5 թեզ ազգայնականության, կառուցողականության և ազգային պետության մասին

Փիլիսոփայության, տնտեսագիտական բարձրագույն դպրոցի դոցենտ, «Мнения.ру»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Մարտինովի՝ «Ինչպես են հորինվել ազգերը (կառուցողականությունը և առաջնակարգությունը (պրիմորդիալիզմ) հասարակական գիտություններում)» դասախոսության 5 թեզերը։

Ստեղծելով ազգային պատմություն՝ մտավորականությունն այնքան տարվեց, որ արդյունքում ստացվեց գրականություն։

1․ Յուրաքանչյուր ազգ ցանկանում է խարիսխ գցել հնագույն պատմության մեջ։

Ռուսական պատմության դասագրքում ասվում է, որ վաղուց գոյություն են ունեցել սլավոնական ցեղերը, որոնք ինչ-որ տարօրինակ ձևով ձևավորել են պետություն՝ Կիևյան Ռուսիա անվամբ։ Դրանից հետո սկսվեց ավատատիրական մասնատման ժամանակաշրջանը, որոշ հյուսիսարևելյան իշխանություններ սկսեցին մեծ թափ հավաքել, որից հետո առաջացավ Վլադիմիր-Սուզդալյան իշխանությունը։ Դրանից հետո բարդ փոխակերպման ճանապարհով այն վերափոխվեց Մոսկովյան իշխանության, և մոսկովյան իշխանները հռչակեցին իրենց արքաներ։ Սերունդները փոխարինում էին մեկը մյուսին, նվաճվում նոր տարածքներ, և մոսկովյան արքաները հայտարարեցին, որ ստեղծել են կայսրություն։ Այդ կայսրությունն ամեն դեպքում փլուզվեց 1918 թ․-ին, և 4 տարի անց առաջացավ Խորհրդային Միությունը, ավելի ուշ ձևավորվեց Ռուսաստանի Դաշնությունը։

Մեր պատմության դասագրքերում մեզ հայտարարում են, որ Կիևյան Ռուսիան, Վլադիմիր-Սուզդալյան իշխանությունը և Մոսկովյան թագավորությունը միևնույն պատմությունն են։

Երբ մենք սկսում ենք դատել անցյալի մասին, ապա պատկերացնում ենք, որ ցանկացած հնագույն պետություն, օրինակ՝ Մոսկովյան իշխանությունը, նման էր ժամանակակից Ռուսաստանին։ Գոյություն ուներ, օրինակ, նմանօրինակ կրթական համակարգ, կար ինչ-որ իշխան՝ նախագահի դեր կատարող, և կար Բոյարական Դումա, ինչպես ժամանակակից Պետական դուման։ Նույնիսկ բառերի մեջ մենք ուզում ենք ընդգծել ժառանգորդությունը։

Խարդավանքն այն է, որ այսօրվա Ռուսաստանը չի գտնվում Կիևյան Ռուսիայի տարածքում։

Մեր ամբողջ պատմությունը կախ է ընկած օդում, որովհետև Կիևյան Ռուսիայից մեզ ոչինչ չի մնացել՝ բացի հյուսիս-արևմուտքից, իսկ Կիևի տարածքը, Չերնիգովը չեն անցել ջրի տակ, նրանք շարունակում են գոյություն ունենալ, բայց այնտեղ հիմա ուրիշ պետություն է, որն ունի իր սեփական պատմության դասագրքերը՝ փաստերի ինքնատիպ մեկնաբանությամբ։

Երբ մոսկվացին, օրինակ, կարդում է ուկրաինական դասագիրքը, նրան զվարճալի է, նա ասում է․ «Նայեցեք՝ ինչ հիմարություններ են հորինել, մենք հո գիտենք, թե ինչպես է իրականում ամեն բան եղել»։

Նախազգային պատմական սկզբնավորման վերաբերյալ վեճերը տարվում են ամենուր։ Որպես օրինակ կարող ենք բերել ռումինացիներին, որոնք փորձում են ապացուցել, որ իրենք հռոմեական կայսրության հետևորդներ են։ Ոչ վաղ անցյալում նրանք ուզում էին երկիրը վերանվանել Դակիա, որպեսզի ընդգծեն իրենց հնագույն արմատները։ Կարևորը հետևյալն է․ երբ ասում ենք, որ ազգը կառուցվում է, այստեղ չկա ոչ մի բացասական ենթատեքստ, մենք նկատի ունենք, որ այդ գործընթացը հիշեցնում է գրական-ստեղծագործության վերլուծություն։ Ուղղակի ժամանակակից աշխարհում, որտեղ ապրում են շատ կրթված մարդիկ, անհրաժեշտ է պատմել այն մասին՝ ո՞վ են իրենք և ի՞նչ են անում այս հողի վրա։ Պարզվում է՝  այդպիսի պատմություններից ամենաարդյունավետները հնագույն և երկար զարգացող ազգերի մասին պատմություններն են։ Կառուցողականներն առաջարկում են ազգային պատմություններին վերաբերվել ինչպես վեպին։ Սովորաբար պատմությունը ստեղծվում է պատմվածքներից, որոնք վկայում են ինչ-որ  պատմական փաստեր։ Մենք ընտրում ենք փաստերից այն, ինչը մեզ դուր է գալիս, որոնք դուր չեն գալիս, տալիս ենք այլընտրանքային  մեկնաբանություն, ինչ-որ բանի վրա աչք ենք փակում, իսկ վերջնարդյունքում ստանում ենք այն, ինչ ուզում ենք։

2․Կրթական համակարգը մարդկանց պատկերացումների հետ հրաշքներ է գործում։

Ֆրանսիացիները 19-րդ դարի վերջին հիանալի առաջընթաց ունեցան իրենց պետական բոլոր կառույցների միասնացման ճանապարհին։ Մասնավորապես, նրանք պարծենում էին իրենց կրթական համակարգով։

Պետությունում կային միասնացված դասագրքեր, պահպանվում  էր երկաթյա կարգապահություն, որը տարածվում էր նաև որոշ ֆրանսիական տիրույթների վրա։ Երբ Սենեգալը ֆրանսիական գաղութների շարքում էր, որտեղ ապրում են կապտա-սևամորթ սենեգալները, նրանք ևս ստիպված էին սովորել ֆրանսերեն։ Նրանց մոտ ֆրանսիական պատմության, գրականության դասագրքերը նույն էին, ինչ Ֆրանսիայի շարքային բնակչինը։ Դասագրքերում գրում էին, որ ֆրանսիացիների նախնիները գալլերն են, նրանք շրջում էին Գալլիայի հիասքանչ դաշտերով, մարտնչում էին ռումինացիների հետ և մասամբ ընդօրինակում նրանց մշակույթը։ Առաջին համաշխարհային պատերազմին նախապատրաստվել է սենեգալների մի ամբողջ սերունդ, որոնք վստահ էին, որ իրենց նախնիները եղել են գալլերը միայն այն պատճառով, որ իրենց այդպես են պատմել։ Հետո սենեգալներին սկսեցին զորակոչել բանակ և նրանք եկան գերմանական ճակատ։

Զարմացած մարդիկ հարցնում էին՝ ովքեր են նրանք ընդհանրապես, որովհետև նախկինում ոչ ոք նման տղաների այդքան մեծ թվով չէր տեսել։ Եվ սենեգալները պատասխանում էին․ «Ինչպե՞ս թե՝ ով ենք մենք, մենք գալլ ենք»։

Այդպիսի պատմությունները շատ են։

3․Ազգայնականությունը միշտ չէ  ինչ-որ վտանգավոր բան հանդիսացել։

Առաջնակարգությունը գաղափար է, համաձայն որի՝ ի սկզբանե գոյություն ունեն յուրահատուկ մշակույթներ՝ որոշակի աշխարհայացքով, մտածելակերպով, իսկ մարդը կարող է լինել միայն մեկ մշակույթի կրող։ Հատկապես այդ գաղափարը մեծ դեր ունի ժամանակակից հասարակության քաղաքական բանավեճերում։ Ազգը, ազգային պետությունը, ազգայնականությունը՝ այդ 3 օբյեկտները, փոխկապակցված են։ Կոնստրուկտիվիզմի գլխավոր տեսաբաններից մեկը՝ Էռնեստ Գելները,  քաղաքական ազգայնականությանը տվել է բավականին պարզ բացատրություն․ ազգայնականությունը քաղաքական համատեքստում պահանջ է, համաձայն որի էթնիկական և քաղաքական սահմանները պետք է համընկնեն։ Մի ազգը տիրապետում է միայն մեկ պետության, այլ տարբերակներ չկան։ Յուրաքանչյուր էթնոսի, որը գիտակցել է իրեն որպես ժողովուրդ, անհրաժեշտ է ընձեռել ինքնորոշման և առանձին պետությունում ապրելու իրավունք։ Ի սկզբանե այդպիսի ազգայնականության մեջ չկա սարսափելի ոչինչ, սակայն հայտնվելուն պես այն կարող է արյունալի հետևանքներ ունենալ։ Ազգայնականությունից հեշտ է վերածվել արմատական հոսանքի, բայց ամենևին պարտադիր չէ, որ ցանկացած ազգայնականություն արմատական հանդիսանա։ Քաղաքական ազգայնականությունը ոչ մի ընդհանրություն չունի ծայրահեղականության հետ։ 100 տարի առաջ, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, բոլորն ազգայնականներ էին, դա նորմալ էր։ Եվրոպայի գլխավոր հրապարակներում հսկայական խմբեր վանկարկում էին, որ պատերազմը լավ է,  և նրանք բոլորն՝ ինչպես մեկ անձ, պատրասատ էին մեռնել հանուն երկրի։ Այն ժամանակվա ԶԼՄ-ներում կարելի էր տեսնել բազում ազգայնականացված կերպարների։ Օրինակ՝ Գերմանիան ներկայացված էր սրածայր սաղավարտով, Ռուսաստանը՝ ինչպես միշտ՝ ինչ-որ արջի պատկերով, Ֆրանսիան՝գալլացի աղջկա պատկերով։

Ալեքս Ռոսսը «20-րդ դարի ակադեմիական երաժշտության պատմություն» հիանալի գրքում գրում է՝ էքսպրեսիոնիստ Առնոլդ Շյոնբերգը կամավոր էր  գրանցվել գերմանական բանակ, որտեղ քայլել է իր աշակերտների հետ։ Շյոնբերգն ասում էր, որ անհրաժեշտ է ցանկացած գնով երաժշտությունից դուրս վանել քամահրանքը, ցածր, անկումային ոգին՝ հանուն գերմանական մեծ ազգի։ Այդ անկման ամենակարկառուն ներկայացուցիչներն են եղել Կլոդ Դեբյուսին և Իգոր Ստրավինսկին։ Գալլերը հետ չէին ընկնում և կարծում էին, որ պետք է հաշվեհարդար տեսնել Վագների հետ։ Չնայած Վագներն արդեն մահացել էր այդ ժամանակ, սակայն ֆրանսիացիները կարծում էին, որ նրա ոգին ապրում է և մեծ վտանգ է ներկայացնում։

4․ Ազգային պետությունը սահամանել ստացվում է, ազգությունը՝ ոչ։

Ազգային պետությունը տիրապետում է միասնական տարածքի՝ որոշակի սահմաններով և, որի հետ մեկտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այդպիսի որակումը կարող է թվալ բավականին վերացական և ոչ մի նշանակություն չունեցող մինչ այն պահը, երբ մենք հիշենք, որ մինչև 20-րդ հարյուրամյակը կային այդ տրամաբանության մեջ ընդհանրապես չտեղավորվող հսկայական թվով պետություններ։ Օրինակ՝ դինաստիկ կայսրություններ․ Հաբսբուրգների դինաստիան 16-րդ դարում կարող էր տարածքների տիրել Իտալիայում, Նոր Աշխարհում, այդ թվում Ավստրիայում և Նիդերլանդներում։ Ոչ մեկին այն ժամանակ դա տարօրինակ չէր թվում։ Դանիան Նորվեգիայի հետ կարող էր կազմել դինաստիական միություն և ոչ մեկին չէր շփոթեցնում, որ նրանք նույնիսկ ընդհանուր սահման չունեն։ Նախկինում նման պետությունները շատ էին, բայց հիմա սահմանել են, որ պետությունը պետք է լինի էթնիկորեն միատարր ժողովրդի իշխանության հետ։ Առաջին ազգային պետությունը Եվրոպայում դարձավ  Ֆրանսիան։ Հեղափոխական Ֆրանսիայում մոբիլիզացվել էին հսկայական թվով մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ չէին, այլ ուղղակի հեղափոխության կողմնակից էին։ Մենք կարող ենք սահմանել՝ ինչ է ազգային պետությունը, տարբերակել այն նախորդ համակարգերից և ասել՝ ինչ է ազգայնականությունը։ Խնդիրն այն է, որ մենք շատ վատ ենք սահմանում՝ ինչ է ազգը։ Ամենահայտնի գաղափարը փիլիսոփայական քաղաքականության մեջ իրականում սահմանված չէ։ Բոլորին կարծես թե հասկանալի է, բայց եթե դուք փորձեք ճշգրիտ բնորոշել դա, դժվարություններ կառաջանան։ Ազգին չի կարելի սահմանել լեզվի միջոցով, որովհետև կան մի լեզվով խոսող տարբեր ազգեր, օրինակ՝ ամերիկացիները և անգլիացիները։ Լեզուն որպես միանշանակ չափորոշիչ պիտանի չէ նաև այն պատճառով, որ կան երկրներ, որտեղ պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ, օրինակ, Շվեյցարիան։ Տարածքը նույնպես ոչ մի նշանակություն չունի, որովհետև այն կարելի է գրավել, պետությունը կարող է փլուզվել։ Դոստոևսկին գրում էր օրագրում․ «Դու ռուս ես այնքանով, որքանով ուղղափառ ես»։ Միանգամայն պարզ է, որ կրոնական պաշտամունքը նույնպես չի գործում։ Ազգի սահմանման չափորոշիչ կարող է լինել ինչ-որ մշակույթ, բայց թե ինչ է մշակույթը մինչև վերջ ոչ մեկին հասկանալի չէ, այդ պատճառով բավականին դժվար է ասել, որ բոլոր ազգային պետություններում առկա է մեկ մշակույթ։

5․ Ազգությունը և ազգային պատմությունը որպես մտավորականների գեղարվեստական ստեղծագործականության արտադրանք

Ակնհայտ է, որ որոշ ազգեր ի հայտ են եկել պատահաբար։ Ինչո՞ւ Լատինական Ամերիկայում կան շատ երկրներ, որտեղ խոսում են իսպաներեն և կա պորտուգալերեն խոսող մեկ մեծ պետություն։ 15-րդ դարի վերջում Հռոմի պապի միջնորդությամբ Իսպանիան և Պորտուգալիայի թագավորությունը (այդ շրջանի առաջատար կաթոլիկ տերությունները) կնքեցին աշխարհի բաժանման Տորդեսիլյասի պայմանագիրը։ Նրանք սահման գծեցին և այն ամենը, ինչը գտնվում էր դրանից արևելք՝ բաժին հասավ Պորտուգալիային, իսկ իսպանացիները ստացան այն ամենը, ինչը սահմանագծից արևմուտք էր, այսինքն՝ հողերը, որոնք անվանվում էին Նոր Հնդկաստան։ Աշխարհագրությունն այդ ժամանակ զարգացած չէր, և ճամփորդություն  նախաձեռնող պորտուգալացիները գտան հսկայական ցամաքի կտոր, որը դարձավ Բրազիլիան։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Բրազիլիայում ազգություն չկա։ Իհարկե չենք կարող, չէ որ Բրազիլիան ունի իր մշակույթը, իր մտածելակերպը, ինքնագիտակցումը, և հիանալի ֆուտբոլը։ Կարո՞ղ եք արդյոք ասել, որ գոյություն ունի ինչ-որ խորը պատճառ, որի շնորհիվ բրազիլական ազգը դարձավ այն, ինչ այսօր է։ Եթե հաշվի առնենք թե եվրոպացիները ինչպես են անմտածված բաժանել աշխարհը, պարզորոշ կտեսնենք, որ Լատինական Ամերիկայում այդ ազգն ի հայտ եկավ պատահաբար, իսկ ներկայիս Լատինական Ամերիկայի մյուս պետությունները  նախկին Իսպանական կայսրության վարչական շրջաններն են։

Աֆրիկայի ժամանակակից քարտեզը նման է կարկատած ծածկոցի, որովհետև պետության հիմնական սահմաններն անցկացվել են 1884թ․-ին Բեռլինյան կոնֆերանսում։ Տղաները նստած էին բաճկոններով և քանոնով պատանուն մատնանշում էին որտե՞ղ և ի՞նչ ընդգծել քարտեզի վրա։

Ոմանք սիրում են համեմատել Ռուսաստանը Նիգերիայի հետ։ Նիգերիայում նույնպես նավթ են մղում, այնտեղ կա «Միասնական Նիգերիա» կուսակցություն, այնտեղ կա Լագոս քաղաքը, որտեղ ապրում են նիգերական հիպսթերները՝ ոսկյա iPhon-ներով, իսկ մյուսները կուչ են եկել ավերակ տնակներում։

Ազգությունը  ամենից առաջ երևակայության արդյունք է։ Կառուցողականներն ասում են, որ ազգը երիտասարդ երևույթ է, որը ձևավորվել է այնպիսի գործոնների ազդեցության տակ ինչպիսիք են մեդիայի, ազգային գրականության, կրթության զարգացման և մեծ քանակությամբ խելացի մարդկանց ի հայտ գալը։ Եթե վաղ անցյալում սովորական մարդու խնդիրը հող փորելը  և բազմանալն էր, ապա այժմ մարդիկ դարձել են քաղաքացիներ, և ինչը նշանակում է, որ նրանք պետք է ծառայեն բանակում, իրականացնեն բազմազան պարտականություններ․ նրանք կրթություն են ստանում, որպեսզի զբաղվեն այս կամ այն աշխատանքով։ Մարդկանց մոտ  պետք է լինի այն զգացողությունը, որ այդ ամենը նրանք անում են ոչ թե ինչ-որ ջղային քեռու համար, այլ հենց իրենց, իրենց ընտանիքի, հայրենիքի համար։ 19-րդ դարում՝ համընդհանուր կրթության ի հայտ գալով, պետության կողմից առաջանում է մեծ պահանջարկ, պատմելու ժողովրդին, որ երկրում  ամեն ինչ լավ է։ Կառուցողականները հետազոտում են, թե ինչպես են մտավորականների որոշակի խմբեր հատուկ լրատվամիջոցների միջոցով ստեղծել  տարբեր ազգային մասունքներ։

Արմատական կառուցողականներն ասում են, որ ցանկացած պատմության մեջ, ցանկացած ազգի մոտ կարելի է հետևել, թե ինչպես են մարդկանց խմբերը հորինել, ստեղծագործաբար շարադրել այդ պատմությունները։ Նրանք, իհարկե, հիմնվում էին պատմական փաստերի վրա, բայց այդ փաստերը ենթարկվում էին այնպիսի մեկնաբանությունների, որ ցանկացած ազգային պատմություն արդյունքում դարձավ գրականություն։

Սակայն դա չի նշանակում, որ պատմությունը չունի գիտական իմաստ և նշանակություն։

Բնօրինակի հեղինակ՝ Ксения Иванина, Republic.ru


Թարգմանիչ՝ Ռոզա Միրզոյան (Roza Mirzoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։