Կրոն և Նորաձևություն

Կրոն և նորաձևություն երևույթները հաճախ ասոցացվում են համապատասխանաբար «հին» կամ «հոգևոր» և «նոր» կամ «նյութական» հասկացությունների հետ, և այստեղից էլ կարծիք է ստեղծվում, թե դրանք փոխհակասող և փոխբացառող կատեգորիաներ են: Ուստի մեր խնդիրն է սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրել ու հասկանալ՝ արդյո՞ք դրանք հասարակության մեջ առկա լիովին տարբեր և հակասական երևույթներ են, թե ինչ-որ ձևով կապված են իրար և փոխազդում են միմյանց հետ:

Կրոնը նորաձևությունում, նորաձևությունը կրոնում

Նախ ասել, թե նորաձևությունը ավելի շատ «նյութական» բնույթ ունի, կրոնը՝ «հոգևոր», սխալ է: Ինչպես նորաձևությունն է իր մեջ ներառում 2 կատեգորիա ՝

  1. նորաձև ստանդարտներ (հոգևոր ասպեկտ),
  2. նորաձև օբյեկտներ (նյութական ասպեկտ)1,

այնպես էլ կրոնը՝

  1. կրոնական գաղափարներ (հոգևոր ասպեկտ),
  2. կրոնական սիմվոլներ (նյութական ասպեկտ)2:

Հենց այս 4 բաղկացուցիչ կատեգորիաներից որևէ երկուսի համադրման արդյունքում է, որ ձևավորվում է փոխադարձ կապ կրոն-նորաձևություն թվացյալ թշնամիների միջև:

Կրոնի և նորաձևության միջև առկա կապը կարելի է ապացուցել 2 ձևով. վերցնելով և դիտարկելով դրանք առաջինը որպես փոխազդող երևույթներ, և երկրորդ՝ որպես հասարակության մեջ առկա առանձին սոցիալական փաստեր, որոնք կատարում են գրեթե նույն կամ միանման գործառույթներ և հավասարապես կարևոր ու ֆունկցիոնալ են վերջինիս համար:

Ի՞նչ է նշանակում դիտարկել կրոնը և նորաձևությունը՝ որպես երկու փոխազդող կատեգորիաներ. այն է՝ տեսնել ու վեր հանել այն օրինակները, թե ինչպես է կրոնը՝ արտահայտված նորաձևության մեջ, ինչպես է ազդում նրա վրա և հակառակը: Այս փոխազդեցության վառ օրինակներից մեկը Դոլչե և Գաբանայի 2014 աշուն-ձմեռ հավաքածուն և դրա ցուցադրությունն է3, որի ժամանակ ցուցադրվող զգեստների հիմնական մասը քրիստոնեական սրբապատկերներով և ոսկեգույն երանգով էին:

Խաչը, ինչպես նաև ոսկե թագը ցուցադրության առանցքային մասն են կազմում և լրացնում վերջինիս թեմատիկ թրենդը: Սա պատահականորեն չի ընտրված, որովհետև ոսկե պսակները օգտագործվել են և դեռ օգտագործվում են քրիստոնեական կրոնական արվեստում՝ մատնանշելու սրբության գաղափարը: Չնայած կրոնական տարրերի շեշտադրմանը՝ ցուցադրությունը, որպես այդպիսին, իր մեջ կրոնական գաղափարախոսություն չէր կրում: Այդ տեսանկյունից կարելի է եզրակացնել՝ դիզայներները ցանկացել են ցույց տալ, որ սեկուլարիզացիայի հետևանքով իր արդիականությունը կորցրած, իր դիրքերը զիջած կրոնը ու նրան հարիր սիմվոլները այժմ կարող են օգտագործվել՝ մատնանշելու աշխարհիկի, շքեղության և գեղեցիկի գաղափարը:

Ի տարբերություն սրա՝ ավելի վաղ՝ 2013 թվականին, մեկ այլ նորաձևության ցուցադրություն է կազմակերպվել, որը գաղափարախոսական առումով վերը նշված ցուցադրության հակապատկերն է. դա Christian Fashion Week4 ցուցադրություն-շարժումն է, որի նախաձեռնողները Հոյզե Գոմեզի և Մայրա Գոմեզի ամուսիններն են, վերջինս  նաև «Model4jesus»5 մոդելային գործակալության հիմնադիր տնօրենն է: Այս  ցուցադրության, ինչպես նաև մոդելային ընկերության նպատակը քրիստոնեական նորաձևության ձևավորումն է, ինչը իր մեջ պետք է ներառի համեստությունը, մատչելիությունը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը:

Christian Fashion Week-ի ցուցադրությունները մինչև այսօր էլ դինամիկ կերպով շարունակվում են՝ հավատարիմ մնալով իրենց նպատակին ու կրոնական ուղղվածությանը:

Քչերը գիտեն նաև, որ գոյություն ունեն մեկ այլ՝ True Religion6 բրենդային ջինսեր, որnնց, իհարկե, միայն անվանումն է «կրոնական»:

True Religion բրենդը առաջարկում է ամերիկյան արտադրության ջինսե և սպորտային հագուստ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Այն հիմնադրել է Ջեֆրի Լուբելը 2002 թվականին, ով էլ բրենդի անվանումը մեկնաբանում է հետևյալ կերպ. ինչպես «True Religion»-ն է նշանակում, որ աշխարհում կա միայն մեկ իրական կրոն, որին պետք է հավատալ, այնպես էլ միայն մեկ իսկական ջինս կա աշխարհում, որը կարելի է հագնել: Այսինքն, այստեղ ևս կրոնը ներառված է՝ մյուս բրենդներից տարբերվելու, սիմվոլիկ մասն ապահովելու և էմոցիոնալ ազդեցություն թողնելու համար:

Կրոնը և նորաձևությոունը՝ որպես սոցիալական փաստ

Կրոնի ընդհանուր բնութագիրը, գործառույթները

Կրոնը գոյություն ունի մեզ հայտնի բոլոր հասարակություններում, դրա համար էլ այն համարվում է ունիվերսալ սոցիալական ֆենոմեն և իրականացնում է գոյության համար անհրաժեշտ ֆունկցիա: Ճիշտ է, ոչ բոլոր կրոններն են կիսում միևնույն հավատալիքների համակարգը, բայց միևնույնն է, բոլոր մարդկային հասարակություններում կրոնը առկա է և այս կամ այն ձևով ազդում է տվյալ հասարակության հասարակական համակարգի վրա:

Ճիշտ է, կրոնական հավատալիքները կարող են շատ տարբեր լինել մեկը մյուսից, սակայն կրոնը ունի ֆունկցիաներ, որոնց շնորհիվ բոլոր հասարակություններում պահպանվում է սոցիալական կապը մարդկանց միջև:

Ֆրանսիացի սոցիոլոգ Դյուրկհեյմի դիտարկմամբ՝ կրոնը միանգամայն սոցիալական երևույթ է: Նա կրոնը դիտում է որպես հասարակության ինտեգրացիան ապահովող կարևորագույն սոցիալական հաստատություն: Նա, հիմնվելով պրիմիտիվ հասարակություններում իր կատարած հետազոտությունների վրա, գտնում է, որ կրոնի գլխավոր հատկությունը սրբազան օբյեկտներին ուղղված ծիսակատարությունն է, ինչը մեծացնում է խմբի համերաշխության ուժը, ամրապնդում ընդհանուր գիտակցությունը, որը սատարում է անհատների ոգին ու նրանց հաղորդում կյանքում անհրաժեշտ վստահություն:7

Կրոնը ֆունկցիոնալ է հասարակության՝ թե՛ քաղաքաական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ անհատական մակարդակների համար:

  1. Սոցիալ-մշակութային մակարդակում կրոնը նպաստում է սոցիալական համերաշխությանը և կատարում է սոցիալական կապակցման (social coհesion) ֆունկցիա: Կրոնը բարձրացնում է «եղբայրության զգացումը», այսինքն՝  նույն կրոնը դավանելը, միևնույն կրոնական նորմերին ու արժեքներին հետևելը ստեղծում են պատկանելիության զգացում, ինչը նպաստում է սոցիալական համերաշխությանն ու մարդկանց միջև սոցիալական կապ ստեղծում:
  2. Տնտեսական-քաղաքական մակարդակում կատարում է վստահության գործակցի ֆունկցիա: Ըստ ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Գերտեյի՝ կրոնը ամերիկյան հասարակության թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ոլորտներում, ինչպես նաև սովորական մարդկային փոխհարաբերություններում շատ մեծ ազդեցություն ունի: Ամերիկացու պատկանելը այս կամ այն կրոնին ու անգամ սեկտային բարձրացնում է իր հանդեպ վստահության մակարդակը թե՛ բիզնեսում և թե՛ քաղաքականության մեջ: Կրոնն ազդում է այնպիսի երկրների քաղաքական համակարգի վրա, ինչպիսիք են Պակիստանը, Իրանը, Իտալիան, Գերմանիան Անգլիան8: Ինչպես կրոնն է ազդում քաղաքականության վրա, այնպես էլ քաղաքականությունը՝ կրոնի: «Ամեն կրոն ունի որոշակի արժեքանորմատիվային համակարգ, որով կողմնորոշում և վերահսկում է իր հետևորդների վարքը: Կրոնն ակնկալում է, որ իր հետևորդները ապրելու են այդ արժեքներին համապատասխան: Այս առումով կարելի է ասել, որ կրոնում ևս քաղաքականություն կա»: Սրբացնելով հասարակական նորմերն ու արժեքները՝ կրոնը նպաստում է նրա կայունացմանը:

Այս բոլոր սոցիալական ֆունկցիաները ամրապնդում ու պահպանում են հասարակության սոցիալական համերաշխությունը, իսկ անհատական մակարդակում ամրապնդում են մարդու հավատն իր ուժերի նկատմամբ:

Ընդհանրացնելով կրոնի սոցիալական ֆունկցիաները՝ կարելի է ասել, որ կրոնը

  • ապահովում է հոգեկան խաղաղություն,
  • բացատրում է անհատական տառապանքը,
  • հանգստության զգացողություն է տալիս,
  • լեգիտիմացնում է սոցիալական նորմերն ու արժանիքները,
  • նպաստում է սոցիալական համերաշխությանը,
  • սոցիալականացման և սոցիալական վերահսկողության ագենտ է,
  • նպաստում է սոցիալական համախմբվածությանը,
  • ազդում է տնտեսական համակարգի վրա,
  • նպաստում է սոցիալական փոփոխություններին,
  • ազդում է քաղաքական համակարգի վրա:

Նորաձևության բնութագիրը, գործառույթները

Գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ Գեորգ Զիմելի դիտարկմամբ՝ նորաձևությունը միաժամանակ ենթադրում է և՛ ընդօրինակում, և՛ անհատականացում: Այն մարդը, որը հետևում է նորաձևությանը, միաժամանակ, թե՛ իրեն տարբերում է ուրիշներից և թե՛ հաստատում է իր պատկանելիությունը որոշակի շերտի կամ խմբի: Առանց անհատականության ձգտման նորաձևության անհնարին լինելը Զիմելն ապացուցում է այն բանով, որ պարզունակ հասարակություններում, որոնք բնութագրվում են սոցիալական առավել միօրինակությամբ, որտեղ բացակայում է ընդհանուր զանգվածից տարբերվելու ձգտումը, բացակայում է նաև նորաձևությունը: Հետևաբար խմբային նորմերի անկմամբ բնութագրվող հասարակություններում նորաձևությունը բացակայում է: Այսպես, օրինակ, XIV դարում Ֆլորենցիայում յուրաքանչյուրը հետևում էր հագուստի իր սեփական ոճին. նորաձևությունը բացակայում էր, քանի որ բացակայում էր կոլեկտիվի հետ մերվելու ձգտումը:

Հենց որևէ երևույթ (զգեստը, գաղափարները, շարժուձևը, իրերը և այլն) դառնում է «մոդա», անմիջապես սկսում է «դուրս գալ նորաձևությունից»: Նորաձևության հմայքն էլ հենց նրանում է, որ այն և՛ նոր է, և՛ անցողիկ: Նորաձևությունը տալիս է ներկայի զգացում, ժամանակի հոսքի զգացողություն: Ժամանակակից դարաշրջանում նորաձևության լայն տարածման պատճառն էլ վաղեմի ընդունված համոզմունքների, սովորույթների, ավանդույթների քայքայման պրոցեսն է, որի հետևանքով ավելի ակտիվ են դառնում ժամանակակից, անցողիկ ձևերը: Այստեղից էլ նորաձևության ճնշող ազդեցությունը արվեստի, գիտության և նույնիսկ բանականության վրա: Սակայն, չնայած այս կամ այն կոնկրետ նորաձևության անցողիկ բնույթին, այն որպես սոցիալական ձև ունի որոշակի կայունություն: Նորաձևությունը իր այս կամ այն տեսքով գոյություն ունի մշտապես:9

Անդրադառնալով նորաձևության սոցիալական ֆունկցիաներին՝ կարելի է ասել, որ այն սոցիալ-մշակութային և անհատական մակարդակներում կատարում է՝

  • ինովացիոն ‎‎‎‎‎գործառույթ,
  • մշակութային նմուշներում միատեսակության և բազմատեսակության ստեղծման և պահպանման գործառույթ,
  • կոմունիկացիոն /հաղորդակցական/ ‎‎‎‎‎գործառույթ,
  • սոցիալական դիֆերենցիացիայի և համահարթման գործառույթ,
  • սոցիալականացման գործառույթ,
  • հոգեֆ‎իզիոլոգիական լիցքաթափման ‎գործառույթ:10

Այսպիսով՝ համադրելով երկուսի սոցիալական ֆունկցիաները՝ տեսնում ենք, որ անհատական, ներանձնային մակարդակում կրոնը և նորաձևությունը նպաստում են անհատի ինքնորոշմանը, տալիս են հանգստության, ինքնաճանաչման, ինքնադրսևորման զգացում և հնարավորություն: Մեծ դեր են ունենում սոցիալականացման ժամանակ անհատի՝ որպես սոցիալական էակի և որպես սոցիալական ամբողջի մի մասի ձևավորման գործում:

Թե՛ նորաձևությունը, թե՛ կրոնը կողմնորոշում են անհատի վարքը, ընդգծում նրա պատկանելիությունը այս կամ այն կոնկրետ խմբին, և ըստ այդմ, ապահովում դիֆերենցումը այլ խմբի անդամներից: Նույն արժեքներին հետևելը, լինեն դրանք նորաձևությանը հարող, և թե կրոնին, ստեղծում են անհատի համար «Մեր Խումբ» և «Նրանց Խումբ» կատեգորիաները, ինչն էլ իր հերթին ուղղակի և անուղղակի ձևով բերում է Մեր Խմբի (այստեղ միևնույն կրոնը դավանող և/կամ միևնույն նորաձևությանը հետևող ֆորմալ և ոչ ֆորմալ ճանապարհով ձևավորված խումբն է) անդամների հետ իդենտիֆիկացիայի զգացման ու համախմբվածության, հենց դա էլ նպաստում է սոցիալական համերաշխությանը և պահպանում այն սոցիալական կարգը, որի կայունությունը պահպանելը առաջնահերթ խնդիր է յուրաքանչյուր հասարակության համար:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ ինչքան էլ անթաքույց ու հիմնավորված երկկողմ կոնֆլիկտներ ունենան այս երկու դիսցիպլինները, միևնույն է կան դեպքեր ու օրինակներ, երբ նրանք համագործակցային հարաբերություններով են հանդես գալիս՝ ի շահ հասարակական կարգի կայունության պահպանմանը: Ուստի գործառնական տեսանկյունից կարելի է ասել, որ նորաձևությունը և կրոնը «գործընկերներ» են։

Այսպիսով՝ սխալ է կարծել, թե նորաձևությունը և կրոնը իրարից լիովին տարբեր կատեգորիաներ են՝ միշտ իրար հակադրող ու կոնֆլիկտող: Իհարկե կան որոշակի հակասություններ այս երկու դիսցիպլինների միջև, սակայն ասել թե դրանք անհամատեղելի ու անհամադրելի են՝ սխալ և ծայրահեղական մոտեցում է, որովհետև եթե դիտարկում ենք դրանց որպես հասարակության մեջ որոշակի ֆունկցիա կատարող երևույթներ, ապա տեսնում ենք, որ դրանք գրեթե նույն ֆունկցիաներն են կատարում և հաճախ փոխլրացնում միմյանց:


1Гофман А.Б. Мода и люди. Новая теория моды и модного поведения. 4-е издание. М.: КДУ, 2010

2Гараджа В. Социология религии

3https://www.youtube.com/watch?v=aa-ztXgPqz0

4http://www.christianfashionweek.com/

5http://www.model4jesus.com/

6http://www.truereligion.com/

7Emile Durkheim, 1915. “The Elementary Forms of The Religious Life”. Translated and with an Introduction by Karen E. Fields, 1995

8Joseph Gertei “The social function of Religion in American Political Culture”, White Paper, March 14, 2012

9Зиммель Г. Психология моды // Научное обозрение. 1901, № 5

10Էմմի Թոքմաջյան «Նորաձևության սոցիալական գործառույթները»


Օգտագործած գրականության ցանկ

  1. Էմմի Թոքմաջյան «Նորաձևության սոցիալական գործառույթները»
  2. Гараджа В. Социология религии
  3. Гофман А.Б. Мода и люди. Новая теория моды и модного поведения. 4-е издание. М.: КДУ, 2010
  4. Зиммель Г. Психология моды // Научное обозрение. 1901, № 5
  5. Emile Durkheim, 1915. “The Elementary Forms of The Religious Life”. Translated and with an Introduction by Karen E. Fields, 1995
  6. Joseph Gertei “The social function of Religion in American Political Culture”, White Paper, March 14, 2012

Հեղինակ՝ Մանյա Կիրակոսյան (Manya Kirakosyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: