Բնությունը երջանկացնում է ձեզ

Ի՞նչ է երջանկությունը: Արդյո՞ք կարող ենք գտնել այն նոր կոշիկների, արագընթաց մեքենայի կամ ավելի մեծ տան մեջ: Թե՞ իրական երջանկությունն այլ տեղում է գտնվում: 

Հարյուրավոր հետազոտություններ ապացուցել են, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է բարելավել մեր ինքնազգացումն այնպես, ինչպես ունակ չէ ուրիշ ոչինչ՝  և՛ մտքում, և՛ մարմնում: Մենք ցանկանում էինք հասկանալ՝ արդյոք պարզապես դիտելով կենդանական աշխարհի առանձին դրվագներ կարող էր առաջանալ նույն տպավորությունը: 

Անցյալ տարի մենք համագործակցեցինք Կալիֆորնիա Բերկլիի համալսարանի մարդկային հոգեբանության և էմոցիաների փորձագետ պրոֆեսոր Դակկա Կելտների հետ: Այս նախագծի համար նա ուսումնասիրել է մարդկանց վրա բնության դրական ազդեցությունը  հետազոտող ավելի քան 150 գիտական աշխատություն: Մենք նաև 6 երկրից 7500 մարդու հարցրինք, թե ինչպես էին իրենց զգում  Planet Earth-ի երկու տեսահոլովակ դիտելուց առաջ և հետո: Արդյունքները վկայեցին ուրախության, գոհունակության, հետաքրքրասիրության, զմայլանքի, զարմանքի և հիացմունքի զգալի աճ, ինչպես նաև հոգնածության, էներգիայի պակասի ակնհայտ նվազում, նույնիսկ սթրեսի նվազում՝ հատկապես երիտասարդ դիտողների շրջանում: Այս բացահայտումերը ցույց են տալիս, որ վայրի աշխարհի ծրագրերի դիտումը կարող է դրական զգացումներ առաջացնել դիտողների շրջանում: 

«Մարդկային երջանկության իմ հետազոտությունը պարզեց, որ այս զգացմունքները՝ զարմանքը, հիացմունքը և զմայլանքը, իրական մարդկային երջանկության ամենաուժեղ տեսակի հիմքերն են: Իրականը՝ երջանկության ավելի խորը, ոչ անցողիկ տեսակն է, որը կարող է դրականորեն անդրադառնալ մեր առողջության վրա, և կանդրադառնա»:

Այսպիսով, պարզապես բնական աշխարհի հիասքանչ դրվագները դիտելով դուք նույնպես կարող եք ապրել այս տրամադրություն բարձրացնող զգացումները՝ որ օգնում են ձեզ ամրացնել կապվածությունը այս հրաշալի վայրի հետ, որը մենք «տուն» ենք կոչում:

Բնօրինակի հեղինակ՝ BBC Earth


Թարգմանիչ՝ Արգիշտի Եղյան (Argishti Yeghyan), վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են։