Գրական ակումբներ
Գրականությունը միայն «մեծերի» մենաշնորհը չէ. գրական տարբեր հոսանքները, խմբակներն ու միություններն են ժամանակի ընթացքում ձևավորում այն՝ դառնալով տվյալ շրջանի խնդիրների բանաձևողն ու հասարակական մտքի առաջնորդը: Հետագայում դարերի մաղի միջով անցնելով՝ գալիքի սերունդներին են ավանդվում միայն հատուկենտ գրողների անուններ, որոնք, սակայն, սերում են իրենց սերնդի գրական միջավայրից, և նրանց գիրն ամբողջությամբ բացահայտվում է սոսկ այդ միջավայրի համատեքստի հետ քննության ժամանակ: Ուստի կարելի է բանաձևել, որ գրական սերունդներն ու գրական միջավայրն իրենց անջնջելի կնիքն են թողնում գրողների աշխարհայացքի և ստեղծագործության վրա: Հանճարներն ու տաղանդները սերում են հենց այդ սերունդներից, երբ հասարակական միջավայրը և քաղաքական դրությունը ծնունդ են տալիս նրանց, բարձրացնում ժամանակի հոսանքից, և նրանց գրչի միջոցով խոսում է ժողովուրդը, խոսում իր ցավերից, հույզերից և ուրախություններից:
Ճիշտ է այն խոսքը, որ գրողներն են ձևավորում ժամանակաշրջանը, բայց և ժամանակաշրջանն է ծնունդ տալիս գրողին՝ թելադրելով իրեն հուզող հարցերը: Ճիշտ թե սխալ, բայց բոլոր մեծ գրողներն իրենց երկերի համատեքստում քննում են այդ պահի համար արդիական հարցեր՝ իրենց վրձիններն ուղղելով ապագային, փորձելով տալ դրանց լուծումները: Ուստի գրականության պատմության համար կարևոր են ոչ միայն հանճարների գործերն ու անունները, այլև տվյալ ժամանակաշրջանների առավել «փոքր գրողների» երկերը, գրական խմբակները, որոնք ցույց են տալիս պահի միտքն ու մտածողությունը:
Իսկ ինչպիսի՞ գրական խմբակներ կան այսօր, որո՞նք են գրականության պատմությունը առաջ տանող այն ուժերը, որ առկա են մեր օրերում: 21-րդ դարում փոխվել են հաղորդակցության միջոցները, և այսօր գրական թերթերից ու գրական հանդեսներից առաջ կանգնած է համացանցը: Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ գրականության մեջ զարգացման օղակ են հանդիսանում սոցիալական ցանցերը: Սկսնակ բանաստեղծներն ու արձակագիրները համախմբվում են տարբեր գրական ակումբների շուրջ և իրենց գրական ուղին հարթում էլեկտրոնային հարթակում: Ստացվում է՝ համացանցը ինչ-որ չափով ազդում է ժամանակաշրջանի գրական մտքի վրա և արտացոլում մեր երիտասարդության հույզերն ու զգացմունքները:
Հայ ժամանակակից գրականության զարգացման միտումներն ու ուղիները հասկանալու համար սույն վերլուծության առաջին մասում կանդրադառնանք «Ֆեյսբուքյան գրականություն» կոչվող երևույթին՝ փորձելով արժևորել մերօրյա բանաստեղծների1 երկերը և դրանցում արծարծված խնդիրները, պարզել՝ արդյո՞ք գրական ակումբներում համախմբված են նույն խնդիրներն ու թեմաները, նույն հարցերը քննող ու առաջադրող մտածողներ, թե պարզապես գրել սիրող ու փորձող անհատներ:
Մեր վերլուծության մեջ կքննենք ֆեյսբուքյան հարթակում գործունեություն ծավալող գրական ակումբներից երկուսը՝ «Երիտասարդ գրողների գրական ակումբը» (ԵԳԳԱ) և «Մտահեղեղ» գրական ակումբը (ՄԳԱ)՝ անդրադառնալով դրանց և՛ ընդհանուր մոտեցմամբ, և՛ մատնանշելով անհատ հեղինակների: Երկու խմբակներն էլ իրենց գործունեությունը սկսել են շուրջ մեկ տարի առաջ:
Գրական ակումբների հիմքում առհասարակ ընկած է լինում ինչ-որ խնդիր, որի շուրջ հավաքվում են դրա անդամները, ովքեր իրենց գործունեությունը սկսելուց առաջ հանրության լայն շրջանակներին են ներկայացնում խմբի նպատակները կամ էլ հրապարակում դրանք իր մեջ խտացնող մանիֆեստ: Ուստի հարմար ենք գտնում մեր ուսումնասիրությունը սկսել հենց այդ կետից:
Ինչպես «Մտահեղեղը», այնպես էլ «Երիտասարդ գրողների գրական ակումբը» իրենց գործունեությունը սկսում են ակումբների նպատակների և հիմնախնդիրների վերաբերյալ փոքրիկ բնութագրերով:
ԵԳԳԱ-ն իր անդրանիկ նախադասությամբ նշում է, որ իրենց նպատակն է համախմբել Սփյուռքի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի երիտասարդ ստեղծագործողներին, կամուրջ հանդիսանալ գրականության սիրահարների և ժամանակակից գրականությունը ստեղծողների միջև: Այս կոչին հետևում է սովորական «հանգաթխությամբ» գրված բանաստեղծություն, որ կոչ է անում համախմբվել ընթերցողներին, գրականագետներին, պոետներին:
Մեր խումբը Ձեզ սիրով ասում է «բարի գալուստ»,
Այստեղ չեք ունենա ժամանակի ավելորդ կորուստ:
Դուք մտնում եք մի աշխարհ, որ կոչվում է «գրականություն»,
Այն հեքիաթային է, վառ ու գունեղ, արկածային,
Բայց և` խորհրդավոր, առեղծվածային:
Լինես ընթերցող, թե գրականագետ,
Լինես գիտնական, կամ թեկուզ պոետ,
Դու մեր խմբում պիտի լինես հարգալից,
Ակտիվ լինես անընդատ,
Թեկուզ կոչեն քննադատ,
Փորձիր տարբերվող լինել միշտ,
Խոսքդ կառուցել հստակ ու ճիշտ:
ՀԵՂԻՆԱԿ՝ խմբի հիմնադիր և ղեկավար ՍՈՆԵՏ»2 :
Կարդալով վերոհիշյալ բանաստեղծությունը՝ միակ կարծիքը, որ կազմում ենք, հանգերի անիմաստ ընտրությամբ, ոչինչ չասող խոսքն է, որն իր բնույթով և իմաստով չի հանգում և ոչ մի գաղափարի, չի արտահայտում այն նպատակները, որոնց շուրջ համախմբվել են մասնակիցները: Ստացվում է՝ ԵԳԳԱ-ի հիմքում ընկած միակ նպատակը պարզապես բանաստեղծություն գրելն է:
Այլ մոտեցմամբ է սկսում իր գործունեությունը «Մտահեղեղը», որը առավել գրագետ է բանաձևում իր անդրանիկ խոսքը:
«Ողջունում ենք բոլորին:
«Մտահեղեղ» ակումբը սիրով հրավիրում է ձեզ դառնալու մերօրյա ստեղծագործողների գրի վրձնումների ակնդիրը և, ինչու ոչ, մեր հերոսներից մեկը: Խումբը կոչված է բացահայտելու նորաթուխ գրողների հույզերը, լինելու նրանց առաջընթացի ու կատարելագործման խթանը և նպաստելու ինքնաբացահայտմանը: Ամենի իրականացման համար ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը՝ ավագ սերնդի առաջնահերթությամբ: Առաջարկում ենք ձեզ դառնալ արդի գրականության մտահեղեղի ծփանքներից մեկը՝ սեփական զարգացումն ապահովելով: Կոչ ենք անում չխուսափել ոչ միայն քննադատական խոսք հղելուց, այլև լսելուց, ինչն էլ կօգնի առավելագույնս անկեղծ և անաչառ կարծիքներ լսելուն հասնել: Իսկ մեր նորաթուխ գրող-երիտասարդներից սպասում ենք ակտիվ, նպատակաուղղված, խելամիտ գործունեություն և նորանոր, խուռներանգ ծփանքներ: Մաղթում ենք մտահեղեղի մշտատև ու «անհանգիստ» ընթացք: Շնորհակալություն:)»:
Նկատելի է, որ երկու խմբակներն էլ կողմնակից են առողջ քննադատությանն ու գրական ճաշակի զարգացմանը: Վերոնշյալ ակումբների նպատակն է զարգացնել նորաթուխ գրողների հմտություններն ու հարթակ ընձեռել նրանց գործունեության համար: Ներկայացված նպատակների և դրանց իրականացման ուղիների վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքում երևան են գալիս մի շարք խնդիրներ, որոնք մատնանշում են առաջադրված ծրագրերի և դրանց ի կատար ածման եղանակների թերիությունը: Շեշտը դնելով գրականությունը սիրողների և այն ստեղծողների վրա` այս երկու ակումբները իրենց շուրջն են հավաքել բազմաթիվ երիտասարդների (և ոչ միայն), ովքեր ֆեյսբուքյան հանրությանն են ներկայացնում իրենց ստեղծագործությունները:
«Երիտասարդ գրողների գրական ակումբ»
«Երիտասարդ գրողների գրական ակումբը» հիմնադրվել է 2015 թ.-ի հոկտեմբերի մեկին, և այսօր ունի 8000-ից ավելի հետևորդ, որոնց թվում մեծամասամբ գրողներ են, կան նաև գրաքննադատներ, գրականագետներ և պարզապես ընթերցողներ:
Որպես դիտանկյուն ընդունելով այն փաստը, որ հիմնադրման պահին նրանց հիմնական նպատակն էր համախմբել ստեղծագործող հայությանը՝ սկսենք քննել հրապարակված որոշ գործեր՝ փորձելով փաստել՝ որքանով է կայացած գրական ակումբը:
Նախ և առաջ անդրադառնանք թեմաներին, որոնցով ստեղծագործում են հեղինակները: Գրական ակումբի հիմնադրման ժամանակ հիմնադիրները չեն առանձնացրել կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է դնեին իրենց հետագա երկերի հիմքում, և այդ մոտեցումը շարունակվում է նաև հետագայում: Հրապարակված բանաստեղծությունների շարքում չկա խնդիրների կամ նպատակների ընդհանրություն, ենթատեքստերը տարբեր են՝ սեր, հայրենիք, անձնական դրամա, կյանքի ու մահվան խնդիր, բարձր խոսքի կողքին առկա են նաև մանկան լեզվի թոթովանքով գրված մանկական բանաստեղծություններ:
Երկրորդ խնդիրը, որ աչքի է ընկնում ակումբում, լեզվի պարզությունն է: Բանաստեղծությունների մեծ մասում չկա ոչ մի բառախաղ, նորություն, ներքին գրավչություն, ամեն բան չափազանց պարզ է գրված: Քննենք գրական ակումբի հիմնադիր Սոնետի գրերից մեկը:
«Դավաճանված կին» բանաստեղծությունը, որ ցույց է տալիս «անանուն երրորդի» պատճառով դավաճանված և սերը սրտում թաղող կնոջ կյանքի ցավը, տանջանքը, գրված է հասարակ լեզվով: Գրեթե չկան գեղարվեստական արտահայտման միջոցներ՝ համեմատություն, մակդիր, բայց ամենից զատ չկա ներքին հույզ ու ցավ, հեղինակն ասես չի զգում իր հերոսի քնարական ես-ի տառապանքը, օգտագործված են սովորական փոխաբերություններ՝ «փշոտ շուրթեր», «արցունք թքող աչքեր»: Պարզ երևում է հեղինակի ցանկությունը՝ ցույց տալ մերօրյա արդիական խնդիրը, բայց ներքին հույզը, որ պետք է ընթերցողին փոխանցվեր, ամբողջությամբ արտահայտված չէ, ձևն ու բովանդակությունը չեն գնում նույն ուղիով: Այսօրվա գրականությունը գրողի առջև լրիվ այլ պահանջներ է դնում, պարզապես իրականությունը նկարագրելով և սյուժեն առաջ տանելով բանաստեղծություն չի կառուցվում: Հեղինակը պետք է հաշվի առնի նաև ընթերցողի հոգեբանությունը, թողնի բաց կետեր, ներկայացնի ներքին սյուժեն, ներքին ապրումները, որ ընթերցողը զգա կերպարի հոգին, բացահայտի նրան:
Օր.՝ «Գիտեմ դեռ սիրում ես դավաճանված կին
Ու մտքերդ դեռ նրա հետ են,
Ոտքերդ կրկին տուն են շտապում,
Ձեռքերդ ուզում են գրկել,
Պատրաստել նախաճաշ,
Համբույրներով տենչում ես
Արթնացնել քնկոտիդ,
Բայց շուրթերը փշոտ են,
Այլ համբույրներ ճաշակած…»
Այս հատվածում մի քանի տողով ամբողջությամբ ներկայացված է դավաճանված կնոջ միտքը, ցավը, բայց ոչինչ համոզիչ չէ, չկա ներքին երանգ:
Գրական ակումբում հրապարակվող բանաստեղծությունների մի զգալի մասը, ցավոք, այդպիսին են, բայց ուրախալի է այն փաստը, որ աչքի են ընկնում նաև Ջեննի Բալյանի «Չէ՜, այդպես էլ չմեծացար» երկի պես գործեր, որոնք տալիս են վերոհիշյալի հակառակ պատկերը: Այս բանաստեղծությունն արդեն ամբողջությամբ բացում է գրողի ներքին եսը, հույզերը, և՛ գեղարվեստական միջոցները, և՛ բովանդակությունը, և՛ քնարականությունը համապատասխանում են միմյանց, ձուլվում մեկ ընդհանուր ցավի՝ հոր բացակայության մորմոքի մեջ:
«Ու անավարտ մի պատմություն,
Ու ավարտված ներողություն`
Ու այդպես էլ երբեք չասված ներողություն…
Ու բառիս մեջ քամիներն են հա ոռնացել,
Սոված, վայրի գայլի նման գիշերները զոհ են փնտրել,
Ու բաց ծովում փոթորկվել են,
Ու երախը անկուշտ բացած `
Բազում նավեր կուլ են տվել…
Հա՜յր…»:
Հատվածը երևան է հանում ձևի ու բովանդակության մի կուռ կառույց, ուր ամեն բառն իր տեղում է, ենթատեքստը և ներքին հղումը, որ հասցեագրված են ընթերցողին, տեղ են հասնում:
Հաջորդ խնդիրը, որ առկա է ԵԳԳԱ-ում, գրական մեծ ազդեցությունն է: Հեղինակները չեն կարողանում դուրս գալ մեծ գրողների ստվերից ու անընդմեջ գրում են նրանց ոճով, օգտագործում արդեն կիրառված բառեր, արտահայտություններ: Շատ սիրելով մեծ գրողներին՝ նորաթուխ բանաստեղծները չեն զգում՝ ինչպես են կրկնօրինակում նրանց, ինչի արդյունքում ծնվող երկերը արժեք չեն ներկայացնում, դառնում են սոսկ կրկնօրինակումներ:
Որպես օրինակ բերենք Վիոլետ Լապտովայի «Աշուն է նորից» չափածոյից մի հատված.
Աշուն է նորից,
Եվ ինչ-որ անհայտ տագնապ է կախվել ծառի փեշերից:
Տխուր է շուրջս…
Ինչ-որ սարսուռ է անցնում մարմնովս,
Ինչ-որ մի թախծոտ թախիծ է շրջում
Եվ կուլ է տալիս՝
Խնդություն բերող բերկրանք հյութալի;
Ա՜խ, անձրև-անձրև…
Հոգեհան աշուն, նորից ես եկել,
Եվ նորից թախծոտ հուշեր արթնացրել:
Վերնագրից իսկ ընթերցողին պատում է տերյանական-սահյանական տրամադրություն, իսկ կարդալով բանաստեղծությունը` ոչ մի եզրահանգում չենք կատարում, քանի որ չկա նոր ասելիք կամ գուցեև հավերժական թեմաների նորագույն լուսաբանում: Թվում է` տերյանական աշխարհում ես, բառերն ու արտահայտություններն են անգամ կրկնօրինակում մեծ գրողին, բայց չկա տերյանական զգացմունքը, հույզը, համոզչականությունը:
Գրական մեծ ազդեցությունը գրական առնչություններին չխառնելու համար բերենք մի փոքրիկ հատված գրական ակումբի մեկ այլ անդամի` Մաչոնիի «Բրոնզե զանգեր» պոեմ-բանաստեղծությունից, որն իր էությամբ միջնադարյան տաղերգուների երկերի շարունակությունն է մեր օրերում՝ պարուրված արդիական պատկերներով ու արտահայտություններով:
«Ոչինչ, յա՛ր ջան, պղտոր
գետդ պա՛հ տուր աշնան
ամպերին,
Կայծակը դեռ պիտի
ճայթի՜, ջինջ աղբյուր քեզ
պարգևի`
Երբ քարերի անապատում
խուժես որպես վճիտ ձայն,
Բայց կսկծաս լու՜ռ ու տխուր`
որպես թափուր արձագանք…»
Եթե առաջին բանաստեղծությունը սոսկ Տերյանի ոչինչ չասող կրկնօրինակումն էր, ապա Մաչոնիի գունեղ տողերը, որ շնչում էին աայաթնովյան բույրով, գրական առնչության վառ օրինակ էին: Գրական ազդեցության դեպքում հեղինակը, ազդված լինելով մեծ գրողի երկերից, սկսում է գրել նրա ստվերի ներքո` չցուցաբերելով անհատական հատկանիշներ և պարզապես խեղդվելով հանճարի տաղանդից, իսկ գրական առնչության դեպքում նորաթուխ հեղինակը գրում է նույն ոճով, ինչ իր սիրած գրողը, բայց միևնույն ժամանակ արտահայտում է անհատական հատկանիշներ և այդ ձևի մեջ բերում նորություն: Գրական առնչության վառ օրինակ է նաև Եղ. Չարենցի «Տաղարան» շարքը, որը, ինչպես և Մաչոնիի խոստումնալից երկը, գրված է սայաթնովյան ոճով:
«Մտահեղեղ» գրական ակումբ
«Մտահեղեղ» գրական ակումբի պատմությունը ավելի կարճ է, այն հիմնադրվել է 2016 թ.-ի մարտի 25-ին մի խումբ երիտասարդների կողմից: Ինչպես արդեն խմբի բնութագրության մեջ նշվել է, ակումբի գլխավոր նպատակը մշակութաստեղծ գործունեություն ծավալելը, արդի գրական ոլորտում դրական հետք նախանշելն ու միմյանց օգնելով` կատարելագործվելն է: «Մտահեղեղում» նույնպես ակներև է թեմաների բազմազանություն` սեր, հայրենիք, մարդկային արժեքներ, հիասթափություն, դավաճանություն և այլն: Սակայն բանաստեղծությունների մեջ գլխավորապես իշխում է մարդը իր էությամբ: Որպես օրինակ քննենք Աննա Կուլե Վարդազարյանի «Բոռին» բանաստեղծությունից մի հատված:
«Ես «Խաչելության» կարմիր արցունքի դողերից կզգամ,
Որ քո հավերժի ուրվականն է թաց պատերին հենվել
Վերքոտ հավատի երակին կանգնած մութ եկեղեցու,
Եվ հազար անգամ ստվերդ գրկելով՝ կխելագարվեմ…»
Պարզորոշ երևում է մարդու ներքին տառապանքն ու ձգտումը: Ընթերցողը բանաստեղծուհու հետ խելագարվում է, փարվում ստվերներին, որպես տեսիլ հառնում է Բոռի գալը և կրկին խելագարվում ու աղոթում անհույս տառապանքով: Կերպարային միասնություն է առաջանում, և այն ուժը, որ գրողը ցանկանում է տեսնել իր մեջ, փնտրում է նրանում: Սակայն.
«Ինքնաորոնման խլաձայն հևքում քնած կարգեցիր
Եվ չդիմացար ծանրությանը այդ աշխարհի խեղդուկ…»:
Համեմատությունների միջոցով ամբողջ բանաստեղծությունը ձեռք է բերում ձևի ու բովանդակության ներդաշնակություն: Ինչպես վերոնշյալ, այդպես էլ մյուս բանաստեղծություններում յուրաքանչյուր բառ ստանում է գույն, նրբերանգ և ստեղծվում են ուրույն պատկերներ, որոնք, մխրճվելով ընթերցողի գիտակցության մեջ, դառնում են շարժանկարներ:
«Բարև…
Տես՝ քեզ սպասող գունատ ափիս մեջ
Արևն է դողում
Ու ջանում շողով երեսը փակել
(Ծնկել չի սիրում)…
Բայց իմ մրսումը ո՜չ ոք չփակեց
(Ես էլ չէի սիրում)…»:
Որպես օրինակ դիտարկենք նաև Անահիտ Պապոյանի «Ամենակարևորը՝ վերջում» բանաստեղծությունը:
«Ամենակարևորը՝ վերջում»
Մեկ-մեկ, կամ զույգ-զույգ, ի՜նչ կարևոր է,
Նույն կանգառում ենք վերջում իջնելու,
Ինձ մի թիզ պակաս, քեզ մի թիզ ավել,
Նու՛յն սևահողն է վերմակ դառնալու:
Ես իմ կարճ խելքով, դու՝ քո մեծությամբ
Երկաթը երբեք ոսկու չենք փոխի,
Մի կաթիլ ավել, մի կաթիլ պակաս,
Արյունը միշտ էլ կարմի՛ր գույնն ունի:
Ե՞ս եմ, թե՞ դու ես, ի՜նչ կարևոր է,
Մենք լոկ մի էջ ենք պատմության գրքում,
Նույն հասցեն ունեն մեր աղոթքները,
Ու նու՛յն երկինքն է մեզ դեռ հանդուրժու՜մ:
Աշխարհի անցողիկության և անհաստատության մասին գրվել են բազմաթիվ բանաստեղծություններ, այս թեման հուզել է անգամ հանճարներին, սակայն Ա. Պապոյանի գրչի ներքո խնդիրը նոր գունավորում է ստանում և ստիպում խորհել աշխարհի կարգ ու կանոնի մասին: Որակ և արժեք ներկայացնող բանաստեղծություններին զուգահեռ կան բառակույտեր, որոնք կոչվում են բանաստեղծություն: Այդ բանաստեղծությունների արծարծած թեմաները` բովանդակությունը, ինչպես նաև ձևն ու լեզուն հիշեցնում են մեծ բանաստեղծների գրվածքների անհաջող կրկնություններ: Որպես օրինակ բերենք Անի Դավեյանի բանաստեղծությունից հատված.
«Աշնան դյութիչ անձրև
Թափվիր արտևանունքերիս,
Որ ծանրացած կոպերս
Անձրև ծորան խոնավ մայթերին՝
Մոռացումի գնով:
Թափվիր խշշացող տերևին խարշափ,
Որ գոնե մի պահ
Կանգ առնի աշխարհն
Ու չխշշա… անգթորե՜ն,
Չխշշա՛ սուտն ու կեղծիքն ուսերին»:
Ամբողջ բանաստեղծությունը բաղկացած է պատկեր արտահայտություններից, որոնք առանձին-առանձին թեկուզ և ինչ-որ միտք են պարունակում իրենց մեջ, բայց ընդհանուր կոնտեքստում այդպես էլ չեն ստեղծում ամբողջական պատկեր: Չկա ապրված հույզ, բանաստեղծականությունը զուրկ է ներքին հանգից, ռիթմից, պատկերներն անհամոզիչ են, գեղարվեստական և գաղափարական կողմերը չեն համընկնում:
Գրական ակումբում անդամագրված գրասերներից շատերը սիրում են ստեղծագործել, սակայն այդ գրերը սիրողական մակարդակից այն կողմ չեն անցնում: Հիմնականում բանաստեղծությունները գրված են պարզունակ կերպով, սակայն ոմանք փորձում են կիրառել ճոխ և գունեղ բառեր, կազմում են նորաբանություններ, որոնք, ըստ իրենց, պետք է «համ ու հոտ» տան այդ բանաստեղծություններին: Արդյունքում ստեղծվում է մի երևույթ, որը դառնում է անհասկանալի և՛ ընթերցողի, և՛ գրականագետի, և՛ քննադատի համար:
Ամփոփելով «Մտահեղեղ» գրական ակումբի գործունեությունը` պետք է եզրակացնել, որ եթե ԵԳԳԱ-ում գերակշռում էին չափազանց պարզունակ բանաստեղծությունները (խոսքը չի վերաբերում բոլոր գրողներին), ապա «Մտահեղեղում» ավելի շատ են չափից բարդ, խտացված և դժվարընկալելի գրերը: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ երկու գրական ակումբները միմյանցից այդքան էլ հեռու չեն կանգնած. բանաստեղծներից շատերը իրենց գործունեությունները ծավալում են միաժամանակ երկու ակումբներում էլ և հաճախ նույն բանաստեղծությունը տեղադրում երկու խմբերում: Ուստի այն խնդիրները, որոնք վերաբերում են ակումբներից մեկին, հաստատապես առնչվում են նաև մյուսին:
Այսպիսով` քննելով ֆեյսբուքյան գրականության երկու գրական ակումբների գործունեությունը և վերլուծելով որոշ բանաստեղծություններ` կարելի է եզրակացնել, որ գրական ակումբները որպես այդպիսին հայ իրականության մեջ դեռևս աշխատանքի մեծ ուղի ունեն անցնելու, թերի է նրանց գործունեությունը: Առաջին թերությունը գալիս է թեմաների բազմազանությունից և ընդհանուր խնդիրների առջև համախմբված չլինելուց, գրողները առանձնանում են ընդհանուր համատեքստից, և չի գիտակցվում գրական ակումբի ընդհանրությունը: Երևում են լավ կամ վատ անհատ ստեղծագործողներ, բայց նրանք չեն համախմբվում ընդհանրության շուրջ: Հաջորդ խնդիրը, ինչպես ներկայացվեց վերլուծության մեջ, գրական մեծ ազդեցություններն են, երբ հեղինակները այդպես էլ դուրս չեն գալիս իրենց սիրելի գրողների ստվերից` խեղդելով իրենց հնարավոր ներուժը և աճելու, զարգանալու կարողությունը: Մեծ խնդիր է նաև քննադատության բացակայությունը և միմյանց շողոքորթելու ու լավ comment-ներ գրելու մոլուցքը, ինչին կանդրադառնանք վերլուծության հաջորդ մասերում:
1Սույն վերլուծության առաջին մասում կանդրադառնանք միայն բանաստեղծներին և նրանց չափածո երկերին:
2Մերջբերվող բանաստեղծական հատվածները ներկայացվում են առանց ուղղագրական և կետադրական սխալների ուղղման, սոսկ այնպես, ինչպես գրել են հեղինակները:
Օգտագործած գրականության ցանկ
- Երիտասարդ գրողների գրական ակումբ, Սիրո հևքը գրչի ներքո, Երևան, 2016:
- https://www.facebook.com/groups/970987676293935/?fref=ts
- https://www.facebook.com/groups/540069179495262/?fref=ts
Հեղինակներ՝ Առլինա Սարգսյան (Arlina Sargsyan), Աստղիկ Սողոյան (Astghik Soghoyan):
© Բոլոր իրավունքները պաշտպանված են: