Աշխատաժամի հաշվառում

Բոլորին ծանոթ են մի շարք աշխատանքներ, որոնց նպատակը բարդ է ընկալել, օրինակ՝ ՄՌ կառավարման խորհրդատուներ, հանրային կապերի հետազոտողներ, հաղորդակցության համակարգողներ, ֆինանսական ստրատեգներ, լոգիստիկայի մենեջերներ: Այս ցուցակն անվերջ է:

Ահա թե ինչպես է նկարագրում իր աշխատանքը գերմանացի զինվորականների ենթակապալառու Կուրտը․ «Գերմանիայի զինված ուժերը ենթակապալառու ունեն, ով կատարում է իրենց ՏՏ աշխատանքները: ՏՏ ընկերությունն ունի ենթակապալառու, որն իրականացնում է իր նյութատեխնիկական ապահովումը (լոգիստիկան): Լոգիստիկայի բաժին էլ ունի ենթակապալառու, ով իրագործում է իր անձնակազմի կառավարումը: Ես աշխատում եմ հենց այդ ընկերությունում: 

Պատկերացնենք, որ մի զինվոր տեղափոխվում է գրասենյակ, որը գտնվում է իրենից երկու հարկ ներքև: Իր համակարգիչը տեղափոխելու փոխարեն նա լրացնում է մի ձևաթուղթ: ՏՏ ենթակապալառուն կարդում ու հաստատում է այն և փոխանցում լոգիստիկայի բաժին: Լոգիստիկայի բաժինը հաստատում է տեղափոխումը և մեզնից աշխատող է պահանջում: Ես նամակ եմ ստանում զորանոց գնալու համար: Զորանոցները իմ տանից հեռու են ավելի քան երեք հարյուր մղոն, ուստի ես մեքենա եմ վարձում: Ես գնում եմ զորանոց, լրացնում եմ ձևաթուղթ, անջատում եմ համակարգիչը, դնում այն տուփի մեջ և կնքում տուփը: Լոգիստիկայի բաժնից մի աշխատող տուփը տանում է նոր գրասենյակ: Այնտեղ ես բացում եմ տուփը, լրացնում մեկ այլ ձևաթուղթ, միացնում համակարգիչը, մի քանի ստորագրություններ ստանում, տուն վերադառնում, նամակ եմ ուղարկում փաստաթղթերով, այնուհետև աշխատավարձ եմ ստանում»:

2015-ին «YouGov» հետազոտական ընկերությունը բրիտանացիներին հարցրեց, թե արդյոք նրանք հավատում են, որ իրենց աշխատանքը «նշանակալի ներդրում է ունեցել աշխարհում»: Մեկ երրորդից ավելին ՝ 37 տոկոսը, կարծում է, որ դա այդպես չէ: (Միայն 50 տոկոսն ասաց, որ ունեցել է, իսկ 13 տոկոսը վստահ չէր): Վերջերս Նիդեռլանդներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հոլանդացի աշխատողների 40 տոկոսը կարծում է, որ իրենց աշխատանքը գոյություն ունենալու լավ հիմք չունի:

Մեր հասարակությունը արժևորում է աշխատանքը: Մենք ակնկալում ենք, որ աշխատանքը պետք է ծառայի իր նպատակին և ավելի մեծ նշանակություն ունենա: Այն աշխատողների համար, ովքեր ձուլվել են այս արժեքային համակարգին, քիչ բան կա ավելի նվաստացնող, քան շաբաթը հինգ օր արթնանալ՝ կատարելու այնպիսի առաջադրանք, որը, ըստ նրանց, ժամանակի կորուստ է:

Սակայն ակնհայտ չէ, թե ինչու է անիմաստ աշխատանք ունենալը մարդկանց այդքան թշվառ դարձնում: Ի վերջո, աշխատուժի մեծամասնությունը վարձատրվում է (հաճախ բավականին մեծ գումարով) ոչինչ չանելու համար: Նրանք կարող են իրենց բախտավոր համարել: Փոխարենը, շատերն իրենց անարժեք ու ճնշված են զգում:

1901 թվականին գերմանացի հոգեբան Կառլ Գրոսը հայտնաբերեց, որ նորածիններն արտասովոր երջանկություն են ցուցաբերում, երբ առաջին անգամ բացահայտում են աշխարհում կանխատեսելի ազդեցություն ունենալու իրենց կարողությունը: Օրինակ՝ նրանք կարող են մատիտով խզբզել՝ ձեռքերը պատահական շարժելով: Երբ նրանք գիտակցում են, որ կարող են ստանալ նույն արդյունքը՝ նույն գործողությունը կրկնելով, նրանք արտահայտվում են մեծ ուրախությամբ: Գրոսը սա անվանեց «պատճառը լինելու հաճույքը» և ասաց, որ դա հիմք է հանդիսանում խաղի համար:

Մինչ Գրոսը, արևմտյան քաղաքական փիլիսոփաների, տնտեսագետների և սոցիալական գիտնականների մեծամասնությունը ենթադրում էր, որ մարդիկ իշխանություն են փնտրում կա՛մ նվաճման և տիրապետության ցանկությունից, կա՛մ ֆիզիկական բավարարվածությունն ու վերարտադրողական բարելավումը երաշխավորելու գործնական անհրաժեշտությունից ելնելով: Գրոսի խորաթափանցությունը հզոր հետևանքներ ունեցավ «ես»-ի ձևավորման և, առհասարակ, մարդկային մոտիվացիայի մեր ընկալման վրա: Երեխաները հասկանում են, որ ապրում են որպես շրջապատող աշխարհից կտրված առանձին անհատներ` նկատելով, որ իրենք կարող են անընդհատ ինչ-որ բանի առաջացման պատճառ դառնալ: Ամենակարևորն այն է, որ ընկալումը հանգեցնում է հրճվանքի՝ ինչ-որ բանի պատճառը լինելու հաճույքի, որը հենց մեր էության հիմքն է:

Փորձերը ցույց են տվել, որ եթե երեխային թույլատրվի զգալ այս հրճվանքը, բայց հետո հանկարծ զրկվի դրանից, նա կբարկանա, կհրաժարվի ինչ-որ բան անել կամ նույնիսկ ամբողջությամբ կկտրվի աշխարհից: Հոգեբույժ և հոգեվերլուծաբան Ֆրենսիս Բրոուսեկը կարծում էր, որ նման տրավմատիկ փորձառությունները կյանքի հետագա ընթացքում կարող են հանգեցնել բազմաթիվ հոգեկան առողջության խնդիրների:

Գրոսի հետազոտությունը նրան ստիպեց առաջ քաշել մի երևակայական խաղի տեսություն. մեծահասակները խաղեր և զվարճություններ են հորինում այն նույն պատճառով, ինչը ուրախացնում է երեխային մատիտ շարժելիս: Մենք ցանկանում ենք իրականացնել մեր ներուժը որպես ինքնանպատակ: Գրոսը ենթադրեց, որ սա այն է, ինչ անվանում են ազատություն` հորինելու ունակություն` հանուն այդ կարողության:

Աշխատանքի երևակայական կողմը հենց այն է, ինչը ամենաշատն է վրդովվեցնում անիմաստ աշխատանք կատարողներին: Գրեթե ցանկացած մարդ, ով զբաղվում է վերահսկվող վարձատրվող աշխատանքով, հիմարություն է համարում զբաղված ձևանալը: Աշխատանքը նախատեսված է նպատակին ծառայելու համար. եթե երևակայական խաղերը մարդու ազատության արտահայտությունն են, ապա ուրիշների կողմից պարտադրված երևակայական աշխատանքը ազատության բացարձակ բացակայությունն է: Ուստի զարմանալի չէ, որ այն գաղափարի առաջին պատմական դեպքը, թե որոշ մարդիկ պետք է մշտապես աշխատեն, կամ որ աշխատանքը պետք է արվի այնպես, որ լրացնեն իրենց ժամանակը նույնիսկ անհրաժեշտ բաների բացակայության պայմաններում, վերաբերում է այն աշխատողներին, ովքեր ազատ չեն՝ բանտարկյալներին և ստրուկներին:

Պատմականորեն, մարդու աշխատանքային օրինաչափությունները ստացել են էներգիայի ուժգին պոռթկումների ձև, որին հաջորդել է հանգիստը: Օրինակ՝ հողագործությունը հիմնականում համատեղ ջանասիրաբար մոբիլիզացիա է տնկման և բերքահավաքի շուրջ, որի դադարի ընթացքում զբաղվում են կարճ ծրագրերով: Խոշոր նախագծերը, ինչպիսիք են տուն կառուցելը կամ խնջույքին պատրաստվելը, սովորաբար ունենում են նույն ձևը: Սա բնորոշում է այն, թե ինչպես են մարդիկ միշտ աշխատել: Պատճառ չկա ենթադրելու, որ այլ կերպ գործելը կհանգեցներ ավելի մեծ արդյունավետության կամ արտադրողականության: Դա հաճախ ունենում է ճիշտ հակառակ ազդեցությունը:

Պատմականորեն, աշխատանքի անկանոն լինելու պատճառներից մեկն այն է, որ այն հիմնականում չէր վերահսկվում: Մինչև վերջերս սա ճիշտ էր համարվում միջնադարյան ֆեոդալիզմի և աշխատանքային կարգավորումների մեծ մասի համար, նույնիսկ եթե աշխատողի և ղեկավարի հարաբերությունները զարմանալիորեն անհավասար էին: Մինչ «ներքևում» գտնվողները պատրաստում էին իրենցից պահանջվածը, «վերևում» գտնվողներին չէր անհանգստացնում, թե ինչպես է ծախսվում ժամանակը:

Պատմության ընթացքում հասարակությունների մեծ մասը երբեք չէր էլ պատկերացնի, որ մարդու ժամանակը կարող է պատկանել իր գործատուին: Բայց այսօր ժողովրդավարական երկրների ազատ քաղաքացիների համար միանգամայն բնական է համարվում իրենց օրվա մեկ երրորդը կամ ավելին զբաղեցնել աշխատանքով: «Ես չեմ վճարում ձեզ հանգստանալու համար», ” նկատողություն է անում ժամանակակից տնօրենը՝ մի մարդու վրդովմունքով, ով զգում է, որ իրեն թալանում են: Այս ու՞ր ենք հասել:

Տասնչորսերորդ դարում փոխվեց ժամանակի մասին ունեցած ընդհանուր ընկալումը. այն դարձավ մի ցանց, որով չափվում էր աշխատանքը, այլ ոչ թե աշխատանքն ինքնին  չափանիշ էր: Տեղական առևտրային գիլդիաների կողմից ֆինանսավորվող ժամացույցի աշտարակներ էին կառուցվում ամբողջ Եվրոպայում: Այս նույն վաճառականները մարդու գանգերն էին դնում իրենց սեղանի վրա, որպես memento mori (հիշի՛ր, որ մեռնելու ես, թարգմանչի կողմից), որպեսզի հիշեցնի իրենց, որ պետք է արագ օգտագործեն իրենց ժամանակը: Տասնութերորդ դարի վերջին արդյունաբերական հեղափոխության սկսվելուն զուգահեռ պատի և գրպանի ժամացույցների տարածումը թույլ տվեց, որ ժամանակի նկատմամբ նման վերաբերմունքը տարածվի միջին խավի շրջանում: Ժամանակը լայնորեն դիտարկվեց որպես սահմանափակ սեփականություն, որը պետք է պլանավորվի և ծախսվի փողի նման: Եվ ժամանակը ցույց տվող այս նոր սարքերը թույլ տվեցին, որ աշխատողի ժամանակը բաժանվի միանման միավորների, որոնք հնարավոր է գնել և վաճառել: Գործարանները սկսեցին պահանջել, որ աշխատողները մտնելիս և դուրս գալուն պես գրի առնեն ժամը:

Փոփոխությունը բարոյախրատական էր և տեխնոլոգիական: Շուտով սկսեցին խոսել ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելու, այլ ժամանակ ծախսելու, ինչպես նաև ժամանակ կորցնելու, ժամանակ սպանելու, ժամանակ խնայելու, ժամանակ վատնելու, ժամանակի հետ մրցելու և այլնի մասին: 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում աշխատանքի էպիզոդիկ ոճը  սկսեց մեծապես համարվել սոցիալական խնդիր: Մեթոդիստ քարոզիչները հորդորում էին «ժամանակի վերահսկում». ժամանակի կառավարումը դարձավ բարոյականության հիմքը: Աղքատներին մեղադրում էին իրենց ժամանակը անխոհեմորեն վատնելու և ինչպես իրենց փողերի, այնպես էլ ժամանակի նկատմամբ անպատասխանատու լինելու համար:

Ծանր պայմանների դեմ բողոքող բանվորները միևնույն ժամանակ ընդունեցին ժամանակի նույն տեսակետները: Առաջին գործարաններից շատերը թույլ չէին տալիս աշխատողներին բերել իրենց սեփական ժամացույցները, քանի որ այդ դեպքում նրանք լուրջ չէին վերաբերում գործարանի ժամացույցին: Աշխատավորական ակտիվիստները բանակցում էին ժամային բարձր դրույքաչափերի շուրջ, պահանջում էին ֆիքսված ժամի պայմանագրեր, արտաժամյա, կես դրույքով, տասներկու և հետո ութժամյա աշխատանքային հերթափոխեր: «Ազատ ժամանակ» պահանջելու որոշումը, չնայած հասկանալի էր, ամրապնդեց այն միտքը, որ աշխատողի ժամանակը իսկապես պատկանում է այն գնողին:

Այն գաղափարը, թե աշխատողները բարոյական պարտավորություն ունեն թույլ տալ, որ իրենց աշխատանքային ժամանակը տնօրինվի, այնքան սովորական է դարձել, որ հասարակության անդամները վրդովվում են, երբ տեսնում են, օրինակ, աշխատանքի ընթացքում պարապ-սարապ թափառող տրանսպորտի աշխատողներ: Այսպիսով, հորինվեց «զբաղվածություն» կոչվածը՝ լուծելու այն աշխատողների ենթադրյալ խնդիրը, որոնք բավական աշխատանք չունեն ութժամյա օրը լրացնելու համար: Օրինակ, վերցնենք Ուենդի անունով մի կնոջ փորձը, ով ինձ ուղարկեց մի երկար պատմություն իր կատարած անիմաստ աշխատանքների մասին.

«Որպես մանրածախ առևտրի ամսագրի ընդունարանի աշխատակից, ինձ հաճախ հանձնարարություններ էին տալիս, որոնք պետք է կատարեի հեռախոսազանգերին սպասելիս: Մի անգամ գովազդի վաճառողներից մեկը հազարավոր ամրակներ դրեց սեղանիս վրա և խնդրեց, որ դրանք տեսակավորեմ ըստ գույների: Հետո նա փոխ առ փոխ օգտագործեց դրանք»:

«Մեկ այլ օրինակ. 90-ամյա տատիկս ապրում էր առանձին՝ Նյու Յորքի մի բնակարանում, բայց օգնության կարիք ուներ: Մենք վարձեցինք մի շատ հաճելի կին, ով պիտի ապրեր նրա հետ, օգներ գնումներ կատարելու ու լվացք անելու հարցում և ուշադիր լիներ, եթե նա ընկներ կամ օգնության կարիք ունենար: Այնպես որ, եթե ամեն ինչ հարթ ընթանար, այս կնոջ համար այլևս ոչինչ չէր մնա անելու: Այս ամենը բարկացնում էր տատիկիս․ «Նա պարզապես նստած է այնտեղ», ” բողոքում էր նա: Ի վերջո, այդ կինը հրաժարվեց աշխատանքից»:

Պատասխանատվության զգացումը սովորական է ամբողջ աշխարհում: Ռամադանը, օրինակ, երիտասարդ եգիպտացի ինժեներ է, ով աշխատում է Կահիրեի պետական ձեռնարկությունում: Ընկերությանն անհրաժեշտ էր, որ ամեն առավոտ ինժեներների մի խումբ գա և ստուգի, թե արդյո՞ք աշխատում են օդորակիչները, այնուհետև լինի տարածքում՝ ինչ-որ բան կոտրվելու դեպքում: Իհարկե, ղեկավարությունը չէր կարող դա ընդունել. փոխարենը ընկերությունը հորինեց տարբեր ձևեր, մարզումներ և պարտադրվող աշխատանքներ, որոնք հաշվարկվեցին թիմը օրվա մեջ ութ ժամ զբաղված պահելու համար: «Ես անմիջապես հասկացա, որ ինձ ընդհանրապես որպես ինժեներ չէին վարձել, այլ իրականում որպես ինչ-որ տեխնիկական բյուրոկրատ», ” ասում էր  Ռամադանը: «Այստեղ մենք միայն աշխատում էինք փաստաթղթերի հետ, լրացնում ստուգաթերթեր և ձևաթղթեր»: Բարեբախտաբար, Ռամադանը հետզհետե հասկացավ, թե որ թղթերը անտեսելու դեպքում ոչ ոք չէր նկատի, և նա ժամանակն օգտագործեց կինոյի ու գրականության հանդեպ հետաքրքրությունը բավարարելու համար: Այդուհանդերձ, գործընթացը նրան դատարկության զգացում էր պատճառում: «Ամեն աշխատանքային օր գնալ մի աշխատանքի, որն անիմաստ էի համարում, հոգեբանորեն հոգնեցնող էր և ճնշող»:

Վերջնական արդյունքը, որքան էլ զայրացնող է, այնքան էլ վատ չի թվում, մանավանդ որ Ռամադանը հասկացել էր, թե ինչպես խաբել համակարգին: Այդ դեպքում ինչո՞ւ նա չկարողացավ սա դիտարկել որպես այն ժամանակի գողություն, որը վաճառել էր ընկերությանը: Ինչո՞ւ էին կեղծիքն ու նպատակի բացակայությունը նյարդայնացնում նրան:

Անիմաստ աշխատանքը, երբ մարդուն վերաբերվում են այնպես, կարծես թե նրան ապահովել են արդյունավետ աշխատանքով և ստիպում են խաղալ այդ կեղծավորության մեջ, մշտապես բարոյալքող է, քանի որ դա մտացածին խաղ է, որն ինքը չի հորինել: Իհարկե խիղճը հանգիստ չի լինում: Դա անձի սկզբունքների ոտնահարում է: Աշխարհի վրա էական ազդեցություն չունեցող մարդը ի վերջո դադարում է գոյություն ունենալ:

Հատված Դեյվիդ Գրեբերի, «Անիմաստ Աշխատանքներ» (Bullshit Jobs: A Theory, 2018) աշխատությունից: Գրեբերը Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի մարդաբանության պրոֆեսոր է:

Բնօրինակի հեղինակ՝ David Graeber, Harper's Magazine


Թարգմանիչ՝ Արմինե Թաթոյան (Armine Tatoyan)  © Բոլոր իրավունքները պաշտպանված են: