Երեսուն տարի առաջ. Պատի փլուզումը և դրա ազդեցությունը Գերմանիայի և գերմանացիների վրա

Բեռլինյան պատի փլուզումն ուղղակի ու անուղղակի հետևանքներ ունեցավ բոլորի համար  ոչ միայն Գերմանիայում, այլ նաև Եվրոպայում: Այդ օրն աշխարհն այլ դարձավ … 

  1. Ազատ տեղաշարժի ազատություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիների համար

ԳԴՀ-ի քաղաքացիների մեծ մասին արգելված էր մեկնել ոչ սոցիալիստական​​ երկրներ, իսկ դեպի սոցիալիստ եղբայր պետություններ՝ Լեհաստան, Չեխոսլովակիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա և Խորհրդային Միություն ուղևորությունները թույլատրվում էին միայն որոշակի պահանջներով: Անսահմանափակ կարող էին ճամփորդել միայն ավագ սերնդի ներկայացուցչիները և reisekader-ները (ներկայացուցիչներ պետական​​ կամ կուսակցական ապարատներից կամ հասարակական կյանքից՝ մարզիկ, նկարիչ, գիտնական, ինչպես նաև ԳԴՀ-ի տնտեսության հետ կապված անձիք, որոց վրա տարածված չէր ճանապարհորդության ազատության սահմանափակումները): 

Ճանապահորդել ցանկացող անձանց դիմումների քննումն ու հաստատումը իրականացնում էր Պետական անվտանգության նախարարության 19-րդ գլխավոր վարչությունը: Այն անձիք, որոնք հաստատվում էին որպես reisekader, ստանում էին ԳԴՀ-ի ճամփորդական անձնագիր: Reisekader-ների թիվը մոտավոր 40.000 է եղել: 

1989 թ. նոյեմբերի 9-ին Բեռլինյան պատի փլուզումից ժամեր առաջ ԳԴՀ-ի Ներքին հարցերի նախարարությունը սահմանեց ճամփորդության նոր օրենք, ըստ որի՝ ԳԴՀ քաղաքացիները կարող են արտերկիր ճանապարհորդության համար դիմել ոստիկանական բաժանմունքներ և թույլտվություն ստանալ: Այս օրենքը գործում էր մինչև 1990 թ. հունիսի 30-ը, այնուհետև ուժի մեջ մտավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կնքված Տնտեսության և արժույթների միավորումը: Իրականում Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիները միայն պատի փլուզումից հետո կարողացան ճանապարհորդել  այնտեղ ու այնքան հաճախ, որքան կցանկանային: Օրական մինիմում 25 դոյչմարկի  փոխանակումը արևմտյան գերմանացիների համար, որոնք ցանկանում էին այցելել Արևելյան Բեռլին կամ Դեմոկրատական Հանրապետություն, 1989 թ. Սրբազան երեկոյի ընթացքում վերացվեց:

© N.Kuzmanić/SUPERillu 1989 թվականի նոյեմբերի 9-ը, Վարթբուրգ (Արևելյան Գերմանիայի մարդատար ավտոմեքենաների ապրանքանիշ) ընկերության ավտոմեքենան Արևմտյան Բեռլինի Կլեյստստրասեի վրա
  1. Կարծիքի արտահայտման, լրատվության և ժողովների անցկացման ազատությունը ԳԴՀ-ում

1974 թ.-ի հոկտեմբերի 7-ին ուժի մեջ մտած ԳԴՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում ասվում է. «Գերմանիայի Դեմոկրատական​​ Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատորեն և հրապարակավ արտահայտել իր կարծիքը սույն սահմանադրության սկզբունքներին համապատասխան: Այս իրավունքը չի սահմանափակվում որևէ ծառայության կամ աշխատանքային հարաբերություններով: Ոչ ոք չի կարող թերագնահատվել, եթե օգտվի այդ իրավունքից: Մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ազատությունը երաշխավորված է»: Սահմանադրության 28-րդ հոդվածը կարգավորում էր նաև հավաքները. «Բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իրականացնելու խաղաղ հավաքներ՝ սահմանադրության սկզբունքների և նպատակների շրջանակներում»:

Սակայն, իրականում, հասարակական կարծիքը հաստատվում էր «Սոցիալիստական միություն» կուսակցության (SED) կողմից: Մամուլն ու կուսակցությունները (ԳԴՀ–ում գործում էին նաև Քրիստոնյա-դեմոկրատական միությունը (CDU), Գերմանիայի լիբերալ–դեմոկրատական ​​կուսակցությունը (LDPD), Գերմանիայի ազգային–դեմոկրատական​​ կուսակցությունը (NDPD) և Գերմանիայի ժողովրդավարական գյուղացիական կուսակցությունը) պետք է վերարտադրեին և փոխանցեին «Սոցիալիստական միություն» կուսակցության (SED) կարծիքը: Յուրաքանչյուր ոք, ով դրան դեմ էր արտահայտվում կամ նույնիսկ բողոքում էր, ստիպված էր հաշվի առնել անձնական վիրավորանքները և բանտարկությունը: 

Օրինակ, 1965-ի հոկտեմբերի վերջին առևտրի տոնավաճառում տեղի ունեցավ, այսպես կոչված, Leipziger Beatdemo-ն (Լեյպցիգյան Բիթ-ցույցեր): Հազարավոր մարդիկ ցույցի դուրս եկան՝ ընդդեմ բիթ երաժշտության և բազմաթիվ բիթ-խմբերի գործունեության արգելքի: Ցույցը սկսվելուց անմիջապես հետո ժողովրդական ոստիկանության և պետական​​ անվտանգության կողմից այն ցրվեց: Ձերբակալված 264 ցուցարարներից 97-ը ենթարկվեցին մինչև վեցշաբաթյա «հարկադիր աշխատանքի» Կիտցշերի և Ռեգիս-Բրեյթինգենի գորշ ածուխի հանքերում:

Դեռևս Բեռլինի պատի փլուզումից առաջ ԳԴՀ-ում սկսվեց կրկին զարգանալ խոսքի,  մամուլի և հավաքների իրական ազատությունը: Այն սկսվեց եկեղեցական ընդդիմադիր խմբավորումներից և զարգացավ նաև քաղաքական կուսակցություններում, թերթերում և ռադիոկայաններում: Սկզբում գրաքննիչները փորձում էին արմատախիլ անել առաջացող քննադատությունը, սակայն դեպի ազատություն շարժումն այլևս հնարավոր չէր կանգնեցնել: Այդ ժամանակ շուրջ մեկ միլիոն մարդ ցույց էր անում Բեռլինի Ալեքսանդրպլացում` ԳԴՀ-ում բարեփոխումների և ազատությունների համար: Հանրահավաքը ուղիղ եթերով հեռարձակվեց ԳԴՀ-ի հեռուստատեսությամբ, քանի որ Բեռլին-Ադլերշոֆի հեռուստաընկերության պրոդյուսերներն իրենց իսկ կամքով որոշել էին ուղիղ եթերով հեռարձակել իրադարձությունը:

© GG Հեռուստալրագրող Յան Կարպենտյերը՝ (ձախից՝ 3-րդ) Ազգային պաշտպանության նախարարության պահակային գնդի զինվորների հետ 1989-ի աշնանը Բեռլինում: Կարպենտյերը «elf99» երիտասարդական ամսագրի խմբագրական թիմի անդամ էր, որն իր գործունեությունը սկսեց 1989-ի սեպտեմբերին և պատրաստեց առաջին ազատ ռեպորտաժը ԳԴՀ-ում:
  1. ԳԴՀ-ի քաղաքացիներն այժմ կարող էին նաև գնել բոլոր ապրանքները

Ոչ բոլոր ապրանքները հնարավոր էր գնել ԳԴՀ-ում: Կար «տնտեսության պակասություն», որն, ըստ հունգարացի տնտեսագետ Յանոս Կորնայի սահմանման, պայմանավորված էր այն փաստով, որ չնայած ապրանք գնելու համար բավականաչափ գումարի առկայությանը՝  կար ապրանքների կամ ծառայությունների պակաս: 

ԳԴՀ-ում առկա էր հատկապես մեծ պահանջարկ ունեցող ապրանքների դեֆիցիտ: Բնակարանների ու մեքենաների ձեռքբերման համար պետք էր տարիներով սպասել: Հիմնականում վայելքի ու շքեղ ապրանքների պակաս կար, որոնք կոչվում էին Bückware-ներ (կռանալուապրանքներ): Դրանք ներառում էին կետչուպը, գարեջուրը, բանանը, նարինջը, բայց նաև բարձրորակ միսը, ինչպիսիք են ռուլադները, ինչպես նաև ամսագրերը, ինչպիսիք են «Das Magazin»-ը, «Moasik»-ը կամ «Für Dich»-ը: «Bückware» տերմինը նկարագրում է այն գործընթացը, թե ինչպես է վաճառողուհին կռանում և հավատարիմ հաճախորդների համար վաճառասեղանի տակից հանում հազվագյուտ ապրանքները: 

1989-ի օգոստոսին Հալլեում տեղի ունեցան անկարգություններ, քանի որ գարեջուրը վերջացել էր: Տեղական SED թերթում առաջին անգամ հայտնվեց կառավարության հասցեին քննադատական ​​հոդված, որը վերաբերում էր տնտեսական դեֆիցիտին:

Պատի փլուզումից հետո «Արևմուտքի» ազատ շուկան այժմ բաց էր նաև ԳԴՀ քաղաքացիների համար: Դա կյանքի նոր զգացողություն էր:

 

© dpa Լայպցիգյան ավանդական «ZumGoldbroiler» ռեստորանի դիմաց, 1990 թ.-ի սկիզբ
  1. Առաջին ազատ ընտրությունները ԳԴՀ-ում

Նախապատմությունը

Մինչև 1990 թվականը նախկին ԳԴՀ-ում բոլոր ընտրությունները կեղծվում էին: Կային «ազգային ճակատի» ցուցակներ, որոնք կարող էին ընտրվել միայն որպես ամբողջություն: Այսպես կոչված բլոկային կուսակցությունների տոկոսային ներգրավվածությունը հաստատված էր ի սկզբանե: «Անարդար ընտրությունների» հետ կապված առաջին վրդովմունքը տեղի ունեցավ 1989 թ.: Քաղաքացիական իրավունքների շարժումը դրա համար ուներ հաստատուն ապացույցներ, քանի որ ընտրությունների ժամանակ ներկայացված էին դիտորդներ: Սրանից առաջացած դժգոհությունը մեկնարկային կետ էր աճող բողոքական շարժման, այդպիսով նաև 1989 թ. սեպտեմբերից տեղի ունեցած երկուշաբթյան ցույցերի համար:

1990-ի մարտի 18-ին տեղի ունեցավ ԳԴՀ ժողովրդական պալատի առաջին դեմոկրատական ընտրությունները: Այն նախապես պլանավորված էր իրականացնել 1990 թ. մայիսի 6-ին, սակայն տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակի պատճառով «Կլոր սեղանը» որոշեց հետաձգել ընտրությունները: Առաջին անգամ ԳԴՀ-ում մարդիկ ընտրություն ունեին 24 կուսակցությունների և դաշինքների միջև: Նախընտրական արշավը վերաբերում էր մոտալուտ տնտեսական և արժութային միությանը, ինչպես նաև գերմանական վերամիասնությանը:

Ժողովրդական պալատի առաջին ազատ ընտրությունների արդյուքները

Մասնակցությունն ավելի քան 93 տոկոս էր: Հաղթողը «Դաշինք հանուն Գերմանիայի» կուսակցությունն էր, որը բաղկացած էր «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» (CDU), «Ժողովրդավարական Զարթոնք» (DA) և «Գերմանիայի սոցիալական միություն» (DSU),  կուսակցություններից: Ընտրությունների արդյունքում դաշինքը ստանավ ձայների 48 տոկոսը, մինչդեռ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ստացավ 21,9 տոկոս քվե: Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցությունը (նախկինում՝ Սոցիալիստական միություն) երրորդ ուժն էր՝ 16,3 տոկոսով: Խաղաղ հեղափոխության կրող «Դաշինք 90» կուսակցությանը կողմ էր քվեարկել մարկանց ընդամենը 2,9 տոկոսը: Այսպիսով, ընտրողները քվեարկեցին հանուն գերմանական միասնության, արևմտյան ժողովրդավարության և սոցիալական շուկայական տնտեսության:

Լոտար դե Մեզիրի կառավարությունը

1990 թ.-ի ապրիլի 12-ին Ժողովրդական պալատը վարչապետ ընտրեց Լոտար դե Մեզիրին (CDU): «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Գերմանիայի սոցիալական միություն», «ժողովրդավարական զարթոնք» և «Լիբերալներ» կուսակցությունների հետ նրա մեծ կոալիցիան պատրաստեց ԳԴՀ-ի վերամիասնությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` համաձայն Օրենսգրքի 23-րդ հոդվածի: ԳԴՀ-ի Ժողովրադական պալատի առաջին ազատ ընտրությունները այսպիսով վերջինն էին:

© dpa/picture-alliance Ժողովրդական պալատի ընտրություններ, 1990 թ. մարտի 18

1990 թվականի սեպտեմբերի 20-ին առաջին (և միակ) ազատ ընտրված Ժողովրդական պալատի պատգամավորները անվանական համաձայնությամբ հաստատեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ վերամիավորման պայմանագիրը:

  1. Դրամավարկային, տնտեսական և սոցիալական միավորումը Գերմանիայի Դաշնային և Դեմոկրատական Հանրապետությունների միջև 

Կոշտ, սակայն ընդամենը մեկ ամիս տևած բանակցություններից հետո 1990 թ. մայիսի 18-ին Գերմանիայի Դաշնային և Դեմոկրատական Հանրապետությունների կառավարությունները ստորագրեցին դրամավարկային, տնտեսական և սոցիալական միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Պայմանագրի հիմնական բովանդակությունը ներառում է.         

  • սոցիալական շուկայական տնտեսության ներդրում նախկին ԳԴՀ-ում,
  • 1990 թ.-ի հուլիսի 1-ին ԳԴՀ արժույթի փոխարկումը դոյչմարկի,
  • տնտեսական կողմնորոշում դեպի մասնավոր սեփականություն և ազատ գնագոյացում,
  • պետական​​ ձեռնարկությունների սեփականաշնորհում,
  • պետական​​ մենաշնորհների և ​​սուբսիդիաների վերացում,
  • Արևմտյան Գերմանիայի սոցիալական և կենսաթոշակային համակարգի ներդրումը ԳԴՀ-ում,
  • Դաշնային Հանրապետության կողմից ԳԴՀ-ի դեֆիցիտային պետ​​բյուջեի մարում:

Փոխարժեքը տատանվում էր՝ կախված տարիքից և հարստությունից: Վաթսուն և ավելի տարեկան քաղաքացիներին թույլատրվում էր դոյչմարկի փոխանակել մինչև 6,000, մեծահասակներին` մինչև 4,000 և մինչև 14 տարեկան անձանց՝ մինչև 2,000 ԳԴՀ մարկ՝ 1:1 դրույքաչափով: Խնայված ավելի մեծ կարողությունները փոխանակվում էին 2:1 փոխարժեքով, իսկ պարտքերը՝ կիսով չափ կրճատվում: Վարձատրությունները, աշխատավարձերը, դրամաշնորհները, կենսաթոշակները, վարձավճարները և վարձակալությունների վճարները, ինչպես նաև այլ վճարումները փոխարկվում էին 1:1 դրույքաչափով: Այն անձանց և ընկերությունների կարողությունները, որոնք չէին գտնվում ԳԴՀ-ում, փոխանակվում էին 3:1 դրույքաչափով: 

Վերամիասնության օրենքի նախագիծը երկու երկրների պատվիրակությունների ղեկավարներ Վալտեր Ռոմբերգի և ֆինանսների դաշնային նախարար Թեո Վայգելի կողմից ստորագրվելուց հետո  առաջին ընթերցմամբ քննարկվեց 1990 թ. մայիսի 21-ին՝ ժողովրդական պալատի հատուկ նիստում:

Իսկ ահա 1990-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ Գերմանիայի Դաշնային և Դեմոկրատական Հանրապետությունների միջև դրամավարկային, տնտեսական և սոցիալական միություն ստեղծելու օրենքը:

© Imago Դրեզդենից մի ընտանիք ցույց է տալիս փոխանակված առաջին դոյչմարկերը
  1. Գերմանիայի վերամիավորումը

1990 թ. օգոստոսի 31-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոբլեն և նախկին ԳԴՀ-ի վարչապետին առընթեր խորհրդարանի պետքարտուղար Գյունթեր Կրաուսեն կնքեցին վերամիավորման պայմանագիրը:  Այն հենց նույն օրը հատատվեց կառավարական երկու կաբինետների կողմից, իսկ ժ. 13.15-ին Արևելյան Բեռլինում գտնվող Թագաժառանգների ապարանքում երկու պաշտոնյաների կողմից մեկ անգամ ևս ստորագրվեց: Պայմանագիրը բաղկացած էր 1000 էջից: Վերամիրավորումը շարադրվեց հետևյալ կերպ. 

  • Հաստատել 1990 թ. հոկտեմբերի 3-ը որպես գերմանական երկու պետությունների վերամիասնության օր, որը պետք է նշել որպես Գերմանիայի վերամիավորման տոն: Հինգ նոր նահանգները՝ Բրանդենբուրգը, Մեքլեմբուրգ-Ֆորպոմմերնը, Զաքսենը, Զաքսեն-Անհալթը և Թյուրինգենը դառնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նահանգներ, և դրանց վրա տարածվում է գլխավոր օրենսգիրքը:   
  • Ժողովրդական պալատը ուղարկում է 144 պատգամավորների Գերմանիայի Բունդեսթագ, Դաշնային խորհուրդը (մինչև յուրաքանչյուր նահանգում տարածքային ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից հետո կառավարության ստեղծումը) բաղկացած է լինում նահանգների կողմից ներկայացված խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող լիազորներից: 
  • Բեռլինը դառնում է Գերմանիայի մայրաքաղաքը: Խորհրդարանի և կառավարության նստավայրի հարցը պետք է լուծել Գերմանիայի վերամիավորման վերջնական հաստատումից հետո: 
  • Սովետական Միության կողմից օկուպացման ժամանակահատվածում կայացրած որոշումները մնում են ուժի մեջ: 
  • Պետական անվտանգության փաստաթղթերը մնում են նախկին ԳԴՀ տարածքում (այսինքն՝ չեն հանձնվում Դաշնային արխիվին):
  • Վերամիավորված տարածքում կիրականացվեն այլ իրավական անցումային կարգավորումներ:  

ԳԴՀ-ի ժողովրդական պալատը 1990 թ. սեպտեմբերի 20-ին 299 և 88 ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց վերամիավորման պայմանագրին, նույն օրը Բունդեսթագը 442 և 47 ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունեց հաստատել վերամիավորման պայմանագիրը:

Գերմանիայի վերամիավորման տոնակատարությունը Բեռլինում 1990թ. հոկտեմբերի 3-ին

Բնօրինակի հեղինակ՝ Patrick Ziob, SUPERillu


Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մանուկյան (Hripsime Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: