COVID-19-ը կույր է սեռերի նկատմամբ, բայց սեռաչեզոք չէ
Covid 19-ը սկսվեց որպես առեղծվածային մի հիվանդություն: Կորոնավիրուսային այս նոր համավարակը շուտով անվանվեց SARS-CoV-2։ Երբ երկրները դադարեցրին իրենց տնտեսական գործունեությունը՝ վարակի տարածումը կանխելու նպատակով, այն հանգեցրեց նաև գլոբալ ռեցեսիայի։ Այնուհետև, ապրիլին Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրեց արտակարգ դրության մեկ այլ կողմի՝ փակ դռների հետևում խելագարվող կանաց հանդեպ բռնության՝ «ստվերային համավարակի» մասին։
Պատմությունը ցույց է տալիս, որ հիվանդությունների բռնկումները՝ ՁԻԱՀ-ից մինչև Զիկա և Էբոլա, հանդես են գալիս որոշակի մռայլ կանխատեսելիությամբ։ Երբ դրանք վարակում են հասարակություններ, բացահայտում և շահագործում են մարգինալացման ուժերը՝ գտնելով սեռի, ռասսայի, կաստայի և դասի թույլ կողմերը։ Պատահականություն չէ, օրինակ, որ Միացյալ Նահանգներում սևամորթ ամերկացիները մահանում են անհամաչափ տեմպով։ Կամ, չնայած ավելի շատ տղամարդիկ են մահանում COVID-19-ից՝ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից, այս ճգնաժամի ավելի մեծ ազդեցությունները սպառնում են անհամաչափորեն ազդել կանաց կյանքի ու ապրուստի միջոցների վրա։
Ամեն օրն իր հետ բերում է նոր օրինակներ, թե ինչպես է աշխարհի արձագանքը համավարակի ստվերում թողնում կանանց։ Կան ծննդկաններ, որոնց դուրս են անում խիստ ծանրաբեռնված հիվանդանոցներից, տնային աշխատողներ, որոնց կորցրած եկամուտը չի փոխհատուցվի խթանիչ ֆինանսավորմամբ, դեռահաս աղջիկներ, ովքեր չեն կարող առցանց շարունակել ուսումը, քանի որ իրենց համայնքներում անընդունելի է կնոջ ձեռքին հեռախոս տեսնելը։
«Սեռի հանդեպ կույրը սեռաչեզոք չէ»․ սա տարածված խոսք է աղջիկների ու կանանց փաստաբանների շրջանակներում։ Այս վճռական պահին սա ևս պետք է որևէ քայլ անելու կոչ լինի։ Եթե քաղաքականություն մշակողները անտեսում են այն փաստը, որ հիվանդությունն ու դրա հետևանքները տարբեր կերպ են անդրադառնում տղամարդկանց ու կանանց վրա, նրանք մեծացնում են ճգնաժամը երկարացնելու և տնտեսության վերականգնումը դանդաղեցնելու ռիսկերը։ Սակայն, եթե նրանք արտակարգ իրավիճակը օգտագործեն որպես հին համակարգերը նորերով և ավելի լավերով փոխարինելու հնարավորություն, երկրները կարող են դառնալ էլ ավելի բարեկեցիկ, պատրասված և հավասարազոր։
Լուռ կորուստներ
Գրեթե բոլոր առումներով Սիերա Լեոնեում հղիանալու ավելի անվտանգ ժամանակ չի եղել, քան 2014 թվականի փետրվարը։ Երկրի առողջապահական համակարգը պատմականորեն համարվում էր աշխարհում ամենավատերից մեկը, բայց ծննդկան մայրերի մահացությունը 1990 թվականից ի վեր նվազել էր 50 տոկոսով, և նախածննդյան խնամքի որոշակի մակարդակ գրեթե համընդհանուր էր։ Այնուհետև, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտ ամսին տարածաշրջանում Էբոլայի բռնկում հայտարարեց, և առաջընթացը սկսեց դադարել։ Նոյեմբերին կարող էիք պատմությունը հյուսել երկու սարսափելի և հայելային կորերով․ մեկը ցույց էր տալիս էբոլայի դեպքերի արագ աճը, մյուսը՝ խնամք ստացող հղի կանանց թվաքանակի համապատասխան նվազումը։
Երբ ճգնաժամն ավարտվեց, կանանց ու երեխաների մահացության թիվն անգամ ավելի մեծ էր, քան պաշտոնաապես հայտարարվածը․ 3589 մարդ Սիերա Լեոնեում մահացել էր հենց Էբոլա վիրուսից։ Ծննդաբերության ընթացքում մահացած նորածինների ու մայրերի հավելյալ թիվն էլ 3593-ի և 4936 միջև էր։
Ահա թե ինչ են անում համաճարակները․ դրանք ոչ միայն ծանրաբեռնում են իմունային, այլև առողջապահական համակարգերը։ Եվ քանի որ այդ համակարգերի այն ճյուղերը, որոնք հատկացված են կանանց խնամքին, ամենախոցելին ու թերֆինանսավորվածն են, դրանք առաջինն ու ամենաարագն են փլուզվում։ Ավելի վաղ տվյալների համաձայն՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում COVID-19-ի ընթաքում մայրական խնամքի կրճատումը կարող էր խլել ընդհուպ մինչև 113000 կնոջ կյանք։
Դեռևս ժամանակ կա այդպիսի վերջնարդյունքից խուսափելու համար։ Յուրաքանչյուր երկրում և յուրաքանչյուր կնոջ համար սեռական ու վերարտադրողական առողջապահական խնամքը պետք է որակավորվի որպես «կենսական» ծառայություններ։ Անգամ համավարակի ընթացքում սրտի կաթված ստացած մեկին չեն ասի, որ շտապ օգնության բաժանմունք այցելելը պարտադիր չէր։ Այնուամենայնիվ, ճգնաժամի ընթացքում միլիոնավոր կանանց ասում են, որ նորմալ է տանը միայնակ ծննդաբերելը։ Այդպես չէ։ 2014 թվականի Էբոլայի համավարակի ժամանակ մայրական մահացության ամենամեծ խթանն այն էր, որ կանայք մեծամասամբ ծննդաբերում էին առանց բժշկական օգնության։ Առողջապահության նախարարները պետք է մշակեն մայրական անվտանգ խնամք ապահովելու եղանակներ՝ անգամ համավարակային պայմաններում։ Որոշ երկրներում դա կարող է նշանակել առանձին առողջապահական հարմարությունների ստեղծում մի մասը COVID-19-ով տառապողների համար, մյուսներն էլ՝ մայրերի ու նորածինների, որոնք վարակված չեն COVID-19-ով։ Որոշ վայրերում ավելի հեշտ ու անվտանգ կարող էր լինել կլինիկայի փորձը հենց մայրերին հանձնելը։
Սեռական ու վերարտադրողական առողջապահական խնամքը պետք է որակավորվի որպես «կենսական» ծառայություններ։
Հակաբեղմնավորիչների մատակարարման շղթայի պաշտպանությունը նույնպես շատ կարևոր է։ Վաղ հաշվարկները նաև ցույց են տալիս, որ համավարակը կհանգեցնի նրան, որ ևս 49 միլիոն կին մնա առանց հակաբեղմնավորիչների, ինչն իր հերթին պատճառ կհանդիսանա հավելյալ 15 միլիոն չպլանավորված հղիության։ Այս խնդրի լուծման պատասխանատվության մի մասը կրում է միջազգային հանրությունը։ Երկրների մի փոքր խումբ էլ արտադրում է սեռական հակաբեղմնավորիչների ակտիվ առաջնային բաղադրիչների մեծ մասը և համավարակի բռնկումից ի վեր նրանք կուտակում են այդ բաղադրիչները, չնայած որ դրանց պակասի ապացույցներ չկան։ Սա մի անսիրտ և անիմաստ առևտրային քաղաքականություն է։
Առողջապահական համակարգը պարզապես մատակարարման շղթաների ցանց կամ անհրաժեշտ ծառայությունների փաթեթ չէ: Այն կազմված է մարդկանցից։ Առաջնագծում գտնվող բուժաշխատողները իրենց անվտանգությունը պահպանելու համար գործիքների կարիք ունեն։ Ի վերջո կպահանջվի նրանց տալ առաջնահերթությունը COVID-19-ի պատվաստանյութի հարցում։ Այժմ պահանջվում է նրանց համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ մատակարարել։ Հիվանդանոցներ և կլինիկաներ առաքվող անհատական պաշտպանության միջոցները հաճախ նախատեսված են տղամարդկանց համար, չնայած ամբողջ աշխարհում առողջապահական համակարգում աշխատողների 70 տոկոսը կին է։ Արտադրողները պետք է համոզված լինեն, որ նրանք ստեղծում են բավարար անհատական պաշտպանության միջոցներ, որոնք կհամապատասխանեն այն մարդկանց, ովքեր դրա օգտագործման կարիքն ունեն, իսկ առողջապահական համակարգերը պետք է համոզվեն, որ դրանցից գնում են բավականաչափ։ Երկրների ղեկավարները պետք է նաև օգտագործեն համավարակը որպես կանանց առողջական խնամքի ինտեգրումը պարտադրող մեխանիզմ։ Ցածր եկամուտ ունեցող շատ երկրներում որևէ պատահական օրացույց կարող է ցույց տալ, թե ինչպես են մարդիկ խնամք ստանում․ երկուշաբթին պատվաստումների օրն է, երեքշաբթին՝ նախածննդյան խնամքի, չորեքշաբթին՝ ընտանեկան պլանավորման։ Մեկ հանդիպում նշանակելու փոխարեն ակնկալվում է, որ կինը պետք է գա միաժամանակ այն մյուսների հետ, ովքեր որևէ ծառայության կարիք ունեն, վատնի ամբողջ օրը՝ իր հերթին սպասելով, իսկ հաջորդ առավոտյան վերադառնա՝ այս ողջ գործընթացը կրկնելու համար։ Այս համակարգի պլանավորումը երբեք մեծ իմաստ չի ունեցել, և եղածն էլ պակասում է համավարակի ընթացքում, երբ ոչ ոք չպետք է մարդաշատ վայրերում անցկացնի ավելի երկար ժամանակ, քան անհրաժեշտ է։
Կանայք աշխատանքում
Եթե առողջապահական քաղաքականություն մշակողները ստիպված լինեին ընտրել մի վայր, որն առավել հստակորեն երևան կհաներ 2014 թվականի Էբոլայի բռնկման անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, ամենայն հավանականությամբ մատնացույց կանեին ծննդատունը։ Այնուամենայնիվ, տնտեսագետները գուցե այս նույն հարցի պատասխանը փնտրեն այլ վայրում ՝ սննդի կրպակներում։
Համավարակի նահանջից մի քանի ամիս անց «Օքսֆամ» միջազգային կազմակերպությունը և «ՄԱԿ-Կանայք»-ն ուսումնասիրեցին տնտեսական ազդեցությունն այն տարածաշրջանի վրա, որտեղ բռնկվել էր Էբոլան։ Նրանք բացահայտեցին, որ վիրուսը հանգեցրել է նրան, որ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց գործազրկության ցուցանիշը եռապատկվել է։ Բայց եթե տղամարդկանց եկամուտները արագ էին վերականգնվում, կանաց եկամուտների վերականգնման համար ավելի շատ ժամանակ էր պահանջվում։ Կանաց մեծ մասը անհատ ձեռներեցներ էին․ նրանցից շատերը սնունդ էին վաճառում, և ոչ ոք չէր ցանկանում «ուտել դրսում», երբ մահացու վիրուսն ամենուր էր։
Պարզվում է, որ COVID-19-ը նույնպես ավելի մեծ ազդեցություն թողնում է կանաց կենսապայմանների վրա, քան տղամարդկանց։ Ավելի վաղ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ այս ճգնաժամի ընթացքում կանանց աշխատանքի կրճատումը 1,8 անգամ ավելի հավանական է, քան տղամարդկանցը։ Ավելին, հենց որ կանանց վճարովի աշխատանքը հօդս է ցնդում, երեխաներին և ընտանիքի անդամներին խնամելու անվճար աշխատանքը կտրուկ աճում է։ Մինչև համավարակի սկսելն էլ անվճար աշխատանքն արդեն իսկ խոչընդոտ էր կանանց տնտեսական հավասարության ճանապարհին։ Այժմ, երբ շատ դպրոցներ փակ են, իսկ առողջապահական համակարգերը՝ ծանրաբեռնված, շատ կանայք գուցե ստիպված լինեն ընդհանրապես հրաժարվել աշխատանքից։
Եթե համավարակը խոչընդոտի գենդերային հավասարությանը, հետևանքները տրիլիոններ կկազմեն։ Նույնիսկ չորս տարի սպասելը, մինչև կձեռնարկվեն հավասարության վերականգմանն ուղղված գործողություններ, օրինակ՝ միջամտությունները՝ կանանց ֆինանսական դրությունը և տեխնոլոգիական հասանելիությունը խթանելու նպատակով, 2030 թվականին համաշխարհային ՀՆԱ-ից կոչնչացվի 5 տրիլիոն դոլար։ Քանի որ քաղաքականություն մշակողներն աշխատում են պաշտպանել և վերականգնել տնտեսությունները, նրանց արձագանքը պետք է հաշվի առնի COVID-19-ի անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, և այն յուրահատուկ դերերը, որոնք կանայք պետք է խաղան համավարակի վնասը մեղմելու գործում:
Վերցնենք սննդային համակարգերը։ Այս տարի մի շարք աղետների պատճառով (մոլորակի ջերմաստիճանի բարձրացում, մորեխային ժանտախտ, համաշխարհային համավարակ) ավելի քան 100 միլիոն մարդ կարող է սննդի հրատապ կարիք ունենալ։ (Հիմնական խնդիրը սննդի պակասը չէ, այլ ընտանիքների՝ սննդի համար վճարելու կարողունակությունը)։ Սա հատկապես ազդում է կանանց վրա երկու պատճառով։ Նախ՝ շատերի ապրուստը կախված է սննդային համակարգից։ Երկրորդ՝ համաձայն մշակութային նորմերի՝ կանայք վերջինն են սնունդ ընդունում իրենց ընտանիքներում, ուստի երբ սննդի պակաս կա, նրանք են առաջինը մնում առանց դրա։ Հետևաբար սոցիալական պաշտպանության ծրագրերը պետք է համոզվեն, որ կանայք կարող են իրենց թույլ տալ բավարար սննդարար ուտելիք՝ ամբողջ ընտանիքը կերակրելու համար։ Քաղաքականություն մշակողները կարող են նաև աջակցել կին ագարակատերերին՝ բարելավելով ապահովագրությունը, խնայողությունները և այլ ֆինանսական գործիքներ՝ այս ցնցման ամենավատ ազդեցությունից նրանց պաշտպանելու և միևնույն ժամանակ հաջորդող անխուսափելի ազդեցությունից զերծ պահելու համար։
Ընտանիքների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու մեկ այլ եղանակ էլ կանխիկ շտապ փոխանցումներ ձևակերպելն է՝ հաշվի առնելով կանանց ապրուստի իրողությունները։ Չնայած COVID-19-ի տարածումը դանդաղեցնելուն ուղղված ջանքերը խափանել են ապրանքների և ծառայությունների հոսքն ամբողջ աշխարհում, բայց Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ համավարակի սկսվելուց ի վեր ավելի քան մեկ միլիարդ մարդ հիմնական կարիքները բավարարելու հարցում ստացել է COVID-ի հետ կապված դրամական փոխանցում իրենց կառավարությունից: Այնուամենայնիվ, տնտեսապես առավել մարգինալացված կանայք հաճախ անտեսանելի են իրենց կառավարությունների համար․ քիչ է հավանական, որ նրանք հայտնվեն հարկային ցուցակներում, ունենան պաշտոնական նույնականացում կամ բջջային հեռախոս, ուստի կանգնած են այդ արտոնությունները բաց թողնելու ռիսկի առաջ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական պաշտպանության ծրագրերը, որոնք անտեսում են սեռը, կարող են սրել գոյություն ունեցող անհավասարությունները։ Այնուամենայնիվ, լավ ձևակերպված կանխիկ փոխանցումները կարող են զգալի դրական արդյունքի հանգեցնել։ 2019թ-ին Հնդկաստանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, երբ դրամական նպաստները մուտքագրվել են կնոջ հաշվեհամար (ոչ թե ամուսնու), և կնոջը ցույց են տվել, թե ինչպես օգտագործել այդ հաշիվը, կանանց ներգրավվածությունը աշխատուժում բարձրացել է:
Տնտեսապես առավել մարգինալացված կանայք հաճախ անտեսանելի են կառավարությունների համար։
Քաղաքականություն մշակողները կարող են նաև խթանիչ միջոցներ տրամադրել կանանց՝ դրանք ուղղելով կանանց սեփական բիզնեսներին։ Երբեմն գենդերային խտրականությունը այնքան էլ ակնառու չէ։ Օրինակ՝ քանի որ կանանց բիզնեսները ավելի փոքր են ու ունեն ավելի քիչ եկամուտ, քան տղամարդկանցը, դրանք գուցե իրավասու չեն ստանալ պետական վարկեր կամ գնումների սխեմաներ, որոնք ընկերություններից պահանջում են բավարարել կապիտալիզացիայի որոշ պահանջներ։ Կառավարությունները կարող են հետևել Կանադայի օրինակին և որոշ միջոցներ հատկացնել բացառապես կանանց ձեռնարկություններին։ Այլ երկրներ խելամտորեն միջոցներ են ուղղում այն ոլորտներ, որտեղ կանայք մեծ ներգրավվածություն ունեն․ Արգենտինան դիմակներ է գնում տնային աշխատողներից, իսկ Բուրկինա Ֆասոն հրաժարվել է մրգեր ու բանջարեղեն վաճառողների կոմունալ վճարներից։
Կանանց հանդեպ տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերելը կախված է նաև նրանց՝ բջջային հեռախոսներին հավասար հասանելիություն ունենալուց։ Բջջային հեռախոսը գնալով ավելի շատ է սկսում օգտագործվել, երբ ապրանքներ են գնում կամ վաճառում, տեղեկություն է մատակարարվում և պահանջվում, շատ կարևոր խնդիրներ են քննարկվում և գումար է տեղափոխվում մի բանկային հաշվից մյուսը։ Սակայն, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կանանց՝ բջջային հեռախոս ունենալու հավանականությունը տասը տոկոսով ավելի պակաս է, քան տղամարդկանցը, և բջջային համացանցից օգտվող կանանց թիվը 313 միլիոնով պակաս է տղամարդկանցից։ Սրա հետևանքով ձևավորվում է մի սարսափելի շրջապտույտ․ գենդերային անհավասարությունը հանգեցնում է թվային տեխնոլոգիների հասանելիության անհավասարությանը, ինչն էլ իր հերթին ավելի է խորացնում գենդերային անհավասարությունը։ Այս շրջապտույտը դադարեցնելու համար կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն Քենիայի և Բանգլադեշի օրինակին, որոնք առաջարկել են հեռախոսի և տվյալների փաթեթների հատուկ գներ և վաճառել դրանք՝ հաշվի առնելով կանանց կարիքները։
Վերջապես անհրաժեշտ է անվճար աշխատանքի բեռը տեսնել, կրճատել և վերաբաշխել։ Կա մի համընդհանուր ակնկալիք, որ կինը պետք է ամեն օր ժամեր անցկացնի կերակուր պատրաստելու, մաքրություն անելու և խնամքի վրա, որոնք ապահովում են ընտանիքի կյանքը, բայց եկամուտ չեն բերում։ Անվճար աշխատանքի անհավասար բաշխումը անզոր է դարձնում անհատ կանանց, վնասներ է հասցնում տնտեսություններին և կդանդաղեցնի վերականգնումը COVID-19-ից հետո։ Համաշխարհային մասշտաբով կանանց անվճար խնամքի աշխատանքի երկու ժամանոց աճը հավասար է նրանց՝ աշխատուժում ներգրավվածության տասը տոկոս նվազմանը։ Կառավարությունները կարող են ցույց տալ, որ այս աշխատանքը գնահատվում է` աշխատող ծնողներին վճարովի արձակուրդ տրամադրելով, առաջնահերթությունը տալով ենթակառուցվածքային ներդրումներին, ինչպիսիք են էլեկտրաէներգիան և խողովակաշարային ջրամատակարարումը, որոնք անվճար աշխատանքը դարձնում են քիչ ժամանակատար։ Գործատուները կարող են առաջարկել աշխատողներին ճկուն ժամանակացույցներ, հնարավորության դեպքում հեռակա աշխատելու տարբերակ, և այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են երեխայի խնամքը հենց աշխատավայրում նրանց համար, ում աշխատանքը պետք է կատարվի անձամբ։ Այս քաղաքականությունը պետք է տարածվի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց վրա, որպեսզի նրանք գենդերային դերերը ուժեղացնելու փոխարեն փոխեն դրանք։
Լսե՛ք փորձագետներին
«Լսե՛ք փորձագետներին»․ սա մեկ այլ արտահայտություն է, որը տարածվել է համավարակի ընթացքում։ Կորացումն ամենահարթը այն հատվածներում է, որտեղ մարդիկ հետևել են հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուների ցուցումներին բոլոր հարցերում՝ դիմակներ կրելուց մինչև ռեստորանների փակումը։ Այնուամենայնիվ, գիտնականները միակ փորձագետները չեն, ում այժմ պետք է լսել։ Մտածե՛ք այս հոդվածի առաջարկների շուրջ։ Դրանցից գրեթե բոլորը կապված են առաջին հայացքից աչքի չընկնող հարցերի ընդունմանը և նորերի բարձրացմանը։ Եթե մենք բուժաշխատողներին տեղափոխենք COVID 19-ով հիվանդներին բուժելու, ապա տեղափոխվելով ի՞նչ կթողնեն նրանք ետևում։ Արդյո՞ք տնտեսական այն տվյալները, որոնք ցույց են տալիս երկրի արձագանքը, արտացոլում են նաև կանանց փորձը։ Կարո՞ղ են ընտանեկան բռնության ապաստարանները բաց մնալ «կենսական ծառայություններ» հասկացության ներքո։ Նմանատիպ հարցեր տալու հավանականությունն ավելի մեծ կլինի, եթե հենց կանայք տան դրանք։
Պետությունների ղեկավարների մեծ մասը տղամարդիկ են՝ ընդ որում՝ զգալի մեծամասնությունը։ Աշխարհի օրենսդիրների երեք քառորդը՝ նույնպես։ Այս տղամարկանցից ոմանք իսկապես գենդերային անհավասարության դեմ պայքարողներ են (օրինակ` Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան բարձրաձայն ցանկանում էր դադարեցնել սեռական բռնությունը անգամ իր երկրի՝ COVID-19-ի մեկուսացման ընթացքում)։ Այս բոլոր ղեկավարներն այժմ ցանկանում են հասնել նրան, որ կանայք նույնպես ներգրավված լինեն COVID-19-ի դեմ պայքարի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։
Վիրուսի հետևանքով մեծ թափ են ստացել կապույտ ժապավենի կոմիտեները, խոհանոցային պահեստները և այլ ad hoc մարմիններ, որոնք օգնում են որոշել ամեն ինչ՝ սկսած տնտեսությունների վերաբացումից մինչև պատվաստանյութի բաշխում։ Կանայք, և որ ավելի կարևոր է, տարբեր ծագում ունեցող կանայք, պետք է հավասարապես ներկայացված լինեն այս զրույցներում։ Կառավարությունները պետք է հրաժարվեն բռնատիրական մոտեցումներից, որպեսզի համագործակցեն կանանց տեղական կազմակերպությունների հետ, որոնց մարգինալացված բնակչության մասին խորը ըմբռնումը կկարողանա ցույց տալ, որ պաշտոնական արձագանքը կանանց չի թողնում ստվերում։ Որոշ կառավարություններ արդեն հասկացել են, որ այս խմբերը կարևոր դաշնակիցներ են վիրուսի դեմ պայքարում։ Հնդկաստանում մայիսի սկզբին հազարավոր կանանց տեղական կազմակերպություններ արտադրել էին ավելի քան 100 միլիոն դիմակ, 200000 անհատական պաշտպանության միջոցների հավաքածու և 300000 լիտր ձեռքերը ախտահանող միջոցներ։
Ահա թե ինչպես կարող ենք հաղթահարել համավարակը՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ. ընդունելով, որ կանայք միայն այս խարխլված աշխարհի զոհերը չեն․ նրանք կարող են ավելի լավի կերտողը լինել։
Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։