Սովորել հեռավորության վրա: Թվային տեխնոլոգիաների առաջարկները նացիոնալ սոցիալիզմի և Հոլոքոստի վերաբերյալ
Ինչպե՞ս կարելի է ուսուցանել պատմության ցավալի թեմաների մասին, եթե հնարավոր չէ այցելել հուշահամալիրներ կամ հանդիպել ականատեսների հետ: Հեռավար ուսուցման հնարավորությունների մասին կպատմեն Սաննա Շտեգմայերը և Վերենա Նեգելը՝ Նացիոնալ սոցիալիզմի և Հոլոքոստի մասին պատմող թեմաների օրինակով:
Նացիոնալ սոցիալիզմի և Հոլոքոստի մասին պատմող թեմաները դպրոցական կրթության մեջ հաճախ քննարկվում են հատուկ ծրագրերով: Մեթոդաբանական առումով ուշադրության կենտրոնում է գտնվում հետազոտության վրա հիմնված ուսուցումը` պատմության վկայակոչմամբ, մասնավորապես դա կարող է լինել համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր էքսկուրսիաների, նացիստական փաստաթղթավորման կենտրոններ և թանգարանների այցելությունների, տեղում հետազոտական ծրագրերի կամ վերապրածների հետ հանդիպումների միջոցով: Այս ամենը ներկայումս հնարավոր է միայն որոշակի սահմանափակումներով, այդ իսկ պատճառով ուսուցիչները բախվում են դասերը հիմնականում թվային տեխնոլոգիաների միջոցով իրականացնելու կամ գոնե աջակցելու մարտահրավերին: Այս առումով մենք կցանկանայինք ներկայացնել նացիոնալ սոցիալիզմի և Հոլոքոստի թեմայով թվայնացված նյութերի ընտրանի, որոնք արժեքավոր են ինչպես բովանդակային, այնպես էլ դիդակտիկ առումով:
Թեմայի շուրջ առկա են մեծ թվով վեբ-առաջարկներ, որոնք ուղղված են տարբեր թիրախային խմբերի՝ տարբեր նպատակադրվածությամբ: Միայն քչերն են նախագծված բացառապես դպրոցական հեռավար ուսուցման համար: Բայց կան բազմաթիվ ընթացիկ, բարձրորակ ձևաչափեր, ինչպիսիք են վիրտուալ այցերը հուշահամալիրներ, վեբ փաստաթղթերը կամ փոդքաստները, որոնք կարող են օգնել օնլայն դասապրոցեսին:
Ուսումնական նյութերի առկա տեսականու համապարփակ ակնարկ է առաջարկում «Քաղաքացիական կրթության դաշնային գործակալության» կայքէջը, որից բացի հիշատակության է արժանի նաև «Սովորել պատմությունից» կրթական պորտալը, որը մի կողմից ցուցակագրում և քննարկում է ուսումնական գործընթացի համար բազմաթիվ նյութեր, ֆիլտրի օգնությամբ հնարավորություն է տալիս որոնելու հատուկ մեթոդներ և դիդակտիկ մոտեցումներ, իսկ մյուս կողմից նաև տրամադրում է առցանց ուսուցման համար անհրաժեշտ մի քանի առաջարկներ ու մոդուլներ: [1]
Առցանց ուսուցման ծրագրեր
Գոյություն ունեցող առաջարկներից միայն մի քանիսն են հատուկ մշակվել դպրոցական դասապրոցեսում օգտագործման համար և առաջարկում են նաև առաջադրանքներով և մեկնաբանություններով հագեցած դիդակտիկ նյութեր՝ նախատեսված ուսուցիչների համար: Նման առաջարկների առավելությունն այն է, որ ոչ միայն դպրոցական ուսուցման և ուսումնառության հատուկ առանձնահատկությունները, այլև ուսուցիչների և սովորողների կարիքներն են ներառվել դրանց ձևավորման մեջ:
Պատմության դասընթացների համար առավել ընդգրկուն, առցանց ոչ կոմերցիոն առաջարկով է հանդես գալիս Segu պլատֆորմը: Այն մշակվել է Քյոլնի համալսարանում անցկացվող «segu – պատմության ինքնակառավարվող ” զարգացող դաս» նախագծի շրջանակներում և առաջարկում է «Բաց, պլանային աշխատանքի համար ինտերնետային ուսուցման հայեցակարգ», որը նախատեսված է հիմնականում միջնակարգ դպրոցների համար և հնարավորություն է տալիս անցկացնելու պատմության ինքնակառավարվող ” զարգացող դաս: Պլատֆորմում որպես ազատ կրթական ռեսուրսներ (OER) հասանելի ուսումնական նյութերը չեն սահմանափակվում նացիոնալ սոցիալիզմի և Հոլոքոստի թեմաներով, այլ ընդգրկում են այդ թեմաների մասին համապարփակ մոդուլներ: [2] Պլատֆորմն առաջարկում է տարբեր աստիճանի դժվարություններով առաջադրանքներ, որոնք կատարելիս աշակերտները աշխատում են տարբեր աղբյուրներով: Օրինակ, առաջարկվում են պատմական փաստաթղթերի և լուսանկարների վերլուծության ձևաչափեր, ինչպես նաև վերապրածների զեկույցներ: Ուսուցիչները կարող են պլանավորել իրենց դասաշարը թվային ուսուցման առկա մոդուլներով և հանձնարարել աշակերտներին որոշակի ժամանակահատվածում մշակել նյութը ինքնուրույն: Աշակերտները կպահպանեն իրենց ուսումնառության արդյունքները պատմության թղթապանակում, ինչը հետագայում հիմք կհանդիսանա գիտելիքների գնահատման համար: Ընդարձակ տեսականին առաջարկում է դասագրքային ֆորմատով ակնարկների մոդուլներ, որոնք յուրացնել կարելի է թե՛ մանկավարժների ուղղորդմամբ և թե՛ ինքնուրույն ուսումնառությամբ։
Դասապրոցեսի ընթացքում Հոլոքոստի և Նացիոնալ սոցիալիզմի ականատեսների հետ հարցազրույցների օգտագործման համար թեմատիկային առումով ավելի համապարփակ և սպեցիֆիկ են Բեռլինի Ազատ համալսարանում մշակված ուսումնառության առցանց պլատֆորմները, ինչպիսիք են՝ «Սովորել հարցազրույցներով: Շոայի ականատեսները», ինչպես նաև «Հարկադիր աշխատանք 1939-1945 թվականներին», որոնցում կենտրոնական տեղ են գրավում Շոայի վերապրածների, ինչպես նաև նախկին հարկադիր աշխատողների հետ կես ժամ տևողությամբ հարցազրույցների հոլովակները: [3] Երկու ծրագրերն էլ հնարավորություն են տալիս իրավասության վրա հիմնված, բովանդակորեն ծանոթանալ ականատեսների հեռանկարներին և հիշողություններին՝ միաժամանակ«Բանավոր պատմության» (Oral History) մեթոդի օգնությամբ իրականացնելով սկզբնաղբյուրային քննություն, այսինքն` պատմության վերարտադրում` հիմնված ականատեսների բանավոր ցուցմունքների վրա: Լրացուցիչ նյութերը, ինչպիսիք են՝ ֆոնային ֆիլմերը և մեթոդական խորհուրդները, օգնում են հասկանալ և դասակարգել հիշողությունների զեկույցները: Ուսումնական ծրագրերը պարունակում են աշխատանքային առաջարկներ, որոնք հարմար են 14 տարեկանից սկսած գիտելիքների տարբեր մակարդակներով աշակերտների համար և կարող են իրականացվել 90 րոպեանոց դասի ընթացքում: Առցանց ուսուցման առանձնահատկությունն այն է, որ ուսուցիչները կարող են գրանցել իրենց աշակերտներին ինչպես դասարանում և արդյունքները կարող են կիսել մյուս ուսուցիչների հետ: Հավելվածները հարմար են ականատեսների տեսանկյունից սկզբնաղբյուրային քննադատության արտահայտման համար և, այդպիսով առաջարկում են պատմության դասընթացի դասական թեմաները կարևոր տեսանկյունից դիտարկել:
Այնուամենայնիվ, դրանք չեն պարունակում ընդհանուր բովանդակային ներածություն նացիոնալ սոցիալիզմի և Հոլոքոստի վերաբերյալ:
Բովանդակության և մեթոդաբանության առումով նույն ձևով է կառուցված ավստրիական Հոլոքոստի կրթության Erinnern.at” ի Fliehen vor dem Holocaust հավելվածը: Հավելվածը, որը կարելի է օգտագործվել համակարգիչներով, պլանշետներով կամ սմարթֆոններով (iOS և Android), ներկայացնում է ականատեսների 20 րոպեանոց հինգ զեկույց, որոնք պատմում են նացիստական հետապնդումներից փախուստի ճանապարհը: Ֆիլմը և դրան կցված առաջադրանքներն ու նյութերը մշակելու համար անհրաժեշտ է մոտ երկու ժամ: Արդյունքները կարող են ներբեռնվել pdf ձևաչափով: Այսպիսով, հավելվածը կարելի է օգտագործել որպես վիրտուալ սեմինար՝ ի լրումն դասընթացի՝ նպաստելով ներկայի հետ առնչության մշակման և «բանավոր պատմության» մեթոդի քննադատական արտացոլմանը:
«Anne Franks Geschichte» և «Das Hinterhaus» հավելվածներով Anne Frank House-ը առաջարկում է թվային դասավանդման ծրագրեր 5-րդ և 6-րդ դասարանների համար: Պլանշետների և դպրոցական թվային տախտակների (digiboard) համար նախատեսված դասավանդման ծրագրերը աշխատում են նաև բրաուզերով և կառուցված են գծային տեսքով: Դրանք սկսվում են մտքի քարտեզով, հիմնված են կարճամետրաժ ֆիլմի և լուսանկարների ու ժամանակացույցի հետ աշխատանքի վրա: Աննա Ֆրանկի անձնական պատմության օրինակի վրա նրանք պատանի աշակերտներին ու աշակերտուհիներին առաջարկում են ծանոթացում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը: Համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրներ և նացիոնալ-սոցիալիստական ժամանակաշրջանի փաստաթղթերի արխիվային պահպանման կենտրոններ այցելությունները Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի հանցագործությունների և տուժածների վրա դրանց հետևանքների վերարտադրման համար կարևոր ասպեկտ են: Հատկապես հուշահամալիրների մանկավարժական բաժինները վերջին ամիսներին խիստ զարգացրել են սոցիալական լրատվամիջոցների թվային ձևաչափեր: Թեև սրանք չեն փոխարինում հուշահամալիրի ֆիզիկական այցելությանը, այնուամենայնիվ շատ հարմար են վայրերի վերլուծության համար:
- Դաչաու (Dachau) համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրը Ֆեյսբուքում առաջարկում է ուղիղ եթերով 45 րոպեանոց շրջայցեր, որոնք ներկայացնում են համակենտրոնացման ճամբարի և հուշահամալիրի պատմության ընտրված ասպեկտները և որտեղ մեկնաբանություններին ու հարցերին պատասխանում են ուղիղ եթերում:
- Ավստրիայի Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրն առաջարկում է դպրոցականներին ուղղված կարճ տեսանյութեր, որոնցում ներկայացվում են հուշահամալիրի այն վայրերը, որոնք սովորաբար շրջայցի մաս են կազմում: Յուրաքանչյուր տեսանյութի համար առաջարկվում են բարձր և ցածր մակարդակների համար աշխատանքային թերթիկներ [4] :
- Նոյենգամեի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ամեն շաբաթ հրապարակում է տեսաֆիլմերի շարք, որում փորձագետները 20-րոպեանոց դասախոսությունների ընթացքում քննարկում են նացիոնալ սոցիալիզմի և համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրին առնչվող տարբեր թեմաներ [5]:
Կորոնավիրոսի համավարակի և դրան հաջորդած միջոցառումների հետևանքով համակենտրոնացման ճամբարների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ պաշտոնական ոգեկոչումները չեղյալ հայտարարվեցին և տեղի ունեցան միայն վիրտուալ տիրույթում: Դրա արդյունքում ձևավորված ոգեկոչման թվային ձևաչափերը չեն պարունակում իրական մանկավարժական մոտիվացիա, սակայն դրանք նոր հիմքեր են ստեղծում թվային պատմագրության (Digital Storytellings) համար: Դրանք հրավիրում են քննադատական հայացք նետելու Նացիոնալ սոցիալիզմի հանցագործությունների պատմությանը և կարող են ինտեգրվել դպրոցական ձևաչափերում: Ահա և երեք օրինակ՝
- Զաքսենհաուզենի և Ռավենսբրուկի համակենտրոնացման ճամբարների ազատագրման վիրտուալ ոգեկոչման շրջանակում համացանցում հրապարակվեց «Am Lagertor» («Ճամբարի դարպասին») անիմացիոն ֆիլմը: Սկզբնապես այն մշակվել էր Բրանդենբուրգի հուշահամալիրներ հիմնադրամի համար: Տասը րոպեանոց ֆիլմում պատկերված են համակենտրոնացման ճամբարից վերապրած Թոմաս Բուրգենտալի և հրեա ազատագրող Բեռնհարդ Սթորխի հիշողությունները Կոսիմո Մորինելիի անիմացիոն նկարներով:
- Բերգեն-Բելսենի հուշահամալիրը ոգեկոչման 75-ամյակի առթիվ ստեղծել է թվային հուշահամալիր, որտեղ կարելի է դիտել բանախոսների, օրինակ՝ վերապրած Անիտա Լասկեր-Ուոլֆիշի վիդեո-ուղերձները, ճամբարի ազատագրության վերաբերյալ տեղեկություններ և ճամբարային շրջայցերի տեսագրություններ:
- Ազատագրության 75-ամյակի կապակցությամբ Դաչաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրի և Բավարական ռադիոյի կողմից ստեղծած “Die Befreiung” (ՙԱզատագրում») հավելվածը որպես վիրտուալ շրջայց հրապարակվեց առցանց համակարգում: Հուշահամալիրի ներկայիս վայրում վիրտուալ շրջայցը համատեղված է պատմական լուսանկարների և աուդիո ձայնագրությունների հետ: Այս կերպ, անցյալի և ներկայի ձայնագրությունները ամփոփվում են սմարթֆոնի կամ պլանշետի մեջ և միաժամանակ տեսանելի դառնում [6]:
WDR-ի (Արևմագերմանական ռադիո) կողմից պատրաստված 360 աստիճանի Inside Auschwitz վավերագրական ֆիլմը, արդեն որոշ ժամանակ է, ինչ հնարավորություն է տալիս վիրտուալ իրականության միջոցով առցանց այցելելու նախկին Օուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար: Վերապրած երեք կանանց պատմությունները, որոնք վերաբերում են ճամբարից իրենց հիշողություններին, ուղեկցում են վիրտուալ շրջայցը: Լրացուցիչ ուսումնական նյութը նպաստում է դասարանում աշակերտների ինտեգրմանը:
Թվային տեխնոլոգիաների առաջարկները դասավանդումն ամբողջացնելու համար
Անալոգային (փոխարինող) և հատուկ համացանցի համար մշակված ցուցահանդեսների թվային փաստագրություններն առաջարկում են նացիստական սոցիալիզմի պատմության տարբեր թեմաներին առնչվող նյութեր և փաստաթղթեր: Դասընթացի ժամանակ կիրառվելու համար թեմաները մանկավարժական շրջանակի կողմից պետք է ինքնուրույն մշակվեն, սակայն առցանց ցուցահանդեսները առաջարկում են որակյալներկայացումներ առանձին թեմաներով, ինչպիսիք են՝ «Փախստականների համաժողովը Էվյանում 1938 թ.-ին», «Նոյեմբերյան ջարդերը», «1939-1945 թվականներին ազգային սոցիալիզմի դեմ դիմադրությունը» կամ «Հոլանդիայում հրեաների հետապնդումը 1940 -1945 թթ.»:
Բազմաթիվ առցանց ձևաչափեր նվիրված են նաև Սինտիի և Ռոմայի (գնչուների) դեմ նացիոնալ-սոցիալիստական ցեղասպանության հաճախ անտեսված պատմությանը. www.romasintigenocide.eu եվրոպական կայքի կոնտենտը հստակորեն ուղղված է դպրոցական համատեքստին և տրամադրում է հիմնական տեղեկություններ, ուղեկցող նյութեր և առաջադրանքներ ցեղասպանության վերաբերյալ։ Գերմանական Սինտիի և Ռոմայի Փաստաթղթավորման և մշակութային կենտրոնի «Ռասայական ախտորոշում. Գնչուներ» էջը լրացուցիչ ուշադրություն է դարձնում ճանաչման և անտիցիգանիզմի դեմ պայքարին: 2019-ին գործարկված RomArchive” ը, որն արտացոլում է Սինտիի և Ռոմայի արվեստն ու մշակույթը, դրանց ներդրումը եվրոպական մշակութային պատմության մեջ, առաջարկում է աղբյուրների ֆոնդ` դասագրքերում զետեղված տեղեկություններից դուրս:
Փոդքաստները նույնպես այժմ հաճախ օգտագործվում են որպես թվային պատմվածքների միջնորդներ, որպեսզի, օրինակ, նացիոնալ Սոցիալիզմի և Հոլոքոստի մասին պատմությունը լրացնեն ականատեսների հիշողություններով: Հետաքրքիր օրինակներ են «Աղբյուրները խոսում են» 16 մասից բաղկացած վավերագրական հրատարակությունը, որն ուղեկցվում է «Հրեաների հալածանքները 1933-1945 թվականներ» հրատարակությամբ և տասը մասից բաղկացած փոդքաստը՝ «Հրեաների հալածանքները Նիդեռլանդներում 1940-1945 թվականներին» ցուցահանդեսի վերաբերյալ:
Առցանց վավերագրական Գաղտնի գետտո-ֆիլմը, որը զբաղվում է Վարշավայի գետտոյում 1942 թ.-ին նացիոնալ սոցիալիստների քարոզչական ձայնագրություններով, բարձրաձայնում է մեդիաէթիկական հարցեր և նախատեսված է քարոզչական նյութերի և հանցագործների լուսանկարների քննադատական վերլուծության համար: [7] Ներբեռնման համար հասանելի է ֆիլմի համար լրացուցիչ, դիդակտիկ նյութ, որը նախատեսված է մեկուկես ժամ տևողությամբ երկու դասընթացի համար:
Մեկ այլ թվային ձևաչափ են վեբ-դոկուները: Այստեղ ԶԼՄ-ների տարբեր ձևաչափերը վավերագրական ֆիլմի տարրերի հետ մեկտեղ զուգորդվում են թվային պատմվածքների (Storytellings) հետ: Ինտերակտիվ հայեցակարգը օգտատերերին հնարավորություն է տալիս թեմայի վերլուծության ընթացքում առաջնորդվելու իրենց սեփական շահերով: Այդպիսի օրինակ է գերմանա-իտալական վեբ-վավերագրական շարքը՝ “Im Märkischen Sand“-ը, որը 24 էպիզոդներով անդրադառնում է 1945 թ.-ի ապրիլին Բրանդենբուրգի Թրաուենբրիցենում 127 իտալացի ռազմականների կոտորածին և դրա հաղթահարմանը Գերմանիայում և Իտալիայում:
Եզրակացություն
Ներկայացված առաջարկներից և ոչ մեկը չի կարող փոխարինել դպրոցական դասերը: Այնուամենայնիվ, դրանք ներկայացնում են լրացուցիչ առաջարկների և նոր ձևաչափերի ֆոնդը այն իրավիճակի համար, երբ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բախվում են այլ կերպ սովորեցնելու և սովորելու դժվարություններին: Ի լրումն բազմաբնույթ և նախագծային ուղղվածություն ունեցող ուսումնառության գաղափարների՝ ներկայացված ծրագրերից շատերն առաջարկում են լրացուցիչ նյութ վերլուծական ուսումնառության և ուսուցման համար, ինչը հատկապես կարևոր է նացիոնալ սոցիալիզմի և Հոլոքոստի հիշողությունների մասին պատմող թեմաների վերաբերյալ թվային հավելվածների կիրառման առումով:
Հղումներ
Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մանուկյան (Hripsime Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: