զինվորական ծառայության պրակտիկաները: Երկրորդը վարձատրվում է, հետևաբար աշխատանք է, ինչը նշանակում է, որ կանանց ներգրավվածությունն այս ոլորտում պայմանավորված է նրանց նյութական շահերով:

Այսպիսով, երկար տարիների, եթե ոչ դարերի ընթացքում ձևավորված այն կարծրատիպերը, որ տղամարդիկ չունեն ոչ մի իրավական խնդիրներ՝ կապված իրենց սեռային պատկանելության հետ, զուրկ է իրականության հետ որևէ կապից: Սրանից զատ՝ կարելի է նշել, որ ֆեմինիզմը, հասնելով նոր մակարդակի, սկսել է իր` մայրիշխանություն հաստատելու ուղին (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ): Տղամարդիկ պետք է սկսեն պայքարել իրենց իրավունքների համար, պետք է ձգտեն վերականգնել ֆեմինիզմի հասած առաջին հաջողությունները՝ նվազեցնելով երկրորդական պահանջները, կամ գոնե դրանք համապատասխանեցնեն իրենց շահերին: Այն օրինագծերի մեծամասնությունը, որոնք առավելություն կամ արտոնություններ են տալիս կանանց, պետք է ունենան իրենց «երկվորյակ» օրինագծերը տղամարդկանց համար: Հարկավոր են հավասարության իրավական երաշխիքներ՝ պահպանելու հավասարակշռությունը կրթական, առողջապահական և այլ ոլորտներում: Տղամարդկանց պայքարը պետք է լինի ոչ թե ընդդեմ ֆեմինիզմի, այլ հանուն հավասարակշիռ պայմանների և սեփական պահանջների առաջքաշման, քանի որ միայն այս դեպքում հնարավոր կլինի խոսել սեռերի միջև հավասար իրավունքների մասին:


1«Դեմոկրատիայի արտահանում»-ը կայուն բառակապակցություն է, որն օգտագործվում է հիմնականում ռուսական ԶԼՄ-ների և ռուս մասնագետների կողմից` մատնանշելու նորագույն պատմության մեջ մի շարք երկրների (Լիբիա, Իրաք և այլն) պետական կարգի փոփոխության գործընթացը արտաքին ռազմական ինտերվենցիայի արդյունքում:

2Հաշվի առնելով, որ ըստ վերոնշյալ սահմանման՝ դեմոկրատիայի արտահանումը արևմտյան երկրների կողմից դեմոկրատական արժեքների ներդրումն է այդ հասարակություններում, կարելի է եզրակացնել, որ ֆեմինիզմի արտահանումն էլ ֆեմինիստական արժեքների ներդրումն է նմանատիպ հասարակություններում: Սրանից էլ կարելի է բխեցնել, որ դեմոկրատիան և ֆեմինիզմը արևմուտքի արտահանման ոչ նյութական ապրանքներն են:


Օգտագործած գրականության ցանկ

  1. Echols Alice- “Daring to Be Bad: Radical Feminism in America”.
  2. Michael A. Messner –“Politics of masculinities: Men in movements”
  3. Williams, Gwyneth-“Fathers rights’ movement”
  4. Warren Farrel- “Does Feminism Discriminate Against Men?”
  5. Crean, Susan M.-“In the name of the fathers: the story behind child custody”
  6. Wayne Martino, Michael Kehler,Marcus B. Weaver-Hightower- “The Problem with Boys Education:Beyond the Backlash”
  7. Christian Haywood; Máirtín Mac an Ghaill –“Men and masculinities: theory, research, and social practice’’
  8. Leslie Cannold- “Who’s the father? Rethinking the “moral” crime of paternity fraud”
  9. Anika Rahman; Laura Katzive; Stanley K. Henshaw-“A Global Review of Laws on Induced Abortions”
  10. http://www.sciencedirect.com/science/article/pii/S1875686708000146
  11. http://www.forbes.com/sites/rahimkanani/2011/09/05/the-need-to-create-a-white-house-council-on-boys-to-men/#11e27b8742c8
  12. http://regconf.hse.ru/uploads/ffb481f5d5c813f3f5867c732caa303056a81d39.doc


Հեղինակ` Րաֆֆի Թադևոսյան (Raffi Tadevosyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: